Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1464
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.26/41(1494).1 Հոդ.535.2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 հունիսի 2019 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 169-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 140-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի և 140-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 09.02.2018թ., Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 27.02.2018թ. և ուժի մեջ է մտել 09.04.2018թ.։

Օրենսգրքի` «Հակընդդեմ հայց ներկայացնելը» վերտառությամբ 140-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը սահմանում է.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»։

Օրենսգրքի՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասը սահմանում է.

«2. Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:

Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածները լրացումների և փոփոխությունների չեն ենթարկվել։

Գործի քննության առիթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է նույն դատարանի 2019 թվականի փետրվարի 27-ի՝ ԵԴ/6306/02/18 գործով «Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան նորմերը, վերջիններիս հետ փոխկապակցված ՀՀ օրենսդրության այլ նորմերը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Հղումներ կատարելով Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի նորմերին, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, դիմողը գտնում է, որ դատարան դիմելիս անձը պետք է վստահ լինի, որ կարող է արդյունավետ կերպով իրացնել իր պաշտպանության իրավունքը` առանց օրենքով նախատեսված այնպիսի խոչընդոտների, որոնք «անձի խախտված իրավունքի իրացման ճանապարհին տևական ժամանակ կարող են ստեղծել արդյունավետ դատական պաշտպանության և իր գործը ողջամիտ ժամկետում քննվելու իրավունքի էությանը հակասող փակուղային այնպիսի մի իրավիճակ, որը կախված չէ դատարանի և անձի դատավարական իրավունքների իրացման ելքից»։

Ըստ դիմողի՝ «Դատական վարույթի ինչպես հրապարակային, արդար, այնպես էլ՝ արդյունավետ և արագ բնութագրիչները արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում կամ օրենսդրորեն դրանց այդ իրավունքի էությանը համարժեք ընթացք չի ապահովվում»։ Ներպետական օրենսդրությամբ կարող են նախատեսվել վերը նշված իրավունքների վերաբերյալ օրինական որոշ սահմանափակումներ, քանի որ այդ իրավունքները բացարձակ չեն, սակայն դրանց սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ չզրկի անձին դատական պաշտպանության արդյունավետ միջոցից և գործը ողջամիտ ժամկետում քննվելու իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը։

Դիմողը գտնում է, որ դատարանների գործունեությունը ղեկավարող և բուն դատավարությունը կանոնակարգող օրենսգրքով այնպիսի նորմեր սահմանելը, որոնք պրակտիկայում կարող են ստեղծել այնպիսի իրավիճակներ, երբ դատավարությունը տևական ժամանակահատվածում կարող է կաթվածահար լինել, դատարանին, այլ ելք չթողնելով, կարող է մատնել անգործության։

Հետևաբար, դիմողը գտնում է, որ արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի կողմից իր գործը ողջամիտ ժամկետում քննության առնվելու իրավունքների բուն էությանը հակասող կարգավորումների պատճառով անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքների խախտման տեսանկյունից։

Դիմողի եզրահանգմամբ՝ Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված 140-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում են Սահմանադրությանը, քանի որ չեն ապահովում անձի արդյունավետ դատական պաշտպանության և գործը ողջամիտ ժամկետում քննելու հիմնական իրավունքների էությանը համարժեք օրենսդրական կարգավորում։

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակներում անձին երաշխավորված իրավունքներով վերապահված և դատավարական նորմերով նախատեսված հակընդդեմ հայց ներկայացնելու ընթացակարգերի ապահովումը և դրանով հետապնդվող նպատակները բացառապես միտված են «արդար դատաքննության իրավունքի կայացմամբ պայմանավորված ողջամիտ ու արդարացի հավասարակշռության ապահովմանը»։ Ըստ պատասխանողի՝ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով «ածանցյալ իրավահարաբերությունից ծագող, այսինքն՝ հիմնական իրավահարաբերության իրավական հետևանքների վերացմանն ուղղված պահանջը դատարան առանձին ներկայացնելու դեպքում դատարանը գործնականում զրկվում է տվյալ գործի վերաբերյալ արդարացի որոշում կայացնելու հնարավորությունից, խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը, քանի որ արդար որոշում կայացնելու համար դատարանը պետք է իրականացնի գործի հանգամանքների բազմակողմանի, լիարժեք և օբյեկտիվ ուսումնասիրություն»։ Հետևաբար, ինչպես գտնում է պատասխանողը, Օրենսգրքի վիճարկվող դրույթներով ամրագրված՝ հակընդդեմ հայցի ինստիտուտի իրավական ընթացակարգերի սահմանումն ու կանոնակարգումը կոչված են բացառելու դատական պաշտպանության ոչ արդյունավետ միջոցները։ Ուստի, ինչպես կարծում է պատասխանողը, Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը և 140-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին։

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք վիճարկվող դրույթներով նախատեսված իրավակարգավորումներով երաշխավորվում են անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները,

- արդյո՞ք երաշխավորված է ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության իրավունքի էության անխախտելիությունը՝ հաշվի առնելով ինչպես Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, այնպես էլ միջազգային փորձը,

- պահպանվե՞լ են իրավակարգավորմամբ ընտրված միջոցի և սահմանված նպատակին հասնելու պիտանիության սահմանադրաիրավական չափանիշները,

- ապահովվե՞լ է կանխորոշված նպատակին նպատակաուղղված արդյունավետ ընթացակարգերի երաշխավորումը։

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սույն գործով վիճարկվող կարգավորումների իրավական բովանդակությունը հանգում է հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական իրավունքի իրացման ընդհանուր պայմանների սահմանմանը՝ կապված գործի քննության տվյալ փուլի որոշակի առանձնահատկությունների և լուծման ենթակա խնդիրների հետ։ Սահմանադրական դատարանն իր՝ ՍԴՈ-1289 և ՍԴՈ-1315 որոշումներով անդրադառնալով այդ իրավունքի բովանդակությանն ու իրացման խնդիրներին` կապված հանրային իրավահարաբերություններից ծագող (վարչական) գործերով դատական քննության առանձնահատկությունների հետ, ընդհանուր գնահատմամբ մատնանշել է, որ.

- հակընդդեմ հայցի ինստիտուտի իրավակարգավորման հիմնական խնդիրն է դատավարական անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ նախատեսել ողջամիտ ժամկետում գործի քննության` անձի իրավունքի իրավաչափ իրացումը երաշխավորելու համար,

- հակընդդեմ հայցի ինստիտուտը հնարավորություն է տալիս մեկ դատավարության ընթացքում մեկ դատական ակտով լուծել կողմերի փոխադարձ պահանջները և դատավարական նվազագույն ուժերի ու միջոցների կիրառմամբ դատական գործընթացն իրականացնել առավել արդյունավետությամբ,

- հակընդդեմ հայցը, հանդիսանալով պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոց, նպատակ ունի նպաստել արդյունավետ դատական պաշտպանության` նրա իրավունքի իրացմանը և ապահովել արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության` անձի իրավունքի իրականացումը։

Ինչպես վկայում է սույն գործով վիճարկվող և դրանց հետ փոխկապակցված այլ նորմերի համադրված վերլուծությունը, «հակընդդեմ հայցը» քաղաքացիական դատավարությունում լինելով հայցի դեմ պատասխանողի պաշտպանության իրավական նույնպիսի միջոց և կառուցակարգ, նպատակ ունի քաղաքացիական հարաբերություններից ծագած գործերով հնարավորություն ընձեռել պատասխանողին, ինչպես նաև դատարանին՝

- կատարել հաշվանցում (փոխադարձ պահանջների և պարտավորությունների հաշվառում) սկզբնական հայցի հետ,

- ամբողջությամբ կամ մասնակի մերժել սկզբնական հայցը, իրականացնել վեճի համատեղ քննություն՝ հաշվի առնելով սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև փոխադարձ կապը,

- ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը։

Վերոթվարկյալ խնդիրների լուծմամբ «հակընդդեմ հայցի» կառուցակարգի կիրառումն ունի իրավունքի պաշտպանության նպատակ, որի իրացման արդյունավետությունն օրենսդիրը կարևորել է հատկապես նախնական դատական նիստի շրջանակներում և դրանով պայմանավորված՝ հայցից պաշտպանվելու դատավարական նման միջոցից պատասխանողի օգտվելու սահմանափակ հնարավորություն է նախատեսել: Վերջինս, որպես կառուցակարգային ընդհանուր սկզբունք և իրավակարգավորման միջոց, միտված է երաշխավորելու արդար հավասարակշռություն, մի կողմից՝ կողմերի դատավարական իրավունքների և պարտականությունների իրացման հնարավորության, մյուս կողմից՝ գործն արդարացի և ողջամիտ ժամկետում սկզբնական և հակընդդեմ հայցերը համատեղ քննելու և որոշում կայացնելու դատարանի պարտականության միջև: Մասնավորապես, այդ նպատակին են ուղղված Օրենսգրքի 140-րդ հոդվածում նախատեսված իրավակարգավորումները, համաձայն որոնց՝ պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշման կայացումը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ այն համատեղ քննելու համար: Հակընդդեմ հայց ներկայացնելու, այն վարույթ ընդունելու, դրա ընդունումը մերժելու կամ այն հակընդդեմ հայցվորին վերադարձնելու հետ կապված հարցերը ենթակա են լուծման՝ հայցադիմումին վերաբերող իրավակարգավորումներին համապատասխան (1-ին և 2-րդ մասեր)։

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ հակընդդեմ հայցի քննության արդյունավետության երաշխիքներ են նախատեսված Օրենսգրքի այլ իրավակարգավորումներում նույնպես՝ կապված նման հայցի ներկայացման դեպքում հեռակա դատաքննության (292-րդ հոդվածի 4-րդ մաս), պարզեցված վարույթի կարգով գործ քննելու (297-րդ հոդվածի 3-րդ մաս), ինչպես նաև արագացված դատաքննության (306-րդ հոդվածի 1-ին մաս) արգելքների հետ:

Այդպիսով, օրենսդիրը համարժեք երաշխիքներ է նախատեսել քաղաքացիական գործով հայցը և հակընդդեմ հայցը հավասար իրավապայմանների շրջանակներում քննության ընդունելու, ապացույցները ներկայացնելու, դրանք հետազոտելու, գնահատելու և դատաքննության արդյունքներով գործով ըստ էության որոշում կայացնելու համար։

Նույնպիսի նպատակ են հետապնդում Օրենսգրքի 140-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 4-րդ մասի իրավակարգավորումները: Օրենսդիրը, ըստ էության առաջնորդվելով արդարադատության արդյունավետության երաշխավորման անհրաժեշտությամբ, հակընդդեմ հայց չներկայացնելու որոշակի դեպքերում սահմանափակել է պատասխանողի կողմից իր իրավունքների պաշտպանության հայց ներկայացնելու հետագա հնարավորությունը, բացառությամբ, երբ նա հիմնավորում է սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառների հիմքով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս համատեքստում ,հակընդդեմ հայցիե կառուցակարգն իր իրավակարգավորիչ նշանակությամբ և անձի՝ դատական պաշտպանության իրավունքի արդար և արդյունավետ իրագործման տեսանկյունից հետապնդում է իրավական ընդհանուր այնպիսի նպատակներ, որոնք ինքնին համահունչ են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում և 63-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավապայմաններին։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը սույն գործով քննության առարկայի շրջանակներում վերահաստատում է իր` ՍԴՈ-1289 և ՍԴՈ-1315 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները:

4.2. Անդրադառնալով գործի քննության ժամկետի ողջամտության գնահատման միջազգային փորձին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ դատարանի մատչելիությունը կարող է ունենալ որոշակի ընթացակարգային և ժամանակային սահմանափակումներ, որոնք, սակայն, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը և, որ դատավարական ժամկետների սահմանումը գործով վարույթի կանոնակարգման և հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացման նպատակ է հետապնդում:

Սահմանադրական դատարանը կարևորում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաստատագրած հետևյալ չափանիշները.

- անդամ պետություններն իրենց իրավական համակարգը պետք է կազմակերպեն այնպես, որ երաշխավորվի ողջամիտ ժամկետում դատական որոշումներ ձեռք բերելու իրավունքը, չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը չի կարող հաշվի առնվել որպես արդարացում (Vocaturo v. Italy, § 17, Cappello v. Italy § 17),

- գործերի քննությունն արագացնելու համար նախատեսված բարեփոխումների ներդրումը չի կարող արդարացնել ձգձգումները, քանի որ պետությունները պարտավորվում են այնպես կազմակերպել նման միջոցների ուժի մեջ մտնելն ու կիրարկելը, որ խուսափեն քննության փուլում գտնվող գործերի քննությունը երկարաձգելուց (Fisanotti v. Italy, § 22),

- քրոնիկ ծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի չափազանց երկար տևողությունը (Probstmeier v. Germany, § 64),

- պայմանավորվող պետություններն իրենք են կազմակերպում իրենց իրավական համակարգերն այնպես, որ իրենց դատարանները կարողանան երաշխավորել, որ յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում (Scordino v. Italy (No. 1) [ՄՊ], § 183),

- այնպիսի իրավական համակարգերում, որոնցում կիրառվում է այն սկզբունքը, որ ընթացակարգի իրականացման նախաձեռնությունը վերապահվում է կողմերին, վերջիններիս վերաբերմունքը դատարաններին չի ազատում արագ կերպով դատաքննություն ապահովելու պարտավորությունից, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով (Pafitis and Others v. Greece, § 93, Tierce v. San Marino, §31, Sürmeli v. Germany [ՄՊ], §129),

- միայն պետությանը վերագրելի ձգձգումները կարող են արդարացնել «ողջամիտ ժամկետի» պահանջը չբավարարելու մասին եզրահանգումը (Buchholz v. Germany, §49, Papageorgiou v. Greece, §40, Humen v. Poland [ՄՊ], §66),

- դիմումատուի վարքագիծը համարվում է օբյեկտիվ փաստ, որը չի կարող վերագրվել պատասխանող պետությանը, և որը պետք է հաշվի առնել՝ որոշելու համար, թե արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված ողջամիտ ժամկետը գերազանցվել է, թե ոչ (Poiss v. Austria, § 57, Wiesinger v. Austria, § 57, Humen v. Poland [ՄՊ], §66)։ Դիմումատուի վարքագիծն ինքնին չի կարող օգտագործվել որպես միջոց՝ անգործության ժամանակահատվածն արդարացնելու համար,

- դիմումատուներից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ո՛չ պահանջվում է ակտիվորեն համագործակցել դատական մարմինների հետ, ո՛չ էլ նրանց կարելի է մեղադրել ներպետական օրենսդրությամբ նրանց համար հասանելի իրավական պաշտպանության միջոցներից լիովին օգտվելու համար (Erkner and Hofauer v. Austria, § 68): Տվյալ անձից պահանջվում է միայն ողջամտություն ցուցաբերել իրեն առնչվող դատավարական քայլերի կատարման հարցում, ձեռնպահ մնալ ձգձգելու հնարքների գործադրումից և օգտվել ներպետական օրենսդրությամբ տրամադրվող շրջանակներից՝ վարույթը կրճատելու համար (Unión Alimentaria Sanders SA v. Spain, § 35)։ Այնուամենայնիվ, եթե խնդիրները ներպետական ընթացակարգերի կազմակերպական բարդությունների արդյունք են, և հետևաբար, օբյեկտիվորեն վերագրելի են պետությանը, ապա դրանք կարող են մեկնաբանվել ոչ հօգուտ պատասխանող պետության։ Սա այն դեպքն է, երբ ներպետական իրավունքն անհրաժեշտ է համարում հաջորդաբար դիմել տարբեր տեսակի դատարաններ1։

4.3. Անդրադառնալով Օրենսգրքի վիճարկվող 169-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման սահմանադրականության խնդրին, դիտարկելով այն Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75, 78 և 80-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ իրավակարգավորման էությունը նախնական դատական նիստում ապացուցման պարտականությունը բաշխելու հարցի լուծումը հետաձգելն է այն դեպքում, երբ հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է վերադաս դատական ատյանին։

Դրա միջոցով օրենսդիրը փորձել է հասնել հետևյալ նպատակներին.

1) հակընդդեմ հայցվորը, մինչև գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը վիճարկելու միջոցով հնարավորություն է ստանում նյութաիրավական իմաստով պաշտպանել իր իրավունքները,

2) գործին մասնակցող անձանց համար կոնկրետ գործով որոշակի և կանխատեսելի են դառնում Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասով ուրվագծված ապացուցման սահմանները,

3) ապահովվում է գործի առավել արդյունավետ քննությունը:

Այսպիսով, Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով սկզբնական հայցով գործը դատաքննության չի կարող նշանակվել, քանի դեռ օրինական ուժի մեջ չի մտել հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտը: Թեև հակընդդեմ հայցվորի կողմից բողոք ներկայացնելու փաստով սկզբնական հայցով հայցվորի գործի արագ և արդյունավետ լուծման հնարավորությունը որոշակի ժամանակահատվածով հետաձգվում է, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական միջոցներն ինքնին պիտանի և անհրաժեշտ են նախանշված նպատակին հասնելու համար, քանի որ քաղաքացիական տվյալ գործի քննության շրջանակներում միտված են երաշխավորելու ինչպես հայցվորի (հակընդդեմ պատասխանողի), այնպես էլ պատասխանողի (հակընդդեմ հայցվորի) իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հակընդդեմ հայց ներկայացնելու, ինչպես նաև հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու (իսկ դրանով պայմանավորված՝ նաև ապացուցման պարտականությունը բաշխելու և գործի հետագա քննությունը շարունակելու հարցերի լուծումը հետաձգելու) միջոցով պատասխանողն իր դեմ ներկայացված պահանջներից պաշտպանվելու և այն սկզբնական հայցի հետ համատեղ քննելու իրավական հնարավորություն է ստանում: Նման իրավակարգավորումն ինքնին սահմանադրականության խնդիր չի հարուցում: Սակայն, այդ հնարավորության իրացման կառուցակարգերը կոնկրետ իրավահարաբերության շրջանակներում պետք է համապատասխանեն համաչափության և արդյունավետության սկզբունքներին և համահունչ լինեն դատական պաշտպանության իրավունքի և այն իրացնելու եղանակների սահմանադրաիրավական բովանդակությանը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75 և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում պետք է նախատեսվեն նաև սկզբնական հայցի շրջանակներում գործով արդար դատաքննության իրականացումն ապահովող արդյունավետ ընթացակարգեր: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկման իրավունքի իրացմամբ չեն կարող շրջանցվել արդար դատաքննության ողջամիտ ժամկետները, հետևաբար և՝ խախտվել դատական պաշտպանության դիմած անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, վերաբերելի իրավակարգավորումները պետք է պարունակեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բուն էության խաթարումը կանխող անհրաժեշտ և բավարար երաշխիքներ:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Օրենսգրքում առկա այն կարգավորումներին, որոնք 169-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում կոչված են ապահովել հակընդդեմ հայցվորի համապատասխան բողոքի արագ և արդյունավետ քննությունը: Օրենսգրքի 362, 367, 369-372, 377, 391, 392, 394-398 և 400-րդ հոդվածների համալիր ուսումնասիրությունից հետևում է, որ դրանք հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ բերված բողոքների քննության համար ժամկետների և ընթացակարգերի առումով որևէ առանձնահատկություն չեն նախատեսում: Հաշվի առնելով հակընդդեմ հայցի ընդունման հետ կապված դատական որոշումների բողոքարկման առկա ընդհանուր ընթացակարգերը և հատկապես ժամկետային կարգավորումները՝ Սահմանադրական դատարանը հորդորում է Կառավարությանը և Ազգային ժողովին ամրագրել արդյունավետ կառուցակարգեր՝ Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման շրջանակներում գործի քննությունը ողջամիտ ժամկետում ապահովելու համար։

Օրենսգրքի վերոնշյալ կարգավորումներն իրենց ամբողջության մեջ առաջացնում են մարդու իրավունքների պաշտպանության խնդրահարույց իրավիճակ. մի կողմից՝ ըստ էության երաշխավորում են հակընդդեմ հայցի ընդունելիության վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու՝ պատասխանողի իրավունքը, մյուս կողմից՝ անհամաչափորեն սահմանափակում և իմաստազրկում են սկզբնական հայցով հայցվորի իրավունքների դատական պաշտպանության իրավունքը (Սահմանադրության 78 և 80-րդ հոդվածներ)։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ «հակընդդեմ հայցի» կառուցակարգը, ինքնին կոչված լինելով երաշխավորել ողջամիտ ժամկետում արդար և արդյունավետ դատաքննությունը, չի կարող դատավարության տարբեր փուլերում (նախապատրաստական և բողոքարկման) դրա իրացման իրարամերժ ընթացակարգեր նախատեսել:

Հակընդդեմ հայցի ընդունելիության կապակցությամբ դատարանի որոշումը բողոքարկելու՝ անձի իրավունքի իրացման կարևորությունը կասկածից վեր է։ Սակայն, այդ իրավունքի իրացումը չպետք է հանգեցնի արդյունավետ դատական պաշտպանության և գործը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրաիրավական պահանջների անտեսմանը:

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի խնդիրն է սույն գործով վիճարկվող և հատկապես փոխկապակցված իրավակարգավորումների շրջանակներում նախատեսել արդյունավետ այնպիսի ընթացակարգեր, որոնք կերաշխավորեն հակընդդեմ հայցի շրջանակներում սկզբնական հայցով հայցվորի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

18 հունիսի 2019 թվականի

ՍԴՈ-1464



[1] Օգտագործվել են հետևյալ աղբյուրները՝ ՄԻԵԴ, Ուղեցույց Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ. արդար դատաքննության իրավունք (քաղաքացիաիրավական հայեցակետ) https:// www.echr. coe.int/ Documents/Guide Art_6_HYE.pdf, Human Rights Files No. 16, The length of civil and criminal proceedings in the case-law of the European Court of Human Rights, Council of Europe Publishing, https://www. echr.coe.int/ LibraryDocs/DG2/HRFILES/DG2-EN-HRFILES-16(2007).pdf, European Commission for Efficiency of Justice (CEPEJ), Length of Court Proceedings in the Member States of the Council of Europe Based on the Case-Law of the European Court of Human Rights, https://rm.coe.int/1680747c36