Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 89
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2018-30.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 89

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱՎԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 89 որոշմամբ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)

 

I. Կիրառության ոլորտը

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին համապատասխան, ու դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ նավթի անվտանգության պահանջները՝ մարդու կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, գույքի, շրջակա միջավայրի պահպանության ապահովման և սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխման, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության և ռեսուրսախնայողության ապահովման նպատակով։

2. Սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտը տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված՝ Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթն է։

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում այն նավթի վրա, որը մատակարարվում է՝ Միության մաքսային տարածքից դուրս արտահանման համար, մատակարվում է պետական պաշտպանության պատվերով, պահվում է պետական նյութական պահուստի պահպանվածությունն ապահովող կազմակերպություններում, ինչպես նաև նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար։

 

II. Հիմնական հասկացությունները

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«նավթի անվտանգություն»՝ նավթի վիճակ, որի դեպքում բացակայում են վնաս հասցնելու հետ կապված անթույլատրելի ռիսկերը.

«նավթի բացթողումը շրջանառության մեջ»՝ նավթ պատրաստողից (արտադրողից) նավթի առաջնային փոխանցումը վաճառողին և (կամ) սպառողին (այդ թվում՝ նավթ պատրաստողի (արտադրողի) պահեստից ուղարկումը կամ առանց պահեստավորման բեռնումը) կամ նավթի ներմուծումը՝ Միության մաքսային տարածքում առևտրային գործունեության ընթացքում վճարովի կամ անհատույց հիմքով տարածելու նպատակով.

«նավթ պատրաստողը (արտադրողը)»՝ իրավաբանական, այդ թվում՝ օտարերկրյա անձ, որն իր անունից իրականացնում է նավթի արդյունահանում կամ դրա արդյունահանում ու իրացում և որը պատասխանատու է սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության մյուս այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է.

«նավթ»՝ մայրուղային խողովակաշարերով, երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային տրանսպորտով փոխադրման և (կամ) նավթավերամշակման և նավթաքիմիական արտադրություններում որպես հումք օգտագործման համար նախապատրաստված՝ ֆիզիկաքիմիական լայն կազմ ունեցող ածխաջրածինների բնական հանածո հեղուկ խառնուրդ.

«նավթի շրջանառությունը շուկայում»՝ նավթի շարժը նավթ պատրաստողից (արտադրողից) դեպի սպառողը.

«նավթի խմբաքանակ»՝ նավթի քանակի վերաբերյալ մեկ փաստաթղթով (երթուղային հանձնարարագիր, կամ նավթի ընդունման հանձնման ակտ, կամ բեռնագիր, կամ կոնոսամենտ) և մեկ անձնագրով ուղեկցվող նավթի քանակ.

«սպառող»՝ նավթ պատվիրելու կամ ձեռք բերելու մտադրություն ունեցող կամ նավթ պատվիրող, ձեռք բերող կամ օգտագործող՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ.

«վաճառող (այդ թվում՝ ներմուծող)»՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը Միության անդամ պետության ռեզիդենտ է, Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է նավթի իրացում սպառողին և պատասխանատու է Միության շուկայում նավթի տեղաբաշխման և սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է.

«նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ»՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը նավթի համապատասխանությունը գնահատելիս և Միության շուկայում այն շրջանառության մեջ բաց թողնելիս նավթ պատրաստողի (արտադրողի), այդ թվում՝ օտարերկրյա նավթ պատրաստողի (արտադրողի) հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ նավթ պատրաստողի (արտադրողի) անունից իրականացնում է գործողություններ, ինչպես նաև կրում պատասխանատվություն սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է։

 

III. Միության շուկայում նավթի շրջանառության կանոնները

 

5. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է։

6. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի անձնագրով, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ա) այն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն ֆիզիկական անձի ազգանունը, անունն ու հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, որը նավթ պատրաստող (արտադրող) կամ վաճառող (այդ թվում՝ ներմուծող) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված՝ անձագիրը ձևակերպած անձ է.

բ) նավթ պատրաստողի (արտադրողի) ապրանքային նշանը (առկայության դեպքում).

գ) այն փաստաթղթի (առկայության դեպքում) նշագիրը և անվանումը, որին համապատասխան նավթը պատրաստվել (արտադրվել) է, և դրա անվանումն ու նշագիրը՝ այդ փաստաթղթին համապատասխան.

դ) նավթի ցուցանիշների նորմատիվ արժեքները, որոնք սահմանվել են նավթի ցուցանիշներին ներկայացվող պահանջներում՝ հավելվածի համաձայն, և այն փաստաթղթում, որին համապատասխան նավթը պատրաստվել (արտադրվել) է, ինչպես նաև լաբորատոր փորձարկումների փաստացի արդյունքները՝ նշելով սեփական փորձարկման լաբորատորիայի կամ Եվրասիական տնտեսական միության՝ համապատասխանության գնահատման հարցերով մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ՝ Միասնական ռեեստր) ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի անվանումը.

ե) խմբաքանակի համարը.

զ) Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

է) անձնագրի համարը և տրման ամսաթիվը.

ը) անձնագիրը ձևակերպած անձի ազգանունը, անվան սկզբնատառերը և ստորագրությունը։

7. Անձնագիրը ձևակերպվում է ռուսերենով և Միության անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ Միության այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում է նավթը։

8. Նավթն իրացնելիս վաճառողը (այդ թվում՝ ներմուծողը) պարտավոր է սպառողի պահանջով ներկայացնել անձնագրի պատճենը։

9. Անձագիրը ձևակերպվում է նավթի տրանսպորտային փոխադրման, պահպանման, վերամշակման և իրացման նպատակների համար նավթն ընդունելիս (հանձնելիս)։

 

IV. Նավթի անվտանգության պահանջները

 

10. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի հավելվածում նշված ցուցանիշներին ներկայացվող պահանջներին։

11. Նավթի պատրաստման (արտադրման) և տրանսպորտային փոխադրման ժամանակ չի թույլատրվում քլորօրգանական միացություններ պարունակող քիմիական ռեագենտների կիրառումը։

 

V. Անվտանգության պահանջներին նավթի համապատասխանության ապահովումը

 

12. Նավթի անվտանգությունն ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմամբ, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է։

13. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության գնահատման ժամանակ անցկացվող փորձարկումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոնները:

 

VI. Նավթի համապատասխանության գնահատումը

 

14. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվելուց առաջ նավթը ենթակա է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասով գնահատման, որն իրականացվում է փորձարկումների տեսքով՝ անձնագրի ձևակերպմամբ։

15. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության գնահատումն իրականացվում է Միության անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված՝ նավթ պատրաստող (արտադրող) կամ վաճառող (այդ թվում՝ ներմուծող) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ հանդիսացող դիմումատուի (իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի) կողմից՝ չափումների միասնականության ապահովման բնագավառում Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող չափման միջոցների օգտագործմամբ։

16. Փորձարկումների անցկացման կարգը ներառում է՝

ա) նավթի փորձանմուշների (նմուշների) ընտրությունը.

բ) սեփական փորձարկման լաբորատորիայի կամ Միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից նավթի փորձանմուշների (նմուշների) փորձարկումների անցկացումը.

գ) փորձարկումների արդյունքները և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության մասին եզրակացությունն անձնագրի մեջ գրանցելը։

17. Փորձարկումներն իրականացվում են սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետում նշված ստանդարտներին համապատասխան։

 

VII. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով նավթի մակնշումը

 

18. Նավթը, որը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է, և որը, սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնի համաձայն, անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգը, մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

19. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան նավթը Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելը։

20. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է անձնագրում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

նավթի ցուցանիշներին ներկայացվող

 

Ցուցանիշի անվանումը

Նորմատիվ արժեքները

Ծծմբաջրածնի զանգվածային մասը, մլն-1 (ppm), ոչ ավելի

100 (20*)

Մեթիլ- և էթիլմերկապտանների գումարային զանգվածային մասը, մլն-1 (ppm), ոչ ավելի

100 (40*)

Ջրի զանգվածային մասը, %, ոչ ավելի

1 (0,5*)

Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիան, մգ/դմ3, ոչ ավելի

900 (100*)

Հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա
(մմ ս. ս.), ոչ ավելի

66,7 (500) **

Օրգանական քլորիդների զանգվածային մասը՝ մինչև 204°С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող չափամասում, մլն-1 (ppm), ոչ ավելի

6

————————

* Մայրուղային խողովակաշարերով տրանսպորտային փոխադրման կամ վերամշակման համար նավթի փոխանցման դեպքում։

** Չի որոշվում նավթի պնդացման՝ 10 °С և ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.08.2023, թիվ 89 30.09.2023, թիվ 89
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան