Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 102
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2016-03.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԿՈԼԵԳԻԱ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 102

քաղ. Մոսկվա

          

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի պայմանագրի 10-րդ հոդվածի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի օգոստոսի 30-ի

թիվ 102 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգը մշակվել է «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 10-րդ հոդվածին համապատասխան՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեության տեղեկատվական ապահովման համակարգ ձևավորելու նպատակով:

2. Սույն կանոնակարգը սահմանում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, լիազորված մարմիններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվական փոխգործակցության կարգը, ինչպես նաև սահմանում է լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով ուղարկվող տեղեկությունների կազմը՝ ամփոփման և համակարգման համար:

Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում չի իրականացվում անդամ պետությունների պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի, ինչպես նաև սահմանափակ տարածման այնպիսի տեղեկություններին դասվող տեղեկատվության փոխանակում, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, այդպիսին են համարվում:

3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Պայմանագրի 1-ին հոդվածով սահմանված իմաստներով:

4. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների և Հանձնաժողովի փոխգործակցության մեթոդական ապահովումը և խորհրդատվական ուղեկցումն իրականացվում են Հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասությանն են վերապահված մտավոր սեփականության հարցերը (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ):

II. Լիազորված մարմինները և Հանձնաժողովի հետ դրանց փոխգործակցությունը

5. Անդամ պետությունները Պայմանագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով Հանձնաժողովին ծանուցում են լիազորված մարմինների մասին:

Հանձնաժողովի կողմից ծանուցումը ստանալուց հետո պատասխանատու դեպարտամենտը 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինների ցանկը (այսուհետ՝ ցանկ) տեղադրում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք):

Լիազորված մարմինների փոփոխությունների մասին անդամ պետությունների ծանուցումները Հանձնաժողովի կողմից ստանալու դեպքում պատասխանատու դեպարտամենտը 3 աշխատանքային օրվա ընթացքում ցանկում համապատասխան փոփոխություններ է կատարում:

6. Լիազորված մարմինների և Հանձնաժողովի փոխգործակցությունն իրականացվում է՝

ա) տեղեկատվության փոխանակման միջոցով.

լիազորված մարմինների և Միության պաշտոնական կայքերում հրապարակվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի և Միության մարմինների ակտերի նախագծերի վերաբերյալ.

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների հայտնաբերված փաստերի վերաբերյալ, այդ թվում` այն որոշումների վերաբերյալ, որոնք ընդունվել են քրեական, քաղաքացիական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով.

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման և կանխման միջոցառումների վերաբերյալ.

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ.

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահպանման ապահովմանն ուղղված միջոցների վերաբերյալ.

լիազորված մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ, այդ թվում՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմամբ ապրանքների ներմուծման, արտադրության և շրջանառության կանխարգելման հետ կապված.

բ) անդամ պետությունների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ համատեղ վերլուծական հետազոտությունների անցկացման միջոցով.

գ) լիազորված մարմինների միջև փոխգործակցության ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ լիազորված մարմիններին Հանձնաժողովի կողմից մեթոդական և պրակտիկ օգնություն ցուցաբերելու միջոցով.

դ) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ համագործակցության իրականացման միջոցով:

7. Սույն կանոնակարգի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կատարվում է ռուսերենով։

 

III. Անդամ պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկումը

 

8. Լիազորված մարմիններն ամեն տարի՝ մարտի 31-ից ոչ ուշ, Հանձնաժողով են ուղարկում՝

ա) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի ոլորտում իրավակիրառ պրակտիկայի արդյունքների վերաբերյալ տվյալներ, որոնք (հնարավորության դեպքում) պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ են տալիս իրականացնել իրավակիրառ պրակտիկայի վիճակի մշտադիտարկում, համեմատական վերլուծություն, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների միտումների և ռիսկերի կանխատեսում (մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումներով ապրանքներ արտահանող երկրների, անդամ պետությունների տարածքներ ներմուծելիս այդ ապրանքների տրանսպորտային փոխադրման եղանակների, ապրանքների կատեգորիաների, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների տեսակների վերաբերյալ և այլն).

բ) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ և դատական պրակտիկային առնչվող տեղեկատվական-վերլուծական և մեթոդական նյութեր (այն դեպքում, երբ այդ նյութերը լիազորված մարմնի կողմից նախապատրաստվել են հաշվետու տարում).

գ) Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման և լիազորված մարմինների գործողությունների համակարգման վերաբերյալ առաջարկություններ.

դ) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված՝ անցկացված ու պլանավորվող միջոցառումների մասին տեղեկատվություն:

9. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմիններին և Հանձնաժողովին վերապահված խնդիրներն իրագործելու համար պահանջվող լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում լիազորված մարմիններն ու Հանձնաժողովը, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, ուղարկում են համապատասխան հարցումներ:

Լիազորված մարմինների կողմից միմյանց հարցումների ուղարկումը և այդ հարցումներին պատասխանների նախապատրաստումն իրականացվում են այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց անդամ պետությունները մասնակիցներ են, և անդամ պետությունների օրենսդրությամբ:

10. Անդամ պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման նպատակով պատասխանատու դեպարտամենտն ամեն տարի իրականացնում է լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հավաքում, ամփոփում, համակարգում և վերլուծություն ու մայիսի 1-ից ոչ ուշ ապահովում է անդամ պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերի քննարկումը Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստում:

11. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեության արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքման և հաշվառման նկատմամբ լիազորված մարմինների կողմից միատեսակ մոտեցումների կիրառման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ մշակելու միջոցով Հանձնաժողովը ձեռնարկում է միջոցներ, որոնք ուղղված են լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համադրելիության ապահովմանը:

 

IV. Իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման արդյունքների օգտագործումը

 

12. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերի քննարկման նպատակով Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերին պատասխանատու դեպարտամենտը՝

ա) նախապատրաստում է նյութեր, որոնք պարունակում են անդամ պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման և վերլուծության արդյունքներ.

բ) ամփոփում է լիազորված մարմինների՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխարգելելուն ու կանխելուն ուղղված միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկությունները.

գ) նախապատրաստում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունը և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված միջոցները ներդաշնակեցնելու առաջարկություններ.

դ) նախապատրաստում է անդամ պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի զարգացման կանխատեսում և մշակում է Հանձնաժողովի հանձնարարականների նախապատրաստման հարցերով առաջարկություններ՝ ուղղված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների ռիսկերը հայտնաբերելուն.

ե) մշակում է (անհրաժեշտության դեպքում) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ոլորտում համատեղ վերլուծական հետազոտություններ անցկացնելու մասին հիմնավորված առաջարկություններ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված լիազորված մարմինների աշխատակիցների որակավորման բարձրացման համար հատուկ ուսումնական և մեթոդական նյութերի նախապատրաստմանը.

զ) մշակում է առաջարկություններ՝ ուղղված լիազորված մարմինների և Հանձնաժողովի փոխգործակցությունն ապահովող կազմակերպատեխնիկական և տեղեկատվական-վերլուծական միջոցների կատարելագործմանը.

է) նախապատրաստում է առաջարկություններ՝ լիազորված մարմինների աշխատակիցների համար փորձի փոխանակման նպատակով սեմինարներ, համաժողովներ, ինչպես նաև այլ միջոցառումներ կազմակերպելու ժամկետների և ձևաչափի վերաբերյալ:

13. Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների գործունեության արդյունքները քննարկելուց հետո պատասխանատու դեպարտամենտը 2 շաբաթվա ընթացքում նախապատրաստում և Միության պաշտոնական կայքում տեղադրում է ամփոփ տեղեկատվությունը, ինչպես նաև այն ուղարկում է անդամ պետություններ:

 

V. Եզրափակիչ դրույթներ

 

14. Լիազորված մարմինները և Հանձնաժողովն ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելմանն ու կանխմանն ուղղված իրենց գործունեության արդյունքների մասին տեղեկատվության բաց լինելը, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվությունը զանգվածային լրատվության միջոցներում ու լիազորված մարմինների և Միության պաշտոնական կայքերում տեղադրելու միջոցով:

15. Պատասխանատու դեպարտամենտն ապահովում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտի հետևյալ տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝

ա) անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերը և Միության մարմինների ակտերը, որոնք կանոնակարգում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը.

բ) անդամ պետությունների լիազորված մարմինների հասցեատեղեկատվական և կոնտակտային տեղեկատվությունը.

գ) Միության և առանձին անդամ պետությունների տարածքում մշակվող և իրականացվող այն ծրագրերը և պլանները, որոնք ուղղված են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: