Գլխավոր տեղեկություն
Համար
N 1085-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.08.2019-12.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.12/45(919) Հոդ.1019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 1085-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 461-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 31

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման

 

 Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի (այսուհետ՝ էներգաբլոկ) շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը ներկայացվող պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն որոշման մեջ օգտագործված են հետևյալ հասկացությունները՝

1) անվտանգության դեֆիցիտ՝ ատոմային էլեկտրակայանի բլոկի անվտանգության որևէ գործառույթի ոչ լիարժեք ապահովվածություն.

2) անվտանգության I դասի տարրեր՝ ջերմանջատիչ տարրերը և ԱԷԿ-ի այն տարրերը, որոնց խափանումներն արտանախագծային վթարների ելակետային պատահարներ են և անվտանգության համակարգերի նախագծային գործառնության պայմաններում հանգեցնում են նախագծային վթարների համար սահմանված ջերմանջատիչ տարրերի վնասման սահմանների գերազանցմանը.

3) անվտանգության II դասի տարրեր՝

ա. ԱԷԿ-ի այն տարրերը, որոնց խափանումները, անվտանգության համակարգերի նախագծային գործառնության պայմաններում, հաշվի առնելով նախագծային վթարների համար սահմանված խափանումների թիվը, նախագծային վթարների համար որոշված սահմաններում ջերմանջատիչ տարրերի վնասման ելակետային պատահարներ են,

բ. անվտանգության համակարգերի այն տարրերը, որոնց եզակի խափանումներն անվտանգության համակարգերի գործառույթի չկատարման պատճառ են.

4) անվտանգության III դասի տարրեր՝

ա. անվտանգության համար կարևոր տարրեր, որոնք ընդգրկված չեն անվտանգության I և II դասերում,

բ. ԱԷԿ-ի ռադիոակտիվ նյութեր պարունակող տարրերը, որոնց խափանման արդյունքում շրջակա միջավայր (այդ թվում՝ ԱԷԿ-ի արտադրական տարածքներ) ռադիոակտիվ նյութերի արտանետումները գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշմամբ սահմանված արժեքները,

գ. բնակչության և ԱԷԿ-ի անձնակազմի ճառագայթային անվտանգության հսկողության գործառույթներ իրականացնող ԱԷԿ-ի տարրերը.

5) կոմպենսացնող (փոխհատուցող) միջոցառում՝ էներգաբլոկի անվտանգության վրա անվտանգության դեֆիցիտների ազդեցության մասնակի կամ լրիվ բացառմանը և (կամ) սահմանափակմանն ուղղված տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ.

6) համալիր հետազոտում՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի փաստացի վիճակի որոշման, դրանց մնացորդային ռեսուրսի և ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հնարավորության գնահատման հետազոտություններ.

7) մնացորդային ռեսուրս՝ տարրի աշխատանքի գումարային տևողությունը՝ դրա տեխնիկական վիճակի հետազոտման պահից մինչև սահմանային վիճակին հասնելը.

8) շահագործման նախագծային ժամկետ՝ նախագծով սահմանված ԱԷԿ-ի շահագործման օրացուցային տևողությունը (ժամանակահատվածը), որը լրանալուց հետո ԱԷԿ-ի հետագա շահագործումը կարող է իրականացվել անվտանգության և տնտեսական արդյունավետության հետազոտման արդյունքում ընդունված որոշման հիման վրա.

9) շահագործման լրացուցիչ ժամկետ՝ էներգաբլոկի թույլատրված հզորությամբ շահագործման նախագծային ժամկետից ավելի աշխատանքի օրացուցային տևողությունը (ժամանակահատվածը).

10) շահագործման նախագծային ժամկետի երկարացում՝ շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստում.

11) չվերականգնվող տարր՝ տարր, որի աշխատունակության վերականգնումը նախատեսված չէ նորմատիվ և տեխնիկական և (կամ) նախագծային (կոնստրուկտորական) փաստաթղթերով կամ տնտեսապես նպատակահարմար չէ.

12) չփոխարինվող տարր՝ տարր, որի փոխարինումն անհնար է և (կամ) տնտեսապես աննպատակահարմար.

13) ռեսուրս՝ տարրի աշխատանքի գումարային տևողությունը (շահագործման օրացուցային տևողությունը) դրա շահագործման սկզբից կամ վերանորոգումից հետո շահագործման վերսկսումից մինչև սահմանային վիճակին հասնելը.

14) սահմանային վիճակ՝ տարրի վիճակ, երբ դրա հետագա շահագործումն անթույլատրելի է կամ դրա աշխատունակության վերականգնումն անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար.

15) տարր՝ հուսալիության և անվտանգության վերլուծության ժամանակ դիտարկվող, էներգաբլոկի նախագծում որպես կառուցվածքային միավոր հանդիսացող և ինքնուրույն կամ համակարգի կազմում, սահմանված գործառույթների կատարումն ապահովող սարքավորումներ, չափող սարքեր, խողովակաշարեր, մալուխներ, շինարարական կոնստրուկցիաներ և այլն.

16) վերանորոգում՝ տարրի աշխատունակ կամ սարքին վիճակի և արտադրական միավորի կամ դրա բաղկացուցիչ մասերի ռեսուրսի վերականգնմանն ուղղված գործողություններ.

17) տեխնիկական սպասարկում՝ տարրերի՝ ըստ նշանակության օգտագործման, պահեստային ռեժիմում գտնվելիս, պահպանման և տեղափոխման ժամանակ աշխատուն կամ սարքին վիճակի ապահովմանն ուղղված գործողություններ.

18) տեխնիկական վիճակ՝ ժամանակի որոշակի պահին, շրջակա միջավայրի որոշակի պայմաններում տարրերի տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարամետրերի արժեքներով բնութագրվող վիճակ.

19) փաստացի վիճակ՝ գնահատման պահին տարրի տեխնիկական վիճակը և դրա մնացորդային ռեսուրսը:

 

II. ՊԱՀԱՆՋՆԵՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

3. Շահագործող կազմակերպությունն էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի ավարտից առնվազն չորս տարի առաջ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ՝ կարգավորող մարմին) պետք է ներկայացնի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մասին հայտ և համառոտ ծրագիր:

4. Շահագործման լրացուցիչ ժամկետը պետք է սահմանվի՝ հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական գործոնները, այդ թվում՝

1) էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում անվտանգության ապահովման հնարավորությունը.

2) էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի անհրաժեշտ մնացորդային ռեսուրսի առկայությունը.

3) էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող աշխատած միջուկային վառելիքի լրացուցիչ քանակի պահման հնարավորությունը.

4) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորությունը.

5) էներգաբլոկը շահագործումից հանելու ժամանակ անվտանգության ապահովման հնարավորությունը:

5. Շահագործող կազմակերպությունը պետք է մշակի էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների կազմակերպման իրականացման աշխատակարգը և այն ներկայացնի կարգավորող մարմին՝ սույն պահանջների 3-րդ կետում նշված հայտը ներկայացնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

6. Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով՝

1) առաջին փուլ՝ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության գնահատում.

2) երկրորդ փուլ՝ շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստում:

7. Առաջին և երկրորդ փուլերի ընթացքում էներգաբլոկի անվտանգության վերլուծության, տարրերի հետազոտման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված կարգով հաստատված մեթոդիկաներով:

 

III. ՊԱՀԱՆՋՆԵՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

8. Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների առաջին փուլում շահագործող կազմակերպությունը պետք է իրականացնի՝

1) էներգաբլոկի համալիր հետազոտում.

2) էներգաբլոկի անվտանգության գնահատում.

3) շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստման ծրագրի մշակում:

 

Էներգաբլոկի համալիր հետազոտման պահանջները

 

9. Համալիր հետազոտման պետք է ենթարկվեն էներգաբլոկի անվտանգության I, II և III դասերի տարրերը, որոնց ցանկը մշակում է շահագործող կազմակերպությունը և համաձայնեցնում է կարգավորող մարմնի հետ՝ մինչև համալիր հետազոտման աշխատանքներն սկսելը:

10. Համալիր հետազոտման աշխատանքները պետք է իրականացվեն շահագործող կազմակերպության կողմից հաստատված ծրագրերով՝ էներգաբլոկի համալիր հետազոտման ընդհանուր և տարրերի հետազոտման աշխատանքային ծրագրերով: Էներգաբլոկի անվտանգության I, II և III դասերի տարրերի համալիր հետազոտման ծրագրերը պետք է ներկայացվեն կարգավորող մարմին:

11. Համալիր հետազոտման ընթացքում պետք է՝

1) գնահատվի տարրերի տեխնիկական վիճակը.

2) որոշվեն ռեսուրսն սպառած և փոխարինման ենթակա տարրերը.

3) որոշվեն այն տարրերը, որոնց ռեսուրսի կառավարումն իրականացվում է պարբերական տեխնիկական սպասարկման և վերանորոգման միջոցով.

4) որոշվեն չվերականգնվող և չփոխարինվող տարրերը և կատարվի դրանց մնացորդային ռեսուրսի նախնական գնահատումը.

5) որոշվեն չվերականգնվող և չփոխարինվող այն տարրերը, որոնց տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքների իրականացում կամ ռեսուրսի կառավարման ծրագրերի մշակում (լրամշակում).

6) որոշվեն մնացորդային ռեսուրս ունեցող՝ փոխարինվող տարրերը, որոնց շահագործման ժամկետը կարող է երկարացվել որոշակի ժամանակով.

7) որոշվեն էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանափակող՝ չվերականգնվող և չփոխարինվող տարրերը, ինչպես նաև այն տարրերը, որոնց ռեսուրսն սպառվում է նախագծային շահագործման ժամկետից կամ նախատեսվող շահագործման լրացուցիչ ժամկետից շուտ, կամ նշված ժամկետների համար լրացուցիչ գնահատում է պահանջվում.

8) գնահատվի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող աշխատած միջուկային վառելիքի պահման հնարավորությունը.

9) գնահատվի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորությունը:

12. Տեխնիկական վիճակի գնահատման և մնացորդային ռեսուրսի հիմնավորման ընթացքում պետք է կատարվեն տարրերի՝

1) շահագործման ռեժիմների վերլուծությունը.

2) վերանորոգման և տեխնիկական սպասարկման արդյունքների վերլուծությունը.

3) շրջակա միջավայրի պայմաններում որակավորման արդյունքների վերլուծությունը.

4) մետաղի հետազոտման արդյունքների վերլուծությունը.

5) հուսալիությունը և ամրությունը հավաստող հաշվարկների իրականացումը.

6) լրացուցիչ փորձարկումների անցկացումը:

13. Տարրերի մնացորդային ռեսուրսի նախնական գնահատումը պետք է կատարվի շահագործման պատմության, նախագծային, կոնստրուկտորական փաստաթղթերի պահանջների և նյութագիտական տվյալների վերլուծության հիման վրա: Նշված վերլուծությամբ պետք է ցույց տրվի, որ՝

1) որոշված են հետազոտվող տարրերի ծերացման մեխանիզմները և ինտենսիվությունը.

2) կազմակերպված է տարրերի հսկողությունը (կամ առկա է դրա ներդրման հնարավորությունը), որը թույլ է տալիս մինչև տարրերի սահմանային վիճակին հասնելը բացահայտել դրանց բնութագրերի վատթարացումը:

14. Համալիր հետազոտման ընթացքում պետք է գնահատվի չվերականգնվող տարրերի շահագործման ժամկետի երկարացման կամ փոխարինման տեխնիկական հնարավորությունը: Այդ նպատակով՝

1) կատարվում է մնացորդային ռեսուրսի նախնական գնահատումը.

2) մշակվում է տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման լրացուցիչ աշխատանքների ցանկը.

3) սահմանվում է մշակման (լրամշակման) ենթակա ռեսուրսի կառավարման ծրագրերի ցանկը.

4) կատարվում է տարրերի փոխարինման տեխնիկական հնարավորության գնահատումը:

15. Տարրերի փոխարինման նպատակահարմարությունն անհրաժեշտ է գնահատել՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները՝

1) նմանատիպ տարրերի փոխարինման փորձարկված տեխնոլոգիաների առկայությունը.

2) մեծ չափի ռադիոակտիվ տարրերի ուտիլիզացիայի (օգտահանման) հնարավորությունը.

3) տարրերի փոխարինման ընթացքում անձնակազմի ճառագայթահարման դոզաները:

16. Համալիր հետազոտման ընթացքում պետք է իրականացվեն՝

1) տարրերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման համակարգի արդյունավետության վերլուծությունը և գնահատումը՝ շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում տեխնիկական սպասարկման և վերանորոգման միջոցով տարրերի ռեսուրսի վերականգնման կամ պահպանման ապահովման հնարավորության տեսակետից.

2) տարրերի մետաղի հետազոտման և ախտորոշման համակարգի արդյունավետության վերլուծությունը և գնահատումը՝ ծերացման մեխանիզմների բացահայտման տեսակետից:

17. Համալիր հետազոտման շրջանակներում պետք է գնահատվի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում աշխատած միջուկային վառելիքի պահման հնարավորությունը, որը ներառում է՝

1) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող աշխատած միջուկային վառելիքի քանակության և բնութագրերի գնահատումը.

2) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում աշխատած միջուկային վառելիքի (առկա և առաջացող) անվտանգ պահման հնարավորության գնահատումը և հիմնավորումը.

3) պահեստարանների անվտանգության վերագնահատումը, առկա ազատ ծավալների, տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատումը.

4) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող աշխատած միջուկային վառելիքի պահման ապահովման միջոցառումների մշակումը և հիմնավորումը:

18. Համալիր հետազոտման շրջանակներում պետք է գնահատվի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորությունը, որը ներառում է՝

1) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առկա (պահվող) և շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորության գնահատումը և հիմնավորումը.

2) պահեստարանների անվտանգության վերագնահատումը.

3) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում կանխատեսվող ռադիոակտիվ թափոնների քանակության և բնութագրերի գնահատումը.

4) պահեստարանների տեխնիկական վիճակի, ազատ ծավալների և մնացորդային ռեսուրսի գնահատումը.

5) ռադիոակտիվ թափոնների վերամշակման կիրառվող (ներդրված) տեխնոլոգիաների արդյունավետության գնահատումը և անհրաժեշտության դեպքում դրա բարձրացման միջոցառումների մշակումը և հիմնավորումը.

6) առաջացող ռադիոակտիվ թափոնների քանակների նվազեցման միջոցառումների արդյունավետության գնահատումը.

7) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ապահովման միջոցառումների մշակումը և հիմնավորումը:

19. Շահագործող կազմակերպությունն էներգաբլոկի կառույցների և ռադիոակտիվ թափոնների պահեստարանների համալիր հետազոտման սեյսմիկ անվտանգության խնդիրները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հավանությանը:

20. Համալիր հետազոտման արդյունքները պետք է արտացոլվեն շահագործող կազմակերպության կողմից մշակված հաշվետվության մեջ: Համալիր հետազոտման մասին հաշվետվության ձևի և բովանդակության նկատմամբ պահանջները սահմանում է կարգավորող մարմինը՝ համալիր հետազոտման աշխատանքների ավարտից առնվազն երեք ամիս առաջ:

 

Էներգաբլոկի անվտանգության գնահատման պահանջները

 

21. Էներգաբլոկի անվտանգության գնահատման ժամանակ պետք է մշակվեն շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում էներգաբլոկի անվտանգության ապահովման միջոցառումները և որոշվեն էներգաբլոկի անվտանգության հիմնավորման աշխատանքների ծավալները։

22. Շահագործող կազմակերպությունն անվտանգությունը գնահատում է էներգաբլոկի անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի և էներգաբլոկի նախագծի ու փաստացի վիճակի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից շեղումների վերլուծության հիման վրա:

23. Անվտանգության գնահատման ընթացքում պետք է բացահայտվեն անվտանգության հիմնախնդիրները և պետք է որոշվի էներգաբլոկի անվտանգության վրա դրանց ազդեցության աստիճանը: Շահագործող կազմակերպությունը բացահայտված անվտանգության հիմնախնդիրների լուծման համար պետք է մշակի էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների ցանկը, որը պետք է համաձայնեցվի կարգավորող մարմնի հետ։

24. Էներգաբլոկի անվտանգությունը պետք է գնահատվի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջների հիման վրա:

25. Անվտանգության գնահատման ընթացքում օգտագործվող տեղեկության անորոշության կամ բացակայության փոխհատուցման նպատակով անհրաժեշտ է անվտանգությունը գնահատել պահպանողական (կոնսերվատիվ) մոտեցման կիրառմամբ:

26. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից էներգաբլոկի նախագծի և փաստացի վիճակի շեղումների վերլուծության մեթոդաբանությունը սահմանում է կարգավորող մարմինը։

27. Անվտանգության գնահատման ընթացքում պետք է որոշվի էներգաբլոկի անվտանգության հիմնավորման համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքների և փաստաթղթերի մշակման ծավալները:

 

Շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստման ծրագրի մշակման պահանջները

 

28. Շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստման ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) պետք է սահմանվեն աշխատանքների ընթացակարգը, հերթականությունը և կատարման ժամկետները, ինչպես նաև դրանց ֆինանսավորման ժամանակացույցը:

29. Ծրագրում պետք է նախատեսվեն՝

1) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում էներգաբլոկի անվտանգության ապահովման տեխնիկական միջոցառումները.

2) ռեսուրսն սպառած տարրերի փոխարինման միջոցառումները.

3) չվերականգնվող և չփոխարինվող տարրերի շահագործման ժամկետի երկարացման հիմնավորման աշխատանքները.

4) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում էներգաբլոկի անվտանգության հիմնավորման աշխատանքները.

5) կարգաբերման աշխատանքների և համակարգերի (տարրերի) փորձարկումների իրականացումը.

6) էներգաբլոկի շահագործման և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի լրամշակումը.

7) տարրերի ռեսուրսի կառավարմանը, տեխնիկական սպասարկմանը և վերանորոգմանը վերաբերող փաստաթղթերի լրամշակումը.

8) շահագործող անձնակազմի վերապատրաստումը:

30. Սույն պահանջների 29-րդ կետում նշված յուրաքանչյուր միջոցառման համար ծրագրում պետք է սահմանվեն՝

1) աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ նշելով դրանց բովանդակությունը և հերթականությունը.

2) որակի ապահովման ծրագրի մշակման ժամկետները՝ ներառյալ կատարված աշխատանքների ընդունման նկատմամբ պահանջները.

3) մշակման ենթակա աշխատանքային ծրագրերի, տեխնիկական առաջադրանքների և այլ նախագծային, կոնստրուկտորական, կազմակերպչական և տեխնիկական փաստաթղթերի ցանկը.

4) էներգաբլոկի արդիականացման և անվտանգության բարձրացման միջոցառումների ցանկը և դրանց ներդրման ժամանակացույցը.

 5) ծրագրի համաձայնեցումը կարգավորող մարմնի հետ և ներկայացվի սեփականատիրոջ հաստատմանը:

31. Շահագործող կազմակերպությունը, հիմք ընդունելով առաջին փուլի աշխատանքների արդյունքները, պետք է ընդունի որոշում շահագործման լրացուցիչ ժամկետի և դրան էներգաբլոկի նախապատրաստման վերաբերյալ: Որոշումը պետք է ներկայացվի կարգավորող մարմին:

32. Շահագործող կազմակերպությունը սույն պահանջների 31-րդ կետում նշված որոշմանը կից պետք է կարգավորող մարմին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1) էներգաբլոկի համալիր հետազոտման մասին հաշվետվությունը.

2) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից էներգաբլոկի նախագծի և փաստացի վիճակի շեղումների վերլուծության մասին հաշվետվությունը.

3) շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստման ծրագիրը:

33. Կարգավորող մարմինը սույն պահանջների 31-րդ և 32-րդ կետերում նշված փաստաթղթերի քննարկման հիման վրա հավանություն է տալիս առաջին փուլի աշխատանքների արդյունքներին կամ շահագործող կազմակերպությունը ներկայացնում է լրացուցիչ աշխատանքների իրականացման պահանջ: Կարգավորող մարմինը նշված փաստաթղթերի քննարկումն իրականացնում է վերջին փաստաթղթի մուտքագրումից հետո՝ 90 օրվա ընթացքում:

34. Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների առաջին փուլն ավարտված է համարվում, եթե շահագործող կազմակերպությունն ստացել է դրա արդյունքների վերաբերյալ կարգավորող մարմնի հավանությունը:

 

IV. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

35. Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների երկրորդ փուլում շահագործող կազմակերպությունը պետք է իրականացնի՝

1) էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի շահագործման ժամկետի երկարացման հիմնավորում.

2) էներգաբլոկի արդիականացման և անվտանգության բարձրացման միջոցառումների ներդրում.

3) էներգաբլոկի համակարգերի (տարրերի) փորձարկում.

4) էներգաբլոկի անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության մշակում:

(35-րդ կետը փոփ. 01.08.19 N 967-Ն)

 

Էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի շահագործման ժամկետի երկարացման հիմնավորման պահանջները

 

36. Հիմք ընդունելով էներգաբլոկի համալիր հետազոտման արդյունքները՝ շահագործող կազմակերպությունն էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի շահագործման ժամկետի երկարացման հիմնավորման համար պետք է մշակի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման լրացուցիչ աշխատանքների ցանկը։

37. Չվերականգնվող և չփոխարինվող տարրերի տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման լրացուցիչ աշխատանքները պետք է ուղղված լինեն՝

1) վնասակար գործոնների ազդեցության բացահայտմանը և նվազեցմանը.

2) տարրերի ռեսուրսի մասնակի վերականգնմանը.

3) նյութերի փաստացի բնութագրերի հետազոտմանը.

4) տարրերի կրիտիկական հանգույցների փաստացի վիճակի հետազոտմանը.

5) տարրերի վիճակի մշտադիտարկման ապահովմանը.

6) ամրության հաշվարկների իրականացմանը.

7) տարրերի մնացորդային ռեսուրսի գնահատմանը:

38. Չվերականգնվող և չփոխարինվող տարրերի տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները պետք է իրականացվեն շահագործող կազմակերպության կողմից մշակված ծրագրերով:

39. Ելնելով տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների արդյունքներից՝ շահագործող կազմակերպությունը պետք է մշակի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի հետագա շահագործման հնարավորության և պայմանների վերաբերյալ որոշումներ, որոնց հիման վրա տարրերի անձնագրերում և շահագործման փաստաթղթերում պետք է կատարվեն ռեսուրսային բնութագրերի, շահագործման ռեժիմների և պայմանների, տեխնիկական սպասարկման և վերանորոգման մասով համապատասխան փոփոխություններ։

40. Շահագործող կազմակերպությունը տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների արդյունքների հիման վրա պետք է լրամշակի (մշակի) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում չվերականգնվող և չփոխարինվող տարրերի ռեսուրսի կառավարման և տեխնիկական վիճակի վերահսկման ծրագրեր և կանոնակարգեր: Անհրաժեշտության դեպքում նշված փաստաթղթերում պետք է ներառվեն շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում, տարրերի անհրաժեշտ տեխնիկական վիճակի, ռեսուրսային բնութագրերի և հուսալիության ապահովման ու վերահսկման լրացուցիչ միջոցառումները:

 

Էներգաբլոկի արդիականացման և անվտանգության բարձրացման միջոցառումների ներդրման պահանջները

 

41. Շահագործման լրացուցիչ ժամկետին նախապատրաստվելու ընթացքում էներգաբլոկի արդիականացման և անվտանգության բարձրացման միջոցառումների ներդրման աշխատանքները ներառում են՝

1) էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների ներդրումը.

2) ռեսուրսն սպառած տարրերի փոխարինումը:

42. Էներգաբլոկի արդիականացման և անվտանգության բարձրացման միջոցառումների ներդրման թույլտվության կարգը սահմանում է կարգավորող մարմինը:

 

Էներգաբլոկի համակարգերի (տարրերի) փորձարկման պահանջները

 

43. Շահագործող կազմակերպությունը պետք է անցկացնի էներգաբլոկի անվտանգության I, II և III դասերի, այդ թվում՝ արդիականացված համակարգերի (տարրերի) և փոխարինված տարրերի փորձարկումները:

44. Փորձարկումների ծավալները սահմանվում են էներգաբլոկի նախագծային, կոնստրուկտորական ու շահագործման փաստաթղթերով և ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերով:

45. Փորձարկումները պետք է անցկացվեն շահագործող կազմակերպության կողմից հաստատված և կարգավորող մարմնի հետ համաձայնեցված ծրագրերով:

 

Էներգաբլոկի անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության պահանջները
(վերնագիրը փոփ. 01.08.19 N 967-Ն)

 

46. (կետն ուժը կորցրել է 01.08.19 N 967-Ն)

47. Անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության մշակման հիմք են՝

1) անվտանգության հիմնավորման հաշվետվությունը.

2) անվտանգության 1-ին և 2-րդ մակարդակի հավանականային վերլուծության հաշվետվությունները.

3) համալիր հետազոտման հաշվետվությունը և դրանից բխող լրացուցիչ հետազոտությունների հաշվետվությունները.

4) էներգաբլոկի անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի և էներգաբլոկի նախագծի ու փաստացի վիճակի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից շեղումների վերլուծության հաշվետվությունը.

5) սեյսմիկ անվտանգության վերագնահատման արդյունքները.

6) էներգաբլոկի ծերացման կառավարման ծրագիրը.

7) սարքավորումների որակավորման ծրագիրը.

8) անվտանգ շահագործումն ապահովող վարչատեխնիկական և շահագործման հրահանգների վերլուծության արդյունքները.

9) հակահրդեհային պաշտպանության պլանը.

10) նմանատիպ ատոմակայանների շահագործման փորձի և դրանց համար կիրառելի հետազոտական աշխատանքների վերլուծության արդյունքները:

(47-րդ կետը խմբ. 01.08.19 N 967-Ն)

48. Շահագործող կազմակերպությունը պետք է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների երկրորդ փուլի աշխատանքների իրականացման ընթացքում կարգավորող մարմին ներկայացնի սույն պահանջների 35-րդ կետի 1-4 ենթակետերում նշված աշխատանքների հաշվետվությունները, որոնց ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

49. Կարգավորող մարմինը սույն փաստաթղթի 48-րդ կետում նշված փաստաթղթերի քննարկման հիման վրա համաձայնություն է տալիս երկրորդ փուլի աշխատանքների արդյունքներին կամ շահագործող կազմակերպությունը ներկայացնում է լրացուցիչ աշխատանքների իրականացման պահանջ: Կարգավորող մարմինը նշված փաստաթղթերի քննարկումն իրականացնում է վերջին փաստաթուղթը կարգավորող մարմնում մուտքագրվելուց հետո՝ 90 օրվա ընթացքում:

50. Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների երկրորդ փուլի աշխատանքների վերաբերյալ կարգավորող մարմնի համաձայնությունն ստանալուց հետո շահագործող կազմակերպությունը միջուկային տեղակայանքի շահագործման լիցենզիայի ժամկետի երկարաձգման մասին հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ., խմբ. 01.08.19 N 967-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2023, N 698-Ն 12.05.2023, N 1085-Ն
01.08.2019, N 967-Ն 17.08.2019, N 1085-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան