Գլխավոր տեղեկություն
Համար
N 780-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 02.07.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2019 թվականի N 780-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-139-17.05.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 28

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-139-17.05.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

 

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

1. Նախագծով առաջարկվող խմբագրությունում կան որոշ անհստակություններ, սակայն ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ռազմական նշանակության ապրանքներն անհատույց մատակարարվում են Հայաստանի Հանրապետությանը (հայկական բանակին), կամ ռազմական նշանակության շրջանակներում աշխատանքներն անհատույց կատարվում են, և ծառայություններն անհատույց մատուցվում են Հայաստանի Հանրապետությանը։

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ գույք հանձնելու գործարքներն ԱԱՀ-ով հարկելու խնդիր առհասարակ գոյություն չունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն՝ նվիրատվության ձևով պետությանն ապրանքի մատակարարումն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից: Ընդ որում, նշենք, որ այս դեպքում Կառավարության կողմից որոշում ընդունվելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևաբար առկա չեն նախագծի հիմնավորմամբ ներկայացված՝ Կառավարության որոշումը նախապատրաստելու և ընդունելու հետ կապված ընթացակարգային խնդիրները:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության համար բարերարների կողմից անհատույց կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու առաջարկությանը, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նշյալ գործարքներն ԱԱՀ-ից ազատելու հնարավորություններ նույնպես նախատեսված են Օրենսգրքով: Մասնավորապես, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ին:

Մյուս կողմից, եթե նախագծի հիմնավորմամբ ներկայացված միակ խնդիրը կայանում է նրանում, որ Կառավարության համապատասխան որոշման ընդունման հետ կապված առկա են ընթացակարգային խնդիրներ, ապա գտնում ենք, որ խիստ անհրաժեշտության դեպքերում Կառավարության համապատասխան որոշումը գործնականում հնարավոր է պատրաստել և ընդունել սովորաբար այդ գործընթացի վրա ծախսվող ժամանակից էականորեն ավելի կարճ ժամկետներում։ Հետևաբար, գտնում ենք, որ Կառավարության համապատասխան որոշման ընդունման գործընթացի ժամանակատարությունը ԱԱՀ-ից ազատման նման արտոնություն տրամադրելու բավարար հիմք չէ։

Պետք է նկատի ունենալ նաև այն, որ խոսքը մատուցվող ծառայությունների և կատարվող աշխատանքների մասին է, որոնց դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչ չափանիշների հիման վրա է մատուցվող ծառայությունը կամ կատարվող աշխատանքը համարվելու ռազմական բնույթի: Մինչդեռ, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ընթացակարգի կիրառության դեպքում վերոնշյալ խնդիրն այլևս էական չի լինի:

2. Բացի վերոնշյալը, հայտնում ենք, որ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվում է օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև նույն կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Կառավարության լիազոր մարմինը։ Հետևաբար, բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող և պետությանը հանձնվող ապրանքների մասով ԱԱՀ չվճարելու խնդիրը կարող է լուծվել նաև գործող օրենսդրությամբ սահմանված այս հնարավորության շրջանակներում։

3. Գործող օրենսդրությամբ սահմանված են բավարար կարգավորումներ, որպեսզի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) և նվիրատվությամբ պետությանը հանձնվող ապրանքների ներմուծման մաքսային վճարների բեռը նույնպես չընկնի բարերարների վրա։ Մասնավորապես՝

1) «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 18-րդ հավելվածով սահմանված՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության համաձայն՝ ԵՏՄ անդամ մի պետություններից մյուս անդամ պետություն ապրանքների ներմուծման դեպքում այդ ապրանքների ներմուծման համար ազգային օրենսդրությամբ սահմանված անուղղակի հարկերը հաշվարկվում և վճարվում են այն անձանց կողմից, որոնք օժտված են ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքով, կամ որոնց ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվում է պայմանագրով։ Վերոգրյալը նշանակում է, որ եթե համապատասխան պայմանագրով նախատեսվի, որ ապրանքների նկատմամբ սեփականությունն անցնում է պետությանը, ի դեմս, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության, ապա այդ ապրանքների մասով սահմանին վճարման ենթակա հարկային պարտավորությունների բեռը, ըստ էության, կկրի պետական բյուջեն.

2) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծվող ապրանքների մասով բավարար է, որպեսզի այդ ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը պետությանն անցի մինչև այդ ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը: Այս դեպքում այդ ապրանքների մասով ներմուծող կհամարվի, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը և այդ ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկվող հարկային պարտավորությունների բեռը, ըստ էության, նույնպես կկրի պետական բյուջեն: Բացի այդ, ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծվող ապրանքների դեպքում կարող է կիրառվել «Հրաժարում՝ հօգուտ պետությանը» մաքսային ընթացակարգը, որը կիրառվում է ԵՏՄ անդամ պետությանն անհատույց հանձնվող ապրանքների նկատմամբ՝ առանց մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման:

4. Բացի վերոնշյալը, հայտնում ենք, որ նոր հարկային արտոնությունների տրամադրումը չի բխում ներկա փուլում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության նպատակադրումից և ուղղություններից: Այս առումով, հարկ է նշել, որ առաջիկա տարիներին հարկային քաղաքականության տեսանկյունից առանձնակի կարևորվելու է գործող հարկային արտոնությունների շրջանակի կրճատումը, հարկման բազայի ընդլայնումը և ամրապնդումը: Բացի այդ, ներկա փուլում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելուն և անուղղակի հարկերի վրա տեղափոխելուն։ Հետևաբար, եթե այդուհանդերձ առկա է բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող և պետությանը հանձնվող ապրանքների մասով ԱԱՀ վճարելու խնդիր, որը հնարավոր չէ կամ նպատակահարմար չէ լուծել գործող օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ հնարավորությունների շրջանակներում, ապա այդ խնդիրը կարող է լուծվել նաև ներմուծման ու մատակարարման գործարքներից առաջացող հարկերը պետության համաֆինանսավորմամբ վճարելու ճանապարհով։

Ամփոփելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ներկայացված առաջարկության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:

Այդուհանդերձ, նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

1. Նախագծի 10.1-ին կետի 2-րդ նախադասությունից անհրաժեշտ է հանել «ԱԱՀ-ից ազատվող» բառերը՝ հաշվի առնելով այն, որ «ապրանքը», «աշխատանքը» կամ «ծառայությունը» չեն կարող համարվել ոչ գործարք, ոչ էլ գործառնություն, իսկ ԱԱՀ-ից ազատվում են միայն «ապրանքի մատակարարումը», «աշխատանքի կատարումը», «ծառայության մատուցումը»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նաև քննարկվող նախադասությունում «շրջանակները» բառը փոխարինել «ցանկերը» բառով:

2. Նախագծով նախատեսվող լրացման հետ կապված՝ 10.1-ին կետի 1-ին նախադասությամբ հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «ռազմական նշանակության շրջանակներում ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը»: Տվյալ բովանդակությամբ նորմում «ռազմական նշանակության շրջանակներում» արտահայտությունն ավելորդ է: Ուստի, անհրաժեշտ է կամ «բացառապես ռազմական նշանակության շրջանակներում» արտահայտությունը հանել, կամ էլ փոխարինել «բացառապես ռազմական կիրառման համար» բառերով՝ հաշվի առնելով «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման դրույթները:

Բացի այդ, նախագծի 1-ին հոդվածով նախատեսված 10.1-ին կետի առաջին նախադասությամբ խոսքը վերաբերում է ռազմական նշանակության ապրանքներին ընդհանրապես, մինչդեռ դրա երկրորդ նախադասությամբ, որը հղում է կատարում վերոհիշյալ 1-ին նախադասությանը, խոսքը վերաբերում է «բացառապես ռազմական նշանակության ապրանքներին»:

Այս առնչությամբ պետք է նշել նաև, որ հստակ կարգավորում նախատեսելու նպատակով անհրաժեշտ է 1-ին հոդվածով նախատեսված 10.1-ին կետի «և այլ ռազմական նշանակության ապրանքների» արտահայտությունը «այլ» բառից հետո լրացնել «բացառապես» բառով:

3. Նախագծի 1-ին հոդվածով սահմանված՝ 10.1-ին կետով նախատեսված «բարերար» բառն անհրաժեշտ է փոխարինել «բարեգործ» բառով՝ հաշվի առնելով «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումը, որի համաձայն՝ բարեգործներն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք նույն օրենքի 2-րդ հոդվածում նշված նպատակներով բարեգործություն են իրականացնում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան