ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2018 թվականի |
թիվ 13 |
քաղ. Սոչի |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Ստեղծել օժանդակ մարմին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդ:
2. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Հաստատված է Եվրասիական տնտեսական 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 13 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ, Ղեկավարների խորհուրդ) ստեղծվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան (այսուհետ՝ Պայմանագիր)՝ որպես օժանդակ մարմին՝ անդամ պետությունների կողմից համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն (այսուհետ՝ տրանսպորտային քաղաքականություն) իրականացնելու համար։
2. Ղեկավարների խորհուրդն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։
II. Ղեկավարների խորհրդի հիմնական խնդիրները, գործառույթները և լիազորությունները
3. Ղեկավարների խորհրդի հիմնական խնդիրներն են՝
ա) տրանսպորտի ոլորտում տրանսպորտային քաղաքականության և Միության մարմինների ակտերի իրագործումն ապահովելու մասով լիազորված մարմինների և կազմակերպությունների փոխգործակցության համակարգումը.
բ) միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հետ՝ տրանսպորտի հարցերով փոխգործակցության մասով համաձայնեցված մոտեցումների մասին առաջարկությունների և հանձնարարականների քննարկումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների շահերը.
գ) տրանսպորտի ոլորտում ինտեգրումը զարգացնելու ուղղությունների և հեռանկարների մասով մոտեցումների համաձայնեցումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների պայմանավորվածությունները:
4. Ղեկավարների խորհուրդն իրեն վերապահված խնդիրների իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) քննարկում է Միության մարմինների ակտերի իրագործման, այդ թվում՝ տրանսպորտային քաղաքականության իրագործման մասով միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») կատարման ընթացքի և դրա իրագործման հետագա փուլերի համար միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») նախագծերի նախապատրաստման մասին տեղեկատվությունը.
բ) քննարկում և, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում է առաջարկություններ հետևյալ հարցերով՝
տրանսպորտային քաղաքականության իրագործման արդյունավետ մեխանիզմների և գործիքների ձևավորում.
անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում և ներդաշնակեցում տրանսպորտի ոլորտում՝ Միության իրավունքին համապատասխան.
Միության իրավունքին համապատասխան՝ այն միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի նախապատրաստման նպատակահարմարությունը, որոնք այդ թվում սահմանում են ծառայությունների ազատականացման կարգը, պայմանները և փուլերը՝ ըստ տրանսպորտի տեսակների.
տրանսպորտային ծառայությունների փուլ առ փուլ ազատականացում անցկացնելիս տրանսպորտային ծառայությունների շուկայի զարգացում.
տրանսպորտի ոլորտում Միության ներքին շուկայի գործունեության վրա ազդող խոչընդոտների (արգելքների, սահմանափակումների, բացառումների) վերացում.
անդամ պետությունների կադրային ներուժի ներգրավում և օգտագործում.
տրանսպորտի ոլորում լիազորված մարմինների փոխգործակցության (այդ թվում՝ տեղեկատվական) կատարելագործում.
անդամ պետություններում տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում ինտեգրման նախագծերի իրագործում.
գ) աջակցություն է ցուցաբերում տրանսպորտի հարցերով լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշումների մշակմանը վիճելի հարցեր լուծելիս, որոնք առաջանում են տրանսպորտային քաղաքականություն իրագործելիս, ինչպես նաև երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս.
դ) քննարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գիտահետազոտական աշխատանքների արդյունքները.
ե) իրականացնում է այլ գործառույթներ անդամ պետությունների կողմից տրանսպորտային քաղաքականության իրագործման շրջանակներում՝ Միության իրավունքին համապատասխան:
5. Ղեկավարների խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները՝
ա) որոշումներ է ընդունում, Միության մարմինների համար տրանսպորտային քաղաքականության իրագործումն ապահովելուն ուղղված առաջարկություններ և հանձնարարականներ է նախապատրաստում.
բ) անհրաժեշտության դեպքում ստեղծում է աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Ղեկավարների խորհրդի գործունեության ուղղություններին առնչվող հարցերի լուծման համար:
III. Ղեկավարների խորհրդի կազմը
6. Ղեկավարների խորհրդի կազմը ձևավորվում է լիազորված մարմինների ղեկավարներից։ Ղեկավարների խորհրդի կազմում ընդգրկվում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերը։
7. Ղեկավարների խորհրդի ղեկավարը Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամն է, որի իրավասությանն են վերապահված տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերը։
8. Ղեկավարների խորհրդի ղեկավարը՝
ա) ապահովում է Ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպումը.
բ) ձևավորում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը՝ հաշվի առնելով Ղեկավարների խորհրդի անդամների առաջարկությունները.
գ) փոխգործակցում է պետական իշխանության մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների հետ:
9. Ղեկավարների խորհրդի նիստերին նախագահում է Ղեկավարների խորհրդի անդամը՝ այն անդամ պետության ներկայացուցիչը, որը նախագահում է Միության մարմիններում՝ Պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
10. Ղեկավարների խորհրդում նախագահողը՝
ա) հաստատում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
բ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստերը.
գ) ստորագրում է Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները:
11. Ղեկավարների խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ՝ Ղեկավարների խորհրդի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Ղեկավարների խորհրդի նիստում քննարկվող հարցերը, ինչպես նաև լիազորված և այլ պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և անկախ փորձագետները (այսուհետ՝ նիստի մասնակիցներ)։
12. Լիազորված մարմիններն իրենց ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնում են Ղեկավարների խորհրդին և Հանձնաժողովին։
IV. Ղեկավարների խորհրդի աշխատակարգը
13. Ղեկավարների խորհրդի անդամները Ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։
Ղեկավարների խորհրդի նիստն իրավազոր է համարվում նիստին յուրաքանչյուր անդամ պետությունից Ղեկավարների խորհրդի առնվազն մեկ անդամի մասնակցության դեպքում։
14. Ղեկավարների խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին 2 անգամ, և, որպես կանոն, Հանձնաժողովի շինություններում։
Ղեկավարների խորհրդի նիստը կարող է նաև անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ Ղեկավարների խորհրդի բոլոր անդամների հետ համաձայնեցմամբ: Այս դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Ղեկավարների խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման հարցում։
15. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին առնչվող նյութերը ներառում են`
քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ և արձանագրային որոշումների նախագծեր.
քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).
անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։
Նշված նյութերը պետք է նախապես քննարկվեն լիազորված մարմինների ղեկավարների տեղակալների խորհրդակցության կամ Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ժամանակ:
16. Ղեկավարների խորհրդի նիստում հարցերի քննարկման ժամանակ Ղեկավարների խորհրդի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
17. Ղեկավարների խորհուրդը որոշումներ է ընդունում ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։
18. Ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որը Ղեկավարների խորհրդի բոլոր անդամների կողմից ստորագրվում է նիստի ընթացքում:
Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումում, որը պատասխանատու է տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտին առնչվող հարցերի համար:
19. Ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից, որը պատասխանատու է տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտին առնչվող հարցերի համար և որը՝
ա) նախապատրաստում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը.
բ) Ղեկավարների խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը՝ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ.
գ) Ղեկավարների խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին.
դ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությունը.
ե) Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունների պատճեններն ուղարկում է Ղեկավարների խորհրդի անդամներին.
զ) իրականացնում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրագործման դիտանցում և տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի անդամներին դրա արդյունքների մասին։
20. Ղեկավարների խորհրդի անդամների և լիազորված մարմինների ներկայացուցիչների՝ Ղեկավարների խորհրդի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող անդամ պետությունները։
Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ Ղեկավարների խորհրդի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում է Հանձնաժողովը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: