Գլխավոր տեղեկություն
Համար
N 916-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 26.07.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2019 թվականի N 916-Լ

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-198-20.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 24

Երևան

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-198-20.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

    

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

Նախագծով նախատեսվում է արբիտրի համար բարձրագույն իրավաբանական կրթությունը նախատեսել որպես պարտադիր պահանջ:

Այս առնչությամբ գտնում ենք, որ տվյալ օրենսդրական առաջարկը խնդրահարույց է հետևյալ հիմնավորումներով:

1. «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածից հստակորեն բխում է, որ կողմերն ազատ են սահմանելու արբիտրին ներկայացվող պահանջները՝ դրսևորելով ազատ կամահայտնություն և ինքնուրույնություն այդ հարցում:

Ինչպես երևում է վերոնշյալ հոդվածի վերլուծությունից, կողմերի ազատ կամահայտնությունն արբիտրի ընտրման հարցում սահմանափակվում է միայն տվյալ պարտադիր պահպանման ենթակա պահանջներով: Մասնավորապես, կողմերը կարող են արբիտրի համար սահմանել ինչ-որ պահանջներ կամ չսահմանել որևէ պահանջ, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է արբիտրի տարիքին (պարտադիր պահանջ է նրա 25 տարեկան լինելը), նրա գործունակությանը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն գործունակությունը սահմանվում է որպես իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակություն) և քաղաքացու բարձրագույն կրթությանը:

Այսինքն՝ սահմանելով միայն իրավաբանական բարձրագույն կրթության պահանջ՝ կողմների ազատ կամահայտնության սահմաններն ավելի կնեղացվեն, ինչը, կարծում ենք, չի բխում կողմերի շահերից:

2. «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ օրենքի շրջանակներում «արբիտրաժ» նշանակում է ցանկացած արբիտրաժ՝ անկախ դրա` մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքից:

Այսինքն՝ սահմանելով բարձրագույն իրավաբանական կրթության պահանջը՝ այն կդառնա կիրառելի ինչպես ad հօc, այնպես էլ ինստիտուցիոնալ արբիտրաժի նկատմամբ:

Գտնում ենք, որ եթե որոշ տեսակի վեճերով ինստիտուցիոնալ արբիտրաժի դեպքում նման սահմանափակում նախատեսելը ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, ապա ad հօc արբիտրաժի դեպքում նման սահմանափակում դնելն արդարացված չէ, քանի որ անհարկի սահմանափակում է նրանց կամահայտնությունը:

3. Բացի այդ՝ առևտրային արբիտրաժի կողմից քննվող գործերի շրջանակն այնպիսին է, որ կարող է պահանջել տարատեսակ մասնագիտական գիտելիքներ և ոչ միայն՝ իրավաբանական:

 

Այսպես՝ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի համաձայն «առևտրային» հասկացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես՝ ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները: Ուստի առևտրային արբիտրաժի կողմից քննվող գործերով շատ դեպքերում այլ մասնագիտություն ունենալը կարող է առավել արդյունավետ լինել:

4. Սահմանելով պարտադիր իրավաբանական կրթության պահանջ՝ կստացվի, որ արբիտրներ կընտրվեն միայն իրավաբանները: Դժվար չէ պատկերացնել, որ երկու բարձրագույն կրթություն ունեցող անձինք քանակապես ավելի քիչ են, քան մեկ բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Ուստի այն դեպքերում, երբ վեճն իր բնույթով ունի, օրինակ՝ նեղ ֆինանսական բնույթ, կողմերը ստիպված կլինեն գտնել ֆինանսական ոլորտի մեջ մասնագիտացած իրավաբանի, կամ ֆինանսական ոլորտի մասնագետի, որն ունի նաև իրավաբանական կրթություն, ինչը, կարծում ենք, անհարկի կբարդացնի արբիտր ընտրելու ընթացակարգը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսված փոփոխության կատարման անհրաժեշտությունը բացակայում է:

Այդուհադերձ, հաշվի առնելով, որ օրենքն արբիտրի գործնական հմտությունների հետ կապված պահանջներ չի սահմանում, ընդունելի կլիներ նախագծով օրենքի 11-րդ հոդվածում արբիտրի համար սահմանել առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձի պահանջ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան