Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-24-Ո-Կ-07
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.29/34(1487) Հոդ.397
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.05.2019
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

   Ք. Երևան

 08 մայիսի 2019 թ.

ԲԴԽ-24-Ո-Կ-07

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Գ.Հարությունյանի,

 

մասնակցությամբ` անդամներ

Ա. Բեկթաշյանի,

Գ. Դանիելյանի,

Ա. Խաչատրյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ս. Մեղրյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

   

Երևան քաղաքի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի դատավոր

Ն. Բաղդասարյանի,
 
Դատավորների ընդհանուր ժողովի
կարգապահական հարցերի
հանձնաժողովի նախագահ
 
Մ. Պապոյանի,
 

Դատավորների ընդհանուր ժողովի
կարգապահական հարցերի
հանձնաժողովի անդամ

Մ. Մակյանի,
   
քարտուղարությամբ՝

Մ. Թելոյանի,

 

դռնփակ նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետև նաև՝ Հանձնաժողով) N-Կ-7/2019 որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետև նաև՝ Դատարան) դատավոր Նելլի Բաղդասարյանին (այսուհետև նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

 

Հանձնաժողովի 2019 թվականի մարտի 25-ի N Կ-7/2019 որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի 2019 թվականի հունվարի 23-ի հաղորդումը։

Հաղորդման մեջ նշվել է, որ ինքնաբացարկ հայտնելով՝ Դատավորը թույլ է տվել դատավոր վարքագծի կանոնի խախտում:

Հանձնաժողովին ներկայացված հաղորդմամբ, մասնավորապես, նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդություն, որը մակագրվել է Դատավորին: Վերջինս 2019 թվականի հունվարի 10-ին կայացրել է ինքնաբացարկի որոշում:

Հանձնաժողովի 2019թ. մարտի 2-ի թիվ N-Կ-7/2019 որոշմամբ Դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հաղորդման հիման վրա Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Կարգապահական հարցերի հանձնաժողովին և Բարձրագույն դատական խորհրդին:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

 

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Հանձնաժողովին տրամադրված թիվ ԵԴ/1277/06/18 դատական գործով Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին 2018 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման, թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործի համապատասխան նյութերի, ինչպես նաև Դատավորի ներկայացրած գրավոր բացատրության ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը, վկայակոչելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասը, 90-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 71-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, Սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-918 որոշումը, հանգել է այն հետևությանը, որ Դատավորի կողմից մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը, որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում գործով մասնակցող դատախազներ Կ. Բիշարյանի և Վ. Դոլմազյանի, ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի կողմից ներկայացված միջնորդությունների բավարարումն անհիմն է, չի բխում դատարան ներկայացված քրեական գործի նյութերի փաստական տվյալներից: Մասնավորապես՝ նշված քրեական գործի շրջանակներում Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Նախագահը, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Իսկ մյուս դեպքում Վ. Հարությունյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքի համար, որ նա, 2008 թվականի մարտի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 17-ը հանդիսանալով սույն քրեական գործով քննչական խմբի ղեկավարը, ՀՀ զինված ուժերի մասնակցության և վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով կազմակերպել է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները քննչական խմբի առանձին քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից կեղծելու գործողությունները, որոնք փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Հանձնաժողովը փաստել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Վ. Հարությունյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և այդ երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, նրանց մեղսագրվող արարքներն առերևույթ իրարից տարբերվում են և չեն լրացնում մեկը մյուսին: Հանձնաժողովն անհիմն է համարում մեղադրանքի կողմի պնդումն առ այն, որ Դատավորի և նրա ամուսնու մտերմությունը Վ. Հարությունյանի հետ ինչ-որ ձևով կարող էր անդրադառնալ նաև Ռ. Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննության արդյունքում կայացվող որոշման հիմնավորվածությանն ու պատճառաբանվածությանը՝ անկողմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցելով դատավորի անաչառության մեջ:

Հանձնաժողովը, վերլուծելով մեջբերված փաստերը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 71-րդ հոդվածների պահանջների ներքո, արձանագրել է, որ Դատավորի կայացրած ինքնաբացարկի որոշման հիմք է հանդիսացել միայն միջնորդություն ներկայացրած կողմի՝ դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում է հնարավոր հիմնավորված ինքնաբացարկի որոշում կայացնել: Միաժամանակ Հանձնաժողովը արձանագրել է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով, իսկ օրենքի պահանջը, ի թիվս այլնի, հանգում է նրան, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ՝ հակառակ պարագայում դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը: Մինչդեռ միայն դատավորի անաչառության վերաբերյալ կողմի կասկածը փարատելն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող:

Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ Դատավորի կողմից ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված իրավադրույթներով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ, ինչպես վերը նշվել է, տվյալ դեպքում մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ: Ըստ Հանձնաժողովի, Դատավորի կողմից կայացված՝ մեղադրյալ Վ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ թիվ ԵԴ/1277/06/18 դատական գործով 2018 թվականի դեկտեմբերի 26-ին նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումը դեռևս հիմք չէր Դատավորի կողմից թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Այսինքն, Դատավորի կողմից կայացված որոշման հիմքում դրվել է օրենքով դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք չհանդիսացող հանգամանք, ինչի արդյունքում Դատավորի կողմից չեն պահպանվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 71-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ և 90-րդ հոդվածներով սահմանված՝ ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները: Արդյունքում, Հանձնաժողովը գտել է, որ դատավորի՝ որպես արդարադատություն իրականացնելու բացառիկ լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի նման խախտման հետևանքով հեղինակազրկվել է դատական իշխանությունը: Հետևաբար, Հանձնաժողովն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնի վերոհիշյալ խախտումը կրում է կոպիտ բնույթ:

Հանձնաժողովը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը, 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 147-րդ հոդվածի 5-րդ մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը գտել է, որ Դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում, ինչը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության, որպիսի պայմաններում առկա է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Հանձնաժողովը միաժամանակ գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտումը էական չէ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Կարգապահական հարցերի հանձնաժողով և Բարձրագույն դատական խորհուրդ:

Կարգապահական հարցերի հանձնաժողով ներկայացված գրավոր բացատրության մեջ Դատավորը հայտնել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 23-ից 31-ը ներառյալ Դատարանի նախագահի կողմից հաստատված Դատավորների հերթապահության ժամանակացույցի համաձայն՝ Դատարանի Շենգավիթ նստավայրում երկու դատավորով իրականացրել են հերթապահություն:

2018 թվականի դեկտեմբերի 26-ին Դատարանում մուտք է եղել թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Խուդոյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը, որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որին շնորհվել է ԵԴ/0743/06/18 համարը: Դատական գործը Դատարանի Շենգավիթ նստավայր է ստացվել 2018 թ-ի դեկտեմբերի 27-ին և նույն օրը հանձնվել է իրեն: Միջնորդության քննարկումը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին:

2018 թ-ի դեկտեմբերի 28-ին միջնորդության քննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանը հայտարարել է, որ Դատավորին պատրաստվում է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ նա ինքնաբացարկ է հայտնել նույն գործի շրջանակներում մեկ այլ մեղադրյալի՝ Վ. Հարությունյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ և, քանի որ Դատավորը և նրա ամուսինը մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվում նույն գործով մեղադրյալ Վ. Հարությունյանի հետ, իսկ վերջինիս 2018 թվականի դեկտեմբերի 13-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հայտնել է, որ դա «շինծու, կեղծ, ապօրինի» մեղադրանք է, ինչը կասկածի տակ է դնում նախագահող դատավորի անաչառությունը, քանի որ «ամեն մարդ ինքն է որոշում, թե իր մտերիմի համար ինչի է պատրաստ», խնդրել է տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ինքնաբացարկի միջնորդությունը պատշաճ պատրաստելու և ներկայացնելու համար: Քննիչի միջնորդությանն են միացել նաև Գլխավոր դատախազության դատախազներ Կ. Բիշարյանը և Վ. Դոլմազյանը:

Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, քննարկել է միջնորդության նախապատրաստման համար երեք ժամ ժամանակ տրամադրելու հարցը: Սակայն վերջիններս խնդրել են լրացուցիչ ժամկետ պատշաճ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար և դատական նիստը հետաձգվել է ու նշանակվել 2019 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 14:00-ին:

2019 թվականի հունվարի 9-ին Դատավորին միջնորդություն է ներկայացվել ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ, ինչի դեմ առարկություն է ներկայացրել Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հ. Ալումյանը՝ հայտնելով, որ միջնորդություններն ակնհայտ անհիմն են, նպատակ են հետապնդում հոգեբանական ճնշում գործադրել դատարանի վրա՝ շահարկելով «մտերիմ» բառը: Հ. Ալումյանը նշել է նաև այն, որ մարդու իրավունքը վկայակոչելով՝ ինքնաբացարկի միջնորդություն հայտնելն անթույլատրելի մոտեցում է: Առկա է Ռ. Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության հրատապություն, քանի որ դատական նիստն արդեն իսկ հետաձգվել է 12 օր ժամկետով:

Դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանն առարկել են նաև Ռ. Քոչարյանի մյուս պաշտպաններ Հ. Խուդոյանը, Ռ. Սահակյանը և Ա. Օրբելյանը՝ նշելով, որ առկա չեն նախագահող դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը, տրամաբանական կապ չկա Ռ. Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու և Վ. Հարությունյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունների միջև: Դատավորը պարտավոր չէ խուսափել արդարադատություն իրականացնելուց:

Դատավորն իր ինքնաբացարկի որոշումը պատճառաբանել է նրանով, որ Վ. Հարությունյանի հետ ինքը և իր ամուսինը՝ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Ա. Բարսեղյանը, երկար տարիներ գտնվում են ընկերական և մտերիմ հարաբերությունների մեջ, բացի այդ, ամուսինը, շուրջ քսան տարի ծանոթ լինելով Վ. Հարությունյանի հետ դատախազության համակարգում համատեղ աշխատանքից, վերջին հինգ տարիների ընթացքում գտնվել են գրեթե ամենօրյա շփման մեջ:

Դատավորը նշել է նաև, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Վ. Հարությունյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միևնույն գործի շրջանակներում, իսկ մեղադրյալ Վ. Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ թիվ ԵԴ/1277/06/18 գործով՝ վերը նշված հանգամանքներով պայմանավորված, իր կողմից ինքնաբացարկ է հայտնվել ու թեև վերոհիշյալ հանգամանքները չեն խոչընդոտել նախագահող դատավորին՝ գործով անկողմնակալ լինելու առումով, սակայն հաշվի առնելով, որ դրանք արդեն իսկ ողջամիտ կասկած են հարուցել իր՝ որպես նախագահող դատավորի անկողմնակալության մեջ, ուստի այդ հանգամանքների առկայության պայմաններում միջնորդության քննության արդյունքում կայացված ցանկացած որոշում (բավարարման կամ մերժման առումով) անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ:

Դատավորը միաժամանակ նշել է, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելն ու գրավի միջնորդությունն այլ դատավորի վարույթ փոխանցելը չէր կարող հանգեցնել և չի հանգեցրել որևէ բացասական հետևանքի, ինչի կապակցությամբ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 42-րդ, 88-րդ, 90-րդ, 102-րդ և 313-րդ հոդվածներով՝ դատարանն ինքնաբացարկի միջնորդությունները բավարարել է՝ թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով հայտնելով ինքնաբացարկ:

Դատավորն իր բացատրությամբ անդրադարձ է կատարել նաև Ռ. Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հ. Խուդոյանի կողմից դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 31-ին թիվ 62202608 քրեական գործով ներկայացված բողոքին՝ նշելով, որ նշված բողոքի քննարկման կապակցությամբ կայացել են դատական նիստեր, և, նկատի ունենալով, որ բացակայել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված ինքնաբացարկ հայտնելու հիմքերը` իր կողմից ինքնաբացարկ չի հայտնվել: Ինքնաբացարկի որոշումը կայացվել է միայն 2019 թվականի հունվարի 22-ին գրավի միջնորդության քննության շրջանակներում քննիչի և դատախազների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները բավարարելու վերաբերյալ 2019 թվականի հունվարի 10-ի որոշումը կայացնելուց հետո:

Դատավորը նշել է, որ նշված փաստարկը բերվում է ի հիմնավորում այն հանգամանքի, որ քննարկվող դեպքում իր կողմից 2019 թվականի հունվարի 10-ին հայտնվել է ինքնաբացարկ, բացառապես հիմք ընդունելով քննիչի և դատախազների նույնաբովանդակ միջնորդությունները, ընդ որում նույն քրեական գործի շրջանակներում մեկ այլ մեղադրյալի՝ Վ. Հարությունյանի կապակցությամբ նույն դատավորի կողմից ինքնաբացարկի որոշման առկայության պայմաններում:

Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված գրավոր և բանավոր բացատրության մեջ, Դատավորը վերահաստատել է Հանձնաժողովին ներկայացրած իր փաստարկները և, ի լրումն վերջիններիս՝ նշել, որ Հանձնաժողովի այն դիտարկումը, որ ինքնաբացարկի միջնորդությունների բավարարումն անհիմն է և չի բխում դատարանին ներկայացված քրեական գործի նյութերի փաստական տվյալներից՝ օբյեկտիվ համարվել չի կարող:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի կողմից բերված այն փաստարկին, որ իր կողմից ինքնաբացարկի որոշման համար հիմք է հանդիսացել միայն միջնորդություն ներկայացրած կողմի դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները, և ըստ էության անտեսվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով ամրագրված հիմքերը, Դատավորը հարկ է համարել նշել, որ Հանձնաժողովի այդ փաստարկն իր կարծիքով արդարացի չէ, քանզի քննարկվող որոշումը կայացնելիս նա ղեկավարվել է բացառապես օրենքով, մասնավորապես Հանձնաժողովի կողմից հիշատակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով:

Դատավորն անհրաժեշտ է համարել փաստել այն, որ համաձայն ԵԱՀԿ հովանու ներքո ընդունված՝ «Արևելյան Եվրոպայի, հարավային կովկասի և կենտրոնական ասիայի երկրներում դատական անկախության» Կիևյան հանձնարարականի՝ «դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը պետք է վերաբերվի կոպիտ և աններելի ոչ պրոֆեսիոնալ վարքագծին, որը վնաս է հասցնում ամբողջ դատական իշխանության հեղինակությանը», իսկ դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության մասին Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec/2010/2012 հանձնարարականի համաձայն՝ «Դատավորները պետք է ունենան անսահմանափակ ազատություն գործով անկողմնակալ որոշում կայացնելու համար՝ օրենքի հիման վրա և փաստերի իրենց սեփական մեկնաբանությամբ», բացի այդ, «կարգապահական վարույթ կարող է հարուցվել, եթե դատավորներն իրենց պարտականությունները չեն կատարում արդյունավետորեն և պատշաճ կերպով (...)»:

Դատավորը նշել է, որ նշվածը վկայում է այն մասին, որ ինքնաբացարկի որոշումը կայացնելիս առաջնորդվել է միայն օրենքով՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումներին համահունչ:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները.

 

1. 2008 թ. մարտի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած՝ հրազենի, պայթուցիկ նյութերի գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ:

2. 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գևորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադևոսյանի և Տիգրան Աբգարյանի մահվան դեպքերի առթիվ 2009 թվականի մարտի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:

3. 2009 թ. հուլիսի 13-ին թիվ 62202608 քրեական գործին է միացվել 2008 թ. մարտի 1-ին և 2-ին ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից զենքի՝ հատուկ միջոց հանդիսացող ԿՍ-23 հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ Գոռ Քլոյանին, Արմեն Ֆարմանյանին, Տիգրան Խաչատրյանին մահ և ևս 3 անձի՝ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով հարուցված քրեական գործը:

4. 2018 թ. հուլիսի 3-ին թիվ 62202608 քրեական գործին է միացվել 2008 թ. փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցված քրեական գործը:

5. Նախաքննության ընթացքում Ռ. Քոչարյանը 2018 թ. հուլիսի 26-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Նախագահը, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

6. 2018 թ. հուլիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել Դատարան մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար:

7. Դատարանի 2018 թ. հուլիսի 27-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով: Նույն որոշմամբ Դատարանը մերժել է կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը:

8. Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը, 2018 թ. օգոստոսի 13-ին բեկանել է առաջին ատյանի դատարանի 2018 թ. հուլիսի 27-ի որոշումը և մեղադրյալ Ռ. Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից:

9. Վերաքննիչ դատարանի 2018 թ. օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազը և պաշտպանության կողմը:

10. 2018 թ. նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանի 2018 թ. օգոստոսի 13-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

11. 2018 թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին:

12. 2018 թ. հոկտեմբերի 29-ին թիվ 62202608 քրեական գործին է միացվել քննչական խմբի կողմից քննվող սույն քրեական գործի նախաքննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության առանձին քննիչների կողմից առանձնապես ծանր հանցագործությունների, այն է՝ 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ոստիկանության բարձրաստիճան, ինչպես նաև փորձաքրեագիտական վարչության առանձին պաշտոնատար անձանց օժանդակությամբ, միասնական դիտավորությամբ 2008 թվականի ընթացքում ապացույցները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2018 թվականի հոկտեմբերի 27-ին հարուցված քրեական գործը:

13. Նախաքննության ընթացում Վ. Հարությունյանը 2018 թ. հոկտեմբերի 30-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նկատի ունենալով, որ Վ. Հարությունյանը թաքնվում է քննությունից և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, նույն օրը որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

14. 2018 թ. դեկտեմբերի 26-ին որոշում է կայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին, նույն օրը Վ. Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

15. 2018 թ. դեկտեմբերի 26-ին միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ Վ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որին շնորհվել է դատական գործի ԵԴ/1277/06/18 համարը, և նույն օրը այն մակագրվել է Դատավորին:

16. Դատավորը նույն օրը թիվ ԵԴ/1277/06/18 դատական գործով կայացրել է նախագահող դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում, այն պատճառաբանությամբ, որ նա և իր ամուսինը՝ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Ա. Բարսեղյանը, Վ. Հարությունյանի հետ գտնվում են մտերիմ հարաբերությունների մեջ, հետևաբար նշված հանգամանքի առկայության պայմաններում միջնորդության քննության արդյունքում կայացված ցանկացած որոշում անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել սույն գործով դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ:

17. 2018 թ. դեկտեմբերի 26-ին Դատարանում մուտք է եղել թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որին շնորհվել է դատական գործի ԵԴ/0743/06/18 համարը: Դատական գործը Դատարանի Շենգավիթ նստավայր է ստացվել 2018 թ. դեկտեմբերի 27-ին և նույն օրը հանձնվել է Դատավորին:

18. 2019 թ. հունվարի 9-ին կայացած դատական նիստի ընթացքում դատախազներ Կ. Բիշարյանի և Վ. Դոլմազյանի, ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի կողմից միջնորդություններ են ներկայացվել Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ:

19. Դատավորը 2019 թվականի հունվարի 10-ին թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով կայացրել է նախագահող դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի անդամ Մ. Մակյանի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Օրենսդիրը, ամրագրելով յուրաքանչյուրի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության լիարժեք իրականացումը, սահմանել է նաև այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, որպիսի հանգամանքը դատարանի անկողմնակալության ապահովման կարևորագույն երաշխիք է:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, պաշտպանը, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, որոնց հայտնի են քրեական դատավարությանն իրենց մասնակցությունը բացառող հանգամանքներ, պարտավոր են դրանց մասին հայտնել դատավարության շահագրգռված մասնակիցներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ նրանք կասկածում են իրենց մասնակցությամբ գործի նորմալ քննության հնարավորությանը` հայտարարել ինքնաբացարկ կամ գործով վարույթից իրենց հեռացնելու մասին միջնորդություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված է՝ Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ:

Քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին:

Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց մի շարք որոշումներում հանգամանորեն անդրադարձել են անկախ և անաչառ դատարանի կողմից անձի՝ իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի երաշխավորման իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես արդար դատաքննության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ երբ քննարկվում է դատարանի «կողմնակալություն» եզրույթը, ապա ուսումնասիրման առարկա է լինում դատարանի անկախությունը vis-a-vis կոնկրետ գործով կողմերի հետ հարաբերություններում (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Սանդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 21.09.2010 թ. վճռի 41-րդ կետը):

Մեկ այլ գործի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի անկողմնակալության հարցը քննարկելիս էական են այն փաստերը, որոնք հիմք են հանդիսանում անկողմնակալության մասին կասկածի առաջացման համար։ Երբ քննության առարկա է այն հարցը, թե կա արդյոք բավարար հիմք դատարանի անկողմնակալության մասին կասկածի համար, նման կասկածի մասին բարձրաձայնող կողմի դիրքորոշումը կարևոր է, բայց ոչ որոշիչ։ Որոշիչ է այն, թե արդյոք նման կասկածը կարող է դիտվել որպես օբյեկտիվորեն արդարացի թե ոչ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գաուտրին ընդդեմ Ֆրանսիայի գործով 20.05.1998 թ. վճռի 58-րդ կետը): Ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը՝ սուբյեկտիվ մոտեցումն է, որը թույլ է տալիս պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը՝ օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյո՞ք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Պյերսակն ընդդեմ Բելգիայի գործով 01.10.1982 թ. վճռի 30-րդ կետը): Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից կիրառվում են երկու չափորոշիչները, թե դրանցից մեկը, անկողմնակալության հարցը կախված կլինի գործով կոնկրետ փաստերից (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Ռիանուն ընդդեմ Կիպրոսի գործով 15.12.2005 թ. վճռի 121-րդ կետը):

Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում գործով մասնակցող դատախազներ Կ.Բիշարյանի, Վ.Դոլմազյանի, ՀԿԳ ավագ քննիչ Հր.Մուշեղյանի կողմից ներկայացված միջնորդությունների բավարարումը չի բխում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի իրավակարգավորումներից, ինչպես նաև դատարան ներկայացված քրեական գործի նյութերից: Դատավորը թիվ ԵԴ/0743/06/18 գործով ինքնաբացարկ հայտնելու մասին որոշման մեջ ներկայացրել է ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ չափանիշներով պայմանավորված հիմնավորումներ, սակայն դրանք աղերսներ չունեն օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հետ և առանձնանում են խիստ ուրույն դիրքորոշումներով, իսկ մի շարք առանցքային հարցադրումների առնչությամբ, որոնց անդրադարձ կարվի ստորև, Դատավորն անգամ խուսափել է դիրքորոշում հայտնելուց և պարզապես բավարարվել է օրենսդրությամբ ամրագրված ձևակերպումներն արտացոլելով:

Դատավորը, շարադրելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 2-րդ մասի 1-ին կետի նորմերը, դրանք փորձել է փոխկապակցել նույն գործով անցնող մեկ այլ մասնակցի վերաբերյալ միջնորդության առնչությամբ իր կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշման հետ, անտեսելով, որ տվյալ դեպքում բացակայում է իրավական արժեք ունեցող փոխկապակցվածությունը, ինչպես նաև անաչառ և անկախ լինելու դատավորի ունակության անհրաժեշտությունը: Մասնավորապես, ԵԽ Նախարարների կոմիտեի 2010 թ. նոյեմբերի 17-ի թիվ CM/Rec(2010)12 հանձնարարականի 22-րդ կետի համաձայն. «Դատական անկախության սկզբունքը նշանակում է յուրաքանչյուր դատավորի անկախություն դատավարական գործառույթներ իրականացնելուց: Դատավորները որոշումներ կայացնելիս պետք է լինեն անկողմնակալ և անկախ, ունակ լինեն, գործելու առանց որևէ ազդեցության, ճնշման, ուղղակի կամ անուղղակի վերաբերմունքի կամ ներգործության (...)»:

Այսպիսով, դատավորի անկախությունը սոսկ արտաքին ուղղվածության վերացական պահանջ չէ. այն կարող է երաշխավորված լինել միայն այն դեպքում, երբ դատավորը ևս օժտված է անկողմնակալ և անաչառ լինելու ունակությամբ: Արտաքին ազդեցությունն ինքնին բավարար հիմք չէ դատավորների անկախության ու անաչառության խոցելիության մասին միանշանակ դատողություններ անելու համար, քանզի դրան ողջամիտ եղանակներով կարող է և պարտավոր հակազդել դատավորը:

Դատավորի այն պատճառաբանությունը, ըստ որի՝ ինքն արդեն իսկ ինքնաբացարկ է հայտնել նույն գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Վ.Հարությունյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս, ուստի չէր կարող նույն գործով մեկ այլ մեղադրյալի խափանման միջոցը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քններ, մանավանդ, որ արդեն իսկ, հանձինս միջնորդությունը ներկայացրած քննիչի և մասնակցող դատախազների, առկա էր ողջամիտ կասկած իր անաչառության վերաբերյալ, հիմնավորված չէ՝ հետևյալ փաստարկներով.

- ըստ էության, իրենց միջնորդությամբ քննիչը և դատախազները միանշանակ չեն արձանագրել, որ իրենց մոտ ձևավորվել է կասկած դատավորի անաչառության մեջ, այլ սոսկ հնչեցրել են հարցադրում, թե արդյոք Դատավորի կողմից Վ.Հարությունյանի առնչությամբ կայացված որոշումն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածի տեղիք չի տա: Իսկ այդպիսի իրավիճակում Դատավորին ինքը պետք է իր դիրքորոշումը հայտներ նշված հարցադրումների առնչությամբ,

- միջնորդությամբ որևէ նոր հանգամանք չի մատնանշվել, որը հայտնի չլիներ Դատավորին մինչև միջնորդություն ներկայացնելը, ինչի մասին հավաստել է նաև Դատավորը, ինչից բխում է, որ Դատավորն անտեսել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդված 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ դատավորը պարտավոր է բացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ համաձայն սույն կարգապահական վարույթի նյութերի Ռ. Քոչարյանը 2018 թվականի հուլիսի 26-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Նախագահ, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը, իսկ Վ. Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին որոշում է կայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին, նույն օրը Վ. Հարությունյանը ներգրավվել է, որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ թեև Վ. Հարությունյանը և Ռ. Քոչարյանը ներգրավված են որպես մեղադրյալներ նույն քրեական գործի շրջանակներում, սակայն վերջիններիս մեղսագրվող արարքները չեն լրացնում միմյանց և տարբերվում են, ավելին՝ միջնորդությունը քննարկելիս, Դատավորը պետք է հաշվի առներ այնպիսի գործոններ, որոնք միևնույն գործով անցնող մեղադրյալների պարագայում խիստ անհատական բնույթ ունեն: Անգամ միևնույն մեղադրանքի պարագայում, իսկ այս դեպքում մեղադրանքը չի համընկնում, մեղադրյալների նկատմամբ կարող են կիրառվել տարբեր խափանման միջոցներ, քանի որ խափանման միջոցի ընտրության չափանիշները խիստ անհատական են:

Խորհուրդն անհիմն է համարում Դատավորի այն փաստարկը, որ Վ. Հարությունյանի հետ ինքը և իր ամուսինը՝ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Ա. Բարսեղյանը, երկար տարիներ գտնվում են ընկերական և մտերիմ հարաբերությունների մեջ: Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը հստակ սահմանել է գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտներին, այսինքն դատավարության մասնակիցներին: Տվյալ պարագայում Վ.Հարությունյանը թեև հանդես է գալիս որպես մեղադրյալ նույն քրեական գործի շրջանակներում, սակայն թիվ ԵԴ/0743/06/18 գործի շրջանակներում վերջինս չի համարվում դատավարության մասնակից, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդիրը դատավորի համար սահմանել է ինքնաբացարկ հայտնելու պարտականություն ի թիվս այլնի այն դեպքում, երբ վերջինս կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, սույն դեպքում Դատավորը «կանխակալ» վերաբերմունք ունի մեղադրյալ Վ.Հարությունյանի նկատմամբ, ով թիվ ԵԴ/0743/06/18 գործի շրջանակներում հանդես չի գալիս որպես դատավարության մասնակից:

Դատավորի կողմից անտեսվել է նաև այն կարևոր հանգամանքը, որ իր բոլոր պատճառաբանություններն ընդհանրապես վերաբերում են բուն դատաքննության փուլում ինքնաբացարկի հիմքերին, մինչդեռ ՄԻԵԴ-ի նախադեպային դատական ակտերով ամրագրվել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննելիս, «որոշ ընթացակարգային երաշխիքներ կարող են և չկիրառվել» (տե՛ս Վերա Ֆերնանդես-Ուիդոբրոն ընդդեմ Իսպանիայի գործով 06.01.2010 թ. թիվ 74181/01 վճիռը, կետ 108-114): Այլ կերպ ասած, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության փուլում ինքնաբացարկի հիմքերը գնահատելիս դատավորը պետք է ելակետ ընդունի այն, որ դրանք չեն կարող ունենալ այն լայն շրջանակները, որոնք բնորոշ են բուն դատաքննության փուլին, նա պետք է փորձի այդ փուլում առավել անկախ, անկաշկանդ լինել:

Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի պնդումն առ այն, որ Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Վ. Հարությունյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին միևնույն գործի շրջանակներում, իսկ մեղադրյալ Վ. Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ թիվ ԵԴ/1277/06/18 գործով՝ վերը նշված հանգամանքներով պայմանավորված, իր կողմից ինքնաբացարկ է հայտնվել, ու թեև վերոհիշյալ հանգամանքներն իրեն չեն խոչընդոտել գործով անկողմնակալ լինելու առումով, սակայն հաշվի առնելով, որ դրանք արդեն իսկ ողջամիտ կասկած են հարուցել իր՝ որպես նախագահող դատավորի անկողմնակալության մեջ, ուստի այդ հանգամանքների առկայության պայմաններում միջնորդության քննության արդյունքում կայացված ցանկացած որոշում (բավարարման կամ մերժման առումով) անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ: Եվրոպական դատարանի արտահայտած վերոնշյալ դիրքորոշումից՝ կարելի է արձանագրել, որ երբ դատավարության մասնակիցներից որևէ մեկը կասկածի տակ է դնում դատարանի անկողմնակալությունը, ապա վերջինս նաև պետք է ներկայացնի բավարար հիմքեր դատարանի անկողմնակալության մասին ողջամիտ կասկածը հիմնավորելու համար, հակառակ դեպքում վերջինիս կողմից վկայակոչված հանգամանքները չեն կարող դատարանի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ կասկածը հաստատելու հիմք հանդիսանալ, ուստի սույն վարույթի շրջանակներում հիմնավոր է Հանձնաժողովի հետևությունն առ այն, որ Դատավորի կողմից ինքնաբացարկի որոշումը կայացվել է միջնորդաբերների կասկածները փարատելու համար:

Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ Դատարանի կողմից Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը, որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ չկիրառելու դատարանի որոշումը որևէ կերպ չէր վերաբերելու Վ. Հարությունյանի իրավունքներին և պարտականություններին, ավելին՝ որևէ դրական կամ բացասական ազդեցություն չէր կարող ունենալ վերջինիս կարգավիճակի վրա:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնի խախտումը, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի խախտումը կոպիտ է, քանի որ այն, հանդիսանալով, հատկապես, հանրային մեծ հնչեղություն ունեցող գործի քննությունն իրականացնելուց ոչ իրավաչափ հիմքերով խուսափում, առավել ընդգծելի է դարձնում անաչառ ու անկախ լինելու դատավորի ունակության խոցելիությունը, ինչի արդյունքում հեղինակազրկվում է դատական իշխանությունը:

Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելիս, Դատավորն անտեսել է, որ իրավաչափության տեսանկյունից իր վարքագիծը խնդրահարույց է գնահատվել ոչ միայն տվյալ դատական գործի մյուս մասնակիցների, այն է՝ փաստաբանների կողմից, այլև այդպիսին է եղել հանրային ընկալումը: Ընդ որում, փաստաբանները ոչ միայն իրավաչափ չեն համարել միջնորդությունը, այլև ընդգծել են, որ դա առավելապես «հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է»: Այսպիսով, դատավարության մասնակիցների մի մասը պնդել է, որ հնարավոր է, որ անկողմնակալ դիտորդի մոտ ձևավորվի ողջամիտ կասկած դատավորի անաչառության առնչությամբ, իսկ մյուս մասը պնդել է, որ դա սոսկ հոգեբանական ճնշման փորձ է, որպիսի պարագայում, Դատավորի կողմից միջնորդության բավարարումը կընկալվի որպես արդարադատության իրականացումից խուսափելու նախաձեռնություն:

Ակնհայտ իրարամերժ տեսակետների պարագայում, մանավանդ, որ ինքնաբացարկի միջնորդությունը չի բովանդակել ինքնաբացարկի օրենսդրական հիմքերը, Դատարանը, սոսկ տուրք տալով մի կողմի ոչ միանշանակ արտահայտված դիրքորոշմանը, իր վարքագծով թույլ է տվել այնպիսի խախտում, որը հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը:

Դատավորի պատճառաբանությունների և կարգապահական վարույթի առնչությամբ տված բացատրության վերլուծությունից բխում է, որ հիշյալ վարքագծի կանոնի խախտումը Դատավորը կատարել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերոհիշյալի հաշվառմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ օրենքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս Դատավորը կոպիտ անփութությամբ թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում, ինչը հիմք է հանդիսանում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ և 5-րդ մասերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին հայտարարել նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

 Բարձրագույն դատական
 խորհրդի նախագահ`
    Գ. Հարությունյան
 Անդամներ`    Ա. Բեկթաշյան
     Գ. Դանիելյան
     Ա. Խաչատրյան
     Լ. Մելիքջանյան
     Ս. Մեղրյան
     Ա. Մխիթարյան
     Ս. Չիչոյան