Գլխավոր տեղեկություն
Համար
N 499-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.05.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 499-Լ

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-89-4.04.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 7

Երևան

       

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-89-4.04.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

          

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) ըստ էության նախատեսվում է կարգավորել հետևյալ հարցերը:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 29-րդ հոդվածի 7.1-ին մասը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Այս կետը համարում ենք անընդունելի հետևյալ պատճառաբանությամբ.

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Նույն հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված են ավագանու նիստերին մասնակցելու, ելույթ (այդ թվում՝ արտահերթ) ունենալու, հարցերին պատասխանելու, իսկ 7.1-ին մասով՝ հրապարակային նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Օրենքով ավագանու նիստերին մասնակցելու և ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակ ամրագրումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ավագանու նիստի բնականոն ընթացքի ապահովմանը, ինչը կարող է խոչընդոտվել ավագանու նիստերին մասնակցության մուտքը ցանկացած քաղաքացու համար ազատ լինելու դեպքում: Հատկանշական է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի: Այսինքն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ևս ամրագրել է ավագանու նիստերին միայն համայնքի ավագանու կողմից հրավիրված լինելու դեպքում ցանկացած անձի մասնակցության սկզբունքը: Ընդ որում, նշված կարգավորումը վերաբերում է բոլոր համայնքներին՝ անկախ տվյալ համայնքի բնակիչների թվից: Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ վկայակոչվող՝ համայնքային նշանակության հարցերի քննարկման հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությանը, ապա հարկ է նկատի ունենալ, որ նիստի ընթացքի մասին հանրության տեղեկացված լինելու իրավունքը լիարժեք կարող է ապահովվել նիստերի առցանց հեռարձակման միջոցով, այդպիսի հնարավորությունն արդեն իսկ նախատեսված է օրենքով: Հավելենք նաև, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Ինչպես նաև օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով 2 ամսվա մեջ առնվազն 1 նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին: Այդ նիստերի սղագրությունը նույնպես նիստից հետո երկշաբաթյա ժամկետում տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

Վերոնշյալը նկատի ունենալով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանափակվել է ավագանու նիստերի անցկացման բնականոն ընթացքն ապահովելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նկատառումներից և այդ առումով գտնում ենք, որ այդ սահմանափակումն արդարացված է:

Վերոգրյալով պայմանավորված մասնակի ընդունելի չէ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետը, որն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.2 Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի և լսելի է ավագանու նիստը:»:

Հաջորդ հոդվածով առաջարկվում է վերացնել Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը սահմանելու լիազորությունը, ինչը համարում ենք ընդունելի:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան