Գլխավոր տեղեկություն
Համար
N 620-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 28.05.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2019 թվականի N 620-Լ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-119-26.04.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2019 թ. մայիսի 24

Երևան

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-119-26.04.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      

ՀՀ կառավարությունը գտնում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունի՝ հաշվի առնելով ստորև բերված հանգամանքները:

Ներկայացված նախագծով նախատեսվում է սահմանել նոր հասկացություն, այն է՝ «առևտրային ցանց՝ ընդհանուր կառավարման ներքո կամ միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը.»:

Հարկ ենք համարում նշել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն արդեն իսկ սահմանում է «առևտրային ցանց» հասկացության իրավական բովանդակությունը, մասնավորապես՝ առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո: Միաժամանակ, նշված օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդհանուր 1.5 մլրդ դրամը գերազանցող տարեկան շրջանառությունը ընդհանուր կառավարման ներքո գտնվող կամ տվյալ տնտեսավարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբը (առևտրային ցանց) գերիշխող դիրք ունեցող բնորոշելու չափանիշ է: Վերոնշյալ փոփոխության անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե իրացման տարեկան շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվելու հարկ վճարողի նախորդ, թե ընթացիկ տարվա իրացման շրջանառությունը, թե նկատի է առնվում այլ մոտեցում:

 Նախագծի՝

 1. 1-ին հոդվածով սահմանվում է «առևտրային ցանց» հասկացությունը, այն է՝ ընդհանուր կառավարման ներքո կամ միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, մինչդեռ, նախագծի 2-րդ հոդվածով առևտրային ցանցը սահմանվում է որպես առևտրի օբյեկտների տեսակ: Այդ առումով ստացվում է, որ առևտրային ցանցը հանդիսանում է առևտրային օբյեկտների տեսակ, միևնույն ժամանակ նույն առևտրային օբյեկտների համախումբ, ինչն անհասկանալի է:

 2. 3-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, մասնավորապես՝ «Առևտրային ցանցերում մանրածախ առևտուր չեն կարող իրականացնել ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին մանրածախ առևտրի շրջանառության մեջ անշեղորեն աճել է խոշոր խանութների տեսակարար կշիռը՝ կազմելով խանութների միջոցով իրականացվող մանրածախ առևտրաշրջանառության կեսից ավելին: Դրան զուգահեռ՝ անընդհատ կրճատվում է փոքր առևտրի օբյեկտների թիվը՝ նպաստելով առևտրի շրջանառության կենտրոնացմանը խոշոր խանութների ձեռքում: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող հազարավոր փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձևավորման, աշխատատեղերի պահպանման և առողջ մրցակցային հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությամբ»:

Հաշվի առնելով ներկայացված հիմնավորումը՝ այնուամենայնիվ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումները բավարար հիմնավորված չեն, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք կերպով գնահատել նախագծով ներկայացվող առաջարկությունները:

Վերոգրյալի կապակցությամբ նաև հայտնում ենք, որ հասկանալի չէ, թե առևտրային ցանցերում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ առևտրով զբաղվելու հնարավորության սահմանափակումն ինչպես կարող է նպաստել փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձևավորմանը, աշխատատեղերի պահպանմանը և առողջ մրցակցային հարաբերությունների ձևավորմանը։

Մասնավորապես, եթե ենթադրվում է, որ որևէ ապրանք ներմուծող տնտեսավարող սուբյեկտ պետք է դադարեցնի ապրանքներ ներմուծել կամ մանրածախ առևտրով զբաղվել, ապա կարծում ենք, որ դիտարկումն առնվազն իրատեսական չէ, քանի որ առաջարկության ընդունման դեպքում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը կլինի այնպիսին, որ նրանք կստեղծեն նոր ընկերություններ և ապրանքների մանրածախ առևտուրը կիրականացնեն այդ ընկերությունների միջոցով: Արդյունքում, արհեստականորեն կաճի տնտեսավարող սուբյեկտների քանակը, որոնց նկատմամբ հարկային վարչարարության իրականացումը հարկային մարմնից լրացուցիչ ռեսուրսներ կպահանջի: Այս առումով, առաջարկության ընդունումը ոչ միայն չի նպաստի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, վերջինս նաև կբարդացնի այն:

Ավելին, արհեստական տրոհման արդյունքում կտրոհվեն նաև խոշոր տնտեսավարող սուբյեկտների իրացման շրջանառությունները, և նշյալ սուբյեկտները կսկսեն գործել փոքր և միջին ձեռնարկատիրության համար նախատեսված՝ հարկման այլընտրանքային համակարգերում:

Հետևաբար, առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի մրցակցային հարաբերությունների ձևավորմանը, այլ ընդհակառակը, կհանգեցնի արդար մրցակցության խաթարման և հարկային վարչարարության արդյունավետության նվազման: Ավելին, առաջարկությունը կհանգեցնի նաև պետական բյուջեի եկամուտների չհիմնավորված կորուստների:

Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ ներկայացված առաջարկության և ներմուծմամբ ու մանրածախ առևտրի կազմակերպմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գործունեության պայմանների հավասարության հարցերի քննարկման համատեքստում անպայմանորեն պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մանրածախ առևտրի կազմակերպումն ինքնին ենթադրում է որոշակի ձեռնարկատիրական ջանքերի գործադրում և ծախսերի կատարում՝ անկախ այն հանգամանքից, թե ով է կազմակերպում ապրանքների մանրածախ առևտուրը՝ ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտը, թե միայն մանրածախ առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտը: Այս առումով, գտնում ենք, որ հավասար մրցակցային պայմանների հնարավոր խաթարման ռիսկերը պետք է գնահատել վերոնշյալ դիտարկման համատեքստում, և եթե այս պարագայում ապրանքների մանրածախ վաճառքի շուկան գնահատվի որպես ոչ մրցակցային՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները շուկայում ունեն գերիշխող դիրք և չարաշահում են այն, ապա այս դեպքում խնդիրների լուծումները պետք է փնտրել Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառության տիրույթում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ առևտրային ցանցերում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ առևտրով զբաղվելու հնարավորությունը սահմանափակելու առաջարկությունը բոլոր տնտեսավարողների համար առողջ մրցակցային պայմաններ չի ապահովի, հետևաբար վերոնշյալ առաջարկության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:

Հարկ է նշել նաև, որ խոշոր ապրանքներ ներմուծողները՝ մեծածախ վաճառողները, ունեն նաև իրենց առևտրային ցանցերը, որոնց միջոցով իրականացնում են նաև մանրածախ վաճառք: Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում ստացվում է, որ անձը կարող է ներմուծել ապրանք, որը չի կարողանա վաճառել իրեն պատկանող առևտրային ցանցերում: Նման մոտեցումը լուրջ քննարկման ու հիմնավորման կարիք ունի, քանի որ այն միտված է նոր կարգավորումներ սահմանելու խոշոր ապրանքներ ներմուծողների՝ մեծածախ վաճառողների համար: Բացի այդ, մեծածախ վաճառողների գործունեությունը մանրածախ շուկայում սահմանափակելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց ներկայացված նախագծով արգելվում է զբաղվել մանրածախ առևտրով, իրենց պատկանող առևտրային ցանցերում կարող են չընդունել այն ապրանքատեսակները, որոնք ներմուծվել կամ արտադրվել են այլ անձանց կողմից։

Պարզ չէ նաև՝ նախատեսված սահմանափակումը որ ապրանքատեսակների մանրածախ առևտուր իրականացնելուն է վերաբերում՝ նախատեսված սահմանափակումը ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին է վերաբերում, թե նրանց, ովքեր ունեն առևտրային ցանցեր, ինչպես նաև սահմանված պահանջը չպահպանելու իրավական հետևանքը: Այդ առումով տեղին է նշել, որ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված է որոշակիության սկզբունքը, ըստ որի՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Իսկ ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Բացի նշվածից հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի օգոստոսի 27-ից շրջանառության մեջ են դրվել մանրածախ շուկայում մեծածախ վաճառողների գործունեության սահմանափակմանն ուղղված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ շահագրգիռ մարմինների և մասնավոր հատվածի կողմից ներկայացվել են բազմաթիվ մտահոգություններ։ Նախագծերի հիմքում ընկած՝ մանրածախ շուկայում մեծածախ վաճառողների գործունեության սահմանափակման գաղափարը աշխատանքային կարգով քննարկվել է նաև Համաշխարհային բանկի համապատասխան փորձագետների հետ, որոնք բացասական դիրքորոշում են ներկայացրել վերջինիս վերաբերյալ՝ պետության կողմից նմանատիպ միջամտությունը համարելով ոչ նպատակահարմար։ Նշված դիրքորոշումը հիմնավորվել է այն փաստարկով, որ պետության միջամտությունը ինքնին կարող է խաթարել մրցակցությունը տվյալ ոլորտում՝ արհեստականորեն խոչընդոտելով տնտեսավարողների ընդլայնմանը, սակայն խախտում է հանդիսանում ոչ թե գերիշխող դիրքի ձեռքբերումը տվյալ շուկայում, ինչը բնական երևույթ է և խելամիտ տնտեսավարման արդյունք, այլ միայն վերջինիս չարաշահումը, որի դեմ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծերը հանվել են շրջանառությունից։

 Այդուհանդերձ, հաշվի առնելով օրենսդրական տեխնիկայի պահանջները, անհրաժեշտ է նախագծի՝

 1) 1.1-ին հոդվածում՝

 ա. «Առևտրի և ծառայությունների մասին» բառերից հետո նախատեսված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել,

 բ. «ավելացնել նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ» բառերով.

 2) 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթներն անհրաժեշտ է միավորել ու նախատեսել մեկ հոդվածի տեսքով: