ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2019 թվականի N799-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-161-27.05.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 2 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-161-27.05.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի դրույթների միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Անհամապատասխանությունը վերաբերում է օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի և 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթներին, որի համաձայն անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճար չեն կատարել, եթե տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական կամ նոտարական գործունեությունից կամ այլ հիմքով եկամուտներ չեն ստացել, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությունների համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճար վճարում են հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկում, իսկ շրջանառության հարկի և (կամ) արտոնագրային հարկի համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:
Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը հասկանալի է, սակայն գտնում ենք, որ ընդհանուր առմամբ ուղղակի հակասություն առկա չէ. օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը կարիք ունի բացառապես հստակեցման, միաժամանակ առաջարկվող փոփոխության բովանդակությունից պարզ չի երևում, թե որ դեպքերում են անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում դրոշմանիշային վճար կատարելու պարտավորությունից: Նշված անհստակությունը վերացնելու նպատակով և հաշվի առնելով, որ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխված դրույթներն ուժի մեջ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից, օրենքի նախագծի ընդունումը գտնում ենք նպատակահարմար՝ նախագծում հետևյալ փոփոխությունների կատարման դեպքում.
1) վերնագրում «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով.
2) 1-ին և 2-րդ հոդվածները շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված հանգամանքները.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»: