ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 639-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 29-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 29-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «բարեգործական» բառը փոխարինել «ներառական հասարակության խթանման» բառերով.
2) որոշման 1-ին կետում «10» թիվը փոխարինել «20» թվով.
3) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրում նախատեսել, որ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը պարտավորվում է՝
1) 2019-2030 թվականները կատարել 20 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
2) իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:»:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության հետ կնքել 2010 թվականի փետրվարի 10-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N01/0010 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|