Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1472
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499).1 Հոդ.619.7
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.07.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 հուլիսի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագիրը (այսուհետ՝ Համագործակցության համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 5-ին Հռոմում, որով Կողմերը ցանկանում են էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (այսուհետ՝ Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև և նպաստել Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Համագործակցության համաձայնագրի նպատակն է Կողմերի միջև ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը՝ Կողմերի օրենքների, ներքին կանոնակարգերի, համապատասխան քաղաքականության համաձայն, հավասարության և ինքնիշխան փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա (հոդվ. 1):

3. Համագործակցության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- աջակցել սոցիալական, հումանիտար և առողջապահական համագործակցությանը նպաստելուն, զարգացնելուն և բազմազանեցնելուն, ինչպես նաև մարդասիրական և բնական աղետների ժամանակ օգնություն տրամադրելուն ուղղված միջոցառումների իրականացմանը և իրականացնել այդպիսի միջոցառումներ (հոդվ. 3, կետ 4),

- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ազատել մաքսային վճարներից և հարկերից, ինչպես նաև այլ տեսակի վճարներից ու պարտավորություններից Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից կամ նրա անունից ուղղակիորեն կամ իր նշանակած կազմակերպությունների կողմից բարեգործական նպատակներով, ներառյալ Համագործակցության համաձայնագրում սահմանված սոցիալական, հումանիտար և առողջապահական նպատակներով, Հայաստանի Հանրապետություն բերվող սարքավորումները (առաքելությունների իրականացման համար նախատեսված հիվանդանոցների, հաշմանդամների, շտապօգնության մեքենաների, դեղորայքի կամ բժշկական-վիրաբուժական գործիքների համար նյութերը, ներառյալ գեներատորները) (հոդվ. 3, կետ 6),

- երաշխավորել Մալթայի ինքնիշխան ուխտին պատկանող կամ որևէ իրավական հիմքով նրա կողմից տնօրինվող շինությունների անձեռնմխելիությունը, ինչպես նաև ապահովել դրանց ամբողջականությունն ու մուտք գործելու անվտանգությունը (հոդվ. 3, կետ 7),

- ապահովել, որ Համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախագծեր և ծրագրեր նախատեսող փաստաթղթերը կնքվեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Մալթայի ինքնիշխան ուխտի Նշանակված կազմակերպությունների միջև՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը համապատասխան (հոդվ. 4, կետ 2),

- երաշխավորել, որ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով դիվանագիտական գործակալներին տրված առավելությունները, արտոնությունները և անձեռնմխելիությունը կիրառվեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված՝ Մալթայի ինքնիշխան ուխտի դեսպանության՝ Համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերում ներգրավված դիվանագիտական անձնակազմի նկատմամբ (հոդված 5, կետ 1),

- ՀՀ ազգային օրենսդրության համաձայն՝ ցուցաբերել աջակցություն ՀՀ տարածքում սույն Համագործակցության համաձայնագրի շրջանակներում Մալթայի ինքնիշխան ուխտի ծրագրերի, նախագծերի կամ գործողությունների իրականացման մեջ ներգրավված՝ Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից նշանակված անձնակազմի և իր Նշանակված կազմակերպությունների անձնակազմին (հոդվ. 5, կետ 2),

- Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության համաձայն՝ դյուրացել Մալթայի ինքնիշխան ուխտի կամ իր Նշանակված կազմակերպությունների՝ սույն Համագործակցության համաձայնագրով սահմանված՝ սոցիալական, առողջապահական, հումանիտար գործունեության իրականացման մեջ ներգրավված ողջ անձնակազմին և նրանց ընտանիքի անդամներին մուտքի արտոնագրերի և կացության թույլտվության տրամադրումը (հոդվ. 5, կետ 3) և այլն:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համագործակցության համաձայնագրում հղում է կատարվում ՄԱԿ-ի 1961 թվականի ապրիլի 18-ի՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է Գերագույն Խորհրդի՝ 1992 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Հ.Ն-0703-I որոշմամբ):

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համագործակցության համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

9 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1472