ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0082/02/09
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան
Դատավորներ՝ |
Ս. Միքայելյան |
Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Մ. Դրմեյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. Հակոբյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
|
|
Ն. Տավարացյան |
2019 թվականի մարտի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «ԱրմենՏել» ՓԲԸ) (այսուհետ՝ Ընկերություն) և Վալերիկ Եսայանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Օֆելյա Հունանյանի ընդդեմ Ընկերության, Վալերիկ Եսայանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, հողամասն իր նախկին տեսքին բերելու և 26.11.2008 թվականից մինչև բջջային հեռախոսակայանի ապամոնտաժումն ամսական 40.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Օֆելյա Հունանյանը պահանջել է վերացնել սեփականության իրավունքի խախտումը, ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի 07.039.013.008 կադաստրային համարով հողամասը բերել իր նախկին տեսքին, այն է՝ ապամոնտաժել հողամասում տեղադրված բջջային հեռախոսակայանը, հօգուտ իրեն սկսած 26.11.2008 թվականից մինչև բջջային հեռախոսակայանի ապամոնտաժումը բռնագանձել ամսական 40.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները։
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Պողոսյան) 04.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «վերացնել Օֆելյա Հունանյանի սեփականության իրավունքի խախտումները: Անվավեր ճանաչել Վալերիկ Եսայանի և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջև 2007 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը և այդ մասով կատարված պետական գրանցումը: Պատասխանող՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ից ի օգուտ հայցվոր Օֆելյա Հունանյանի բռնագանձել 2008 թվականի հոկտեմբեր ամսից մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր ամիս բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես սեփականության իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասի գումար»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Տ. Սահակյան, Կ. Հակոբյան, Տ. Նազարյան) 30.07.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վալերիկ Եսայանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սիսակյան) (այսուհետ՝ Դատարան) 04.10.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.03.2018 թվականի որոշմամբ Օֆելյա Հունանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 04.10.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը և Վալերիկ Եսայանը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Օֆելյա Հունանյանը։
2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 60-րդ, 62-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ ո´չ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ն, ո´չ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն իրենց կողմից տրված փորձագիտական եզրակացություններում չեն կարողացել նշել բջջային հեռախոսակայանի կոորդինատները տարածության մեջ, հետևաբար հստակ հետևություն չէր կարող արվել առ այն, որ այն տեղակայված է հենց Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում: Ավելին՝ փորձագիտական եզրակացությունների հիմքում դրվել են հողամասերի տարբեր հատակագծեր, որոնց տվյալներն իրարամերժ են, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է անհիմն հարստացման գումարի բռնագանձման պահանջին, ապա Ընկերությունը որևէ գույք չի խնայել հայցվորի հաշվին, ուստի անհիմն հարստացման իրավահարաբերությունները կարգավորող նորմերը չեն կարող կիրառվել սույն իրավահարաբերությունների նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վալերիկ Եսայանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի և լրիվ հետազոտություն, որի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա փորձագիտական եզրակացությունները թերի են եղել, քանի որ դրանցով չի պարզվել բջջային հեռախոսակայանի հստակ տեղակայվածությունը տարածության մեջ: Հետևաբար նշված եզրակացությունները չէին կարող դրվել դատական ակտի հիմքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.2. Վճռաբեկ բողոքների պատասխանների հիմնավորումները
Վճռաբեկ բողոքներն անհիմն են, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, իրականացնելով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, իրավաչափորեն եկել է եզրահանգման, որ բջջային հեռախոսակայանը տեղակայված է Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, ուստի հայցը ենթակա էր բավարարման:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 2461856 վկայականի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի 0,10 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Օֆելյա Հունանյանին (հատոր 1-ին, գ.թ. 7):
2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 2144962 վկայականի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի 200քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Վալերիկ Եսայանին (հատոր 1-ին, գ.թ. 31):
3) Ընկերության և Վալերիկ Եսայանի միջև 03.10.2007 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Վալերիկ Եսայանը 40.000 ՀՀ դրամ ամսական վարձավճարի դիմաց Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի աջակողմյան մասում գտնվող հողամասից 200քմ մակերեսով տարածքը՝ բջջային հիմնական կայանի շարժական տնակ տեղակայելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 33-36):
4) Դատարանը 03.05.2012 թվականի փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրել է հետևյալ հարցերը՝
ա) Վալերիկ Եսայանին տրված՝ թիվ 2144962 սեփականության իրավունքի գրանցման վկայականին կից ներկայացված քարտեզում Վալերիկ Եսայանի կողմից ներկայումս օգտագործվող հողակտորը հանդիսանում է արոտավայր, թե՞ բնակավայրի հողամաս, և վերջինիս տրված քարտեզում որտե՞ղ է հողակտորը գտնվում.
բ) ճշտել շարժական կայանի կոորդինատները և հստակեցնել, թե ո՞ր կամ ո՞ւմ պատկանող հողակտորում է այն գտնվում.
գ) վիճելի հողամասի մակերեսը որոշելիս ռելիեֆի առանձնահատկությունները հաշվի առնվե՞լ են, թե՝ ոչ (հատոր 3-րդ, գ.թ. 160-161):
5) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի փորձագետի 08.10.2012 թվականի եզրակացության համաձայն՝ Վալերիկ Եսայանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը հանդիսանում է արոտ, Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող բջջային հեռախոսակապի կայանը գտնվում է Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում և հողատարածքների մակերեսների որոշման ժամանակ ռելիեֆային առանձնահատկությունները հաշվի առնված են: Նույն եզրակացության «Հետազոտվող օբյեկտների համառոտ նկարագրությունը» մասի համաձայն՝ նշվածը պարզվել է հետազոտությանը տրամադրված երկու հողատարածքներում կատարված զննությունների, դրանց չափային և սահմանային կոորդինատներն էլեկտրոնային քարտեզի տվյալների հետ համադրելու և համեմատելու արդյունքում: Փորձագիտական եզրակացության հիմքում դրվել է «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի չափագրողի և տնօրենի ստորագրությամբ վավերացված հողամասի հատակագիծը (հատոր 4-րդ, գ.թ. 1-15):
6) Դատարանը 24.02.2015 թվականի լրացուցիչ շինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրել է հետևյալ հարցերը՝
«ա) Օֆելյա Հունանյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքի սահմանները համապատասխանո՞ւմ են արդյոք սեփականությանը վերաբերող փաստաթղթերին.
բ) Ընկերությանը պատկանող բջջային կայանի շարժական տնակը գտնվո՞ւմ է արդյոք Օֆելյա Հունանյանին պատկանող հողատարածքի վրա, եթե՝ այո, ապա որքա՞ն հողատարածք է այն զբաղեցնում և հողատարածքի ո՞ր հատվածում է այն տեղակայված.
գ) սահմանազատվա՞ծ է արդյոք Օֆելյա Հունանյանին պատկանող հողատարածքն այլ հողատարածքներից, եթե՝ այո, ապա նշել հարևանությամբ գտնվողներին» (հատոր 5-րդ, գ.թ. 56-57):
7) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 19.08.2016 թվականի եզրակացության համաձայն՝ բջջային հեռախոսակապի կայանը գտնվում է Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում և զբաղեցնում է 97,12քմ տարածք: Տեղազննության ժամանակ Օֆելյա Հունանյանին պատկանող հողատարածքը բնության մեջ փաստացի սահմանազատված չի եղել, իսկ հարևանների մասին տեղեկություն հնարավոր չի եղել ձեռք բերել: Փորձագիտական եզրակացության հիմքում դրվել է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված հատակագիծը: Նույն փորձագիտական եզրակացության համաձայն՝ հնարավոր չի եղել պատասխանել Դատարանի կողմից փորձագետին առաջադրված հետևյալ հարցին. «Օֆելյա Հունանյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքի սահմանները համապատասխանում են արդյոք սեփականությանը վերաբերող փաստաթղթերին» (հատոր 6-րդ, գ.թ. 1-12):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքների վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 62-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք դատարանի կողմից առաջադրված բոլոր հարցերի հիմնավորված պատասխանները չպարունակելու պայմաններում փորձագետի եզրակացությունը կարող է համարվել բավարար ապացույց, որի հիման վրա դատարանը կարող է գնահատական տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերին:
4.1 Քննելով Ընկերության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (...) փորձագետների եզրակացություններով (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`
1) նշում` կիրառված մեթոդների մասին.
2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության), իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ: Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված (տե´ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները, գնահատվեն որպես մեկ ապացույց (տե´ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջներն օրենքով սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի արվել: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվի հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում՝ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին՝ պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (տե՛ս, Ղուկաս Ավագյանն ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասսյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 03.05.2012 թվականի փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետին առաջադրել է հետևյալ հարցերը՝
«ա) Վալերիկ Եսայանին տրված՝ թիվ 2144962 սեփականության իրավունքի գրանցման վկայականին կից ներկայացված քարտեզում Վալերիկ Եսայանի կողմից ներկայումս օգտագործվող հողակտորը հանդիսանում է արոտավայր, թե՞ բնակավայրի հողամաս, և վերջինիս տրված քարտեզում որտե՞ղ է հողակտորը գտնվում.
բ) ճշտել շարժական կայանի կոորդինատները և հստակեցնել, թե ո՞ր կամ ո՞ւմ պատկանող հողակտորում է այն գտնվում.
գ) վիճելի հողամասի մակերեսը որոշելիս ռելիեֆի առանձնահատկությունները հաշվի առնվե՞լ են, թե՝ ոչ»:
«ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 08.10.2012 թվականի փորձագիտական եզրակացության համաձայն՝ Վալերիկ Եսայանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը հանդիսանում է արոտ, Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող բջջային հեռախոսակապի կայանը գտնվում է Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում և հողատարածքների մակերեսների որոշման ժամանակ ռելիեֆային առանձնահատկությունները հաշվի առնված են: Նույն եզրակացության «Հետազոտվող օբյեկտների համառոտ նկարագրությունը» մասի համաձայն՝ նշվածը պարզվել է հետազոտությանը տրամադրված երկու հողատարածքներում կատարված զննությունների, դրանց չափային և սահմանային կոորդինատներն էլեկտրոնային քարտեզի տվյալների հետ համադրելու և համեմատելու արդյունքում: Փորձագիտական եզրակացության հիմքում դրվել է «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի չափագրողի և տնօրենի ստորագրությամբ վավերացված հողամասի հատակագիծը:
«ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի փորձագետի 08.10.2012 թվականի եզրակացությամբ չի պատասխանվել Դատարանի կողմից փորձագետին առաջադրված հետևյալ հարցին՝ «Ճշտել շարժական կայանի կոորդինատները (…)»:
Այնուհետև Դատարանի 24.02.2015 թվականի լրացուցիչ շինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը՝
«ա) Օֆելյա Հունանյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքի սահմանները համապատասխանո՞ւմ են արդյոք սեփականությանը վերաբերող փաստաթղթերին.
բ) Ընկերությանը պատկանող բջջային կայանի շարժական տնակը գտնվո՞ւմ է արդյոք Օֆելյա Հունանյանին պատկանող հողատարածքի վրա, եթե՝ այո, ապա որքա՞ն հողատարածք է այն զբաղեցնում և հողատարածքի ո՞ր հատվածում է այն տեղակայված.
գ) սահմանազատվա՞ծ է արդյոք Օֆելյա Հունանյանին պատկանող հողատարածքն այլ հողատարածքներից, եթե՝ այո, ապա նշել հարևանությամբ գտնվողներին»:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 19.08.2016 թվականի եզրակացության համաձայն՝ բջջային հեռախոսակապի կայանը գտնվում է Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում և զբաղեցնում է 97,12քմ տարածք: Տեղազննության ժամանակ Օֆելյա Հունանյանին պատկանող հողատարածքը բնության մեջ փաստացի սահմանազատված չի եղել, իսկ հարևանների մասին տեղեկություն հնարավոր չի եղել ձեռք բերել: Փորձագիտական եզրակացության հիմքում դրվել է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված հատակագիծը: Նույն փորձագիտական եզրակացության համաձայն՝ հնարավոր չի եղել պատասխանել Դատարանի կողմից փորձագետին առաջադրված հետևյալ հարցին. «Օֆելյա Հունանյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքի սահմանները համապատասխանո՞ւմ են արդյոք սեփականությանը վերաբերող փաստաթղթերին»:
Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի փորձագետի 08.10.2012 թվականի եզրակացությունը չի կարող համարվել վերաբերելի և թույլատրելի ապացույց, քանի որ այն կասկածի տակ առնելու հիմքով նշանակվել է մեկ այլ փորձաքննություն, իսկ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 19.08.2016 թվականի եզրակացությանն անդրադառնալիս Դատարանը նշել է, որ այն չի պարունակում առաջադրված հարցերին հիմնավորված պատասխաններ, ուստի այն նույնպես չի կարող դիտվել որպես վերաբերելի և թույլատրելի ապացույց:
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ Դատարանը հանգել է սխալ հետևության և նշված եզրակացությունները սխալ է գնահատել, քանի որ փորձագետի եզրակացություններին` որպես ապացույցի տեսակի՝ առաջադրվող պահանջները տվյալ պարագայում պահպանված են եղել, և դրանցով հստակ տրվել է պատասխան սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցին: Երկու եզրակացություններով արձանագրվել է, որ Ընկերությանը պատկանող բջջային կայանը գտնվում է Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի սահմաններում:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ երկու փորձագիտական եզրակացություններն էլ չեն պարունակել փորձագետին առաջադրված բոլոր հարցերի պատասխանները: Մասնավորապես՝ Դատարանը, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ համարելով շարժական կայանի տեղակայվածությունը տարածության մեջ (կայանի կոորդինատների մասին տվյալները), փորձագետին առաջադրել է հարց, որից ենթադրվել է՝ նախ ճշտել կայանի կոորդինատները և ապա միայն դրա հիման վրա պատասխան տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող այն հարցին, թե ում պատկանող հողամասում է այն տեղակայված: Մինչդեռ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի փորձագետի 08.10.2012 թվականի եզրակացությամբ չի պատասխանվել Դատարանի կողմից փորձագետին առաջադրված վերոգրյալ հարցին: Այսինքն՝ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի փորձագետի 08.10.2012 թվականի եզրակացությունը եղել է ոչ ամբողջական և չի պարունակել Դատարանի կողմից առաջադրված՝ հատուկ գիտելիքներ պահանջող բոլոր հարցերի պատասխանները: Այնուհետև, Դատարանի կողմից 24.02.2015 թվականին նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն, սակայն ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 19.08.2016 թվականի եզրակացությամբ հնարավոր չի եղել պատասխանել Դատարանի կողմից փորձագետին առաջադրված հետևյալ հարցին. «Օֆելյա Հունանյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքի սահմանները համապատասխանո՞ւմ են արդյոք սեփականությանը վերաբերող փաստաթղթերին»: Այսինքն՝ լրացուցիչ փորձաքննությամբ նույնպես չի ապահովվել փորձագիտական եզրակացության ամբողջականությունը: Նման պայմաններում նշված փորձագիտական եզրակացությունները չէին կարող դիտվել որպես բավարար ապացույցներ, քանի որ ամբողջական տեղեկություններ չեն բովանդակել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ: Մասնավորապես՝ սույն գործի լուծման համար Դատարանը ոչ միայն կարևորել է շարժական կայանի՝ վեճի կողմերին պատկանող հողամասերում գտնվելու փաստը, այլև գործի լուծման համար էական է համարել այդ հողամասերի փաստացի տեղակայման հանգամանքը, որն այդպես էլ չի պարզվել գործով նշանակված փորձաքննությունների արդյունքում: Ընդ որում, նշված հանգամանքը հանդիսացել է ապացուցման ենթակա փաստ, որին գնահատական տալու համար պահանջվում են հատուկ գիտելիքներ: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով փորձաքննություններ նշանակելն ըստ էության կրել է ձևական բնույթ, քանի որ Դատարանը հետամուտ չի եղել իր կողմից փորձագետին առաջադրված հարցերի վերաբերյալ ամբողջական պատասխաններ ստանալու հարցում, որպիսի պայմաններում գործում առկա փորձագիտական եզրակացությունները չէին կարող գնահատվել որպես բավարար ապացույց, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, ստորադաս դատարաններն անտեսել և գնահատական չեն տվել երկու եզրակացությունների հետազոտական (նկարագրական) մասերին, մինչդեռ փորձագետի եզրակացությունը պետք է դիտարկվեր որպես մեկ ամբողջություն և հետազոտվեր օրգանական կապի մեջ: Այսպես՝ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի փորձագետի 08.10.2012 թվականի եզրակացության հետազոտական (նկարագրական) մասի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փորձագետի հետևությունները կատարվել են հետազոտությանը տրամադրված երկու հողատարածքներում կատարված զննությունների, դրանց չափային և սահմանային կոորդինատներն էլեկտրոնային քարտեզի տվյալների հետ համադրելու և համեմատելու արդյունքում: Փորձագիտական եզրակացության հիմքում դրվել է «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի չափագրողի և տնօրենի ստորագրությամբ վավերացված հողամասի հատակագիծը: Մինչդեռ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 19.08.2016 թվականի եզրակացության հետազոտական (նկարագրական) մասում նշվել է, որ փորձագիտական եզրակացության հիմքում դրվել է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված հատակագիծը: Այսինքն՝ երկու եզրակացությունների հիմքում դրվել են տարբեր ելակետային տվյալներ, որոնց միջև հնարավոր հակասությունների հանգամանքը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Հետևաբար փորձագիտական եզրակացությունների ոչ ամբողջական լինելու և առաջադրված հարցերի պատասխանների հիմնավորումների թերի կամ ոչ արժանահավատ լինելու պայմաններում նշված եզրակացությունները չէին կարող գնահատվել որպես բավարար ապացույցներ, իսկ վերը նշված պահանջներն ապահովելու համար Դատարանն օժտված է եղել համապատասխան լիազորություններով, այն է՝ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու իրավական հնարավորությամբ, ինչը չի իրականացվել, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական գնահատական չէր կարող տրվել նաև Օֆելյա Հունանյանի կողմից ներկայացված անհիմն հարստացման գումարը բռնագանձելու պահանջին: Այսինքն՝ այն պարագայում, երբ Օֆելյա Հունանյանի սեփականության իրավունքի խախտման փաստը դեռևս վիճելի է մնացել, ապա կատեգորիկ եզրահանգումներ՝ կապված Օֆելյա Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհիմն օգտագործելու արդյունքում առաջացող հնարավոր անհիմն հարստացման փաստի մասով, կատարվել չէին կարող, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 62-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ առանց գործի հանգամանքները լրիվ և բազմակողմանի բացահայտելու՝ բողոք բերած անձի վրա դրվել է այնպիսի պարտավորություն, որի առկայությունն այդպես էլ չի հիմնավորվել գործում առկա ապացույցներով:
4.2 Քննելով Վալերիկ Եսայանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վալերիկ Եսայանի վճռաբեկ բողոքը ևս վերաբերում է սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և գումարի բռնագանձման՝ Օֆելյա Հունանյանի կողմից ներկայացված պահանջների հիմնավորվածությանը՝ գործում առկա փորձագետների եզրակացությունների՝ ոչ բավարար ապացույց լինելու համատեքստում, որոնց սույն որոշման 4.1 կետում արդեն իսկ անդրադարձ է կատարվել, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պատճառաբանություններով Վալերիկ Եսայանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Վճռաբեկ բողոքների պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքների համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.08.2018 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրքի չվճարված մասով բաշխման հարցին, հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքների համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.08.2018 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրքի չվճարված մասով բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|