Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1475
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.24/47(1500) Հոդ.628
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.07.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 հուլիսի 2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին, ուժի մեջ է մտել՝ 2011 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սահմանել է (որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից»:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 22-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված ՀՀ վարչական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենքի համապատասխան դրույթները և գործում առկա փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, վերլուծելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, հայտնում է, որ նշված իրավանորմը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Առաջին մասը կիրառելի է, երբ համապատասխան իրավասու մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո՝ 5 տարվա ընթացքում, որոշում է զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը, որը պետք է առաջացած լինի հիվանդության, խեղման, վնասվածքի հետևանքով (հաշմանդամության առաջացման հիմք), իսկ երկրորդ մասը կիրառելի է, երբ զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև դրանից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, որի դեպքում որևէ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում՝ երկրորդ մասում ներառված հաշմանդամության առաջացման պատճառը վնասվածքի հետ կապված լինելու պայմանը ներառված է նաև առաջին մասում:

Դիմողի կարծիքով՝ առկա չէ որևէ իրավաչափ և օրենսդրական հիմք, որով հնարավոր է վնասվածքը մարդու առողջության համար դիտել որպես առավել վտանգավոր, քան հիվանդությունը և խեղումը, քանի որ վտանգավորությունը դասակարգվում է ոչ թե ըստ հաշմանդամության առաջացման հիմքի, այլ միայն ըստ հաշմանդամության կարգի:

Վկայակոչելով Սահմանադրության 29-րդ և 83-րդ հոդվածները, Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ դիմողը գտնում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության հիշյալ հոդվածներին, քանի որ վիճարկվող դրույթով նույն իրավական կարգավիճակի շրջանակում տարբեր խմբերի անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված և խտրական մոտեցում, ինչով էլ այդ անձինք զրկվում են հավասար պայմաններում գտնվող այլ անձանց կենսաթոշակին համարժեք կենսաթոշակ ստանալու իրավունքից:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 1-ին, 29-րդ և 83-րդ հոդվածները, նշում է, որ ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերով։

Օրենսդրի կողմից ամրագրված վիճարկվող դրույթի բովանդակությունը, ըստ էության, բխում է պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներից և կարգավորման առարկայի շրջանակներից, մասնավորապես, Օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարման և ֆինանսավորմանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանում պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:

Պատասխանողը հայտնում է, որ սոցիալական ապահովության ծավալի և ձևերի, մասնավորապես՝ կենսաթոշակի չափի ընտրությունը պետության հայեցողության սահմաններում է, քանի դեռ այն չի հակասում Սահմանադրության պահանջներին կամ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 15.01.2008 թ. ՍԴՈ-723, 04.05.2010 թ. ՍԴՈ-881 և 18.09.2018 թ. ՍԴՈ-1426 որոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ կենսաթոշակային և սոցիալական ապահովության իրավունքին վերաբերող մի շարք որոշումներ՝ պատասխանողը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով սոցիալական պետություն, այդ կարևորագույն սահմանադրական բնութագրի համաձայն ստանձնել է համապատասխան սահմանադրական պարտավորություն, այն է՝ սոցիալական աջակցություն ցուցաբերել իր քաղաքացիներին: Ուստի՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության համակարգի ներկա իրավական կանոնակարգումները պայմանավորված են, ընդհանուր առմամբ, նաև երկրի ֆինանսական, տնտեսական-նյութական հնարավորություններով, որոնք միտված են երաշխավորելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի լիարժեք և արժանապատիվ իրականացումը:

Ելնելով վերոգրյալից՝ պատասխանողը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

արդյո՞ք առկա է հաշմանդամության առաջացման պատճառների (մի կողմից՝ հիվանդության և խեղման, մյուս կողմից՝ վնասվածքի) հիմքով զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելուց հետո հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու դեպքերի նկատմամբ տարբերակված մոտեցում, եթե՝ այո, ապա արդյո՞ք այն համապատասխանում է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքի սկզբունքին:

Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը քննում է Սահմանադրության 29-րդ և 83-րդ հոդվածների համատեքստում:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Անձի սոցիալական ապահովության իրավունքն ամրագրված է Սահմանադրության 83-րդ հոդվածում, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Սահմանադրական դատարանն իր՝ 02.04.2014 թ. ՍԴՈ-1142 որոշման մեջ նշել է, որ սոցիալական ապահովությունն անձի իրավունք լինելուց զատ պետության պոզիտիվ պարտավորությամբ պայմանավորված նպատակային գործառույթ է և, ի թիվս այլնի, ուղղված է հասարակության այն խավերի կենսագոյի ապահովմանը, որոնք իրենցից անկախ պատճառներով դա անել չեն կարող։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են զինվորական կենսաթոշակի հետևյալ տեսակները. 1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու:

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ զինվորական կենսաթոշակի իրավունք ունի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ նաև` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը։

Օրենքի վիճարկվող՝ 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սահմանել է (որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից»:

Վերոշարադրյալ իրավադրույթի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդիրը հաշմանդամության առաջացման պատճառների (մի դեպքում՝ հիվանդության և խեղման, մյուս դեպքում՝ վնասվածքի) հիմքով տարբերակել է զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելուց հետո զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու իրավիճակները: Ըստ այդմ՝ երբ հաշմանդամությունն առաջացել է ոչ թե հիվանդության կամ խեղման հետևանքով, այլ՝ վնասվածքի, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից: Համապատասխանաբար, այն դեպքերում, երբ հաշմանդամությունն առաջացել է հիվանդության կամ խեղման հետևանքով, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետը սահմանափակել է հինգ տարով: Դրանով շահառուների այս խմբի համար մյուսի համեմատությամբ սահմանվել են հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքի իրացման ակնհայտ անհավասար, ոչ բարենպաստ պայմաններ:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամ է այն  անձը, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

Նույն օրենքի 6.2-րդ հոդվածի համաձայն՝ «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից։

Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝ .... զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը:

Սույն հոդվածում նշված համապատասխան պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակման հայտնաբերման դեպքում տվյալ անձը ճանաչվում է հաշմանդամ։

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ)»: (Կրճատումը և ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Հաշմանդամության խումբը տրամադրվում է «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան:

Մեջբերված դրույթները վկայում են օրենսդրության մեջ առկա այն ընդհանուր մոտեցման մասին, ըստ որի՝ հաշմանդամների կարգավիճակները տարբերակվում կամ դասակարգվում են միայն ըստ խմբերի, այսինքն ըստ անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության աստիճանի, այլ ոչ թե հաշմանդամության առաջացման պատճառների (հիվանդություն, խեղում, վնասվածք):

4.2. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթով օրենսդիրը տարբերակված մոտեցում է ցուցաբերել հաշմանդամության առաջացման պատճառով (հիվանդության, խեղման, վնասվածքի) զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելուց հետո զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելիս, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորումները դիտարկել Սահմանադրության 29-րդ և 83-րդ հոդվածներով նախատեսված՝ խտրականության արգելքի և սոցիալական ապահովության վերաբերյալ դրույթների լույսի ներքո:

Սահմանադրության՝ «Խտրականության արգելքը» վերտառությամբ 29-րդ հոդվածով սահմանվում է, որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

1) պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (ՍԴՈ-731),

2) Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881),

3) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224):

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա)՝ խտրականության արգելքն ամրագրող 14-րդ հոդվածով սահմանվում է, որ կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն՝ համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքների միջև: Ըստ ՄԻԵԴ-ի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, իր վճիռներից մեկում (Andrejeva v. Latvia (GC 18.02.2009, 55707/00, § 81) ՄԻԵԴ-ը նշել է. «…տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Թեև Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրին է վերապահված անձի սոցիալական ապահովության, մասնավորապես՝ կենսաթոշակի իրավունքի բովանդակությունը (օրինակ՝ կենսաթոշակի չափը, նշանակման և վճարման կարգը և այլն) որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, բացառում է այս իրավունքն ընդհանրապես օրենքով չերաշխավորելը, այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է կենսաթոշակի իրավունքը երաշխավորող օրենք ընդունել: Բացի դրանից, նման օրենքը չպետք է խախտի Սահմանադրության պահանջները, մասնավորապես, այն պետք է լինի որոշակի, կանխատեսելի, չհակասի իրավահավասարության, խտրականության արգելքի սկզբունքներին:

Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական ապահովության, տվյալ դեպքում՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքի իրացման օրենսդրական նախադրյալները պետք է համահունչ լինեն հաշմանդամ զինծառայողներին վերաբերող՝ պետության սոցիալական քաղաքականության ընդհանուր սկզբունքներին, իսկ այդ սկզբունքներից ցանկացած շեղում պետք է ունենա օբյեկտիվ հիմք և հետապնդի իրավաչափ նպատակ:

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը ներկայացված պահանջի կատարման շրջանակներում տրամադրված պատասխանում գործակալությունը հայտնել է, որ «բժշկասոցիալական փորձաքննության տեսանկյունից հիվանդության, խեղման նաև վնասվածքի առնչությամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու որևէ օբյեկտիվ հիմքեր չկան, քանի որ ՀՀ կառավարության 13.06.2003թ. «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշման 1-ին կետում սահմանվում է, որ հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարությունն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, այսինքն անձին հաշմանդամ են ճանաչում՝ հիմք ընդունելով ոչ թե անձի մոտ առկա հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը, այլ երբ անձի մոտ առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակում»:

Ըստ էության, վերոշարադրյալ պատասխանից հետևում է, որ վիճարկվող իրավակարգավորումն առաջացրել է նաև օրենքի առջև ընդհանուր հավասարության` Սահմանադրության 28-րդ հոդվածում ամրագրված հիմնական իրավունքի խախտման խնդիր:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ վիճարկվող իրավադրույթով, մի դեպքում՝ հիվանդության և խեղման, իսկ մյուս դեպքում՝ վնասվածքի հիմքով տարբերակված մոտեցում ցուցաբերելու համար որևէ օբյեկտիվ հիմք առկա չէ, այն չի վկայակոչել նաև սույն գործով պատասխանողն իր բացատրություններում՝ չնայած այն հանգամանքին, որ իրավաչափ է համարել օբյեկտիվ հիմքով տարբերակված մոտեցում ցուցաբերելու դեպքերը:

Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ (հիվանդության, խեղման, թե վնասվածքի) հիմքով է սահմանվել (որոշվել) զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը, հաշմանդամ ճանաչված զինծառայողներն ունեն նույն կարգավիճակը՝ առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից հիշյալ տարբերակված մոտեցումը խախտում է խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելուց հետո հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելիս առկա չէ, մի կողմից՝ հիվանդության և խեղման, իսկ մյուս կողմից՝ վնասվածքի հիմքով տարբերակված մոտեցում ցուցաբերելու որևէ օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ:

Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի հունիսի 9-ի ՍԴՈ-1213 որոշմամբ հայտնել է, որ «....իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»:

Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհրաժեշտ է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության «հինգ տարվա ընթացքում» բառակապակցությունը և նույն մասի երկրորդ նախադասությունն ամբողջությամբ՝ այդպիսով բոլոր դեպքերի համար սահմանելով միայն մեկ՝ առավել բարենպաստ (զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառային կապը հաստատելուց հետո առանց որևէ ժամկետային սահմանափակման հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ) իրավակարգավորում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 4-րդ մասը, 170-րդ հոդվածը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածների՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ «հինգ տարվա ընթացքում» արտահայտության և «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:» նախադասության մասով, ճանաչել Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

12 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1475

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան