Գլխավոր տեղեկություն
Համար
N 214-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.24/48(1501) Հոդ.150
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունիսի 2019 թվականի

ք. Երևան

N 214-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 3-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«սպառող (բաժանորդ)՝ էլեկտրական էներգիայի (հզորության) սպառման պահանջարկ ունեցող անձ, որը Պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.».

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4 կետով.

«4.4 Պայմանագիրն իր նախաձեռնությամբ լուծելուց առաջ մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել սպառողին։».

3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.7.4 կետով.

«13.7.4. Էլեկտրամատակարարվող տարածքի (շենք, շինություն) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից սույն կանոնների 13.7.2 կետով սահմանված դիմումը ներկայացնելու դեպքում, եթե սպառողը չունի տարածքի (շենք, շինություն) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ, մատակարարը էլեկտրական էներգիայի պայմանագրի կնքման առաջարկը ներկայացնում է սույն կանոնների 32-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխան՝ Պայմանագրի լուծումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:».

4) Կանոնների 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Մատակարարը պարտավոր է սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), ընդհատման և վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկատվություն հրապարակել իր վեբ-կայքի, իսկ առնվազն 1 օր առաջ՝ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, առաջինը` 18:00-20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Սույն կետով չի սահմանափակվում պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին ծանուցման այլ եղանակով սպառողին լրացուցիչ իրազեկելու մատակարարի իրավունքը:».

5) Կանոնների 64-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնակցում է Չափագիտական մարմնի կողմից իրականացվող առևտրային հաշվառքի սարքի չափագիտական փորձաքննությանը և դրա եզրակացության կազմմանը, որում ներառվում են տվյալներ հաշվառքի սարքի ամբողջականության կամ վնասված լինելու, առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը սույն ենթակետին համապատասխան կազմված եզրակացությունը սույն կանոնների 59.4 կետով սահմանված ժամկետում, վերահաշվարկին առնչվող տեղեկատվության հետ միասին, գրավոր ներկայացնում է սպառողին:».

6) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1 կետով.

«64.1 Կանոնների 64-րդ կետի 4-րդ ենթակետում նշված փորձաքննությունը չի իրականացվում, երբ հաշվառքի սարքի ապահավաքակցումը պայմանավորված է Հանձնաժողովի հետ համաձայնեցված մատակարարի ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող հաշվառքի սարքերի փոխարինման աշխատանքներով: Սույն կետով սահմանված դեպքում ապահավաքակցված հաշվիչները պահպանվում են մատակարարի մոտ առնվազն 3 ամիս՝ եթե սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը և 6 ամիս՝ սպառողի կողմից ապահավաքակցմանը չներկայանալու դեպքում: Նշված ժամանակահատվածում սպառողի դիմելու դեպքում առևտրային հաշվառքի սարքերը ենթակա են փորձաքննության՝ սույն կանոններով սահմանված կարգով։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան