Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.26/41(1494) Հոդ.145.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.06.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հունիսի 2019 թվականի

թիվ 75-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով ֆինանսական կայունության ապահովման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նպատակով,

նպատակ ունենալով ապահովել նախադրյալներ արտարժութային իրացվելիության բուֆերների ստեղծման համար,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «դ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կանոնակարգի 50-51-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի և օտարերկրյա բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց՝ 16%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ 2%-ը՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց՝ 16%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ 2%-ը՝ եվրոյով, իսկ մնացած այլ արժույթներով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց՝ 16%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ 2%-ը՝ ԱՄՆ դոլարով: Ընդ որում, Կանոնակարգ 2-ի 24.1.3 և 24.1.4 կետերին համապատասխան պահուստավորումն ամբողջությամբ կատարվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

Ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց սույն կետով սահմանված կարգով առաջին փաստացի պահուստավորման ժամանակահատված է համարվում 2019 թվականի հունիսի 12-ից 2019 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածը:

51. Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի, ինչպես նաև արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության դրամով պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով, այնպես, որ փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:

Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց համապատասխան արտարժույթով պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է օրական կտրվածքով, այնպես, որ փաստացի պահուստավորման ժամանակահատվածում յուրաքանչյուր օր փաստացի պահուստավորված գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:

Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց՝ հաշվետու ժամանակահատվածում դրամով պահուստավորման ենթակա միջոցների գումարը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է` հիմք ընդունելով արտարժույթով ներգրավված միջոցների օրական դրամային համարժեքը: Օրական դրամային համարժեքը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների օրական դրամային համարժեքը որոշվում է` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային գները:

ԱՄՆ դոլարից և եվրոյից տարբերվող արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով իրականացվող պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են կրոս փոխարժեքով՝ հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

Մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով իրականացվող պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային գները, ինչպես նաև տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում հրապարակմանը հաջորդող օրվանից: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված դրույթները վերաբերում են 2019 թվականի հունիսի 12-ից սկսվող փաստացի ժամանակահատվածներին և վերջիններիս համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

  

2019 թ. հունիսի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան