Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.06.2019-12.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.11/32(267) Հոդ.488
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 345-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2006 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-230-Ն) ուժի մեջ մտնելու պահից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 13
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 345-Ն որոշման

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող սույն պահանջները (այսուհետ` պահանջներ) նախատեսվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից համապատասխան արատորոշման միջոցներով կահավորված արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայաններ) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) պարտադիր տեխնիկական զննության ժամանակ դրանց տեխնիկական վիճակի ստուգման տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման և այդ նպատակով տեխնիկական սպասարկման կայանների արտադրական բազայի տեխնոլոգիական նախագծի մշակման համար:

2. Սույն պահանջներով պետք է ղեկավարվեն նաև տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության գործունեությունը լիցենզավորող հանձնաժողովները մրցույթին ներկայացված հայտերի գնահատման ժամանակ:

3. Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքների տեխնոլոգիական գործընթացն իր մեջ ներառում է գործողությունների որոշակի հերթականություն, որի նպատակն է ստուգել տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի համապատասխանությունը ճանապարհային երթևեկության անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

4. Սույն պահանջներում շարադրված դրույթները պետք է հաշվի առնվեն տեխնիկական զննության կայանների կողմից պարտադիր տեխնիկական զննության ժամանակ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ:

5. Ելնելով սույն պահանջներից` տեխնիկական զննության կայաններում պետք է մշակվի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցվի պարտադիր տեխնիկական զննության ժամանակ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների անհատական տեխնոլոգիական գործընթացը (այսուհետ` տեխնոլոգիա):

(5-րդ կետը փոփ. 06.06.19 N 733-Ն)

 

II. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման անհատական տեխնոլոգիաները պետք է ապահովեն տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգով սահմանված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերի, կանոնների և տեխնիկական նորմերի պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանության ստուգումը: Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգում պետք է իրականացնեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների տիրապետող, կազմակերպությունում սահմանված կարգով անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած և աշխատանքի անվտանգ ձևերը սովորած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչները:

8. Տեխնոլոգիաները պետք է մշակվեն այնպես, որ նույն տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման բոլոր գործողությունները հնարավոր լինի կատարել ինչպես մեկ հսկիչի, այնպես էլ տրանսպորտային միջոցի առանձին համակարգերի ստուգման որոշակի աշխատատեղերին կցված հսկիչների կողմից:

9. Օժանդակ և նախապատրաստական-եզրափակիչ գործողությունների (դողերի լրափչում, ամբարձիչների կառավարում, ըստ ստուգվող օբյեկտի, տեղի և փորձարկողի արատորոշման քարտի լրացում) կատարման համար կարող են նախատեսվել ավելի ցածր որակավորման աշխատողներ, որոնք նույնպես պետք է հրահանգավորված լինեն անվտանգության տեխնիկայի կանոնների մասին և ուսուցված լինեն անվտանգ աշխատանքի ձևերին: Վարորդի մասնակցությունը տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգմանը կարող է չնախատեսվել, սակայն ներկայությունը չի կարող արգելվել:

10. Կախված ստուգվող տրանսպորտային միջոցների տեսակներից` պետք է օգտագործվեն թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման և մեծ բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման մասնագիտացված հոլովակային վահանակներ կամ թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման ունիվերսալ հոլովակային վահանակներ:

Որպես տեխնոլոգիական երթուղի պետք է օգտագործվի տրանսպորտային միջոցների ուղղագիծ տեղաշարժը` ըստ աշխատատեղերի:

11. Տեխնիկական զննության կայանում պետք է օգտագործվեն լիազոր մարմնի կողմից անցկացված մրցույթով ընտրված մատակարարող կազմակերպության կողմից տրամադրվող տեխնիկական արատորոշման միջոցներ:

12. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տեխնիկական զննության կայաններում օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցները պարտադիր կարգով ենթակա են ստուգաչափման` սահմանված ժամկետներում:

13. Տեխնիկական զննության տեխնոլոգիայով նախատեսված տեխնիկական արատորոշման միջոցների բաշխումն ըստ աշխատատեղերի (գծերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժման տեխնոլոգիական երթուղին պետք է ապահովեն տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների աշխատատարության հավասարաչափ բաշխումն ըստ աշխատատեղերի:

14. Առանձին տեսակի տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման տեխնոլոգիական գործողությունների օրինակելի ցանկը նշված է սույն պահանջների ցանկում, իսկ տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների աշխատատարության նորմատիվները, որոնք պետք է հաշվի առնվեն տեխնիկական զննության սակագները սահմանելու ժամանակ` աղյուսակում:

15. Անցուղային աշխատատեղերը պետք է տեղաբաշխել արտադրական շենքի մուտքի և ելքի հետ մի գծի վրա:

Թույլատրվում է անցուղային աշխատատեղերի սարքավորումներով կահավորումը կատարել այնպես, որ նրա վրա կատարվեն տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման բոլոր աշխատանքները:

16. Տեխնիկական զննության տեխնոլոգիայի ձևավորման ժամանակ անհրաժեշտ է ընտրել հաջորդաբար կատարվող բոլոր այն գործողությունները, որոնք կատարվում են տվյալ տեխնիկական արատորոշման միջոցով (օրինակ` արգելակային համակարգերի ստուգման հոլովակային վահանակով, լուսավորման սարքերի ստուգման սարքով և այլն)` կահավորված միևնույն տեխնոլոգիական սարքավորման (օրինակ` էստակադի, ամբարձիչի զննման առվի և այլն) վրա:

17. Գործողությունների կազմը և կատարման հաջորդականությունը կարող են համակցվել, իսկ դրանց կատարման հաջորդականությունը պետք է համապատասխանի ըստ աշխատատեղերի սարքավորման տեղակայմանը և տրանսպորտային միջոցների տեղաշարժման երթուղուն:

18. Յուրաքանչյուր աշխատատեղում գործողությունների կատարման հերթականությունն անհրաժեշտ է նախատեսել այնպես, որպեսզի տրանսպորտային միջոցների հսկիչները նվազագույն թվով անցումներ կատարեն, այդ թվում` զննման առու իջնելը և դուրս գալը:

19. Տրանսպորտային միջոցների արգելակման արդյունավետության և արգելակման ժամանակ դրանց կայունության գնահատումն անհրաժեշտ է կատարել հոլովակային վահանակների վրա:

Ճանապարհային պայմաններում արգելակման միջոցով մեկ սռնու վրա 10 տոննայից ավելի բեռնվածք ունեցող բեռնատարների ու ավտոբուսների արգելակման արդյունավետության և կայունության գնահատման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել նաև զննման առվի կամ ամբարձիչի վրա արգելակային շարժաբերի զննության և աշխատունակության ստուգումների կատարումը:

20. Ղեկի վարման ստուգման համար տրանսպորտային միջոցի անիվների տակ անհրաժեշտ է օգտագործել շարժական հարթակներով վահանակ: Փոքր տրանսպորտային միջոցների տակից հանգույցների զննության համար անհրաժեշտ է օգտագործել անիվների տակից ամբարձիչի (օրինակ` պանտոգրաֆային կամ պլունժերային տիպի, որոնք հնարավորության դեպքում կահավորված կլինեն ղեկի շարժաբերի ստուգման վահանակով), իսկ մեծ տրանսպորտային միջոցների համար` զննման առուներ:

21. Հաջորդաբար տեղաբաշխված 2 և ավելի աշխատատեղով հոսքային գծերի կահավորման դեպքում անհրաժեշտ է դրա սկզբում նախատեսել տրանսպորտային միջոցի համարակալված տվյալների ստուգման, դողերում ճնշման մեծությունը չափելու, անիվների և կախոցի վրայից խոնավությունը հեռացնելու գործողությունները:

22. Հոսքային գծի վերջում, որպես տեխնոլոգիայի ավարտական գործողություն, անհրաժեշտ է նախատեսել ստուգումների արդյունքով փաստաթղթերի, այդ թվում` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտի ձևակերպումը: Արատորոշման քարտի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

23. Արատորոշման քարտի տվյալները, այդ թվում` տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման արդյունքները, լրացվում են համակարգչի օգնությամբ:

24. Տեխնիկական զննության կայաններում, որոնք կահավորված են սարքավորումների 2 և ավելի լրակազմով (տեխնոլոգիական գծերով), արատորոշման քարտում նույնականացման բոլոր տվյալները նախնական լրացման գործողությունը կատարվում է դրա համար առանձնացված աշխատատեղում` առանձին աշխատողի կողմից` այդ աշխատանքներից ազատելով տրանսպորտային վիճակի ստուգման հսկիչներին:

25. Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության արատորոշման քարտերի լրացման համակարգչային ծրագրային ապահովումը պետք է կանխի արատորոշման քարտի լրացումը դրա լիազորությունը չունեցող անձանց կողմից, ինչպես նաև կանխվի տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման արդյունքների արխիվացված թղթային կամ համակարգչային կրիչներին կողմնակի անձանց հասանելիությունը:

26. Աշխատող շարժիչով կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցի վրա աշխատանքներ կատարելու դեպքում արտածման խողովակը պետք է միացված լինի բանեցված գազերի հեռացման համակարգին:

27. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների կատարման ժամանակ պետք է կատարվեն կազմակերպությունում գործող աշխատանքի պաշտպանության կանոնների պահանջները:

28. Տեխնիկական զննության կայաններում տեխնոլոգիաները պետք է ձևավորվեն Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող սույն պահանջներին համապատասխան:

29. Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները կատարելուց առաջ տեխնիկական զննության կայանի անձնակազմը պետք է ստուգի յուրաքանչյուր աշխատատեղում սարքավորումների ու գործիքների առկայությունն ու սարքինությունը:

Արգելվում է անսարք և սույն պահանջների 12-րդ կետի նորմերին համապատասխան մետրոլոգիական ստուգաչափում չանցած տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործումը:

30. Աշխատատեղերը պետք է ապահովված լինեն անվտանգության տեխնիկայի պահանջները և շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման մեթոդները կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերով (ստանդարտներ, հրահանգներ և այլն), աշխատատեղային տեխնոլոգիական քարտերով և անվտանգության տեխնիկայի կանոնների և անվտանգ աշխատանքի երաշխավորվող ձևերի նշումներ ունեցող պլակատներով:

Բացի այդ, աշխատատեղերը (հոսքային գծերը) պետք է ապահովվեն անհրաժեշտ տեղեկատվական և նորմատիվատեխնոլոգիական փաստաթղթերով` ներառյալ ստուգվող տրանսպորտային միջոցների շահագործման հրահանգները, ավտոմոբիլային տեղեկագրերը և այլն:

31. Տեխնիկական զննության կայաններում` տեսանելի վայրում անհրաժեշտ է ունենալ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներով լրակազմված առնվազն 2 դեղատուփ:

32. Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման համար նախատեսված շարժական սարքերը պետք է աշխատեն 36 վոլտը չգերազանցող սնուցման լարմամբ: Զննման առուներում աշխատելու դեպքում օգտագործվող լուսավորման շարժական սարքերի սնուցման լարումը չպետք է գերազանցի 12 վոլտը:

33. Տեխնոլոգիաների մշակման ժամանակ պետք է հաշվի առնվեն «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հրդեհային անվտանգության կանոններով սահմանված պահանջները:

34. Տեխնիկական վիճակի ստուգման համար աշխատատեղ ուղարկվող տրանսպորտային միջոցները պետք է լվացված և մաքրված լինեն կեղտից և ձյունից:

35. Տեխնիկական զննության կայանի արտադրական շենք տրանսպորտային միջոցի մուտքը և դրա տեղակայումն աշխատատեղերի վրա պետք է իրականացվի պատասխանատու աշխատողի (տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության հսկիչի) ղեկավարությամբ կամ նրանց կողմից:

36. Տրանսպորտային միջոցն աշխատատեղի վրա տեղակայելուց հետո անհրաժեշտ է այն արգելակել կայանման արգելակով, անջատել վառոցքը (դադարեցնել դիզելային շարժիչով տրանսպորտային միջոցի վառելիքի մատուցումը), փոխանցումների փոխարկման (կոնտրոլերի) լծակը տեղադրել չեզոք դիրքում, անիվների տակ տեղադրել երկուսից ոչ պակաս հատուկ հենակ (կալունակ):

37. Արտադրական մասնաշենք տրանսպորտային միջոցի մուտք ու ելք կատարելու ժամանակ շարժման և ներսում շրջադարձեր կատարելու (մանևրելու) գոտիներում մարդկանց ներկայությունն արգելվում է:

38. Տրանսպորտային միջոցն ամբարձիչի (հիդրավլիկ, էլեկտրամեխանիկական) վրա ստուգելու ժամանակ ամբարձիչի կառավարման վահանակի վրա պետք է կախված լինի ցուցանակ` «Ձեռք չտալ. ավտոմոբիլի տակ մարդիկ կան» գրառմամբ:

39. Հիդրավլիկ ամբարձիչի աշխատանքային (բարձրացված) դիրքում պլունժերը պետք է հուսալիորեն սևեռված լինի` ամբարձիչի ինքնակամ իջեցումը կանխող հենարանով (ձողով):

40. Տեխնիկական զննության արտադրամասում տրանսպորտային միջոցի ուղղահոս շարժման դեպքում անհրաժեշտ է ունենալ ազդանշանման սարք (լուսային, ձայնային և այլն) զննության գծում (զննության առուներում, էստակադների և այլն)` աշխատողներին տրանսպորտային միջոցի տեղաշարժվելու պահի մասին նախազգուշացնելու համար:

41. Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատատեղերում շարժիչի գործարկումը թույլատրվում է միայն տեխնիկական վիճակի հսկիչին:

42. Արգելվում է`

1) կարդանային լիսեռի պտտումը լինգով կամ մոնտաժման թիակով.

2) գործարկել շարժիչը թափքի բարձրացված վիճակում.

3) փոշու, խարտվածքների և այլ մանր կտորտանքների մաքրումը սեղմված օդով:

 

III. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

43. Տեխնոլոգիայի ձևակերպման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել հետևյալ բաժինները`

1) ներածություն,

2) ցուցումներ անվտանգության միջոցների մասին,

3) նախապատրաստումն աշխատանքին,

4) տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը,

5) տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների ցանկը,

6) հավելված:

44. «Ներածություն» բաժնում նշվում են հետևյալ տվյալները`

1) օգտագործվող տեխնոլոգիայի նշանակությունը և օգտագործման կարգը,

2) բովանդակությունը,

3) տեխնոլոգիայի մշակման ժամանակ օգտագործված փաստաթղթերի ցանկը,

4) առանձին տեսակի ավտոտրանսպորտային միջոցների ստուգումների կատարման տեխնոլոգիական առանձնահատկությունները (ըստ անհրաժեշտության):

45. «Ցուցումներ անվտանգության միջոցների վերաբերյալ» բաժնում նշվում են հետևյալ տվյալները`

1) համառոտ տեղեկություններ ստուգման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության տեխնիկայի վերաբերյալ,

2) աշխատանքների կատարման անվտանգությունը կանոնակարգող կանոնների, հրահանգների ցանկը,

3) աշխատատեղերի նկատմամբ անվտանգության տեխնիկայի և տեխնիկական արատորոշման միջոցներով և տեխնոլոգիական սարքավորումներով աշխատատեղերի զինման պահանջները:

46. «Նախապատրաստումն աշխատանքին» բաժնում նշվում են տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչների աշխատանքին նախապատրաստվելու և կառուցվածքների (էստակադներ, փակ հարթակ) ու աշխատատեղերի (հոսքային գծերի) վրա տրանսպորտային միջոցի տեղակայման կանոնները:

47. «Տեխնիկական արատորոշման միջոցները» բաժնում նշվում է օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը` դրանց տեխնիկական բնութագրերի նշմամբ:

48. «Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների ցանկը» բաժնում նշվում է տրանսպորտային միջոցի հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների նկարագրությունը:

Տվյալները նշվում են` հաշվի առնելով սույն պահանջների ցանկում նշված տեխնոլոգիական գործողությունների ցանկը և աղյուսակում նշված աշխատատարության նորմաները:

Բաժինը ձևակերպվում է աղյուսակի տեսքով, որը ներառում է հետևյալ սյունակները`

1) կատարվող աշխատանքի համարը,

2) անվանումը,

3) աշխատանքի կատարման տեղը (վերևից, ներքևից, կողքից, շարժիչային բաժանմունքում և այլն),

4) ներգործության տեղերի թիվը,

5) աշխատանքների կատարման աշխատատարությունը,

6) աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական արատորոշման միջոցները, գործիքները, հարմարանքները,

7) աշխատանքների կատարման նկատմամբ լրացուցիչ տեխնիկական պահանջները:

49. «Հավելվածներ» բաժնում անհրաժեշտ է մտցնել պարտադիր և տեղեկատվական նյութեր` աշխատանքներն ըստ աշխատատեղերի բաշխման, աշխատատեղերի ու հոսքային գծերի հատակագծային լուծումների, աշխատանքների կատարման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի նշումների և այլն:

Տեխնոլոգիայի ձևակերպման օրինակելի ձևը նշված է կից ձևում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

Տ Ե Խ Ն Ո Լ Ո Գ Ի Ա Կ Ա Ն  Պ Ր Ո Ց Ե Ս

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ______________ ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

1) ներածություն

2) ցուցումներ անվտանգության միջոցների մասին

3) նախապատրաստումն աշխատանքին

4) տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը

5) տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների ցանկը

NN
ը/կ

Գործողությունների
անվանումը

Աշխատանքի
կատարման
տեղը

Ներգործության
տեղերի
թիվը

Աշխատանքների
կատարման
աշխատա-
տարությունը

Անհրաժեշտ
տեխնիկական
արատորոշման
միջոցները,
գործիքները,
հարմարանքները

Աշխատանքների
կատարման
նկատմամբ լրացուցիչ
տեխնիկական
պահանջները

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

6) հավելված:

(հավելվածը փոփ. 06.06.19 N 733-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2022, N 1233-Ն 12.08.2022, N 345-Ն
06.06.2019, N 733-Ն 20.06.2019, N 345-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան