ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0068/04/16
Սնանկության գործ
2019թ.
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ |
Ա. Պետրոսյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Ա. Բարսեղյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. Հակոբյան |
|
|
Ս. Միքայելյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2019 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Զարուհի Բարդակչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Գայանե Սարգսյանի ընդդեմ Զարուհի Բարդակչյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գայանե Սարգսյանը պահանջել է Զարուհի Բարդակչյանին ճանաչել սնանկ:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2017 թվականի որոշմամբ քննության են առնվել Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով պահանջների նախնական ցուցակում ներառված պահանջների դեմ ներկայացված առարկությունները, և հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.07.2017 թվականի որոշմամբ Զարուհի Բարդակչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.03.2017 թվականի «Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով պահանջների նախնական ցուցակում ներառված պահանջների դեմ ներկայացված առարկությունները քննության առնելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Բարդակչյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության: Մասնավորապես՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) պահանջի մասով Դատարանը հաստատել է Բանկի կողմից ներկայացված՝ 53.285.252,7 ՀՀ դրամ գրավով ապահովված պահանջն այն դեպքում, երբ սնանկ ճանաչվելու մասին վճռից հետո Բանկի կողմից տոկոսագումար, տույժ և տուգանք չէր կարող հաշվարկվել: Մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկի կողմից ավել է հաշվարկվել տոկոսագումար, տույժ և տուգանք՝ 262.362,2 ՀՀ դրամի չափով:
Գայանե Սարգսյանի պահանջի մասով պարտատիրոջ կողմից ներկայացվել է 35.000 ԱՄՆ դոլարի պահանջ, իսկ այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների մասով հաշվարկ չի ներկայացվել: Առարկության արդյունքում պարտքի մայր գումարը նվազել է և դարձել 30.000 ԱՄՆ դոլար: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից հաշվարկ է կատարվել տոկոսների մասով, որի հետևանքով ավելացվել և հաստատվել է 10.543,5 ԱՄՆ դոլարի պահանջ այն դեպքում, երբ պահանջատեր Գայանե Սարգսյանի կողմից չի ներկայացվել հստակ պահանջ:
Վարդուհի Քաջիկյանի պահանջի մասով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վարդուհի Քաջիկյանի հետ կնքված փոխառության պայմանագրով Զարուհի Բարդակչյանի կողմից վերցրած փոխառության գումարը պետք է պարտատիրոջը վերադարձվեր մինչև 31.09.2016 թվականը: Այսինքն` սնանկ ճանաչվելու պահի՝ 02.06.2016 թվականի դրությամբ առկա չէր ժամկետանց պարտավորություն, հետևաբար ամբողջովին անհիմն է պարտատիրոջ պահանջը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով սահմանված բանկային տոկոսների չափով 26.700 ԱՄՆ դոլարի լրացուցիչ պահանջ ներկայացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Վարդուհի Քաջիկյանի ներկայացուցչի կողմից վկայակոչած՝ «չկայացած համագործակցության արդյունքում վնասներ կրելու» հանգամանքին, ապա վերջինիս կողմից որևէ ապացույց կամ փաստարկ չի ներկայացվել վնասներ կրելու մասին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.07.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Բանկի և Զարուհի Բարդակչյանի միջև (այսուհետ՝ Կողմեր) 05.08.2014 թվականին կնքված թիվ 464600 հիմնական պայմանագրի հավելված «Վարկ տրամադրելու մասին» լրացուցիչ համաձայնագրի 1.1 կետի համաձայն` համաձայնագիրը հանդիսանում է Կողմերի միջև 30.07.2014 թվականին կնքված թիվ 464600 վարկային պայմանագրի բաղկացուցիչ և անբաժանելի մասը: Նույն համաձայնագրի 1.2 և 2.1 կետերի համաձայն՝ Բանկի կողմից Զարուհի Բարդակչյանին տրամադրվել է 27.000.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով` մինչև 05.08.2019 թվականը հավասարաչափ մարումներով վճարելու պայմանով (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 32-34):
2) Բանկի և Զարուհի Բարդակչյանի միջև (այսուհետ՝ Կողմեր) 25.11.2014 թվականին կնքված թիվ 480042 «Վարկ տրամադրելու մասին» լրացուցիչ համաձայնագրի 1.1 կետի համաձայն` համաձայնագիրը հանդիսանում է Կողմերի միջև 30.07.2014 թվականին կնքված թիվ 464600 վարկային պայմանագրի բաղկացուցիչ և անբաժանելի մասը: Նույն համաձայնագրի 1.2 և 2.1 կետերի համաձայն՝ Բանկի կողմից Զարուհի Բարդակչյանին տրամադրվել է 39.000.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով` մինչև 25.11.2019 թվականը հավասարաչափ մարումներով վճարելու պայմանով (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 35-37):
3) Բանկը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել Բանկի պահանջը՝ 02.06.2016 թվականի դրությամբ 53.285.252,7 ՀՀ դրամի չափով, ընդ որում՝ 27.000.000 ՀՀ դրամ վարկի մասով՝ 20.784.142,60 ՀՀ դրամ, իսկ 39.000.000 ՀՀ դրամ վարկի մասով՝ 32.501.110,10 ՀՀ դրամ: Նշված դիմումին կից Բանկի կողմից ներկայացվել են պարտքի չափի մասին տեղեկանքներ, ըստ որոնց` Զարուհի Բարդակչյանի պարտքն ընդհանուր կազմում է 53.285.252,7 ՀՀ դրամ: Միաժամանակ ըստ լրացուցիչ ներկայացված հաշվարկների՝ 27.07.2016 թվականի դրությամբ կատարվել են նաև որոշակի տոկոսների և տույժերի հաշվարկներ, որոնց դիմաց առկա են հետևյալ գրառումները՝ «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է՝ հաշվարկված տոկոսի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է՝ ժամկետանց գումարի վրա հաշվարկված տույժի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է՝ հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է՝ հաշվարկված տոկոսային տույժի ճշգրտում» (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 21-25, 72-75):
4) Զարուհի Բարդակչյանի կողմից ներկայացվել է առարկություն, որում նշվել է, որ Բանկի կողմից 02.06.2016 թվականից հետո, այն է՝ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո, պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հաշվեգրվել են տույժեր, տոկոսներ, ինչն արգելված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 76-78):
5) Գայանե Սարգսյանի և Զարուհի Բարդակչյանի միջև 14.12.2014 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Գայանե Սարգսյանը Զարուհի Բարդակչյանին հանձնել է 35.000 ԱՄՆ դոլար, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել նույն չափով գումար, որից 25.000 ԱՄՆ դոլարը` մինչև 31.05.2015 թվականը, իսկ 10.000 ԱՄՆ դոլարը` մինչև 01.07.2015 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 6-7):
6) 20.02.2015 թվականի ստացականի համաձայն՝ Զարուհի Բարդակչյանը Գայանե Սարգսյանից պարտքով ստացել է 10.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչև 01.07.2015 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 8):
7) 06.06.2015 թվականի ստացականի համաձայն՝ Զարուհի Բարդակչյանը Գայանե Սարգսյանից պարտքով ստացել է 17.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչև 01.07.2015 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 9):
8) Գայանե Սարգսյանը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել իր պահանջը 35.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ 31.05.2015 թվականից հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները մինչև պարտավորության դադարման օրը: Դիմումին կից Գայանե Սարգսյանը ներկայացրել է փոխառության պայմանագրի և ստացականների պատճենները (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 31-32, 33-37):
9) Զարուհի Բարդակչյանը ներկայացրել է առարկություն, որով նշել է, որ 14.12.2014 թվականից Գայանե Սարգսյանից պարտքով վերցրել է ընդհանուր առմամբ 62.000 ԱՄՆ դոլար, որից մի մասը վերադարձրել է և պարտք է մնացել ընդամենը 30.000 ԱՄՆ դոլար: Միաժամանակ դիմումով առարկել է գումարի մի մասի, այն է՝ 5.000 ԱՄՆ դոլարի պահանջի և տոկոսների դեմ, խնդրել է պահանջը գրանցել միայն 30.000 ԱՄՆ դոլարի չափով: Առարկությանը կից ներկայացվել են պարտավորության կատարման վերաբերյալ համապատասխան ստացականներ (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 144, 145-148):
10) Վարդուհի Քաջիկյանի և Զարուհի Բարդակչյանի միջև 22.09.2013 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Վարդուհի Քաջիկյանը Զարուհի Բարդակչյանին հանձնել է 150.000 ԱՄՆ դոլար, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել նույն չափով գումար` մինչև 31.09.2016 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 135-136):
11) Վարդուհի Քաջիկյանը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել իր պահանջը 127.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները, հաշվի առնելով, որ Վարդուհի Քաջիկյանը վնասներ է կրել չկայացած համագործակցության արդյունքում (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 133-134):
12) Սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մատիկյանի կողմից ներկայացվել է առարկություն Վարդուհի Քաջիկյանի պահանջի դեմ: Նշված առարկությամբ սնանկության գործով կառավարիչը խնդրել է պահանջը գրանցել միայն մայր գումարի, այն է՝ 127.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների մասով պահանջի գրանցման վերաբերյալ առարկել է՝ նշելով, որ ներկայացված պահանջից պարզ չէ, թե ինչ համագործակցության և ինչ վնասների մասին է խոսքը (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 136):
13) Դատարանի` «Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով պահանջների նախնական ցուցակում ներառված պահանջների դեմ ներկայացված առարկությունները քննության առնելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 10.03.2017 թվականի որոշմամբ Դատարանը հաստատել է Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակն ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության 10.03.2017 թվականի դրությամբ. «1. «Կոնվերս բանկ» ՓԲԸ՝ 53.285.252,7 ՀՀ դրամ` որպես ապահովված պահանջ, …5. Գայանե Սարգսյան՝ 30.000 ԱՄՆ դոլար և 10.543,5 ԱՄՆ դոլար` որպես չապահովված Է/հերթ,…9. Վարդուհի Քաջիկյան՝ 127.000 ԱՄՆ դոլար և 26.700 ԱՄՆ դոլար` որպես չապահովված Ը/հերթ…»(Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 141-143):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի ընթացքում ներկայացված պահանջների հիմնավորվածության և օրինականության սկզբունքի պահպանման կարգին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`
ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`
- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,
- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.
բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.
գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:
Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:
Պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված կարգով հրավիրում է դատական նիստ` պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու համար: Նիստի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին դատարանը ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վկայակոչված իրավակարգավորումների վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ՝ ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, այն է՝ հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես՝ օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ՝ պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը։ Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սարգիս Գասպարյանի թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ պարտապանի սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում պարտատերերի կողմից դատարան ներկայացված պահանջներում, ի թիվս անհատականացնող տվյալների, պետք է նշվեն պարտավորությունը, որից բխում է պահանջը, կատարման ժամկետը, պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով, պահանջը հիմնավորող հանգամանքները, ինչպես նաև պահանջները հիմնավորող փաստաթղթերը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտատիրոջ կողմից հաստատման ենթակա պահանջի չափը համապատասխան հաշվարկի հետ ներկայացնելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս ստուգելու տվյալ պահանջի հիմնավորվածությունը և օրինականությունը: Այսինքն` պարտատերը յուրաքանչյուր պահանջ ներկայացնելիս պարտավոր է այն հիմնավորել հստակ կատարված հաշվարկով (ըստ համապատասխան ժամանակահատվածների)՝ նշելով այն հիմքը, որից բխում է պահանջը և ներկայացնելով դրա առկայությունը հիմնավորող ապացույցներ: Միայն նշված պահանջը պահպանված լինելու դեպքում դատարանը հնարավորություն կունենա ստուգելու պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, իսկ պարտապանն ու սնանկության գործով կառավարիչը՝ առավել արդյունավետ կերպով իրացնելու առարկություններ ներկայացնելու իրենց իրավունքը: Ընդ որում, պարտատերերի կողմից դատարան պահանջներ ներկայացնելիս պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը: Իրավական նման կարգավորում նախատեսելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել կանխելու այնպիսի իրավիճակի առաջացումը, որը կհանգեցնի պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, ինչը կխոչընդոտի հետագայում սնանկության վարույթի պատշաճ իրականացմանը և բոլոր պարտատերերի պահանջների համաչափ բավարարմանը:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով դատական ակտը բողոքարկվել է միայն համապատասխան պահանջների մասով, սույն վճռաբեկ բողոքում նշված փաստարկներին հարկ է համարում անդրադառնալ ըստ բողոքարկված պահանջների: Այսպես՝
Բանկի պահանջի մասով.
Սույն գործով Բանկը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել Բանկի պահանջը՝ 02.06.2016 թվականի դրությամբ 53.285.252,7 ՀՀ դրամի չափով, ընդ որում, 27.000.000 ՀՀ դրամ վարկի մասով՝ 20.784.142,60 ՀՀ դրամ, իսկ 39.000.000 ՀՀ դրամ վարկի մասով՝ 32.501.110,10 ՀՀ դրամ: Դիմումին կից Բանկը ներկայացրել է պարտքի չափի մասին տեղեկանքներ, պարտքի հաշվարկներ, ինչպես նաև պարտավորությունը հիմնավորող համապատասխան պայմանագրերը: Նշված պահանջի դեմ Զարուհի Բարդակչյանի կողմից ներկայացվել է առարկություն, որում նշվել է, որ Բանկը 02.06.2016 թվականից, այն է՝ սնանկ ճանաչելու վճռից հետո, պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հաշվեգրել է տույժեր, տոկոսներ, ինչն արգելված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով:
Սույն գործով Դատարանը, անդրադառնալով պահանջի դեմ ներկայացված առարկություններին, հաստատել է Բանկի պահանջը, նշելով, որ պարտապանը և սնանկության գործով կառավարիչը չեն ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ Բանկի կողմից ներկայացված պահանջի շրջանակներում հաշվարկված տույժերը չեն բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ բանկային հաշվի քաղվածքների ուսումնասիրությունից հետևում է, որ դրանցով 27.07.2016 թվականի դրությամբ Բանկի կողմից կատարվել է ոչ թե տույժերի և տուգանքների լրացուցիչ հաշվարկ, այլ հակառակը՝ կատարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Բանկի կողմից հաշվարկված տույժերի և տոկոսների նվազեցում, որը որևէ կերպ չի կարող դիտվել որպես Բանկի կողմից պարտապանին լրացուցիչ տույժերի և տուգանքների գումարի պահանջի առաջադրում:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Զարուհի Բարդակչյանի սնանկ ճանաչվելուց հետո (02.06.2016 թվական) Բանկի կողմից ներկայացվել են լրացուցիչ հաշվարկներ, ըստ որոնց՝ 27.07.2016 թվականի դրությամբ կատարվել են նաև որոշակի տոկոսների և տույժերի հաշվարկներ, որոնց դիմաց առկա են հետևյալ գրառումները՝ «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է՝ հաշվարկված տոկոսի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է՝ ժամկետանց գումարի վրա հաշվարկված տույժի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է՝ հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է՝ հաշվարկված տոկոսային տույժի ճշգրտում»: Այսինքն` Բանկի կողմից ներկայացված հաշվարկների ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում ներառված որոշակի տոկոսների և տույժերի գումարները ներկայացվել են Զարուհի Բարդակչյանին սնանկ ճանաչելուց՝ 02.06.2016 թվականից հետո, և այդ գումարները (դրանց հաշվարկը) գտնվում են ճշգրտման փուլում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի կողմից ներկայացված՝ Զարուհի Բարդակչյանի պարտավորության վերաբերյալ հաշվարկները հստակ և որոշակի չեն, որպիսի պայմաններում Բանկի պահանջն ըստ ներկայացված հաշվարկների չէր կարող գրանցվել:
Գայանե Սարգսյանի պահանջի մասով.
Սույն գործով Գայանե Սարգսյանը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել իր պահանջը 35.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ 31.05.2015 թվականից հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները մինչև պարտավորության դադարման օրը: Դիմումին կից Գայանե Սարգսյանի կողմից ներկայացվել են միայն փոխառության պայմանագրի և ստացականների պատճենները:
Զարուհի Բարդակչյանը, առարկելով պահանջի դեմ, նշել է, որ 14.12.2014 թվականից Գայանե Սարգսյանից պարտքով վերցրել է ընդհանուր առմամբ 62.000 ԱՄՆ դոլար, որի մի մասը վերադարձրել է և պարտք է մնացել ընդամենը 30.000 ԱՄՆ դոլար: Միաժամանակ դիմումով առարկել է գումարի մի մասի, այն է՝ 5.000 ԱՄՆ դոլարի պահանջի և տոկոսների դեմ և խնդրել պահանջը գրանցել միայն 30.000 ԱՄՆ դոլարի չափով: Առարկությանը կից ներկայացվել են պարտավորության կատարման վերաբերյալ համապատասխան ստացականները:
Սույն գործով Դատարանը Գայանե Սարգսյանի պահանջը հաստատել է 30.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարի և 10.543,5 ԱՄՆ դոլար տոկոսագումարի չափով:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոք բերած անձի փաստարկին, հանգել է այն հետևության, որ պարտատեր Գայանե Սարգսյանը, պարտապանի նկատմամբ ներկայացնելով 35.000 ԱՄՆ դոլարի և 28.06.2013 թվականից սկսած մինչև պարտավորությունների ամբողջական մարումը նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ հաշվեգրելու պահանջ, ներկայացված պահանջով հստակ մատնանշել է պահանջի չափը՝ առանձին նշելով փոխառության հիմնական պարտքի չափը, ինչպես նաև պահանջին կից ներկայացնելով պահանջը հիմնավորող փոխառության պայմանագիրը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք բերած անձի փաստարկը վերը նշված հիմքով անհիմն է:
Մինչդեռ սույն գործի փաստերը հաշվի առնելով և դրանք համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գայանե Սարգսյանը նախապես ներկայացրել է 35.000 ԱՄՆ դոլարի պահանջ, որը հետագայում Զարուհի Բարդակչյանի առարկության արդյունքում նվազել է և դարձել է 30.000 ԱՄՆ դոլար: Միաժամանակ Գայանե Սարգսյանը ներկայացրել է 30.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների հաշվեգրման պահանջ` տոկոսների մասով չներկայացնելով որևէ հաշվարկ: Այսինքն՝ Գայանե Սարգսյանի պահանջը՝ 30.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների մասով, կրել է վերացական բնույթ, այն չի ձևակերպվել հստակ հաշվարկով՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների, որպիսի պայմաններում Դատարանը հնարավորություն չի ունեցել ստուգելու պահանջի օրինականությունը, այդ թվում` չափը և դրա հիմնավոր լինելը: Դատարանը, հաշվի չառնելով, որ նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների հաշվարկ ըստ համապատասխան ժամանակահատվածների Գայանե Սարգսյանի կողմից չի կատարվել և չի ներկայացվել, նշված պահանջը՝ 10.543.5 ԱՄՆ դոլարի չափով, հաստատված է համարել:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց համապատասխան ժամանակահատվածների հաշվարկի ներկայացման Դատարանը չէր կարող Գայանե Սարգսյանի պահանջը՝ 30.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների մասով, հաստատել, որպիսի հանգամանքը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, ըստ ներկայացված պահանջի՝ պարտատերը պահանջել է մայր գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների հաշվարկը սկսել 31.05.2015 թվականից, մինչդեռ ստորադաս դատարանները հաշվարկի մեկնարկի հիմք են ընդունել 28.06.2016 թվականը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պահանջը չէր կարող լինել օրինական և հիմնավորված, հետևաբար նաև հաստատվել դատարանի կողմից, որպիսի փաստն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից, ինչի արդյունքում խախտվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը:
Վարդուհի Քաջիկյանի պահանջի մասով.
Սույն գործով Վարդուհի Քաջիկյանը պահանջել է իր պահանջը հաստատել 127.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների չափով՝ հաշվի առնելով, որ ինքը վնասներ է կրել չկայացած համագործակցության արդյունքում:
Սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մատիկյանը, առարկելով պահանջի դեմ, խնդրել է պահանջը գրանցել միայն մայր գումարի, այն է՝ 127.000 ԱՄՆ դոլարի չափով:
Դատարանը, Վարդուհի Քաջիկյանի պահանջը հաստատելով 127.000 ԱՄՆ դոլարի և 26.700 ԱՄՆ դոլարի պահանջի մասով, արձանագրել է, որ պահանջը ներկայացվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից դուրս, ուստի այն ենթակա է գրանցման որպես ստորադաս չապահովված պահանջ:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը նշված պահանջի մասով թողնելով օրինական ուժի մեջ, անհիմն է համարել նաև Վարդուհի Քաջիկյանի կողմից հիմնական պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը ներկայացված չլինելու առնչությամբ բողոքաբերի փաստարկները:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ փոխառությամբ վերցրած 150.000 ԱՄՆ դոլարը Զարուհի Բարդակչյանը պետք է վերադարձներ 31.09.2016 թվականին: Վերջինս սնանկ է ճանաչվել 02.06.2016 թվականին, այսինքն` մինչև պարտավորության կատարման ժամկետը լրանալը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և
- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:
Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն՝ նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը՝ որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով՝ որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 2017 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում պարտատեր Վարդուհի Քաջիկյանի պահանջի մասով սնանկ ճանաչվելու պահի՝ 02.06.2016 թվականի դրությամբ առկա չէր ժամկետանց պարտավորություն, որպիսի պայմաններում առկա չէր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելու հանգամանքը, հետևաբար նաև չէին կարող հաշվարկվել 26.700 ԱՄՆ դոլարի չափի մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն էր պարտատիրոջ պահանջը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով սահմանված բանկային տոկոսների չափերով 26.700 ԱՄՆ դոլարի լրացուցիչ պահանջ ներկայացնելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 06.07.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը` Բանկի, Գայանե Սարգսյանի և Վարդուհի Քաջիկյանի պահանջների մասով, նոր քննության ուղարկելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ կետի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2017 թվականի որոշումը և գործը` «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի, Գայանե Սարգսյանի և Վարդուհի Քաջիկյանի պահանջների մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
|
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
|
Ա. Բարսեղյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. Հակոբյան |
|
|
Ս. Միքայելյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |