Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.15
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական 
դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0063/01/17

ԵԷԴ/0063/01/17
Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

  

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 25-ին                                                                                                                          ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Անդրիաս Մարատի Ղուկասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հուլիսի 12-ին քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Մարատի Ղուկասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. 2017 թվականի դեկտեմբերի 19-ին ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով Ա.Ղուկասյանի նկատմամբ թույլատրելի ճանաչել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը՝ սահմանելով դրա չափը:

Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 23-ի որոշմամբ պաշտպանի միջնորդությունը մերժվել է:

3. Հիշյալ որոշման դեմ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 23-ի որոշումը՝ թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի (ժամը 17:47-ից) արձանագրության համաձայն՝ նախագահող դատավորը հայտարարել է աշխատանքային օրվա ավարտի հետ կապված դատական նիստը սահմանափակելու մտադրության մասին: Պաշտպանական կողմը միջնորդել է մինչև դատական նիստը սահմանափակելն անդրադառնալ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմանը: Նախագահող դատավորը հայտարարել է, որ դատական նիստը կսահմանափակի, քանի որ հաջորդ օրվանից գտնվելու է արձակուրդում և միջնորդությանն անդրադառնալ չի կարող՝ միաժամանակ հայտարարելով, որ հաջորդ դատական նիստը կկայանա տոներից հետո, երբ կվերադառնա արձակուրդից: Ի պատասխան պաշտպանի՝ դեռևս ժամանակ լինելու վերաբերյալ հայտարարության՝ նախագահող դատավորը հայտնել է, որ հաջորդ դատական նիստը կկայանա 2018 թվականի հունվարի 16-ին՝ նշված դատական նիստը հայտարարելով փակված1:

5.1. Նույն օրը՝ ժամը 17:56-ին ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանն այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի գրասենյակ2:

5.2 2018 թվականի հունվարի 16-ին նշանակված դատական նիստը չի կայացել և ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի միջնորդությունն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառման վերաբերյալ քննության է առնվել 2018 թվականի հունվարի 23-ին3:

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 23-ի որոշման համաձայն` «(...) 2017 թվականի դեկտեմբերի 19-ին դատարանի գրասենյակ մուտքագրված և քննության առարկա հանդիսացող [այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ] միջնորդությունում նշված բոլոր իրավական հիմքերը և փաստարկները նույնաբովանդակ են պաշտպան Կ.Մեժլումյանի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատարանին ներկայացված միջնորդությունում նշված իրավական հիմքերին, որոնցից զատ պաշտպան Կ.Մեժլումյանի կողմից նոր փաստարկներ կամ իրավական հիմքեր չեն նշվել:

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ դեպքի կոնկրետ հանգամանքները, ամբաստանյալ Ա.Ղուկասյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանականությունն առ այն, որ նա, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս ազատության մեջ մնալով (…) կարող է լուրջ վտանգ ներկայացնել հանրային կարգին և խոչընդոտել գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Ամբաստանյալի հավանական վարքագծի վերաբերյալ դատարանի հետևությունը բխում է ինչպես սույն գործի հանգամանքներից, առաջադրված մեղադրանքների էությունից, այնպես էլ հիմքերից, որ գործի դատաքննությունը դեռևս նախնական փուլում է, գործով դեռևս չեն հարցաքննվել տուժողները, վկաների մեծ մասը և ազատության մեջ մնալով ամբաստանյալ Ա.Ղուկասյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության տվյալ մասնակիցների վրա, ուստի անդրադառնալով ամբաստանյալ Ա.Ղուկասյանի շահերի պաշտպան Կ.Մեժլումյանի միջնորդությանը՝ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին, դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման (…):

(...) [Ա]նդրադառնալով պաշտպան Կ.Մեժլումյանի կողմից առաջ քաշված այն հարցին, որ սույն միջնորդությունը պետք է քննության առնվեր անհապաղ, ապա դատարանը փաստում է, որ միջնորդությունը դատարանի գրասենյակ է ներկայացվել 2017 թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը` 17:56–ին, այսինքն՝ աշխատանքային օրվա ավարտին տվյալ օրվա դատական նիստից հետո, այն մուտքագրվել և նախագահող դատավորի աշխատակազմին է հանձնվել հաջորդ աշխատանքային օրը` 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ նախագահող դատավորը գտնվել է արձակուրդում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն՝ միջնորդությունները քննության են առնվում անհապաղ դատական նիստերի ընթացքում, ուստի դատարանը չէր կարող արձակուրդում գտնվելու ընթացքում արտադատարանական կարգով անդրադառնալ դատարանի գրասենյակ ներկայացված միջնորդությանը, այդ իսկ պատճառով այն քննության է առնվել առաջին իսկ դատական նիստում` 2018 թվականի հունվարի 23-ին» 4:

7. Վերաքննիչ դատարանն իր՝ 2018 թվականի մարտի 5-ի որոշմամբ փաստել է. «(...) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի պատճառաբանությունների այն մասին, որ պաշտպանության կողմը 2017 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստին գրավոր միջնորդություն է ներկայացրել` Ա.Ղուկասյանին գրավով ազատ արձակելու մասին, դատարանը հրաժարվել է այն ընդունել, ուստի ստիպված է եղել նույն օրն այն դատարանին հանձնել` դատարանի գրասենյակ մուտք անելով, դատարանը միջնորդությունն անհապաղ քննության չի առել՝ խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով երաշխավորված Ա.Ղուկասյանի իրավունքը, ապա [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությունից երևում է, որ դատարանի կողմից ժամը 17:51-ին` աշխատանքային օրվա ավարտի հետ կապված, դատական նիստն ավարտելու ընթացքում պաշտպանը դիմել է դատարանին գրավի միջնորդությամբ, սակայն դատարանը հայտնել է, որ հաջորդ օրվանից գտնվելու է արձակուրդի մեջ, չի կարող անդրադառնալ պաշտպանի միջնորդությանը, նիստը նշանակել է 2018 թվականի հունվարի 16-ին` ժամը 12:00-ին: 

(...) Վերոգրյալի համատեքստում [Վ]երաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, գրասենյակ մուտքագրված պաշտպանի միջնորդությունը քննության առնելով առաջին իսկ դատական նիստում, դատական սխալ թույլ չի տվել: 

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը նշված հարցին արդեն իսկ անդրադարձել է` որոշմամբ արձանագրելով, որ միջնորդությունում նշված բոլոր իրավական հիմքերը և փաստարկները նույնաբովանդակ են պաշտպան Կ.Մեժլումյանի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացված միջնորդությունում նշված իրավական հիմքերին, որոնցից զատ նոր փաստարկներ կամ իրավական հիմքեր չեն նշվել:

(...) Վերոշարադրյալ հիմքերով [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, այն չի հակասում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներին, իսկ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ որոշումը բեկանելու համար»5:

8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին, բավարարվել է, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը6:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ հոդվածների, 2007 թվականի ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի խախտումներ: Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի որոշման իրավական դիրքորոշումները հակասում են Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի  26-ի թիվ ԼԴ/0197/06/08, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի գործով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին Առաջին ատյանի դատարան գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին միջնորդություն է ներկայացրել, որն այդ դատարանի կողմից չի ընդունվել՝ դատավորի՝ հաջորդ օրվանից արձակուրդում լինելու պատճառաբանությամբ: Ինչ վերաբերում է գրասենյակ մուտքագրված նույն միջնորդությանը, ապա Առաջին ատյանի դատարանն այն քննության է առել միայն 2018 թվականի հունվարի 23-ին: Բողոքի հեղինակն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Ղուկասյանին ազատ արձակելու հարցին անդրադարձել է նշված հարցին նախորդ անգամ անդրադառնալուց 3 ամիս 13 օր անց, որպիսի պայմաններում խախտվել է ամբաստանյալի անձնական ազատության իրավունքը:

10. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ իրավաչափ չէ գրավի կիրառման միջնորդությունը մերժելը նոր իրավական կամ փաստական հիմք ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:

11. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Կ.Մեժլումյանը խնդրել է բեկանել և վերացնել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 5-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ, այն է՝ ճանաչել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման փաստը և Ա.Ղուկասյանի նկատմամբ թույլատրելի ճանաչել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքը քննության առնելը պայմանավորված է ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ դատական քննության ընթացքում կայացրած որոշման իրավաչափությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկա դարձնելու հանգամանքով7, ինչպես նաև դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության սկզբունքն ապահովելու և մարդու իրավունքների ու ազատությունների առերևույթ հիմնարար խախտումն արձանագրելու անհրաժեշտությամբ: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ անձին ազատությունից զրկելու իրավաչափության վերաբերյալ սեղմ ժամկետում դատարանի կողմից որոշում կայացնելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

12.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի կողմից արդյո՞ք ապահովվել է ազատությունից զրկելու իրավաչափության վերաբերյալ սեղմ ժամկետում որոշում ստանալու՝ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի իրավունքը:

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

(…)»:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է։

 (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: (...)»:

ՀՀ Սահմանադրության 27-րդ և Կոնվենցիայի 5-րդ հոդվածներով նախատեսված է անձի՝ իրեն ազատությունից զրկելը դատական կարգով վիճարկելու իրավունքը: Սույն իրավունքի ապահովման երաշխիքներից` կալանքի տակ պահելու իրավաչափությունը դատական քննության ընթացքում ստուգման ենթարկելու առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալը կարող է որոշակի պարբերականությամբ վիճարկել իրեն կալանքի տակ պահելու իրավաչափությունը, ինչն առաջ է բերում դատարանի՝ դրա վերաբերյալ սեղմ ժամկետում դատական ակտ կայացնելու պարտականությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա դատական ակտը սեղմ ժամկետում կայացնելու երաշխիքը բովանդակում է երկու բաղադրիչ՝

- համապատասխան միջնորդությունը սեղմ ժամկետում քննության առնելու պահանջը (եթե այդպիսի միջնորդությունը ներկայացվում է դատական նիստի ընթացքում, ապա այն ենթակա է անհապաղ քննության),

- այդպիսի միջնորդության քննության արդյունքներով սեղմ ժամկետում դատական ակտ կայացնելու և այն շահագրգիռ անձին տրամադրելու պահանջը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական քննության ժամանակ նշված գործողությունները սեղմ ժամկետում կատարելու պահանջը չի կարող կամայական գնահատման ենթարկվել. յուրաքանչյուր դեպքում դատարանները պետք է հաշվի առնեն ռիսկի գործոնը՝ նկատի ունենալով, որ բարձրացված հարցը վերաբերում է անձի ազատության իրավունքին, մասնավորապես՝ անազատության մեջ պահելու իրավաչափությանը: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ստուգման ժամանակահատվածը պետք է պայմանավորված լինի օբյեկտիվ բնույթի գործոններով. սեղմ ժամկետում դատական ստուգում չիրականացնելը չի կարող արդարացվել այնպիսի հանգամանքներով, որոնց հիմքում ընկած շահը ստորադաս է անձնական ազատության՝ որպես հիմնարար իրավունքի ապահովումը երաշխավորելու անհրաժեշտության նկատմամբ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

ա) 2017 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի ավարտին նախորդող ժամանակահատվածում՝ ժամը 17:47-ին, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ8,

բ) դատական նիստը նախագահող դատավորը հայտնել է, որ աշխատանքային օրն ավարտվում է, հաջորդ օրվանից գտնվելու է արձակուրդում, ուստի միջնորդությանը չի կարող անդրադառնալ, իսկ հաջորդ դատական նիստը կկայանա 2018 թվականի հունվարի 16-ին, երբ կվերադառնա արձակուրդից9,

գ) 2018 թվականի հունվարի 16-ին նշանակված դատական նիստը չի կայացել և ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի՝ միջնորդությունը այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառման վերաբերյալ քննության է առնվել 2018 թվականի հունվարի 23-ին10,

դ) Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 23-ի որոշմամբ` այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի միջնորդությունը մերժվել է, ի թիվս այլոց, իրավական և փաստական հիմքերով պաշտպանության կողմի 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացված միջնորդությանը նույնաբովանդակ լինելու և որևէ նոր հիմք չներկայացնելու պատճառաբանությամբ11,

ե) Վերաքննիչ դատարանն իր հերթին, մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեադատավարական օրենսդրության, Կոնվենցիայի դրույթների խախտումներ12:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի իրավունքների խախտման բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի արժանացրել այն, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ Առաջին ատյանի դատարանը ներկայացված միջնորդությունը քննության է առել և որոշում կայացրել 2018 թվականի հունվարի 23-ին:

Հաշվի առնելով այն, որ ներկայացված միջնորդությունն իր բնույթով այնպիսին է, որ պահանջում է քննության առնելու անհապաղություն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում միջնորդության ներկայացման պահից մեկ ամսից ավելի ժամկետում դատական ստուգում չիրականացնելը չի կարող արդարացվել այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են այդպիսի միջնորդությունը դատական նիստի ընթացքում, սակայն աշխատանքային օրվա ավարտին նախորդող ժամանակահատվածում ներկայացնելը և հաջորդ օրվանից դատավորի՝ արձակուրդում գտնվելը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձին անազատության մեջ պահելու իրավաչափության հարցը մեկ ամսից ավելի ժամկետում չքննարկելն այդպիսի հանգամանքներով պայմանավորելը չի կարող ծառայել որպես օբյեկտիվ հիմք՝ գերակայելով անձնական ազատության՝ որպես հիմնարար իրավունքի ապահովումը երաշխավորելու անհրաժեշտության նկատմամբ

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում Առաջին ատյանի դատարանի կողմից չի ապահովվել ազատությունից զրկելու իրավաչափության վերաբերյալ սեղմ ժամկետում որոշում ստանալու՝ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի իրավունքը:

15.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձրացրած փաստարկին, ապա Առաջին ատյանի դատարանի դատողությունների՝ իրենց ամբողջության մեջ վերլուծությունից բխում է, որ գրավի կիրառման միջնորդության մերժման հիմքում դրվել է այն, որ միջնորդությունում նշված բոլոր իրավական հիմքերը և փաստարկները նույնաբովանդակ են եղել նախկինում ներկայացված միջնորդության մեջ մատնանշված պատճառաբանություններին, և դրանցից զատ նոր փաստարկներ կամ իրավական հիմքեր չեն նշվել: Ավելին՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս ոչ թե բավարարվել է վերը մատնանշված հանգամանքների արձանագրմամբ, այլ ներկայացրել է նաև համապատասխան հիմնավորումներ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը չկիրառելու վերաբերյալ:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջների խախտում: Սակայն, հաշվի առնելով, որ Ա.Ղուկասյանն ազատ է արձակվել13, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել ամբաստանյալ Ա.Ղուկասյանի իրավունքների խախտման փաստը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել ամբաստանյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի իրավունքների խախտման փաստը:

3. Ամբաստանյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 


 

1 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 45 

2 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթ 12:

3 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 91-102:

4 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 3-13:

5 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 49-54:

6 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 103-109:

7 Կալանավորումը չփոփոխելու մասին առաջին ատյանի դատարանի` դատական քննության ընթացքում կայացված որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու առումով մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լևոն Սողոմոնյանի վերաբերյալ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0274/01/15 որոշումը

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս նույն տեղում:

10 Տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

 

Ե. Դանիելյան

 

  

Ա. Պողոսյան

 

 

Ս. Օհանյան