Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.07.15/17(653) Հոդ.603.15
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0126/04/15

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0126/04/15
2019թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Վ. Ավանեսյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

  

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի ապրիլի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Վարդան Հովհաննիսյանին սնանկ ճանաչել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Վարդան Հովհաննիսյանի պահանջների վերջնական ցուցակը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 28.03.2018 թվականի որոշմամբ Վարդան Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից 06.03.2018 թվականին ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրը հաստատվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  15.06.2018 թվականի որոշմամբ  Դատարանի 28.03.2018 թվականի որոշման դեմ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և  Դատարանի «Բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» 28.03.2018 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 2-րդ մասը և 82-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումն ամբողջությամբ հակասում է պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխման հերթականությանը ներկայացվող պահանջներին, քանի որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից հնարավոր է վճարել միայն այն վարչական ծախսերը, որոնք անմիջականորեն կապված են գույքի պահպանման և փոխանցման հետ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշել է, որ գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ պարտականությունները և գործողությունները պատշաճ իրականացնելու նպատակով կատարված վարչական ծախսերի հատուցումը նշված միջոցներից չի խախտում ապահովված պահանջատիրոջ որևէ իրավունք:

Ստորադաս դատարաններն անհիմն կերպով գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի մեջ ներառել են այնպիսի ծախսեր, այդ թվում` կառավարչի օգնականի վարձատրության գումարը, որոնք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով չեն կարող համարվել գույքի պահպանման և փոխանցման ծախսեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.06.2018 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 07.07.2017 թվականին ներկայացված պահանջով Բանկը խնդրել է գրանցել Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ Բանկի ապահովված պահանջը` 409.305.622,90  ՀՀ դրամի չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 6-9).

2) 25.01.2018 թվականի «Աճուրդի արդյունքների մասին» թիվ 1 արձանագրության համաձայն` Վարդան Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող և Բանկում գրավադրված Երևանի Այգեստան թիվ 9 փողոցի 41-րդ տունը վաճառվել է 72.000.000 ՀՀ դրամով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 42).

3) Վարդան Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից 06.03.2018 թվականին Դատարան ներկայացված միջնորդության համաձայն` Վարդան Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող և Բանկում գրավադրված Երևանի Այգեստան թիվ 9 փողոցի 41-րդ տունը վաճառվել է 72.000.000 ՀՀ մեկնարկային դրամով: Միջնորդությանը կցված միջանկյալ բաշխման թիվ 1 ծրագրի համաձայն՝ 72.000.000 ՀՀ դրամ բաշխվող գումարից 1.330.520 ՀՀ դրամը հաշվարկվել է որպես գույքի գնահատման, փոխանցման, պահպանման, ձևակերպման և կատարված աշխատանքների վարչական ծախս, 6.040.000 ՀՀ դրամը` որպես կառավարչի վարձատրություն, 64.629.480 ՀՀ դրամը` որպես ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարմանն ուղղված գումար: Ընդ որում` միջանկյալ բաշխման թիվ 1 ծրագրի 2-րդ հավելվածի համաձայն` 1.330.520 ՀՀ դրամը ներառում է 68.000 ՀՀ դրամ՝ որպես հայտարարությունների գումար, 27.520 ՀՀ դրամ՝ որպես փոստային ծախսերի և այլ ծախսերի գումար, 200.000 ՀՀ դրամ` որպես անշարժ գույքի շուկայական գնահատման գումար, 345.000 ՀՀ դրամ՝ որպես գրասենյակային ծախս, 690.000 ՀՀ դրամ՝ որպես կառավարչի օգնականի վարձատրություն: Միջանկյալ բաշխման ծրագրին կցվել են մի շարք վճարման և փոստային անդորրագրեր (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 55, 56, 58-59, 66-116):

4) Բանկը 15.03.2018 թվականին առարկություն է ներկայացրել վերոնշյալ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ` ծրագրի 2-րդ հավելվածում նշված գումարների (բացառությամբ 200.000 ՀՀ դրամ անշարժ գույքի շուկայական գնահատման գումարի) մասով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 117-118):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործով կառավարիչը պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի վճարումը, կառավարչի վարձատրությունը և ապահովված պարտատիրոջ պահանջները չբավարարելու պայմաններում իրավասու է այդ միջոցներն ուղղելու այլ վճարների կատարմանը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Մակորշին» ՍՊԸ-ի որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությանը, արձանագրել է, որ պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են համապատասխան հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Ընդ որում, չապահովված պահանջների բավարարման հերթականության մեջ առաջնահերթության կարգով բավարարվում է կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, իսկ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումը բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Ընդ որում, օրենսդիրը տարբերակում է մտցրել ապահովված և չապահովված պարտատերերի պահանջների բավարարման հարցում՝ գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն առաջնահերթ նախատեսելով ավելի նեղ շրջանակի համար:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սնանկության վարույթում պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, ինչպես նաև կառավարչի վարձատրության արտահերթ վճարում նախատեսելով, ըստ էության նպատակ է հետապնդել կանոնակարգելու պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների վճարումը` դրանով իսկ սահմանելով հերթականություն` պարտապանի գրավադրված գույքի և այլ ակտիվների իրացման արդյունքում դրամական բավարարում ստանալու իրավունք ունեցող անձանց համար: Այսինքն` քանի դեռ չեն վճարվել պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները, այլ պահանջների բավարարում կամ ծախսերի հատուցում չի կարող իրականացվել (տե՛ս, թիվ ԱՐԱԴ/0010/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 25.01.2018 թվականի «Աճուրդի արդյունքների մասին» թիվ 1 արձանագրության և Վարդան Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից 06.03.2018 թվականին Դատարան ներկայացված միջնորդության համաձայն` Վարդան Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող և Բանկում գրավադրված Երևանի Այգեստան թիվ 9 փողոցի 41-րդ տունը վաճառվել է 72.000.000 ՀՀ դրամով: Միջնորդության կցված միջանկյալ բաշխման թիվ 1 ծրագրի համաձայն՝ 72.000.000 ՀՀ դրամ բաշխվող գումարից 1.330.520 ՀՀ դրամը հաշվարկվել է որպես գույքի գնահատման, փոխանցման, պահպանման, ձևակերպման և կատարված աշխատանքների վարչական ծախս, 6.040.000 ՀՀ դրամը` որպես կառավարչի վարձատրություն, 64.629.480 ՀՀ դրամը` որպես ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարմանն ուղղված գումար: Ընդ որում` միջանկյալ բաշխման թիվ 1 ծրագրի 2-րդ հավելվածի համաձայն` 1.330.520 ՀՀ դրամը ներառում է 68.000 ՀՀ դրամ՝ որպես հայտարարությունների գումար, 27.520 ՀՀ դրամ՝ որպես փոստային ծախսերի և այլ ծախսերի գումար, 200.000 ՀՀ դրամ` որպես անշարժ գույքի շուկայական գնահատման գումար, 345.000 ՀՀ դրամ՝ որպես գրասենյակային ծախս, 690.000 ՀՀ դրամ՝ որպես կառավարչի օգնականի վարձատրություն:

Դատարանը, նշելով, որ Արմենակ Ադամյանի կողմից 06.03.2018 թվականին դատարան է ներկայացվել բաշխման ծրագիր, համաձայն որի` գույքի վաճառքից գոյացած 72.000.000 ՀՀ դրամը բաշխվել է հետևյալ կերպ` 64.629.480 ՀՀ դրամ` ապահովված պահանջատիրոջ պահանջի բավարարում, 6.040.000 ՀՀ դրամ` կառավարչի վարձատրություն, 1.330.520 ՀՀ դրամ` վարչական ծախսեր, արձանագրել է, որ Արմենակ Ադամյանի կատարված վարչական ծախսերի մեջ մտնում են գույքի գնահատում, կադաստրային ծախսեր, հայտարարություններ թերթերում և ազդարարում, փոստային ծառայության ծախսեր, բանկային ծառայությունների ծախսեր, կառավարչի օգնականի վարձատրությունը, որոնք հիմնավորվում են ներկայացված անդորրագրերով: Հետևաբար հաշվի առնելով, որ սնանկության գործընթացը չի ավարտվել և ծախսերը շարունակական են, Դատարանը 1.130.520 ՀՀ դրամ վարչական ծախսը համարել է ողջամիտ և հիմնավոր:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ գործի նյութերով հիմնավորվել է, որ Բանկը Վարդան Հովհաննիսյանի սնանկության գործով միակ գրավով ապահովված պահանջատերն է, և Դատարանի հաստատմանը ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրում սնանկության գործով կառավարչի կողմից հավաքագրված գումարներն օրենքով սահմանված համամասնությամբ ուղղվել են ինչպես ապահովված պարտատիրոջ պահանջների բավարարմանը, այնպես էլ կառավարչի վարձատրությանը և Վարդան Հովհաննիսյանի սնանկության վարույթի շրջանակներում իրականացված` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սնանկության գործով կառավարչի վրա դրված գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ պարտականությունները և գործողությունները պատշաճ իրականացնելու նպատակով կատարված վարչական ծախսերի հատուցմանը, և գտել է, որ այն բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումից և չի խախտում ապահովված պահանջատիրոջ որևէ իրավունք: 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նշված հոդվածում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը: Օրինականության սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքների վրա, այլ խոսքով՝ Սահմանադրությունը կամ օրենքը պետք է լիազորի պետական մարմնին գործելու կամ չգործելու:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։ Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե′ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետին, նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև բավարարվում են ապահովված պարտատիրոջ պահանջները: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն այլ ուղղություններով բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը և կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները: Սույն գործի պարագայում Վարդան Հովհաննիսյանին պատկանող և Բանկում գրավադրված Երևանի Այգեստան թիվ 9 փողոցի 41-րդ տունը վաճառվել է 72.000.000 ՀՀ դրամով, որպիսի դրամական միջոցները ամբողջությամբ պետք է ուղղվեին գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսեր հատուցելուն, կառավարչին վարձատրելուն և  ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջությամբ բավարարելուն, ինչը տեղի չի ունեցել: Փոխարենը, Վարդան Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանը գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից բաշխում է նախատեսել նաև` հայտարարությունների, փոստային ծախսերի և այլ ծախսերի, գրասենյակային ծախսերի, կառավարչի օգնականի վարձատրության համար, ինչը հաստատվել է դատարանների կողմից, այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությունը կառավարչի օգնականի վարձատրության հնարավորություն չի նախատեսել (եթե իհարկե գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ այն ուղղված է եղել գույքի պահպանմանը և փոխանցմանը, որպիսի դեպքում այն կդիտվի որպես գույքի պահպանմանը և փոխանցմանն ուղղված ծախս):

Ինչ վերաբերում է գրավադրված գույքի վաճառքից գույքի պահպանությանն ուղղված ծախսերին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով ոչ միայն չի հիմնավորվում 1.330.520 ՀՀ դրամի չափով վարչական ծախսերի առկայությունը, այլ նաև չի հիմնավորվում, որ դրանք ուղղված են եղել հենց  Երևանի Այգեստան թիվ 9 փողոցի 41-րդ տուն հասցեում գտնվող գրավի առարկայի պահպանմանը և փոխանցմանը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ միայն միջանկյալ բաշխման ծրագրում գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը նշելը բավարար չէ, այլ անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխան ապացույցները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի բողոքը հիմնավոր է, քանի որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումը խաթարել է արդարադատության բուն էությունը` նկատի ունենալով, որ Բանկի կողմից առարկություն ներկայացնելու պայմաններում Դատարանը հաստատել է չհիմնավորված վարչական ծախսեր` զրկելով Բանկին ավելի մեծ չափով պահանջի բավարարում ստանալուց` դրանով իսկ փաստորեն սահմանափակելով Բանկի ինչպես սեփականության, այնպես էլ արդար դատաքննության իրավունքները, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, արդյունքում խախտվել են նաև օրինականության և մրցակցության սկզբունքները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 15.06.2018 թվականի որոշումը բեկանելու և գործը՝ Վարդան Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից 06.03.2018 թվականին ներկայացված միջանկյալ բաշխման թիվ 1 ծրագիրը` թիվ 2 հավելվածի մասով, քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

                                 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2018 թվականի որոշումը և գործը` Վարդան Հովհաննիսյանի գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 1 ծրագիրը` թիվ 2 հավելվածի մասով, քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

 

Զեկուցող

Վ. Ավանեսյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

  

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան