ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
9 հուլիսի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրված՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում:
2002 թվականի հոկտեմբերի 7-ի ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագիրը (Համաձայնագիր) վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից Ազգային ժողովի 2003 թվականի սեպտեմբերի 10-ի Ն-020-3 որոշմամբ:
2. Արձանագրությամբ Համաձայնագրի, մասնավորապես, 1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունները շարադրվում են նոր խմբագրությամբ, հիշյալ հոդվածը լրացվում է 18-րդ պարբերությամբ, 11-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչպես նաև 1-ին, 23, 24, 27-33-րդ հոդվածներում «Լիազոր ներկայացուցիչ» բառերը փոխարինվում են «Մշտական ներկայացուցիչ» բառերով:
3. Արձանագրությամբ Համաձայնագրում կատարվող փոփոխություններով` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պարտավորություններ, մասնավորապես.
- Կազմակերպությանն առընթեր մշտական և լիազոր ներկայացուցիչը (Մշտական ներկայացուցիչ) Կազմակերպության անդամ պետության կողմից իր ազգային օրենսդրությանը համապատասխան նշանակվող ներկայացուցիչն է, որն ուղարկող պետության կողմից օժտվում է լիազորություններով՝ Կազմակերպության հարցերով գործունեության և Կազմակերպության կանոնադրության IV գլխին համապատասխան հիմնադրված Մշտական խորհրդում աշխատանքի համար,
- Գլխավոր քարտուղարի տեղակալը Կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնատար անձի տեղակալն է, պաշտոնատար անձ է Քարտուղարությունում այն պաշտոնների՝ յուրաքանչյուր անդամ պետության համար ամրագրված քվոտաներին համապատասխան սահմանված կարգով հաստատվող անձանց թվից, որոնց ցանկը սահմանում է Խորհուրդը,
- եթե Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի տեղակալները, նրանց ընտանիքների՝ իրենց հետ ապրող անդամները, գտնվելու վայրի պետության քաղաքացիներ չեն, արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվում են այնքան, որքան «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված է դիվանագիտական գործակալի և նրա ընտանիքի անդամների համար:
4. Արձանագրությունով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են բարձրացնելու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գործունեության արդյունավետությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրված՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Հ. Թովմասյան |
9 հուլիսի 2019 թվականի ՍԴՈ-1470 |