ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. Երևան 19 հուլիսի 2019 թ. |
ԲԴԽ-49-Ո-Դ-1 |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆԱԽՇՈՒՆ ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
Նախագահությամբ` |
Ս. Չիչոյանի, | |
մասնակցությամբ` անդամներ |
Գ. Բեքմեզյանի, Հ. Հովհաննիսյանի, Լ. Մելիքջանյանի, Մ. Մակյանի, Ա. Մխիթարյանի, Ռ. Վարդազարյանի, Ն. Տավարացյանի Վ. Քոչարյանի, | |
քարտուղարությամբ՝ |
Ն. Մովսեսյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գ. Բեքմեզյանի, Հ. Հովհաննիսյանի և Լ. Մելիքջանյանի 16.07.2019թ. դիմումը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գ. Բեքմեզյանը, Հ. Հովհաննիսյանը և Լ. Մելիքջանյանը (այսուհետ՝ Դիմումատուներ) 2019 թվականի հուլիսի 16-ին Բարձրագույն դատական խորհուրդ են ներկայացրել դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով Բարձրագույն դատական խորհուրդ նիստ հրավիրելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի նիստ է հրավիրվել 18.07.2019 թվականին՝ ժամը 11:30-ին:
2. Դիմում ներկայացրած Բարձրագույն դատական խորհրդի անդամների դիրքորոշումը.
Խորհրդի անդամները դիմումի մեջ նշել են և նիստի ժամանակ պնդել, որ Ն. Տավարացյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, նույն օրը հրաժարական է ներկայացրել, որի վերաբերյալ, սակայն նիստ չի հրավիրվել, միայն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ներկայացվել է գրություն, որն էլ չի կարող որևէ ազդեցություն ունենալ գործի վրա, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը չի կարող հանդես գալ Բարձրագույն դատական խորհրդի անունից: Խորհրդի անդամները նաև նշել են, որ իրենք կասկածի տակ չեն դնում Դատավորների ընդհանուր ժողովի որոշումը, որով Ն. Տավարացյանն ընտրված է համարվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ երդումը ընդամենը ձևական արարողություն է, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 11-ին: Բացի դրանից Ն. Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականը չի ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի նիստերի օրակարգում և այդ հարցը նիստում չի քննարկվել, ուստիև Ն. Տավարացյանն սկսել է պաշտոնավարել 2019 թվականի նոյեմբերի 8-ից: Խորհրդի անդամներն ընդգծել են, որ Ն. Տավարացյանը չի մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 2 նիստի և չի ներկայացրել հարգելի պատճառներ բացակայության վերաբերյալ: Ն. Տավարացյանը չի ներկայացրել նաև նիստերին իր մասնակցությունը բացառող հանգամանքները: Խորհրդի անդամները վկայակոչել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերը, որի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում և առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, և պնդել, որ այդ հիմքերով Ն. Տավարացյանի լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, պետք է դադարեցվեն:
3. Նախշուն Տավարացյանի դիրքորոշումը ներկայացված դիմումի վերաբերյալ.
Ն. Տավարացյանն առարկել է Դիմումատուների կողմից ներկայացված փաստարկների դեմ՝ նշելով, որ Դատավորների ընդհանուր ժողովում որպես ընտրված թեկնածու իր անունը հայտարարվելուց հետո ստեղծված խիստ լարված մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով հայտարարել է իր հրաժարականի մասին, իսկ 14.11.2018թ. դիմում է հղել Բարձրագույն դատական խորհրդին՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարական տալու համար։ Նշված դիմումին ի պատասխան Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից իրեն ուղարկվել է գրություն, առ այն, որ հրաժարականի դիմումը չի կարող Բարձրագույն դատական խորհրդի կողմից հիմք ընդունվել իրավական գործընթաց իրականացնելու համար, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար օրենքով սահմանված ընթացակարգը չի իրականացվել, և Ն. Տավարացյանը սահմանված կարգով չի ստանձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը: Մասնավորապես Օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ընտրված անդամը երդվում է՝ ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը: Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը դիմումը վերադարձվել է, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղի համալրումն օրենքով սահմանված կարգով դեռևս չի իրականացվել: Դատավորների ընդհանուր ժողովի հաջորդ նիստը հրավիրվել է 21.12.2018թ., որին ինքը չի մասնակցել՝ հերթական արձակուրդում գտնվելու և Հայաստանից բացակայելու պատճառով։ Դատավորների ընդհանուր ժողովի հաջորդ նիստը հրավիրվել է 27.05.2019թ., որի օրակարգում ներառված չի եղել ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համալրման հարց:
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համալրման հարցի ներառմամբ օրակարգով Ընդհանուր ժողովի նիստ հրավիրվել է միայն 11.07.2019թ., որտեղ էլ ինքն օրենքով սահմանված կարգով երդվել է և 11.07.2019թ.-ից ստանձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը, ուստի կարող էր մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի նիստերին սկսած 11.07.2019թ.-ից։
4. Գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարց: 229 դատավորից ներկա են եղել 129 դատավոր: Օրակարգը հաստատվել է կողմ 128, դեմ 1 ձայնով: Քվեարկության արդյունքներով Ն. Տավարացյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
2. Ն. Տավարացյանը 2018 թվականի նոյեմբերի 8-ին Դատավորների ընդհանուր ժողովում հայտարարել է իր հրաժարականի մասին: 2018 թվականի նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել դիմում, առ այն, որ ներկայացնում է իր հրաժարականը և չի ցանկանում ստանձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պարտականությունների կատարումը:
3. Դիմումի առնչությամբ 2018թ. նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ուղարկել է գրություն-պատասխան, առ այն, որ հրաժարականի դիմումը չի կարող Բարձրագույն դատական խորհրդի կողմից հիմք ընդունվել իրավական գործընթաց իրականացնելու համար, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար օրենքով սահմանված ընթացակարգը չի իրականացվել, և Ն. Տավարացյանը սահմանված կարգով չի ստանձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը: Մասնավորապես Օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ընտրված անդամը երդվում է՝ ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը: Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ դիմումը վերադարձվել է, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղի համալրումն օրենքով սահմանված կարգով դեռևս չի իրականացվել:
4. 2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարց: Օրակարգը հաստատվել է 70 կողմ, 30 դեմ, 8 ձեռնպահ ձայներով: Սակայն օրակարգի հարցերի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ քվորումի բացակայության պատճառով:
5. 2019 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարց ընդգրկված չի եղել:
6. 2019 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է եղել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցը: Նիստին մասնակցել են 229-ից 206 դատավոր: Օրակարգը հաստատվել է 170 կողմ, 7 դեմ ձայներով: Ն. Տավարացյանը Դատավորների ընդհանուր ժողովի նիստում երդվել է և ստանձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը, լսելով Դիմումատուներին, Ն. Տավարացյանի դիրքորոշումը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Խորհրդի անդամների կողմից ներկայացված դիմումում բարձրացված պահանջը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու համար, Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. Ո՞ր պահից է օրենքի ուժով Բարձրագույն դատական խորհրդի ընտրված անդամն ստանձնում իր լիազորությունները,
2. արդյո՞ք սույն գործով առկա է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հիմք:
Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ ընտրվելու օրվանից: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները` Ազգային ժողովում, Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները Ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում են. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:
Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են` տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում:
Առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:
Տվյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը պետք է առնվազն ստանձնած լինի պաշտոնից բխող լիազորությունները, որպեսզի հնարավոր համարվի օրենքով սահմանված դեպքերի հիմքով և կարգով դրանց դադարեցման հարցի քննարկումը:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Օրենքի 82-րդ հոդվածի իրավակարգավորումները և դրանց շարադրման հաջորդականության տրամաբանությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ համապատասխան հիմքով նորընտիր անդամի պաշտոնի ստանձնման պահը ընտրվելու օրվանից սահմանելու հանգամանքը պետք է մեկնաբանել որպես մի քանի փուլերից բաղկացած գործընթացի ավարտ /թեկնածուների առաջադրում, քվեարկություն, արդյունքների ամփոփում և հրապարակում, ընտրված դատավորի երդմնակալության արարողություն/:
Այլ կերպ ասած, «ընտրվելու օրվանից» եզրույթը չի կարող գնահատվել տառացի՝ զուտ որպես ժամանակագրական երևույթ, և չի կարող մեկնաբանվել այնպես, որ աղճատվի ողջ գործընթացի տրամաբանությունը և սահմանափակվի միայն ընտրության արդյունքների հրապարակմամբ, այն պետք է ներառի Օրենքով սահմանված գործընթացի բոլոր փուլերը, այդ թվում՝ երդմնակալության արարողությունը:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը և երդման ինստիտուտին առնչվող գիտական աղբյուրները նույնպես վկայում են այն մասին, որ երդմնակալության արարողությունը՝ որպես պաշտոնի ստանձնման գործընթացի բաղկացուցիչ մաս, նախատեսված է բազմաթիվ (հատկապես խորհրդարանական կառավարման ձև ունեցող) պետությունների հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց համար, կրում է կարևոր իրավաքաղաքական նշանակություն և, ինչը կարևոր է, երդվելու պահն է դիտարկվում որպես ելակետ՝ պաշտոնավարման ժամկետի սկիզբը հաշվարկելու համար:
Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է նաև այն փաստը, որ Օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասը Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար Ազգային ժողովում երդվելու իմպերատիվ պահանջ է նախատեսում, մինչդեռ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամի պարագայում օրենսդրական նորմի ձևակերպումը երդման արարողությունն անմիջապես ընտրվելուց հետո կազմակերպելու իմպերատիվ պահանջ չի սահմանում:
Երդմնակալության արարողություն պահանջող տարբեր պաշտոնատար անձանց ընտրության և պաշտոնի ստանձնման գործընթացը կարգավորող իրավադրույթների համեմատական վերլուծության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության և պաշտոնի ստանձնման ընթացակարգերում առերևույթ առկա է օրենսդրական բաց, այնքանով, որքանով նախատեսված չէ երդմնակալության արարողության անմիջապես կազմակերպման իմպերատիվ պահանջ:
Այս պարագայում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ բոլոր դեպքերում, երբ օրենքի կամ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումը բացառապես օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է (տե՛ս մասնավորապես ՀՀ ՍԴՈ-864, 914):
Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բոլոր այն պնդումները, թե Դատավորների ընդհանուր ժողովում ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը պետք է երդվի անմիջապես, ենթադրում են օրենքի անալոգիայի կիրառում: Մինչդեռ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը»:
Այս պարագայում նման անալոգիայի կիրառումն ակնհայտորեն սահմանափակում է Բարձրագույն դատական խորհրդի ընտրված անդամ Ն. Տավարացյանի իրավունքները և չի բխում վերոգրյալ իրավակարգավորումից:
Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության գործընթացի, այդ թվում՝ երդմնակալության արարողության, կազմակերպումը գտնվում է Դատավորների ընդհանուր ժողովի իրավասության տիրույթում, հետևաբար, այդ գործընթացին ցանկացած միջամտություն, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից, անթույլատրելի է:
Այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի 11.07.2019թ. նիստի օրակարգը հաստատվել է ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Օրակարգում՝ ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է եղել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցը, ինչպես նաև կազմակերպվել է Ն. Տավարացյանի երդմնակալության արարողությունը: Վերջին հանգամանքը վկայում է այն մասին, որ Դատավորների ընդհանուր ժողովը նույնպես, Ն. Տավարացյանին ընկալելով որպես արդեն իսկ Բարձրագույն դատական խորհրդի ընտրված անդամ, հնարավոր ու օրենքի տեսակետից թույլատրելի է համարել նրա երդմնակալությունը:
Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն ընդունելի է համարում Դիմումատուների այն փաստարկը, որ ընտրվելուց հետո երդմնակալության արարողությունը շուրջ ինն ամիս անց կազմակերպելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես ողջամիտ, սակայն միևնույն ժամանակ արձանագրում է, որ Ն. Տավարացյանի գործողությունները, այդուհանդերձ, չեն հակասել գործող օրենսդրական կարգավորումներին, ուստի պետք է փաստել, որ Ն. Տավարացյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր լիազորություններն Օրենքով սահմանված կարգով ստանձնել է Դատավորների ընդհանուր ժողովում երդման արարողությունից հետո, այն է՝ 2019 թվականի հուլիսի 11-ին, հետևաբար, անհիմն են Դիմումատուների այն փաստարկները, ըստ որոնց առկա են Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման հիմքեր, մասնավորապես, որ նա տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով չի մասնակցել առնվազն երկու անգամ և որ առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չի հայտնել, քանի որ 2019 թվականի հուլիսի 11-ից՝ իր լիազորությունների ստանձնման պահից սկսած, Ն. Տավարացյանը մասնակցել է Բարձրագույն դատական խորհրդի բոլոր նիստերին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 82-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, 90-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի, Գրիգոր Բեքմեզյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված դիմումը՝ Նախշուն Տավարացյանի՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, լիազորությունները դադարեցնելու մասին՝ մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Ս. Չիչոյան | |
Անդամներ՝ |
Մ. Մակյան | |
Ա. Մխիթարյան | ||
Ռ. Վարդազարյան | ||
Վ. Քոչարյան (հատուկ կարծիք) |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման վերաբերյալ
19 հուլիսի 2019 թվական |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամ Վիգեն Քոչարյանս, համաձայն չլինելով Խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի (այսուհետ՝ Ն.Տավարացյան) լիազորությունների դադարեցման վերաբերյալ Խորհրդի՝ 2019 թվականի հուլիսի 19-ի որոշման պատճառաբանական մասի հետ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 94-րդ հոդվածի 7-րդ մասով, ներկայացնում եմ հատուկ կարծիք՝ Խորհրդի անդամի ընտրության ընթացակարգի հարցի լուծմանը Խորհրդի լիազորությունների, ինչպես նաև Խորհրդի անդամի ներքին անկախության ապահովման երաշխիքների վերաբերյալ, հետևյալ բովանդակությամբ.
1. Խորհրդի անդամները, լինելով դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմնի կազմում, իրենց պարտականությունները կատարելիս օժտված են առանձնահատուկ կարգավիճակով, որի գլխավոր հիմնաքարը նրանց անկախությունն է: Խորհրդի անդամի անկախությունը ունի երկու հարթություն. անկախություն ինչպես արտաքին հնարավոր միջամտություններից, այնպես էլ ներքին՝ այդ կառույցի շրջանակում: Քննարկվող գործը առնչվում է Խորհրդի անդամի սահմանադրական կարգավիճակից բխող ներքին անկախության երաշխավորմանը, նրան՝ իր կարգավիճակը վտանգող ցանկացած զարգացումներից ապահովագրմանը:
2. ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածը սահմանում, իսկ Օրենքի 80-րդ և 81-րդ հոդվածները առավել մանրամասնում են Խորհրդի կազմը և կազմավորման կարգը: Վերոնշյալ նորմերից բխում է, որ Խորհրդի դատավոր անդամներին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով): Այս հարցի վերաբերյալ Խորհուրդը դեռևս 2019 թվականի հուլիսի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ. «Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի անդամի` ԲԴԽ անդամ ընտրվելու վերաբերյալ հանրային հետաքրքրությունն ու մասնագիտական քննարկումները, ԲԴԽ-ն հայտնում է, որ ԲԴԽ Վճռաբեկ դատարանը ներկայացնող անդամի ընտրության ընթացակարգի և արդյունքների վերաբերյալ հարցի լուծումը գտնվում է Դատավորների ընդհանուր ժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների տիրույթում»:
2.1. Վերոշարադրյալի առնչությամբ անհրաժեշտ ենք համարում մեջբերել նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածով նախատեսված են Խորհրդի լիազորությունները, իսկ լիազորությունների սպառիչ ցանկը ներկայացված է Օրենքի 89-րդ հոդվածով: ՀՀ Սահմանադրությամբ և Օրենքով որևէ դրույթ չի նախատեսում Խորհրդի անդամի ընտրությունների ընթացակարգի կամ արդյունքների կամ անդամի լիազորությունների ճանաչման՝ Խորհրդի լիազորություններ: Հետևաբար, Խորհուրդը կամ նրա առանձին անդամներ իրավասու չեն միջամտել Խորհրդի անդամի ընտրության ընթացակարգի և արդյունքների հարցի լուծմանը. դա այլ մարմինների՝ Ազգային Ժողովի և Ընդհանուր ժողովի լիազորությունն է:
3. Խորհրդի անդամներ Գ. Բեքմեզյանի, Հ. Հովհաննիսյանի և Լ. Մելիքջանյանի պնդմամբ՝ Ն. Տավարացյանը չի մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 2 նիստի և չի ներկայացրել հարգելի պատճառներ բացակայության վերաբերյալ, նա չի ներկայացրել նաև նիստերին իր մասնակցությունը բացառող հանգամանքները, հետևաբար, Ն. Տավարացյանի լիազորությունները պետք է դադարեցվեն:
Նման պնդմամբ հանդես գալը արդեն իսկ ենթադրում է, որ Խորհրդի կամ առնվազն վերջինիս վերոհիշյալ անդամների համար աներկբա ճշմարտություն է այն, որ Ն. Տավարացյանը հանդիսանում է Խորհրդի անդամ 2018 թվականի նոյեմբերի 8-ից, այսինքն՝ նրա ընտրության օրվանից: Գործի փաստական հանգամանքները միանշանակ վկայում են խնդրի վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորման բացերի և տարբեր մեկնաբանությունների առկայությունը: Սակայն, ինչպես ներկայացրինք, Խորհրդի անդամի ընտրության ընթացակարգային հարցերը դուրս են Խորհրդի լիազորությունների շրջանակից, ուստիև ընդհանրապես չեն կարող հանդիսանալ Խորհրդում քննարկման կամ որոշումներ ընդունելու առարկա:
4. Օրենքի 86-րդ հոդվածը նախատեսում է Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հիմքերը, որի 3-րդ մասում նշվում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են` (…) 5) տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում»: Համապատասխանաբար, որպեսզի Խորհուրդը որոշում կայացնի Խորհրդի անդամի լիազորությունները նշված հիմքով դադարեցնելու վերաբերյալ, աներկբա պետք է հաստատված լինեն հետևյալ հանգամանքները.
Ա) Խորհրդի անդամի պաշտոնավարման ընթացքում մեկ տարվա ժամանակահատվածում տեղի են ունեցել առնվազն Խորհրդի երկու նիստ, որոնցում նա չի մասնակցել,
Բ) Խորհրդի անդամը նշված նիստերի մասին օրենքով սահմանված կարգով1 պատշաճ ծանուցվել է,
Գ) Խորհրդի անդամը չի ունեցել հարգելի պատճառներ չմասնակցելու նշված նիստերին:
Միայն այն դեպքում, երբ այս բոլոր երեք հարցադրումների վերաբերյալ միաժամանակ առկա են միանշանակ և հիմնավոր կասկածից վեր ապացույցներով փաստարկված դրական պատասխաններ, Խորհուրդը պետք է որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
Այս մոտեցումից ցանկացած շեղում ի զորու է վտանգել սահմանադրական մարմնի՝ միայն Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվող Խորհրդի անդամի անկախ և ինքնուրույն կարգավիճակը, և ի վերջո, Խորհրդի՝ Սահմանադրությամբ նախատեսված բնականոն գործունեությունը:
5. Գործի քննության ընթացքում պարզ դարձավ, որ անժխտելի և կասկածից վեր ապացույցներ Ն. Տավարացյանի՝ մեկ տարվա ընթացքում Խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու վերաբերյալ գոյություն չունեն.
Ա) հիմք ընդունելով սույն Հատուկ կարծիքի 2-3-րդ կետերը՝ Խորհուրդը իրավասու չէ անդրադառնալ Ն. Տավարացյանի ընտրության ընթացակարգին և մասնավորապես նրան, թե ինչպիսի մեկնաբանություն պետք է տրվի օրենսդրական կարգավորումների տարընթերցումներին: Ավելին՝ ակնհայտ է, որ Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հարցը քննարկելիս ցանկացած կասկածներ, օրենսդրական կարգավորման բացեր և թերություններ, տարընկալումներ պետք է մեկնաբանվեն հօգուտ Խորհրդի անդամի,
Բ) գործի հանգամանքները միանշանակ վկայում են, որ Ն. Տավարացյանը երբեք Օրենքով սահմանված կարգով չի ծանուցվել ենթադրյալ իր մասնակցությունը պահանջող որևէ նիստի վերաբերյալ,
Գ) Ա և Բ կետերում ներկայացված վերլուծությունից ակներև է, որ այս հարցադրմանը որևէ անդրադարձ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:
Այսպիսով, վերոշարադրյալ հարցադրումներին կատարված անդրադարձը վկայում է այն մասին, որ Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման՝ Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը բացակայում է:
___________________
1 Օրենքի 91-րդ հոդվածը սահմանում է՝ «Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և հարցի քննարկմանը մասնակցող այլ անձանց: Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին Դատական դեպարտամենտը տրամադրում է հարցի քննարկումից առնվազն երկու օր առաջ, իսկ անհապաղ հարցերի քննարկման դեպքում՝ ոչ ուշ, քան նիստից անմիջապես առաջ»:
Վիգեն Քոչարյան
Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|