ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի N 1016-Լ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-215-03.07.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-215-03.07.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 13 Երևան |
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-215-03.07.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 4‑րդ մասի` նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք, ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները՝ տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նշված մասում և սահմանել, որ «Նոտարները, անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:»:
Նշված փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ ինչպես անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից շահութահարկի, այնպես էլ՝ ինքնազբաղված անձանց կողմից եկամտային հարկի տարեկան վճարման ժամկետը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված է մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: Այսինքն` օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղված անձանց համար ընդամենը սահմանված է սոցիալական վճարների վճարման տարեկան ժամկետ` մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Հաշվի առնելով շարադրվածը՝ հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատերերի և նոտարների` շահութահարկ վճարող հանդիսանալու հետ կապված օրենքի` փոփոխություն նախատեսող հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նորմերի միջև հակասություն առկա չէ:
Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և օրենքի նախագծով առաջարկվող տեխնիկական բնույթի փոփոխությանն անդրադառնալ առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխությունների շրջանակում: