ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 644-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-120-26.04.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-120-26.04.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. մայիսի 31 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-120-26.04.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ առաջարկությՈՒնԸ
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանել, որ անկախ սեփականության ձևից՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող՝ վարձու աշխատող (այդ թվում՝ ծառայություն մատուցող) համարվող ուսանողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկն ուսման վարձի փոխհատուցման նպատակով (ուսման վարձի գումարի չափով) կիսամյակային պարբերականությամբ վերադարձվում է ուսանողին։
Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն ներկայացված առաջարկությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառված ծրագրային դրույթներից (առաջիկա հինգ տարիներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն) և նպատակ ունի ուսանողներին երիտասարդ տարիքից խրախուսելու աշխատել, ստեղծել խթաններ երիտասարդ աշխատողներին առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու ձգտումներից հրաժարվելու համար և երիտասարդների մեջ ձևավորել աշխատելու ու միաժամանակ հարկ վճարելու մշակույթ։
Վերոգրյալի կապակցությամբ, մեծապես կարևորելով բարձր տեխնոլոգիական, գիտելիքահենք ու մրցունակ տնտեսություն կառուցելու և արտադրողական աշխատանքը խրախուսելու նպատակադրումները, այդուհանդերձ գտնում ենք, որ նախագծի ընդունումը նշված նպատակադրումները կյանքի կոչելու լավագույն ճանապարհը չէ, ինչը հիմնավորվում է հետևյալ հիմնական նկատառումներով։
1. Նախագծով առաջարկվող՝ ուսման վարձի գումարի վերադարձման համակարգը շատ նման է օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձման համակարգին: Վերջինիս ներդրումը, սակայն, ունեցել է ինչպես սոցիալական նպատակ (աջակցել բնակարանային ապահովվածության խնդրի լուծմանը), այնպես էլ տնտեսական նպատակ, այն է՝ բնակարանների և անհատական բնակելի տների նկատմամբ պահանջարկի աճի հաշվին նպաստել տնտեսության շինարարական ոլորտի աշխուժացմանը: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական ոլորտներից է, ակնկալվում է նշված գործիքի կիրառման միջոցով ոլորտում տնտեսական աճ ապահովել, իսկ տնտեսական աճից ստացվող հարկերի միջոցով՝ փոխհատուցել եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը:
Այս առումով ակնհայտ է, որ նախագծի ընդունման արդյունքում տնտեսական աճ ապահովելու և դրանից ստացվող հարկերի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու (որոնք առաջանալու են ուսման վարձի գումարների վերադարձման արդյունքում) ակնկալիքներն իրատեսական չեն, քանի որ՝
1) կրթության ոլորտը տնտեսական ակտիվության և նոր հարկման բազաներ ձևավորելու առումով չունի այնպիսի մուլտիպլիկատիվ ազդեցություն, ինչպիսին շինարարության ոլորտի ազդեցությունն է հարակից ոլորտների վրա: Ավելին, նախագծի ընդունումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության վրա, քանի որ այլ հավասար պայմաններում աշխատող և նոր արժեք ստեղծող անձինք իրենց աշխատաժամանակի մի մասը կարող են տրամադրել կրթությանը: Մյուս կողմից, չկան բավարար երաշխիքներ առ այն, որ անգամ կրթություն ստանալուց հետո այդ անձինք կսկսեն աշխատել ավելի բարձր արտադրողականությամբ (կստեղծեն ավելի մեծ նոր արժեք) և դրանով իսկ կփոխհատուցեն ուսումնառության տարիներին քիչ աշխատելու հետևանքով չստեղծված նոր արժեքն ու դրա մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող հարկերը.
2) կրթության ոլորտը, ի տարբերություն շինարարության ոլորտի, ազատված է ավելացված արժեքի հարկի վճարումից:
Հետևաբար, կարելի է արձանագրել, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների վրա ունենալու է բացասական ազդեցություն, որի մեծությունը գնահատված չէ:
2. Եկամտային հարկի վերադարձման համակարգը, ըստ էության, պետք է ընկալվի ոչ թե որպես համակարգի շահառուներին տրամադրվող հարկային արտոնություն, այլ որպես կրթության ոլորտի քաղաքականության շրջանակներում շահառուներին տրամադրվող բյուջետային աջակցություն, քանի որ համակարգի շահառուները պետք է ընդհանուր սահմանված կարգով հաշվարկեն և կատարեն եկամտային հարկի գծով իրենց հարկային պարտավորությունները, որից հետո նոր միայն դիմեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եկամտային հարկի գումարը հետ ստանալու համար: Հետևաբար, գտնում ենք, որ այս համակարգի ներդրման հետ կապված որոշումներ ընդունելիս շատ կարևոր է, որպեսզի համակարգը դիտարկվի բյուջետային գործընթացի շրջանակներում կրթության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընդհանուր համատեքստում: Այս առումով, կարևորելով սահմանափակ բյուջետային միջոցներն առավելագույն հասցեականությամբ և առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու նպատակադրումը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում առաջացող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը հիմնավորվածության ու առաջնահերթությունների առումով պետք է անպայմանորեն համադրվեն միևնույն՝ կրթության ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերի հիմնավորվածության ու առաջնահերթությունների հետ: Նախագծի ընդունման հիմնավորմամբ, սակայն, նման համադրումներ չեն կատարվել, հետևաբար պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ պետք է նախագծի ընդունման պարագայում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսերը կատարվեն ի հաշիվ կրթության ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերի:
3. Հարկային խթանների տրամադրումը ենթադրում է հարկային եկամուտների կորուստ, հետևաբար, նաև առողջապահության, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության, կրթության, բնապահպանության և այլ հանրօգուտ ոլորտներում չկատարված բյուջետային ծախսեր: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պետության ծախսային քաղաքականության շրջանակներում պետական աջակցության բյուջետային գործիքակազմն ավելի հասցեական ու, հետևաբար, նաև ավելի արդյունավետ է, ակնհայտ է դառնում, որ հարկային խթանների տրամադրումը պետական աջակցության լավագույն միջոցը չէ, քանի որ հարկային խթանները դրանց իրական հասցեատերերի համար որոշակի կոնկրետ արդյունք չերաշխավորելով հանդերձ, հանգեցնում են հարկային ծախսերի առաջացման՝ պետությանը զրկելով աջակցության ավելի հասցեական ծրագրեր իրականացնելու հնարավորությունից:
4. Բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի գումարը վերադարձնելու համակարգի կիրառությունը, ըստ էության, նշանակում է, որ ուսման վարձը վճարելու պարտավորությունն իր վրա է վերցնում պետությունը: Այսինքն, համակարգի կիրառությունն ունի պետական պատվերի շրջանակներում կրթություն ապահովելու նույն նշանակությունը: Արդյունքում, ստացվում է, որ նույն խնդրի լուծման համար առաջարկվում է կիրառել երկու տարբեր գործիքներ, ինչը պետական կառավարման գործիքակազմի կիրառության արդյունավետության ապահովման տեսանկյունից հիմնավոր չէ: Ավելին, նախագծով առաջարկվող համակարգը ռիսկային է այն առումով, որ ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սահմանափակ ռեսուրսների տրամադրում ոչ թե բարձր առաջադիմություն ունեցող և որակյալ կրթություն ստացողին (ինչպես, օրինակ, պետական պատվերի համակարգի պարագայում է), այլ ցանկացած վարձու աշխատանք կատարող ուսանողին:
Բացի դրանից, պարզ չէ, թե ինչու պետք է նախագծով առաջարկվող համակարգը հավասարապես կիրառվի բոլոր մասնագիտությունների գծով կրթություն ստանալիս, այն դեպքում, երբ այս կամ այն մասնագիտությամբ կադրեր պատրաստելու՝ գնահատված պահանջարկի մեծությամբ պայմանավորված՝ կրթության բնագավառում պետական պատվերն ըստ մասնագիտությունների անհավասար բաշխվածություն ունի, իսկ որոշ մասնագիտությունների գծով առհասարակ պետական պատվեր չկա:
Ընդ որում, նախագծի քննարկման համատեքստում հատկանշական է նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «8.2. Պետական ծախսերը» կետի համաձայն նախատեսվում է կրթության ոլորտի ֆինանսավորման աճ, որը զուգակցվելու է ֆինանսական միջոցների նպատակային օգտագործմամբ:
5. Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն նախագծի ընդունումը նպատակ ունի խրախուսելու ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատել: Մյուս կողմից, նախագծի ընդունման հիմնավորմամբ կարևորվում է կրթությունը որպես տեխնոլոգիական, արդյունաբերական և արտահանմանը միտված տնտեսություն կառուցելու կարևոր նախադրյալ: Արդյունքում, պարզ չէ, թե որն է համարվում նախագծի ընդունման հիմնական նպատակը՝ ուսանողներին խրախուսել զուգահեռաբար աշխատել, թե աշխատողներին խրախուսել զուգահեռաբար սովորել: Այս հարցադրումը շատ կարևոր է, քանի որ եթե հիմնական նպատակն աշխատանքը խրախուսելն է, ապա՝
1) համաձայն լինելով այն պնդմանը, որ երիտասարդների շրջանում աշխատանքային ռեսուրսների իրացվածությունը բավարար չէ, իսկ գործազրկության մակարդակը բարձր է՝ այդուհանդերձ կարծում ենք, որ նախագծի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ կրթության որակի վրա հատկապես այն դեպքերում, երբ սովորողն աշխատում է ոչ այն մասնագիտությամբ, որով ուսումնառում է: Տվյալ պարագայում աշխատաժամանակի և ուսումնառության ժամաքանակի (դասահաճախումներով պայմանավորված կրթական ծրագրի յուրացման համար անհրաժեշտ ուսումնական ծանրաբեռնվածության) մեկտեղումը նվազեցնելու է ուսման որակը, այդ թվում՝ անհրաժեշտ կրթական վերջնարդյունքների ձեռքբերման ու մասնագիտական հմտությունների տիրապետման տեսանկյունից: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «1.3. Մարդկային ներուժի զարգացումը» և «4.4. Կրթությունը և գիտությունը» կետերում կարևորվում է հենց որակյալ կրթության ապահովումը: Այդ կապակցությամբ, թեև նախագծով առաջարկվում է ուսման վարձի գումարը վերադարձնելու համակարգը կիրառել միայն միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած ուսանողների նկատմամբ, այդուհանդերձ, գտնում ենք, որ այս հանգամանքը բավարար չէ վերոնշյալ ռիսկերը կառավարելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ՄՈԳ-ի համակարգ չի կիրառվում։
Միաժամանակ, առկա հետազոտությունները փաստում են, որ երիտասարդների շրջանում գործազրկության և անակտիվության պատճառներից է հատկապես կրթություն-աշխատաշուկա թույլ կապը։ Վերջինս հնարավոր է ամրապնդել ոչ միայն ուսանողներին աշխատել խրախուսելով, այլև ֆորմալ կրթությունում փորձնակության, աշակերտության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև մասնագիտական պրակտիկայի արդյունավետության բարձրացման ճանապարհով։ Վերջիններս հնարավորություն են ընձեռում զարգացնելու գործնական և փափուկ հմտություններ, ընդլայնելու սոցիալական կապիտալը, ինչն էլ մեծացնում է երիտասարդի՝ աշխատանք գտնելու հավանականությունը՝ առանց կրթական գործընթացի վրա բացասական ազդեցություն ունենալու։ Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկել՝ մեկնարկելով «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնությունը.
2) նախագծի ընդունումն իր նպատակին կարող է ծառայել միայն այն պարագայում, եթե հիմնավորվի, որ ուսանողները չեն աշխատում հենց այն պատճառով, որ ստացվելիք աշխատավարձը ենթակա է լինելու եկամտային հարկով հարկման: Մեր գնահատմամբ եկամտային հարկով հարկման ենթակա լինելու հանգամանքը չի կարող չաշխատելու պատճառ լինել, քանի որ այդ տրամաբանությամբ ոչ ոք չպետք է աշխատեր: Այս առումով գտնում ենք, որ չաշխատելու պատճառները բոլորովին այլ են և առավելապես պայմանավորված են աշխատանքային փորձի կամ որակավորման բացակայությամբ, ազատ ժամանակի բացակայությամբ, աշխատաշուկայի հագեցվածությամբ, աշխատելու ցանկության բացակայությամբ և այլն: Այս առումով գտնում ենք, որ նախագծի ընդունումը չի նպաստի հետապնդվող խնդրի լուծմանը, սակայն փոխարենը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կորստի, քանի որ ներկայումս աշխատող ուսանողների կողմից վճարվող եկամտային հարկի գումարների որոշ մասը ենթակա կլինի վերադարձման:
6. Նախագծի ընդունումն անխուսափելիորեն հանգեցնելու է հարկային վարչարարության բարդությունների՝ հաշվի առնելով այն, որ կլինեն վարձու աշխատողներ, որոնք կօգտվեն ինչպես հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձման գործող համակարգից, այնպես էլ նախագծով առաջարկվող համակարգից: Մասնավորապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վճարված եկամտային հարկի միևնույն գումարը չի կարող վերադարձվել և որպես տոկոսային գումար և որպես ուսման վարձի գումար, ստացվում է, որ այդ գումարներն առանձնացված և աճողական ձևով հաշվառելու անհրաժեշտություն է առաջանալու, ընդ որում, անձի նույնականացմամբ: Հակառակ պարագայում կստացվի, որ վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանում է ավելի շատ գումար, քան իր կողմից վճարված եկամտային հարկի գումարն է:
7. Բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի վերադարձի համակարգ ներդնելու պարագայում հարկման արդարության ու հավասարության սկզբունքը պահանջում է, որ նմանատիպ համակարգ ներդրվի նաև տարբեր տեսակի վերապատրաստումների, մասնագիտական դասընթացների, օտար լեզուների ուսուցման և նմանատիպ այլ ուսումնական ծրագրերից օգտվելու համար կատարվող վճարումների մասով: Ընդ որում, վերջիններս գործնականում ավելի շատ են նպաստում մասնագիտական կարողությունների, աշխատանքային ունակությունների և հմտությունների զարգացմանը, քան շատ մասնագիտությունների գծով ակադեմիական կրթությունը: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ սահմանափակ բյուջետային միջոցների պարագայում նման լայն շրջանակ ընդգրկող համակարգի ներդրումն անիրատեսական է:
8. Նախագծով առաջարկվող համակարգի ներդրումը սոցիալական անհավասարության ու խտրականության տարրեր է պարունակում նաև հետևյալ նկատառումներով՝
1) առաջարկվող համակարգի շահառու են համարվելու վարձու աշխատող հանդիսացող ուսանողները, որոնք, այլ հավասար պայմաններում ավելի վճարունակ են, քան չաշխատող ուսանողները.
2) առաջարկվող համակարգից օգտվելու հնարավորություն են ստանալու նաև հասարակության սոցիալապես ապահովված խմբի ներկայացուցիչները, որոնք նման աջակցության կարիք ընդհանրապես չունեն, և, որոնց՝ աշխատանք գտնելու հնարավորություններն ավելի լայն են։
Այս առումով գտնում ենք, որ նախագծով առաջարկվող համակարգը չունի անհրաժեշտ հասցեականություն և ճիշտ թիրախավորում:
9. Ցանկացած հարկային խթանի տրամադրում առաջացնում է չարաշահումների ռիսկեր։ Մասնավորապես, հարկային խթանների կիրառության նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ տարբեր հնարքների ու չարաշահումների կիրառությամբ դրանցից սկսում են օգտվել նաև այնպիսի շահագրգիռ կողմեր, որոնց համար ի սկզբանե դրանք նախատեսված չեն եղել: Այս առումով հարկային խթանների տրամադրման արդյունքում, որպես կանոն, պետության կորցրած հարկային եկամուտները շատ ավելի մեծ են, քան արտոնության իրական շահառուների օգուտները կարող են լինել։ Այսպես՝ նախագծով առաջարկվող համակարգի ներդրման պարագայում գործատուները կարող են պայմանավորվել ուսանողների հետ, վերջիններիս ձևականորեն գրանցել որպես բարձր վարձատրվող վարձու աշխատողներ՝ դրանով իսկ չհիմնավորված ձևով գումարներ ստանալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և երկկողմանիորեն տնօրինել։ Ընդ որում, այս եղանակով չարաշահումներ կատարելու տնտեսական շարժառիթը մեծ կլինի շահութահարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների մոտ, քանի որ վերջիններս վարձու աշխատողի համար նախատեսված աշխատավարձը, այդ թվում՝ դրան համապատասխանող եկամտային հարկը, հարկման նպատակով նվազեցնում են շահութահարկով հարկման բազայից։
10. Ինչ վերաբերում է նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված այն դիտարկմանը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվել առանց աշխատանքային պայմանագրերի աշխատելու առաջարկներից, նրանց կտեղափոխի օրինական դաշտ, ապա գտնում ենք, որ նախագծի ընդունումը գործնականում չի կարող նման արդյունքներ ապահովել, ինչը հիմնավորվում է հետևյալ նկատառումներով։ Դիցուք, որևէ ուսանող ներկայումս աշխատում է առանց օրենքով սահմանված կարգով գրանցման և հետևաբար աշխատավարձի ամբողջ անվանական մեծությունն ստանում է որպես տնօրինվող եկամուտ, քանի որ եկամտային հարկ չի վճարում։ Եթե ակնկալվում է, որ նախագծի ընդունումը խրախուսելու է, որպեսզի նա իր գործատուից պահանջի գրանցել իրեն օրենքով սահմանված կարգով, ապա պետք է նաև ընդունել, որ այլ հավասար պայմաններում նրա տնօրինվող աշխատավարձը եկամտային հարկի չափով կրճատվելու է։ Փոխարենը նրա առավելագույն ակնկալիքը կարող է լինել իր կողմից վճարված եկամտային հարկը նույնությամբ հետ ստանալը և դա էլ միայն այն դեպքում, եթե վճարված ուսման վարձը հավասար լինի վճարված եկամտային հարկին։ Հակառակ պարագայում վարձու աշխատողը եկամտային հարկ վճարելու արդյունքում ավելի շատ եկամուտ կորցնելու է, քան կարող է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետ ստանալ որպես ուսման վարձի գումար և, հետևաբար, տնտեսապես ավելի շահավետ է չգրանցվել որպես վարձու աշխատող, չվճարել եկամտային հարկ և չունենալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ավելի քիչ չափով գումար ստանալու հնարավորություն։
11. Հիմնավորման կարիք ունի նաև նախագծով առաջարկվող կարգավորումը քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ուսանողների նկատմամբ նույնպես կիրառելու առաջարկությունը՝ հաշվի առնելով այն, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձման համակարգը, օրինակ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծագող հարաբերությունների պարագայում կիրառելի չէ։
12. Հատկանշական է նաև այն, որ մեր կողմից ուսումնասիրվել է նախագծի կարգավորման առարկային առնչվող միջազգային փորձը, սակայն մեր կողմից ուսումնասիրված որևէ երկրում նման համակարգ չի կիրառվում։ Փոխարենը կան երկրներ, որտեղ թույլատրվում է ուսման վրա կատարված ծախսերը նվազեցնել եկամտային հարկով հարկման բազայից՝ հիմնվելով եկամուտների հայտարարագրման համակարգի ընձեռած հնարավորությունների վրա։
Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ուսման վրա կատարվող ծախսերը եկամտային հարկով հարկման բազայից նվազեցնելու հարցը կարող է քննարկվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պարագայում։
13. Հայտնում ենք նաև, որ գործող հարկային օրենսդրությամբ կրթության ոլորտի համար արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ: Մասնավորապես, օրենսգրքի՝
1) 147-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն եկամտային հարկից ազատվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակները, իսկ 24-րդ կետի համաձայն եկամտային հարկից ազատվում են նաև բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները.
2) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն ԱԱՀ-ից ազատվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Նկատենք նաև, որ կրթության ոլորտի համար սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային ծախսերը 2019 թվականի համար գնահատվել են շուրջ 23,7 մլրդ դրամ:
Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքում առաջարկվող դրույթները չընդգրկել: