ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 682-Լ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-125-02.05.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-125-02.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-249-Ն օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության արդյունքում, որպես ինքնավար մարմին, հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևավորել Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախևառաջ հարց է առաջանում՝ արդյո՞ք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման պարագայում, թե՞ կիրառվելու է առաջին կազմի ձևավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:
Եթե նախատեսվող կարգը կիրառվելու է նաև առաջին կազմի ձևավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնաժողովի վեց անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամկետներ:
Այս առումով գտնում ենք, որ նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավարող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու, օրինակ՝ հստակ ամրագրել, որ 1 կամ 3 տարով պաշտոնավարող անդամի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը:
Այն դեպքում, եթե նախագծով նախատեսվող կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձևավորվող կազմերին, ապա պարզ չէ նաև թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, մասնավորապես՝ ի՞նչ հաջորդականությամբ են ՀՀ վարչապետը և ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնելու իրենց թեկնածուներին:
Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կարող է խնդրահարույց լինել նաև այն հարցը, թե ինչ ընթացակարգով է իրացվելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են: Մասնավորապես՝ պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ և արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում:
Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգավորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռվի առաջադրելու հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|