Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.05.2019-20.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479) Հոդ.318
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2019 թվականի N 369-Լ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 4-ի N 369-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

I. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 50.0 տոկոսը կազմում է անասնաբուծական արտադրանքը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս բավարար չեն անասնաբուծության արտադրատնտեսական ցուցանիշները, որի հիմնական պատճառներից մեկն այն է, որ անասնապահությունը, հիմնականում, վարվում է էքստենսիվ եղանակով։ Տավարաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գերակշռող մեծամասնությունն ավանդական բնամթերային տնտեսություններ են։ Վերջիններիս թիվը հասնում է շուրջ 170 հազարի, որոնք միջին հաշվով տնօրինում են շուրջ 3 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և արտադրված կաթն ու միսն օգտագործում են սեփական սպառման համար: Զարգացման ներկա փուլում ապրանքային տնտեսություններ ձևավորելու համար անհրաժեշտ է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու կովերի կաթնատվությունը։ Վերոնշյալ ցուցանիշների վրա, հիմնականում ազդում են հետևյալ 3 գործոնները. կերային բազան, կենդանիների գենետիկական ներուժը և պահվածքը։ «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը հնարավորություն կտա նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծել կենդանիների պահվածքի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմաններ։

 

1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 590585 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից՝ 266815 գլուխը կամ 45,2 տոկոսը կովեր են։

2. Տավարաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղն է: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 տոկոսն ստացվում է տավարաբուծությունից: Վերջինս, հիմնականում, կենտրոնացված է Գեղարքունիքի (18 տոկոս), Շիրակի (15 տոկոս), Արագածոտնի (12 տոկոս) և Լոռու (12 տոկոս) մարզերում։ Այս բաշխվածությունը պայմանավորված է նշված մարզերի բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով։ Հանրապետության ցածրադիր վայրերում հիմնականում տարածված է շուրջտարյա մսուրային, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում` արոտամսուրային պահվածքը:

3. Բուծվող տավարի ավելի քան 90 տոկոսը տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված, կաթնամսային ուղղություն ունեցող կովկասյան գորշ ցեղի և մեծամասամբ տարբեր ցեղայնությամբ խառնացեղերն են, որոնց տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 2200 կգ-ի սահմաններում: Հանրապետության որոշ տնտեսություններում բուծվում են նաև հոլշտին, շվից, սիմենթալ և ջերսեյ ցեղի կենդանիներ, որոնց կաթնատվությունը 2-3 անգամ գերազանցում է տեղական կովերի կաթնատվության մակարդակը:

4. Տավարաբուծությամբ զբաղվում է շուրջ 170 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց գերակշռող մասը փոքր տնտեսություններն են։ Այս տնտեսություններում չեն պահպանվում կենդանիների համար անհրաժեշտ զոոհիգիենիկ չափանիշները և կիրառվում է պահվածքի ու կերակրման ավանդական տեխնոլոգիա։ Մինչդեռ, ոչ նպաստավոր պայմաններում բարձր գենետիկական հատկանիշներով կենդանիներն անկարող են դրսևորել իրենց ամբողջ ներուժը:

5. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանափակ հողատարածքները, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համեմատաբար ցածր ցուցանիշները և գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը՝ անասնաբուծությունը շնորհիվ ռիսկայնության ավելի ցածր մակարդակի առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման արդյունքում կարող է դառնալ որոշիչ լծակ՝ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման գործում: Սակայն տավարաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ներկայիս ծավալները դեռևս հեռու են բավարար լինելուց: Չնայած այն փաստին, որ հանրապետությունում կաթի ինքնաբավության մակարդակը բավականին բարձր է (91.2 տոկոս), կովերի կաթնատվության մակարդակը դեռևս ցածր է (շուրջ 2260 կգ)։

6. Միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ տարբեր երկրներում բավականին բարձր է կովերի կաթնատվությունը, ինչը հանգեցնում է ինքնարժեքի իջեցմանը։ Այս պայմաններում հայրենական արտադրանքը չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում։

 

Աղյուսակ N 1

 

ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿՈՎԵՐԻ ԿԱԹՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ (կգ)

 

Իսրայել

ԱՄՆ

Գերմանիա

Ֆրանսիա

Մեծ
Բրի-տանիա

Նիդերլանդների Թագավորություն

Ավստրալիա

ՌԴ

Նոր Զելանդիա

12,000

10,000

9,101

8,500

8,000

8,000

5500

4,300

4300

7. Արտադրական սարքավորումների և քիչ քանակությամբ տիպային կամ մասնագիտացված անասնաշենքերի պակասի պատճառով, հումքի արտադրության ընդհանուր ծավալով Հայաստանում խնդիրներ են ծագում արտադրվող կաթի որակի և անվտանգության հետ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում է ներմուծել կաթի և կաթնամթերքի որակի և անվտանգության նոր չափանիշներ, սակայն փոքր գյուղացիական տնտեսությունները սեփական միջոցներով ի վիճակի չեն կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան արտադրել ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրանք:

8. Կաթի արտադրության 60 տոկոսը բաժին է ընկնում արոտային շրջանին, հետևաբար գնման գներն արոտային և մսուրային շրջաններում տարբեր են։ Արոտային շրջանում կաթնամթերք արտադրող ընկերություններում կաթի մթերման գինը կազմում է 120-140 դրամ, իսկ ձմռանը՝ 140-160 դրամ։ Չնայած սեզոնային բնույթին՝ կայուն քանակությամբ կաթ արտադրող որոշ ինտենսիվ տնտեսություններ երկարաժամկետ պայմանագրեր են կնքում վերամշակող ընկերությունների հետ և կլոր տարի վաճառում են հում կաթ՝ կայուն գնով (200-250 դրամ/կգ): Այսօր ստեղծվում են նաև նոր ընկերություններ, որոնք պատրաստ են բարձրորակ կաթ մթերելու համար պայմանագիր կնքել տնտեսավարողի հետ և ամբողջ տարին այն մթերել 200 դրամով։ Դա վկայում է այն մասին, որ հայկական շուկայում առկա է բարձր որակի հումքի և նրա կայուն մատակարարման նկատմամբ պահանջարկ: Բացի դրանից, հարկ է նշել, որ ձմռանը վերամշակող ընկերությունները, հիմնականում, օգտագործում են ավելի էժան ներմուծված չոր կաթ, քանի որ կաթի արտադրության ծավալները չեն բավարարում և տեղական արտադրության հում կաթի գնման արժեքը բավականին բարձր է:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի վերլուծությունից պարզվել է, որ հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է տարեկան արտադրվող համախառն անասնաբուծական արտադրանքի ավելի քան 75 տոկոսը և համարվում է անասնաբուծության ոլորտում ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող ճյուղը: Անասնաբուծության, մասնավորապես, տավարաբուծության զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է ճյուղի ռազմավարական նշանակությամբ: Դեռևս մեծ քանակությամբ չոր կաթ և կաթնամթերք է ներմուծվում հանրապետություն, ուստի տավարաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է հանրապետությունում վարվող ագրարային քաղաքականությունում ձևավորել նոր մոտեցումներ:

10. Հանրապետությունում տնտեսությունների մեծամասնությունը վարում է ավանդական անասնապահություն, մինչդեռ ժամանակակից տնտեսավարման ձևերի և տեխնոլոգիաների կիրառումը կարող է հանդիսանալ տնտեսական որոշիչ լծակ:

11. Գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) իրականացնում է՝

1) Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում տնտեսավարողներին մինչև 5 տարի մարման ժամկետով (հաշվի առնելով ներդրումների ուղղվածությունը) տրամադրվում է 3-15 մլն դրամի չափով տարեկան 0-5 տոկոս տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր (փաստացի 12 տոկոսի փոխարեն): Հարկ է նշել, որ 2018 թվականին սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկերի շուրջ 60 տոկոսն ուղղվել է անասնաբուծական ծրագրերի ֆինանսավորմանը.

2) 2019 թվականին կմեկնարկի նաև Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման նպատակով ցածր տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրում կամ գնման արժեքի մասնակի փոխհատուցում:

12. Կենդանիների պահվածքի և խնամքի ոչ ճիշտ կազմակերպումը, նորմավորված կերակրման բացակայությունը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններն այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր չէ ապահովել կաթի պահանջարկը տեղական արտադրության հաշվին։ Այսինքն, ցածր արտադրողականության գլխավոր պատճառը, հիմնականում, արտադրության հանդեպ էքստենսիվ մոտեցումն է, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների, կառավարման, տեղեկատվության և գիտելիքների պակասը: Եվ, նույնիսկ, ինտենսիվ ֆերմաների համար այսօր կենդանիների պահվածքի հետ կապված վերը նշված խնդիրների լուծումը մնում է առաջնահերթ հարց:

13. Հանրապետության տավարաբուծական արտադրանքի արժեշղթայի բոլոր փուլերում առկա խնդիրները խոչընդոտում են ճյուղի զարգացմանը, և ստեղծված իրավիճակը հանգեցնում է՝

1) առաջավոր տեխնոլոգիաների ներդրման անհնարինության կամ ոչ լայնամասշտաբ կիրառման.

2) կաթնատվության ցածր մակարդակի.

3) արտադրանքի ցածր որակի և մրցունակության նվազման.

4) ինքնարժեքի ավելացման:

14. Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում պետական աջակցությամբ իրականացնել անասնապահական տնտեսությունների արդիականացմանն ուղղված՝ Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր, որը կնպաստի ինչպես պահվածքի պայմանների բարելավմանը, այնպես էլ՝ կաթնատվության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի արտադրողականության աճին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը և ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը։

15. Ծրագրով առաջարկվող արդի մոտեցումները կնպաստեն կենդանիների գենետիկական ներուժի լիարժեք դրսևորմանը՝ հնարավորություն ընձեռելով այդ տնտեսություններում կովերից առաջիկա տարիներին ստանալու տարեկան առնվազն 3500-4000 կգ կաթ: Առաջարկվող մոտեցման արդյունավետության մասին է վկայում ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական փորձը. նմանատիպ տնտեսություններ են ստեղծվել և արդյունավետ գործում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում, Հայաստանում (Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի ծրագրերի շրջանակներում ստեղծվել են թեթև կոնստրուկցիաներով անասնաշենքեր) և մի շարք այլ երկրներում։

16. Հաշվի առնելով անասնաբուծության զարգացման գործընթացում տավարաբուծության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը՝ անհրաժեշտ է մարտավարությունն ուղղել անասնապահական տնտեսությունների արդիականացմանը՝ նպաստելով գյուղացիական տնտեսությունների տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

17. Ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

18. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

1) փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման մատչելի տարբերակների առաջադրում.

2) անասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների առկայություն և ծախսերի փոխհատուցում.

3) ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների մշակում։

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

19. Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերը կաթի արտադրության շղթայի արդյունավետության բարձրացման համալիր լուծումներից են։

20. Կենդանիների պահվածքի, կերակրման և գենետիկ ներուժի լիարժեք դրսևորման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով խթանվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցումը կամ վերակառուցումը և դրանց տեխնոլոգիական ապահովումը։ Այս առումով առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ, որոնց տեխնիկական չափանիշներն ու տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերի ցանկը ներկայացված է NN 4 և 5 աղյուսակներում.

1) թեթև կոնստրուկցիայով անասնաշենք (օրինակելի հատակագիծը ներկայացված է գծապատկերում).

2) այլ տիպի անասնաշենք։

21. Կառուցման և վերակառուցման համար առաջարկվում է 3 մոդել (ծախսերի գնահատման հաշվարկներն արվել են ծրագրի բյուջեն ձևավորելու համար։ Անհրաժեշտ ֆինանսական ներդրումների կողմնորոշիչ, խոշորացված հաշվարկները ներկայացվում են NN 6, 7 և 8 աղյուսակներում)՝

1) 1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ.

2) 2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ.

3) 3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ։

22. Ծրագրի մասնակիցներն են գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը) ու փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ կապալառու), որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պայմանները։

23. Ծրագրի 20-րդ կետում ներկայացված անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար տրամադրվում է փոխհատուցում հետևյալ չափերով՝

1) 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի համար՝ 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 7.7 մլն դրամ.

2) 21-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մոդելի համար՝ 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 16.1 մլն դրամ.

3) 21-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված մոդելի համար՝ 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 24.5 մլն դրամ։

(23-րդ կետը լրաց. 18.04.19 N 473-Լ)

24. Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց կապալառու կազմակերպության։ Կառուցումն իրականացվելու է բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ։

25. Ծրագրին մասնակցության ցանկություն հայտնած կապալառու կազմակերպությունը պետք է նախարարություն ներկայացնի հայտ (N 1 ձև), որի հիման վրա վերջինս կընդգրկվի նախարարության կողմից հրապարակվող ծրագրի կապալառուների ցանկում, եթե բավարարի ստորև նշված պայմանները.

1) անասնաշենքի նախագծի կազմման (անկապ բոքսային այլ տիպի անասնաշենքի կառուցման դեպքում), կառուցման կամ վերակառուցման իրականացման պարտավորության ստանձնում՝ ծրագրով սահմանված չափորոշիչներին համապատասխան.

2) անասնաշենքը կառուցելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում անասնաշենքի շահագործման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրում և երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման իրականացում։

26. Ծրագրին մասնակցության գործընթացը՝

1) տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի.

ա. դիմում (N 2 ձև),

բ. անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայական։ Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝ կառուցապատման (վերակառուցման) համար,

գ. անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից՝ կազմակերպվող ուսուցողական դասընթացներին մասնակցելու արդյունքում։ Դասընթացի ծրագիրը և վճարի չափը սահմանվում է հիմնադրամի և նախարարության միջև կնքվող պայմանագրով,

դ. ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող նախագիծ, այդ թվում՝ տիպային կամ բազմակի օգտագործման,

ե. վերակառուցման դեպքում վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարներ.

2) ծրագրի 26-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու և դրանց համապատասխանելիությունն ուսումնասիրելու դեպքում 10-օրյա ժամկետում կնքվում է ծրագրին մասնակցելու պայմանագիր՝ մասնակցի և նախարարության միջև.

3) պայմանագրի կնքումը մերժվում է 26-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակելու դեպքում.

4) դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով։ Տեղազննության արձանագրությունը կցվում է պայմանագիր կնքելու կամ մերժելու առաջարկությանը.

5) ծրագրին մասնակցելու պայմանագրում պարտադիր ամրագրվում են՝ պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու և առնվազն հինգ տարի նպատակային օգտագործելու վերաբերյալ, ինչպես նաև հինգ տարի նախարարություն հաշվետվություն ներկայացնելու և պայմանագրի դրույթները խախտելու դեպքում ծրագրի շրջանակներում տրամադրված փոխհատուցման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին.

6) ծրագրի 26-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հաշվետվությունը պետք է ներառի տեղեկատվություն տնտեսության գործունեության վերաբերյալ, այդ թվում՝

ա. անասնագլխաքանակի՝ ըստ սեռահասակային կազմի,

բ. մթերատվության ցուցանիշների,

գ. տարածքում այլ նախաձեռնությունների,

դ. առաջիկա ծրագրերի վերաբերյալ.

7) ծրագրին տնտեսավարողը կարող է մասնակցել մեկ անգամ.

8) ծախսերի փոխհատուցումն իրականացվում է նախարարության կողմից։

27. Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման (վերակառուցման) աշխատանքներն ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50 տոկոս չափով, իսկ մնացած 50 տոկոսը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում։

 

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

28. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը։

29. Մոնիթորինգն իրականացվում է տնտեսություններ այցելությունների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, յուրաքանչյուր փոխհատուցումից առաջ՝ նախանշված աշխատանքներն իրականացված լինելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում։

30. Դիմումին կից ներկայացվում է՝

1) 1-ին փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ.

2) 2-րդ փուլի համար՝ անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման վերաբերյալ ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր։ Սարքերը պետք է ձեռք բերված լինեն ծրագրին մասնակցելու պայմանագիր կնքելու օրվանից հետո։

 

VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

31. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում՝

1) բնակլիմայական պայմանների պատճառով կառուցապատման աշխատանքների երկարաձգումը.

2) տնտեսավարող սուբյեկտների (շահառուների) անբավարար քանակը.

3) տնտեսավարող սուբյեկտների կողմից կենդանիների պահվածքի ոչ պատշաճ կազմակերպումը.

4) տնտեսավարողների կողմից կառույցի ոչ լիարժեք շահագործումը։

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

32. Ծրագրի տևողությունը՝ 2019-2021 թթ.։

33. Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք՝ ըստ տարիների ներկայացված է N 2 աղյուսակում։

34. Մեկ անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման համար անհրաժեշտ փոխհատուցման հաշվարկման հիմքում դրված է 3 մոդելի կառուցման կամ վերակառուցման համար նախատեսված միջին գումարը` 23 մլն դրամ։ Փոխհատուցման չափը կկազմի շուրջ 13.8 մլն դրամ։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ըստ տարիների կկազմեն`

 

Աղյուսակ N 2

 

Ծրագրի ֆինանսական ցուցանիշները

 

Տարիները

2019 թ.

2020 թ.

2021 թ.

Անասնաշենքերի քանակն ըստ տարիների (հատ)

30

100

100

Փոխհատուցում (մլն դրամ)

414.0

1380.0

1380.0

Ընդամենը (մլրդ դրամ)

3.2

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

35. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) հանրապետությունում փոքր և միջին տավարաբուծական տնտեսությունների զարգացում՝ շուրջ 230 անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում.

2) տավարաբուծության վարման արդիական տեխնոլոգիաների ներդրում, ճյուղի ինտենսիվացում.

3) կենդանիների պահվածքի համար բարենպաստ պայմանների ստեղծում (զոոհիգիենիկ պայմանների ապահովում, գենետիկ ներուժի արդյունավետ օգտագործում).

4) մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակի բարձրացում՝ մինչև 3500-4000 կգ.

5) անասնագլխաքանակի ավելացում.

6) կաթի ինքնարժեքի իջեցում, արտադրության ծավալների ավելացում.

7) կաթի որակական հատկանիշների բարելավում.

8) տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում.

9) տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում.

10) ստեղծվող տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար՝ տավարաբուծության արդի մոտեցումներին ծանոթացնելու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։

36. Ծրագրի տնտեսական արդյունավետության հաշվարկը ներկայացված է N 3 աղյուսակում:

37. Ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշ՝ 230 անասնաշենք (2019-2021 թթ.):

 

Աղյուսակ N 3

 

Ծրագրի տնտեսական արդյունավետության հաշվարկ*

 

NN
ը/կ

Ցուցանիշները

Չափի
միավորը

2019 թ.

2020 թ.

2021 թ.

2022 թ.

2023 թ.

1.

Կովերի գլխաքանակ

գլուխ

750

3250

5713

5588

5463

2.

Հորթերի գլխաքանակ

գլուխ

570

2470

4342

4503

5263

3.

Արտադրված կաթ

տոննա

450

7800

13710

14307.8

17000.2

4.

Արտադրված միս (սպանդային քաշով)

տոննա

0

25.7

111.2

195.4

202.6

5.

Համախառն արտադրանքի արժեք, այդ թվում՝

մլրդ դրամ

0.1

1.2

2.3

2.6

3.0

5.1.

Կաթ

մլրդ դրամ

0.1

1.1

2.0

2.1

2.5

5.2.

Միս

մլրդ դրամ

0

0.1

0.3

0.5

0.5

6.

Արտադրված կաթ (2260 կգ կաթնատվության դեպքում)

տոննա

339

5876

10328.2

10681.9

12388.2

7.

Արտադրված կաթի արժեք

մլրդ դրամ

0.05

0.8

1.5

1.5

1.8

8.

Հավելյալ կաթի արտադրություն

տոննա

111

1924

3381.8

3625.9

4612.1

9.

Հավելյալ արժեք կաթի արտադրությունից

մլրդ դրամ

0.02

0.3

0.5

0.5

0.7

*Հաշվարկների կատարման համար հիմք են հանդիսացել հետևյալ ցուցանիշները՝

Կովերի միջին գլխաքանակը՝ 25 գլուխ

Ծնելիության ցուցանիշը՝ 80%

Արու և էգ հորթերի ծնվելու հավանականությունը՝ 50%

Կովերի միջին կաթնատվությունը՝ 3000 կգ

Սերնդի կաթնատվությունը՝ 3500 կգ

1 կգ կաթի համադրելի գինը՝ 145 դրամ

1 կգ տավարի մսի համադրելի գինը՝ 2500 դրամ

Անկման ցուցանիշը՝ 5%

 

Աղյուսակ N 4

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐ

 

Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերը

1-ին մոդելի համար անհրաժեշտ քանակ

2-րդ մոդելի
համար անհրաժեշտ քանակ

3-րդ մոդելի համար անհրաժեշտ
քանակ

Օդափոխիչ 360W, 50HZ, 6800մ3/ժ*

3-6

6-10

10 և ավելի

LED լամպեր լուսավորության համար **

10-20

20-34

34 և ավելի

Կթի շարժական սարքավորում

1

0

0

Դույլերով կթի ստացիոնար համակարգ

0

1

1

Կենդանիների համար նախատեսված ռետինե ներքնակներ ***

 առնվազն 10

առնվազն 20

առնվազն 40

Կթի սենյակի համար թափոնների կառավարման համակարգ

1

1

1

Ջրի արևային տաքացուցիչ կթի սենյակի համար

1

1

1

Մոտոբլոկ (անասնաշենքում գոմաղբը մաքրելու համար)

0

1

1

Կենդանիների խոզանակ

0

0

1

Պաղեցման տանկ (600 լ)

0

0

1

Խմբակային տաքացնող ջրախմոց

1

1

1

* 50 քառ. մետրի հաշվով 1 օդափոխիչ

** լուսավորությունը կերամանի և նստելատեղերի վրա պետք է ապահովվի 180 լյուքս

***յուրաքանչյուր գլխի համար 1 ներքնակի հաշվարկով, ներքնակները կարող են փոխարինվել ծղոտե խորը ցամքարներով

 

Աղյուսակ N 5

 

Անկապ բոքսային պահվածքով անասնաշենքի չափորոշիչները

 

Անվանումը

Ցուցանիշը

Ծանոթագրություն

Oդափոխություն

2 մ/վրկ արագությամբ

երդիկների քառակուսու չափը հաշվարկվում է, տանիքի մակերեսի
2.5%-ը

Տանիքի կամ առաստաղի բարձրությունը

նվազագույնը 6 մ

 

Լուսավորությունը կերամանի և նստելատեղի վրա

առնվազն 180 լյուքս

 

Նստելատեղեր

լայնությունը՝ նվազագույնը 90, առավելագույնը 120 սմ (միջինում 100 սմ)

երկարությունը՝ նվազագույնը 180, առավելագույնը 220 սմ (միջինում 200 սմ)

 

Ջրի մատակարարումը

 

մշտական

Կերահրապարակներ

մեկ գլխի հաշվով լայնությունը ոչ պակաս, քան 70 սմ

 

Կենդանիների համար նախատեսված տարածքը

8-9 քառ/մ՝ ներառյալ բոքսեր

մեկ գլխի համար

Զբոսատեղերի նվազագույն լայնությունը

3.5 մ

անասնաշենքի ներսում

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

__________________ ընկերությունը (այսուհետ` ընկերություն) պատրաստակամություն է հայտնում մասնակցելու ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված՝ Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվելիք` «Խելացի» անասնապահական ֆերմաների կառուցման (վերակառուցման) աշխատանքներին:

Միաժամանակ հայտարարում եմ, որ`

- «Խելացի» անասնաշենքերի նախագծի կազմումը, փորձաքննության իրականացումը, կառուցումը կամ վերակառուցումը, տեխնիկական հսկողության աշխատանքների ապահովումը ծրագրով սահմանված չափորոշիչներին համապատասխան և փաստագրումն ամբողջությամբ կիրականացվի ընկերության կողմից,

- «Խելացի» անասնաշենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերում կներառվեն տեղեկություններ շինարարական աշխատանքների կազմակերպման համար օգտագործված նյութերի, ինչպես նաև անասնաշենքում տեղադրված սարքավորումների ծագման և օգտագործման վերաբերյալ,

- անասնաշենքի կառուցումից հետո առնվազն մեկ տարվա ընթացքում անասնաշենքի շահագործման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն կտրամադրվի և կիրականացվի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում:

Ներկայացնում եմ լրացուցիչ փաստաթղթեր` ընկերության գործունեության և կատարած աշխատանքների մասին (ոչ պարտադիր դրույթ):

Հավաստիացնում եմ, որ սույն հայտով ներկայացված տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Պարտավորվում եմ ներկայացված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում այդ մասին ողջամիտ ժամկետում տեղեկացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

 

Ստորագրող

__________________________________________________

 (անունը, ազգանունը)

   
 

 __________________________________________________

  (ստորագրությունը)

 

______ __________________ 20  թ.

Ձև N 2

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարին

__________________________________________________________ - ից

 (անձի անվանում/անձի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

____________________________________________________________________________________

(ֆիզիկական և իրավաբանական անձի անվանումը)

 

ցանկանում եմ մասնակցել Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրին և ՀՀ_____________ մարզի ___________համայնքում կառուցել/վերակառուցել «Խելացի» անասնաշենք ըստ հետևյալ չափորոշիչների՝ (ընդգծել)

1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։

2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար:

3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, ինչը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար:

այլ ձևի անասնաշենքի կառուցում (վերակառուցում) ______________ անասնագլխաքանակի համար:

- Համաձայն եմ, որ ծրագրի իրականացման վերաբերյալ պայմանագրում ամրագրվի, որ անասնաշենքն առնվազն 5 տարի պետք է նպատակային օգտագործվի և անասնաշենքը շահագործման հանձնվի պայմանագիրը կնքելու պահից մեկ տարվա ընթացքում:

- Անասնաշենքի կառուցման և սարքավորումների ձեռքբերման աշխատանքները նախատեսում եմ իրականացնել (ընդգծել)

● առանց կապալառու

● ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված կապալառու կազմակերպության միջոցով (պարտավորվում եմ կապալառու կազմակերպության հետ կնքած պայմանագիրը ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն այն կնքելուց 5-օրյա ժամկետում):

Կից ներկայացվում են ծրագրով սահմանված հետևյալ փաստաթղթերը.

 

Դիմող

__________________________________________________

(դիմումատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)

   
 

 __________________________________________________

  (ստորագրությունը)

 

______ __________________ 20  թ.

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_19930

 

(հավելվածը լրաց. 18.04.19 N 473-Լ)