Գլխավոր տեղեկություն
Համար
N 938-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 30.07.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2019 թվականի N 938-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-206-24.06.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-206-24.06.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 29

Երևան

    

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-206-24.06.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

   

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգից կարող են օգտվել նաև ծառայությունների մատուցման, կապալի կամ քաղաքացիաիրավական բնույթի ցանկացած այլ պայմանագրով աշխատանք կատարող ֆիզիկական անձինք:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների համաձայն՝ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է միայն վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա։ Միաժամանակ նշվում է այն հանգամանքը, որ այդ պայմանագրերով աշխատողների նկատմամբ չկա որևէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ։

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1. Վերջին շրջանում պարբերաբար ներկայացվում են առաջարկություններ այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, որոնք ուղղված են եկամտային հարկի վերադարձման՝ գործող համակարգի կիրառության շրջանակի ընդլայնմանը: Այդ կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է մի շարք հաշվարկներ, որոնցով հիմնավորվել է եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի ընդլայնմանն ուղղված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը: Այս առումով՝ ներկայացված առաջարկությունը նույնպես ուղղված է եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակն ընդլայնելուն, և այս դեպքում նույնպես գտնում ենք, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նման քայլերից՝ հաշվի առնելով նաև հետևյալը.

1) ամբողջ աշխարհում բնակարանաշինությունը համարվում է շահութաբեր և մասնավոր ներդրողների շրջանում հետաքրքրություն վայելող ոլորտ: Այս պարագայում պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունները բնակարանաշինությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության նպատակով օգտագործելը բյուջետային ծախսերի առաջնահերթությունների որոշման քաղաքականության տեսանկյունից հիմնավորված չէ.

2) նախագծի ընդունումը նշանակում է պետական բյուջեից սուբսիդավորման ճանապարհով ավելի խթանել երկու ոչ արտահանելի՝ ֆինանսական և շինարարության ոլորտների զարգացումը, ինչը համահունչ չէ ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսության արտահանելի հատվածը խթանելու քաղաքականությանը.

3) եթե նույնիսկ հաշվի առնենք այն հանգամանքը, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակն ընդլայնելու միջոցով միգուցե հնարավոր է լինելու առավել խթանել շինարարության ոլորտի զարգացումը, ապա այդ կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ նկատառումները՝

ա. եկամտային հարկի վերադարձման համակարգի ներդրման սկզբնական փուլում որևէ սահմանափակում չնախատեսելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ անհրաժեշտություն էր առաջացել նպաստել շինարարության ոլորտի վերականգնմանը և հետագա աճին՝ հաշվի առնելով այն, որ 2009 թվականի ճգնաժամից հետո շինարարության ոլորտը տարիներ շարունակ նվազել է: Չնայած մինչև օրս շինարարության ծավալները ցածր են նախաճգնաժամային մակարդակից (վերջինիս բարձր մակարդակը պայմանավորված էր այդ տարիների բնակարանային շինարարության բումով, որը ներքին պահանջարկի վրա հիմնված անկայուն տնտեսական աճի մոդելի հետևանք էր), այնուամենայնիվ, վերջին տարիներին ոլորտը սկսել է վերականգնվել, և արձանագրվել են աճի միտումներ: Զուգահեռաբար ակտիվացել են նաև անշարժ գույքի և հիփոթեքային վարկերի շուկաները: Ավելին՝ աճի միտումները շարունակվում են նաև 2019 թվականին. ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին շինարարության ոլորտն աճել է 8 տոկոսով: Ընդ որում՝ բնակչության և կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները հունվար-ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են համապատասխանաբար 19.3 և 10.7 տոկոսով,

բ. շինարարությունը 2018 թվականին շարունակել է աճել՝ արձանագրելով 0.8 տոկոս աճ և 0.1 տոկոսային կետով նպաստել է տնտեսական աճին (2017 թվականին աճը կազմել է 2.8 տոկոս, իսկ տնտեսական աճին նպաստումը՝ 0.2 տոկոսային կետ): Բացի այդ, ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճի տեմպերը 2018 թվականին արագացել են (համապատասխանաբար 5.4 տոկոս և 1.2 տոկոս` 2017 թվականի 0.1 տոկոսի և -1.8 տոկոսի դիմաց).

4) եկամտային հարկի վերադարձման համակարգը, ըստ էության, պետք է ընկալվի ոչ թե որպես համակարգի շահառուներին տրամադրվող հարկային արտոնություն, այլ որպես սոցիալական քաղաքականության շրջանակներում շահառուներին տրամադրվող բյուջետային աջակցություն, քանի որ համակարգի շահառուներն ընդհանուր սահմանված կարգով հաշվարկում և կատարում են եկամտային հարկի գծով իրենց հարկային պարտավորությունները, որից հետո նոր միայն դիմում են պետական բյուջեից եկամտային հարկի գումարը հետ ստանալու համար: Հետևաբար գտնում ենք, որ այս համակարգի կիրառության արդյունավետությունը գնահատելիս կամ համակարգի կիրառության շրջանակներն ընդլայնելու որոշումներ կայացնելիս շատ կարևոր է, որ համակարգը դիտարկվի բյուջետային գործընթացի շրջանակներում սոցիալական նշանակությամբ պետական աջակցության ծրագրերի ընդհանուր համատեքստում: Այս առումով, կարևորելով սահմանափակ բյուջետային միջոցներն առավելագույն հասցեականությամբ և առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու նպատակադրումը, գտնում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը հիմնավորվածության ու առաջնահերթությունների առումով պետք է անպայմանորեն համադրվեն միևնույն՝ սոցիալական ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերի հիմնավորվածության ու առաջնահերթությունների հետ: Նախագծի ընդունման հիմնավորմամբ, սակայն, նման համադրումներ չեն կատարվել, հետևաբար պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ պետք է նախագծի ընդունման պարագայում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսերը կատարվեն ի հաշիվ սոցիալական ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերի:

2. Առաջարկությունը խնդրահարույց է նաև գործնականում կիրառելու տեսանկյունից: Մասնավորապես՝

1) ՀՀ հարկային օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն՝ ի տարբերություն աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնց մասով եկամտային հարկի հաշվարկն իրականացվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Քաղաքացիաիրավական պայմանագրով (որի կատարումը կարող է մի քանի եռամսյակից կամ տարուց ավելի ժամանակահատված պահանջել) կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) դիմաց պատվիրատուի կողմից եկամտի վճարումը հիմնականում կատարվում է աշխատանքի (ծառայության) արդյունքները վերջնական ընդունելուց հետո, եթե աշխատանքը կատարված է պատշաճ ձևով և պայմանավորված ժամկետում: Տվյալ դեպքում թեև վճարված եկամուտը վերաբերում է երկարատև ժամանակահատվածում կատարված աշխատանքին, այդուհանդերձ, այդ եկամուտը և դրանից հաշվարկվող, պահվող և բյուջե վճարվող եկամտային հարկը չի բաշխվում այդ ժամանակահատվածը ներառող ամիսների վրա, քանի որ գործում է եկամտային հարկի հաշվարկման դրամարկղային մեթոդը։ Ուստի ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ եկամտային հարկի գումարները եռամսյակային պարբերականությամբ վերադարձնելը այդ պայմանագրերի դեպքում հնարավոր չէ: Հետևաբար առաջարկությունն ընդունելու պարագայում՝ հարկ վճարողները հնարավորություն չեն ունենա հետ ստանալու այն ամիսների համար վճարված հիփոթեքային վարկի տոկոսները, որոնց ընթացքում թեև փաստացի աշխատանք է կատարվել, սակայն եկամտի վճարում, հետևաբար նաև՝ եկամտային հարկի պահում չեն իրականացվել.

2) տարածված են նաև այն դեպքերը, երբ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) համար վճարումը կատարվում է նախապես՝ կանխավճարի ձևով: Այս դեպքում նույնպես հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների վերադարձման համակարգի կիրառությունը խնդրահարույց է, քանի որ այն հնարավորություն կընձեռի պետական բյուջեից անհիմն ձևով հետ ստանալու եկամտային հարկի գումարները՝ դրանով իսկ հանգեցնելով չարաշահումների և իմաստազրկելով ներդրված ու հաջողությամբ գործարկված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը:

3. Միաժամանակ հայտնում ենք, որ 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է 273,9 մլն. դրամ, 2016 թ.՝ 1.349,8 մլն. դրամ, 2017 թ.՝ 2.416,0 մլն. դրամ, իսկ 2018 թ.՝ 4.683,7 մլն դրամ, ինչը նշանակում է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են և ամեն տարի աճում են: Բացի այդ, վերջին տարիներին աճել է նաև համակարգից օգտվողների քանակը։ Մասնավորապես՝ 2015 թվականի ընթացքում համակարգում ներգրավված է եղել 560, 2016 թ.՝ 1276 մասնակից, իսկ 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ավարտին համակարգում ներգրավված է եղել 4021 մասնակից՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 2295 մասնակցի դիմաց։ Այսինքն՝ ամեն տարի աճում է նաև մասնակիցների թիվը: Այս առումով՝ ակնհայտ է, որ նշյալ ծախսերն առավել ավելացնելու առաջարկությունների ընդունումը ռիսկային է և նպատակահարմար համարվել չի կարող:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի ընդլայնման ցանկացած առաջարկություն համարում ենք սկզբունքորեն անընդունելի:

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման մեջ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան