Գլխավոր տեղեկություն
Համար
N 498-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.08.2019-27.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.10/38(1396) Հոդ.626
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2018 թվականի N 498-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 498-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։

2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների քննարկումն է, դրանց վերաբերյալ ամփոփ եզրակացություններ կազմելը և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը:

(2-րդ կետը փոփ. 25.07.2019 N 945-Ն) 

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի ղեկավարից, անդամներից և քարտուղարից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։

(4-րդ կետը խմբ. 25.07.2019 N 945-Ն)

5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

 (5-րդ կետը փոփ. 25.07.2019 N 945-Ն) 

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

8. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարի կողմից տրամադրվում են հանձնաժողովի ղեկավարին և անդամներին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստացվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:

(9-րդ կետը փոփ. 25.07.2019 N 945-Ն)

10. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի ղեկավարի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:

12. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է նիստին ներկա գտնվող անդամների և հանձնաժողովի ղեկավարի կողմից:

13. Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները։ Քննարկումների ընթացքում հանձնաժողովը կարող է դիմել պետական կառավարման համակարգի մարմիններին անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով։

(13-րդ կետը փոփ. 25.07.2019 N 945-Ն) 

14. Քննարկումների արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ, որոնք հանձնաժողովի ղեկավարի և անդամների կողմից ստորագրվելուց հետո սույն կարգի 12-րդ կետով սահմանված արձանագրության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։

(14-րդ կետը փոփ. 25.07.2019 N 945-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 25.07.2019 N 945-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան