Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1460
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.29/34(1487) Հոդ.404
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.05.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 մայիսի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ» ԿԻՐԱՐԿՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ն. Երիցյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի փետրվարի 12-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի փետրվարի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 12-ին Երևանում:

Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող երկու hավելված:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունը գրավոր կտեղեկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Հայաստանի Հանրապետությունն ավարտել է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերը:

Յուրաքանչյուր կողմ կարող է դադարեցնել Համաձայնագիրը՝ դադարեցման մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

Համաձայնագրի դադարեցման դեպքում երկու կողմերը պետք է պահպանեն Համաձայնագրի «Գաղտնիություն» վերտառությամբ 7-րդ հոդվածի դրույթներով նախատեսված պարտավորությունները՝ Համաձայնագրի շրջանակներում ստացված բոլոր տեղեկությունների առումով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում (մասնավորապես՝ 4-րդ հոդվածում (3-րդ մաս), 8-րդ հոդվածում (1-ին և 2-րդ մասեր), 10-րդ հոդվածում (3-րդ մաս)) տեղ են գտել վրիպակներ, որոնք ուղղվել են՝ հայկական կողմի և ամերիկյան կողմի հայտագրերով: Հիշյալ հայտագրերը համարվում են Համաձայնագրի անբաժանելի մաս: Սահմանադրական դատարանը Համաձայնագրի հիշյալ հոդվածներում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցին անդրադառնում է՝ հաշվի առնելով կատարված ուղղումները:

2. Սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությամբ, մասնավորապես, ներկայացվել է, որ.

- «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՖԱՏԿԱ-ն) վերաբերում է Համաձայնագրով սահմանված ԱՄՆ անձանց: Այս նպատակով ֆինանսական կազմակերպությունները պահանջում են իրենց հաճախորդներից (ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ՝ նոր) լրացնել համապատասխան ձևաթղթեր և բացահայտել իրենց կարգավիճակի մասին առավել ամբողջական տեղեկատվություն.

- տեղեկատվությունը ԱՄՆ հարկային մարմնին տրամադրվում է հաճախորդի համաձայնությամբ: Դրա բացակայության դեպքում ֆինանսական կազմակերպությունը պետք է հնարավորինս զերծ մնա նրան սպասարկելուց.

- ԱՄՆ անձի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ հաշվի մնացորդը գերազանցում է 50.000 ԱՄՆ դոլարը՝ ֆիզիկական անձ հաճախորդի դեպքում և 250.000 ԱՄՆ դոլարը՝ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում.

- կիրառելի է ԱՄՆ աղբյուրից ստացված միջոցների (շահութաբաժին, տոկոս, հոնորար, անուիտետ, աշխատավարձ, վարձակալության վճար, ցանկացած տեսակի գույքի վաճառքից ստացված շահույթ) նկատմամբ:

Միաժամանակ Սահմանադրական դատարանը Համաձայնագրի սահմանադրականության հարցի քննության շրջանակներում հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությամբ ներկայացրած, մասնավորապես, այն տեղեկությունները, որ.

- 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը և ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամավորության սկզբունքով միացել են ՖԱՏԿԱ-ին` գրանցվելով ԱՄՆ հարկային մարմնի հատուկ համակարգում։ ԱՄՆ կողմից իրականացվել է այդ կազմակերպությունների գրանցումը ու դրա վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ԱՄՆ հարկային մարմնի պաշտոնական կայքում.

- ՀՀ ֆինանսական կազմակերպությունների՝ կամավորության սկզբունքով ՖԱՏԿԱ-ի պահանջներին միանալը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հայկական կողմը 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չուներ իրավասություն հրահանգելու ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատություններին պահանջելու Նոր անհատական հաշիվների հաշվետերերից ինքնավկայական` ինչպես այն սահմանված է Համաձայնագրի I հավելվածի III բաժնում կամ հաշվետվություն ներկայացնելու համաձայնություն՝ համաձայն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1դ ենթապարբերության.

- ՀՀ ֆինանսական կազմակերպությունները փաստացի միացել են ՖԱՏԿԱ-ին, ստացել են հաճախորդների համաձայնությունը և փաստացի տրամադրել են հաշվետվություններ.

- Համաձայնագրի I հավելվածի «Է» պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը կապահովի, որ ամերիկյան կողմին տրամադրվի նշված պարբերությամբ սահմանված գրավոր ծանուցում:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝

- հրահանգել և հնարավորություն տալ ՀՀ ֆինանսական հաստատություններին գրանցվելու Միացյալ Նահանգների Ներքին եկամուտների ծառայությունում (ՆԵԾ), ՆԵԾ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (ՕՀՀՀԱ) գրանցման կայքում և բավարարելու ՕՖՀ համաձայնագրի պահանջները, ներառյալ՝ վիճակի գնահատման, հաշվետվության և պահումներ կատարելու պահանջները,

- հրահանգել և հնարավորություն տալ ՀՀ ֆինանսական հաստատություններին` 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից սպասարկվող հաշիվների առնչությամբ, որոնք ճանաչվում են ԱՄՆ հաշիվներ, պահանջել յուրաքանչյուր Հաշվետիրոջից Հաշվետիրոջ Միացյալ Նահանգների դաշնային հարկատուի հաշվառման համարը (ԱՄՆ ՀՀՀ) և հաշվետվություն ներկայացնելու համաձայնություն, և միաժամանակ գրավոր տեղեկացնել հաշվետիրոջը, որ եթե ԱՄՆ ՀՀՀ-ն և համաձայնությունը չտրվեն, ապա ամփոփ տեղեկությունները հաշվի մասին կհայտնվեն ՆԵԾ-ին, հաշվի մասին տեղեկությունները կարող են հանգեցնել հաշվի մասին կոնկրետ տեղեկություններ ստանալու՝ ՆԵԾ-ի խմբային պահանջին, այդ դեպքում հաշվի մասին տեղեկությունները կփոխանցվեն ՀՀ իրավասու մարմնին, և ՀՀ իրավասու մարմինը կարող է փոխանակել այս տեղեկությունները ՆԵԾ-ի հետ՝ Համաձայնագրով սահմանված կարգով,

- հրահանգել և հնարավորություն տալ ՀՀ ֆինանսական հաստատություններին` 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից սպասարկվող հաշիվների առնչությամբ, որոնք ճանաչվում են ԱՄՆ հաշիվներ, տարեկան հաշվետվություն ներկայացնել ՆԵԾ-ին՝ ՕՖՀ համաձայնագրով և ԱՄՆ գանձապետարանի համապատասխան կանոնակարգով նախատեսված ժամկետներում և ձևով, ինչպես նաև ներկայացնել պահանջվող ամփոփ տեղեկությունները համաձայնություն չտրամադրած հաշվետերերի ԱՄՆ հաշիվների համար,

- հրահանգել և հնարավորություն տալ ՀՀ ֆինանսական հաստատություններին նոր հաշիվների համար, որոնք ճանաչվել են ԱՄՆ հաշիվներ, ստանալ յուրաքանչյուր հաշվետիրոջ համաձայնությունը՝ հաշվետվության համար՝ համաձայն ՕՖՀ համաձայնագրի պահանջների՝ որպես հաշիվը բացելու պայման,

- հրահանգել և հնարավորություն տալ ՀՀ ֆինանսական հաստատություններին 2014 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո Ոչ-մասնակից ֆինանսական հաստատության կողմից բացված նոր հաշիվների կամ ստանձնած պարտավորությունների առնչությամբ, որոնց համար ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությունն ակնկալում է վճարելու օտարերկրյա հաշվետվության ենթակա գումար, յուրաքանչյուր այդպիսի Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունից ստանալու հաշվետվություն տալու համաձայնություն՝ համաձայն ՕՖՀ համաձայնագրի պահանջների՝ որպես հաշիվը բացելու կամ պարտավորությունը ստանձնելու պայման,

- ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը ԱՄՆ իրավասու մարմնին ներկայացնի ԱՄՆ իրավասու մարմնի պահանջած տեղեկությունները՝ ըստ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2 (ա) և 2 (բ) ենթապարբերությունների՝ անկախ այն բանից, թե արդյոք Հայաստանի Հանրապետությանը պետք են այդ տեղեկությունները սեփական հարկային նպատակներով կամ արդյոք այդ տեղեկություններն առնչվում են որոշակի վարքի հետաքննության հետ, ինչը կարող է հանցագործություն համարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այդպիսի վարքը դրսևորվեր Հայաստանի Հանրապետությունում,

- ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը, Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության և 4-րդ հոդվածի համաձայն, Միացյալ Նահանգներից ստացած ցանկացած տեղեկություն դիտարկի որպես գաղտնի և այդպիսի տեղեկությունները միայն բացահայտի անհրաժեշտության դեպքում` Համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները կատարելու համար: Այդպիսի տեղեկությունները կարող են բացահայտվել Համաձայնագրով նախատեսված՝ ՀՀ պարտավորությունների կատարման առնչությամբ դատավարության կապակցությամբ,

- ապահովել, որ ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությունները Համաձայնագրի I հավելվածով ներկայացված վիճակի գնահատման ընթացակարգի համաձայն նույնականացնեն ԱՄՆ հաշիվները և Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունների սպասարկած հաշիվները,

- եթե այլ բան նախատեսված չէ, ապա ապահովել, որ տեղեկություններն ԱՄՆ հաշվի մասին տրամադրվեն տարին մեկ անգամ՝ տեղեկությունների տարվան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում,

- ապահովել, որ ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությունը՝ նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների համար, որոնց հաշվեկշիռը կամ արժեքը 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ գերազանցում է 50.000 ԱՄՆ դոլարը (250.000 ԱՄՆ դոլար կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրի կամ Անուիտետային պայմանագրի համար), բայց չի գերազանցում 1.000.000 ԱՄՆ դոլարը («Փոքր արժեքով հաշիվներ»), ստուգի ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատության ունեցած էլեկտրոնային ճանապարհով որոնելի տվյալները՝ Համաձայնագրի I հավելվածի II բաժնի Բ (1) ենթապարբերությունում թվարկված ԱՄՆ ցուցիչներից որևէ մեկը գտնելու նպատակով,

- ապահովել, որ ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությունը՝ նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվների համար, որոնք ունեն 1.000.000 ԱՄՆ դոլարը գերազանցող հաշվեկշիռ կամ արժեք 2014 թվականի հունիսի 30-ի կամ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի կամ որևէ հաջորդ տարվա դրությամբ («Բարձր արժեքով հաշիվներ»), ստուգի ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատության ունեցած էլեկտրոնային ճանապարհով որոնելի ունեցած տվյալները՝ Համաձայնագրի I հավելվածի II բաժնի Բ (1) ենթապարբերությունում նկարագրված ԱՄՆ ցուցիչներից որևէ մեկը գտնելու նպատակով,

- բացի Համաձայնագրի I հավելվածի II բաժնի Ա (4) ենթապարբերությունում նկարագրված ավանդային հաշիվներից՝ նախկինում առկա (գոյություն ունեցող) որևէ անհատական հաշիվ, որը համաձայն Համաձայնագրի I հավելվածի II բաժնի բացահայտվել է որպես ԱՄՆ հաշիվ, բոլոր հետագա տարիներին դիտել որպես ԱՄՆ հաշիվ, քանի դեռ հաշվետերը չի դադարի ԱՄՆ նախատեսված անձ լինելուց,

- Նոր անհատական հաշիվների համար, որոնք նկարագրված չեն Համաձայնագրի I հավելվածի III բաժնի Ա պարբերությունում, ապահովել, որ հաշիվը բացելիս (կամ 90 օրվա ընթացքում այն օրացուցային տարվա ավարտից հետո, որի ընթացքում այս հաշիվը դադարել է նկարագրված լինել Համաձայնագրի I հավելվածի III բաժնի Ա պարբերությունում), ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությունը ստանա ինքնավկայագրում, որ կարող է լինել հաշիվը բացելու փաստաթղթերի մաս, որը թույլ է տալիս ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությանը որոշել՝ արդյոք հաշվետերը ռեզիդենտ է Միացյալ Նահանգներում հարկային նպատակներով (այս նպատակի համար, ԱՄՆ քաղաքացին համարվում է ռեզիդենտ Միացյալ Նահանգներում հարկային նպատակների համար, նույնիսկ եթե հաշվետերը նաև այլ երկրի հարկային ռեզիդենտ է) և հաստատում է այդպիսի ինքնավկայագրման ողջամտությունը՝ հիմնվելով այն տեղեկությունների վրա, որ ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատությունը ստացել է այդ հաշիվը բացելու առնչությամբ, ներառյալ՝ փաստաթղթերը, որոնք հավաքվել են Համաձայնագրով սահմանված ընթացակարգերի համաձայն:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջազգային տնտեսական գործունեություն իրականացնելիս հարկերից խուսափելու դեմ պայքարում համագործակցության բարելավմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի փետրվարի 12-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

21 մայիսի 2019 թվականի

ՍԴՈ-1460