Գլխավոր տեղեկություն
Համար
N 230-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2019 թվականի N 230-Ա

 

«ԱՇԽԱՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. Զբաղվածության խթանման, աշխատաշուկայի ուսումնասիրման և ոլորտին առնչվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրի աշխատանքների իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Աշխատիր Հայաստան» ծրագրի իրականացման աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. ապրիլի 26

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
ապրիլի 26-ի N 230-Ա
որոշման

  

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ԱՇԽԱՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տիգրան Ավինյան

  

- ՀՀ փոխվարչապետ (նախագահ)

     

Տիգրան Խաչատրյան

 

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

     

Ավագ Ավանեսյան

 

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

     

Արման Ուդումյան

 

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

     

Գաբրիել Բալայան

 

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

     

Ժաննա Անդրեասյան

 

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

     

Արևիկ Անափիոսյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

     

Լենա Նանուշյան

 

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

     

Քրիստինե Ասատրյան

 

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

     

Աշոտ Մուրադյան

 

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

     

Լուսինե Քալանթարյան

 

- ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ

     

Արտակ Սիմոնյան

 

- Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար

     

Վիկտորյա Այդինյան

 

- ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի օգնական (քարտուղար):

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Հավելված N 2
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
ապրիլի 26-ի N 230-Ա
որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ԱՇԽԱՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է «Աշխատիր Հայաստան» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) մշակման աշխատանքներն իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ՝ ԱԽ) նպատակների, խնդիրների և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խմբի հիմնական նպատակը զբաղվածության խթանման և աշխատաշուկայի արդյունավետ ծրագրերի մշակման նպատակով Ծրագրի հայեցակարգի և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների իրականացումն է:

3. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. Աշխատանքային խումբը Ծրագրի մշակման ընթացքում առանձին առաջադրանքների իրականացման նպատակով անվճար հիմունքներով կամ ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին կարող է ներգրավել մասնագետների, փորձագետների և խորհրդատուների:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. ԱԽ գործառույթներն են`

1) Ծրագրի հայեցակարգի և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների կազմակերպումը.

2) Ծրագրի մշակումն ապահովելու նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման շահառու մարմինների և պետական հատվածը ներկայացնող այլ մարմինների միջև համագործակցության ապահովումը.

3) Ծրագրի մշակման նպատակով մասնավոր հատվածի հետ երկխոսության ապահովումը, հանրության մասնակցության և հետադարձ կապի ապահովման կազմակերպումը.

4) Ծրագրի մշակման ընթացքում զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ապահովումը։

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. ԱԽ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

7. ԱԽ նիստերն արձանագրվում են:

8. ԱԽ հերթական նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ ԱԽ նախագահի մոտ:

9. ԱԽ արտահերթ նիստ կարող է գումարվել ԱԽ նախագահի նախաձեռնությամբ կամ ԱԽ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

10. ԱԽ նիստը հրավիրում և վարում է ԱԽ նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ ԱԽ անդամներից մեկը:

11. ԱԽ նիստի օրակարգի ձևավորման գործընթացը վերահսկում է ԱԽ նախագահը: ԱԽ նիստի օրակարգի ձևավորման գործընթացը կազմակերպում է ԱԽ քարտուղարը՝ ըստ ԱԽ անդամների ներկայացրած առաջարկությունների:

12. Նիստի օրակարգը հաստատվում է ԱԽ կողմից` նախագահի ներկայացմամբ:

13. ԱԽ նիստի օրակարգի նախագիծը կից փաստաթղթերի փաթեթով ԱԽ քարտուղարը, ոչ ուշ, քան նիստից 3 օր առաջ, ներկայացնում է հանձնաժողովի անդամներին և անհրաժեշտության դեպքում` նիստին հրավիրված անձանց:

14. ԱԽ նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ԱԽ անդամների կեսից ավելին: ԱԽ որոշումներն ընդունվում են ԱԽ նիստին ներկա՝ ԱԽ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ԱԽ նախագահի ձայնը որոշիչ է:

15. ԱԽ նիստերի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել պետական պաշտոնյաներ, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զարգացման միջազգային գործընկերների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածը ներկայացնող կառույցների և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

16. ԱԽ-ն ընդունում է աշխատակարգային որոշումներ։

17. ԱԽ աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակն էլեկտրոնային փոստն է:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

18. ԱԽ նախագահը՝

1) հրավիրում և վարում է ԱԽ նիստերը.

2) հավանության է արժանացնում ԱԽ նիստի օրակարգը.

3) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել ԱԽ նիստերը։

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

19. ԱԽ անդամը պարտավոր է մասնակցել ԱԽ նիստերին և քվեարկել:

20. ԱԽ անդամն իրավունք ունի ծանոթանալ ԱԽ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին։

 

VI. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

21. ԱԽ քարտուղարը՝

1) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձագետների և մասնագիտացված կառույցների ներգրավման, ինչպես նաև առանձին ուսումնասիրությունների իրականացումն ապահովելու աշխատանքները.

2) արձանագրում է ԱԽ նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.

3) նախապատրաստում է ԱԽ նիստի օրակարգին վերաբերող նյութեր և կազմակերպում նյութերի տրամադրումը ԱԽ անդամներին.

4) վարում է ԱԽ աշխատանքների հետ կապված գործավարությունը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան