ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3146/05/16
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Ն. Տավարացյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Վ. Ավանեսյան |
|
|
Ա. Բարսեղյան |
|
|
Մ. Դրմեյան |
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. Հակոբյան |
|
|
Ս. Միքայելյան |
Տ. Պետրոսյան | ||
|
|
Է. Սեդրակյան |
2019 թվականի մարտի 22-ին
քննելով Կարեն Ավագյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Կարեն Ավագյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` վարչական ակտերը վերացնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կարեն Ավագյանը պահանջել է վերացնել Ծառայության 19.02.2016 թվականի թիվ 1604188683 և 08.04.2016 թվականի թիվ 17-4-6309 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 15.11.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավորներ՝ Գ. Ղարիբյան, Ք. Մկոյան, Ա. Առաքելյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.09.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.11.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է, և Կարեն Ավագյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի որոշմամբ Կարեն Ավագյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի որոշմամբ Կարեն Ավագյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Ավագյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ սահմանադրական դատարանը, Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա 10.07.2018 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:
Տվյալ դեպքում սույն գործով կայացված վերջնական դատական ակտով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը Կարեն Ավագյանի նկատմամբ կիրառվել են ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ դրանց տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ՝ Կարեն Ավագյանի վրա դնելով Ծառայության կողմից բերված վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման ծախսը հատուցելու պարտականություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և Կարեն Ավագյանից հօգուտ Ծառայության 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար, բռնագանձելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 13.09.2017 թվականի որոշումը և դատական ծախսերի հարցն այդ մասով համարել լուծված:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ծառայության 19.02.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604188683 որոշմամբ Կարեն Ավագյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է 30.000 ՀՀ դրամի չափով տուգանք (հատոր 1-ին, գ.թ. 14):
2. Ծառայության 08.04.2016 թվականի թիվ 17-4-6309 որոշմամբ Կարեն Ավագյանի վարչական բողոքը թողնվել է առանց բավարարման և Ծառայության 19.02.2016 թվականի թիվ 1604188683 որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 9):
3. Դատարանը 15.11.2016 թվականի վճռով Կարեն Ավագյանի հայցը բավարարել է` Ծառայության 19.02.2016 թվականի թիվ 1604188683 և 08.04.2016 թվականի թիվ 17-4-6309 որոշումները ճանաչելով անվավեր (հատոր 1-ին, գ.թ. 46-57):
4. Դատարանի 15.11.2016 թվականի վճռի դեմ Ծառայությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վճարելով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք (հատոր 1-ին, գ.թ. 64-66, 73):
5. Վերաքննիչ դատարանը 13.09.2017 թվականի որոշմամբ բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ բեկանել և փոփոխել է Դատարանի 15.11.2016 թվականի վճիռը` մերժելով Կարեն Ավագյանի հայցը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Կարեն Ավագյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար Ծառայության կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար (հատոր 1-ին, գ.թ. 93-99):
6. Կարեն Ավագյանն իր ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Ղազարյանի միջոցով ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ բողոքարկելով Վերաքննիչ դատարանի 13.09.2017 թվականի որոշման՝ դատական ծախսերի բաշխման մասը (հատոր 2-րդ, գ.թ. 26-35):
7. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Կարեն Ավագյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 48-50):
8. ՀՀ սահմանադրական դատարանը Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա 10.07.2018 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները (...):
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 որոշմամբ անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես՝ 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին՝ առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու՝ անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Կարեն Ավագյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 19.02.2016 թվականի թիվ 1604188683 և 08.04.2016 թվականի թիվ 17-4-6309 որոշումները: Առաջին վարչական ակտով Կարեն Ավագյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է 30.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Իսկ երկրորդ վարչական ակտով Կարեն Ավագյանի վարչական բողոքը թողնվել է անփոփոխ և Ծառայության 19.02.2016 թվականի թիվ 1604188683 որոշումը թողնվել է առանց բավարարման: Փաստորեն, Կարեն Ավագյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով ազատված է եղել սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից:
Դատարանի վճռով Կարեն Ավագյանի հայցը բավարարվել է՝ Ծառայության 19.02.2016 թվականի թիվ 1604188683 որոշումը ճանաչվել է անվավեր:
Ծառայությունը Դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վճարելով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Կարեն Ավագյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար Ծառայության կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Կարեն Ավագյանն իր ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի միջոցով ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ բողոքարկելով Վերաքննիչ դատարանի որոշման՝ դատական ծախսերի բաշխման մասը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 13.12.2017 թվականին կայացրած «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ մերժել է Կարեն Ավագյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
ՀՀ սահմանադրական դատարանը, Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշման 1-ին կետով համարել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը, իսկ նույն որոշման 2-րդ կետով համարել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:
Սույն գործի փաստերը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի որոշման՝ պետական տուրքի բաշխման մասը բեկանելու համար:
Այսպես, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ տվյալ դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Կարեն Ավագյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվոր Կարեն Ավագյանի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից: Հետևաբար տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող Ծառայության կողմից վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, Կարեն Ավագյանից հօգուտ Ծառայության բռնագանձելով 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար Ծառայության կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը կիրառել է այդ իրավադրույթի՝ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման՝ պետական տուրքի բաշխման մասի դեմ Կարեն Ավագյանի ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 13.09.2017 թվականի որոշումը՝ Կարեն Ավագյանից հօգուտ Ծառայության 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար բռնագանձելու մասով, բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելը և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել Կարեն Ավագյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման արդյունքում կայացված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.12.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.09.2017 թվականի որոշման՝ պետական տուրքի բաշխման մասը, և այդ մասով այն փոփոխել. վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան