ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0209/04/17 |
Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0209/04/17 |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Մ. Հարթենյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Ա. Բարսեղյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Վ. Ավանեսյան |
|
|
Մ. Դրմեյան |
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. Հակոբյան |
|
|
Ս. Միքայելյան |
Տ. Պետրոսյան | ||
|
|
Է. Սեդրակյան |
|
|
Ն. Տավարացյան |
2019 թվականի մարտի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) դիմումի ընդդեմ Գևորգ Հովհաննիսյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2018 թվականի որոշման դեմ Գևորգ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Գևորգ Հովհաննիսյանին ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2018 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.07.2018 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Դատարանի 15.03.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Հովհաննիսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Համայնքի կողմից դիմումի հիմքում դրվել են թիվ 78656400682095550 և թիվ 286564021135095357 տեղեկանքները, որոնք վերաբերել են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի՝ 2008-2017 թվականների հողի հարկին և 2010-2017 թվականների գույքահարկին, որոնց մի մասի վերաբերյալ արդեն իսկ առկա է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված դատական ակտը սահմանված ժամկետում կատարման չի ներկայացվել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Համայնքը չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ չի կայացրել որոշում` այդ գումարները բռնագանձելու մասին, որը պետք է կայացվեր իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.03.2018 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևան համայնքի կողմից ներկայացված թիվ 786564006682095550 և թիվ 286564021135095357 տեղեկանքների համաձայն` Գևորգ Հովհաննիսյանի պարտավորությունը 14.11.2017 թվականի դրությամբ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողի հարկի գծով կազմում է 1.449.068 ՀՀ դրամ (2008-2017 թվականների համար), իսկ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի գույքահարկի գծով` 254.935 ՀՀ դրամ (2010-2017 թվականների համար) (հատոր 1-ին, գ.թ. 9-10):
2) ՀՀ վարչական դատարանի 19.03.2014 թվականի թիվ ՎԴ/12189/05/13 վճռով Համայնքի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն. Աշոտ Հովհաննիսյանից հօգուտ Համայնքի բռնագանձել է 554.304 ՀՀ դրամ, այդ թվում` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող շինության գույքահարկի գծով 58.740 ՀՀ դրամ ապառք, 22.650 ՀՀ դրամ տույժ, նույն հասցեի հողամասի հողի հարկի գծով` 340.826 ՀՀ դրամ ապառք, 132.088 ՀՀ դրամ տույժ (գույքահարկի գծով՝ 2010-2013 թվականների պարտավորությունների համար, և հողի հարկի գծով՝ 2008-2013 թվականների պարտավորությունների համար): ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.10.2014 թվականի որոշմամբ Աշոտ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 19.03.2014 թվականի թիվ ՎԴ/12189/05/13 վճիռը` 2008-2009 թվականների համար հողի հարկի պարտավորության գումարի` 91.726 ՀՀ դրամի չափով հայցը բավարարելու մասով, բեկանվել է և փոփոխվել` հայցը նշված մասով մերժվել է, իսկ վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 44-50):
3) 05.09.2015 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 17.11.2014 թվականին մահացած Աշոտ Հովհաննիսյանի ժառանգն է Գևորգ Հովհաննիսյանը (հատոր 1-ին, գ.թ. 43):
4) Համայնքի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով Գևորգ Հովհաննիսյանից Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի հողի հարկի (2014-2017 թվականների համար) և գույքահարկի (2014-2017 թվականների համար) չվճարված գումարների բռնագանձման մասին որոշում չի կայացվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորության կամ դրա մի մասի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում պետք է դրվի անմիջականորեն օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պահանջը, թե՞ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը,
2) արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշում չի կայացրել և նշված որոշումը չի դարձել անբողոքարկելի:
1) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում` լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են`
- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
- երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
- երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
- երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով «անվճարունակություն» հասկացությանը, նշել է որ «անվճարունակությունը» մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը` պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն` անվճարունակությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքը հիմնվում է «անվճարունակության կանխավարկածի» վրա, այն է` եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց վճարային պարտավորությունները, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, և այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել: Ընդ որում, «անվճարունակության կանխավարկածն» իր հերթին հիմնվում է պարտապանի «բարեխղճության և պարտաճանաչության կանխավարկածի» վրա, այսինքն` եթե պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվում է ոչ թե նրա անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության բացակայությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն` կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը (տե´ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պարտապանին վերագրվող անվիճելի վճարային պարտավորությունը բխում է օրենքով սահմանված հարկեր վճարելու պարտապանի պարտականությունից և դրա մի մասի վերաբերյալ գործում առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: Հետևաբար տվյալ պարագայում պարտավորության անվիճելիությունը հարկ է գնահատել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի համատեքստում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ նշել է, որ օրենսդիրը կարգավորում է սահմանել այն դեպքերի համար, երբ սնանկության դիմումի հիմքում դրված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը: Այսպես, բոլոր այն դեպքերում, երբ սնանկության դիմումի հիմքում ընկած է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, իսկ պարտապանը ողջամիտ ժամկետում չի կատարում այդ վճռից բխող իր պարտավորությունը, ապա պարտատերն իրավասու է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու երկու եղանակով, այն է` կա՛մ սնանկության դիմումով դիմել դատարան, կա՛մ օրենքով սահմանված ժամկետում օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնել հարկադիր կատարման: Ընդ որում, այն դեպքում, երբ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարզվում է, որ գույքը բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան։
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության հիմքում դրված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, ապա պարտատերը սնանկության դիմումը դատարան պետք է ներկայացնի վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացնելու ժամկետի սահմաններում: ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վճարային պարտավորություն uահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն իրականացման: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ յուրաքանչյուր գործով սնանկության դիմումը քննելիս դատարանները պետք է նախևառաջ պարզեն սնանկության դիմումի հիմքում ընկած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը, որից հետո միայն բացահայտեն համապատասխան հիմքի (հիմքերի) հիմնավորվածությունը` հաշվի առնելով յուրաքանչյուր հիմքի համար օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորումները (տե´ս, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան համայնքի կողմից ներկայացված թիվ 786564006682095550 և թիվ 286564021135095357 տեղեկանքների համաձայն` Գևորգ Հովհաննիսյանի պարտավորությունը 14.11.2017 թվականի դրությամբ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողի հարկի գծով կազմում է 1.449.068 ՀՀ դրամ (2008-2017 թվականների համար), իսկ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի գույքահարկի գծով` 254.935 ՀՀ դրամ (2010-2017 թվականների համար):
ՀՀ վարչական դատարանի 19.03.2014 թվականի թիվ ՎԴ/12189/05/13 վճռով Համայնքի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն. Աշոտ Հովհաննիսյանից հօգուտ Համայնքի բռնագանձել է 554.304 ՀՀ դրամ, այդ թվում` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող շինության գույքահարկի գծով 58.740 ՀՀ դրամ ապառք, 22.650 ՀՀ դրամ տույժ, նույն հասցեի հողամասի հողի հարկի գծով` 340.826 ՀՀ դրամ ապառք, 132.088 ՀՀ դրամ տույժ (գույքահարկի գծով՝ 2010-2013 թվականների պարտավորությունների համար, և հողի հարկի գծով՝ 2008-2013 թվականների պարտավորությունների համար): ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.10.2014 թվականի որոշմամբ Աշոտ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 19.03.2014 թվականի թիվ ՎԴ/12189/05/13 վճիռը` 2008-2009 թվականների համար հողի հարկի պարտավորության գումարի` 91.726 ՀՀ դրամի չափով հայցը բավարարելու մասով, բեկանվել է և փոփոխվել` հայցը նշված մասով մերժվել է, իսկ վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ:
05.09.2015 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի` 17.11.2014 թվականին մահացած Աշոտ Հովհաննիսյանի ժառանգն է Գևորգ Հովհաննիսյանը:
ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/12189/05/13 գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ ապացույցներ սույն գործում առկա չեն:
Դատարանը դիմումի մերժման հիմքում դրել է այն, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/12189/05/13 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով Աշոտ Հովհաննիսյանից (իրավահաջորդ՝ Գևորգ Հովհաննիսյան) հօգուտ Համայնքի բռնագանձվել է Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող հողամասի և շինության գույքահարկի գծով 2010-2013 թվականների համար, ինչպես նաև հողի հարկի գծով 2010-2013 թվականների համար առկա պարտքը, իսկ հողի հարկի գծով 2008-2009 թվականների համար առկա պարտքի բռնագանձման պահանջը մերժվել է, սակայն դատական ակտը բավարարված հայցապահանջների մասով կատարման չի ներկայացվել: Հետևաբար Դատարանը գտել է, որ նման պայմաններում բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ պարտապանին սնանկ ճանաչելու վավերապայմանը:
Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Համայնքի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «թիվ ՎԴ/12189/05/13 վարչական գործով կայացված դատական ակտերի հիման վրա պարտապանի իրավանախորդ Աշոտ Հովհաննիսյանից Համայնքի օգտին բռնագանձման ենթակա գումարը վճարված կամ դրա վճարման պարտավորությունն օրենքով սահմանված որևէ հիմքով դադարած լինելու փաստը հաստատող ապացույցներ գործում առկա չեն և այդ գումարը դիմողի կողմից պարտապանին վերագրվող պարտքի ընդհանուր գումարից` 1.541.273 ՀՀ դրամից նվազեցվելու պարագայում անգամ պարտքի մնացորդը կկազմի 1.078.695 ՀՀ դրամ, որը գերազանցում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափը»:
Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո հարկ է համարում նշել հետևյալը.
Համայնքը Գևորգ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերջինս, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող, չի կատարել իր պարտավորությունները, որը Համայնքի կողմից ներկայացված թիվ 786564006682095550 և թիվ 286564021135095357 տեղեկանքների համաձայն` Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի գծով կազմել է 1.449,068 ՀՀ դրամ (2008-2017 թվականների համար), իսկ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի գույքահարկի գծով` 254,935 ՀՀ դրամ (2010-2017 թվականների համար): Այսինքն` Համայնքը դիմումի հիմքում դրել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետը, այն է` պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի 19.03.2014 թվականի թիվ ՎԴ/12189/05/13 վճռով Համայնքի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն. Աշոտ Հովհաննիսյանից հօգուտ Համայնքի բռնագանձվել է 554.304 ՀՀ դրամ, այդ թվում` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող շինության գույքահարկի գծով 58.740 ՀՀ դրամ ապառք, 22.650 ՀՀ դրամ տույժ, նույն հասցեի հողամասի հողի հարկի գծով` 340.826 ՀՀ դրամ ապառք, 132.088 ՀՀ դրամ տույժ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.10.2014 թվականի որոշմամբ Աշոտ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 19.03.2014 թվականի թիվ ՎԴ/12189/05/13 վճիռը` 2008-2009 թվականների համար հողի հարկի պարտավորության գումարի` 91.726 ՀՀ դրամի չափով հայցը բավարարելու մասով, բեկանվել է և փոփոխվել` հայցը նշված մասով ևս մերժվել է, իսկ վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ:
Վերոգրյալից հետևում է, որ Գևորգ Հովհաննիսյանի` Համայնքի կողմից 14.11.2017 թվականի դրությամբ ներկայացված պարտավորությունների մի մասի վերաբերյալ, այն է` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի 2008-2013 թվականների հողի հարկի և 2010-2013 թվականների գույքահարկի մասերով, առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Նկատի ունենալով սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքն ու հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պահանջը պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դնելու այն դեպքերին, երբ չվճարված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ բռնագանձելու վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը չի կատարվել:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի` ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվենցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա հավանաբար կհանգեցնի այնպիսի իրողության, որն անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40, «Գլուր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության և մյուսների թիվ ԳԴ/0171/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելը հարկ վճարողի պարտականությունն է, և եթե հարկ վճարողը սահմանված ժամկետում դրանք չի վճարում, ապա այն կարող է բռնագանձվել նաև դատական կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ հարկ է համարել առանձնացնել այն դեպքերը, երբ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված է պարտապանի` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, սակայն դրա վերաբերյալ առկա է չվճարված հարկի, տուրքի կամ պարտադիր այլ վճարի բռնագանձման վճիռ, որը չի կատարվել: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքերում, երբ արդեն իսկ առկա է նման վճիռ, այդ գումարը դադարում է պարզապես չվճարված հարկի, տուրքի կամ այլ վճարի գումար դիտարկվելուց, այն դառնում է համապատասխան պետական մարմնի օգտին բռնագանձման ենթակա գումար, որը չվճարելու դեպքում հարկ վճարողն արդեն խախտում է վճռի պարտադիրության և կատարելիության հատկանիշները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում պետք է դրվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը, այն է` վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, քանի որ նման պայմաններում հարկ վճարողը ոչ թե պարզապես հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չի վճարում, այլ խախտում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իր վրա դրված դրամական պարտավորությունը: Նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս դեպքում այլևս չի քննարկվում տվյալ գումարի` որպես չկատարված դրամական պարտավորության ծագման հիմքը, այլ քննարկվում է միայն դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորությունը, որը չի կատարվել (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Քնարիկ Հովհաննիսյանի թիվ ԵԱՔԴ/0210/04/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությանը` որպես անձին սնանկ ճանաչելու հիմքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ պարտապանից գումար պահանջելու և հետագայում սնանկ ճանաչելու պարտատիրոջ իրավունքի ծագման հիմքում ընկած է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և նշված դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չի ներկայացվում, պարտատերը զրկվում է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից: Նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը բացակայում է (տե´ս, «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բացակայում են թիվ ՎԴ/12189/05/13 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթ տրված լինելու և կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ ապացույցները, հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Համայնքը նշված դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելու պայմաններում՝ որպես պարտատեր զրկվում է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից: Այսինքն` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի 2010-2013 թվականների համար գույքահարկի և 2010-2013 թվականների համար հողի հարկի մասերով պարտավորությունները չէին կարող դրվել Գևորգ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում այն պատճառաբանությամբ, որ օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/12189/05/13 վճռով ճանաչված վճարային պարտավորությունների մասով կատարողական թերթ ստանալու և այն կատարման ներկայացնելու վերաբերյալ ապացույց չի ներկայացվել: Ինչ վերաբերում է նույն հասցեի 2008-2009 թվականների հողի հարկի գումարին, ապա այդ մասով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.10.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Համայնքի հայցը մերժվել է, որպիսի պայմաններում նշված գումարը ևս չէր կարող դրվել սնանկության դիմումի հիմքում: Նման պայմաններում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը բացակայում է: Ուստի Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի 2008-2013 թվականների համար հողի հարկի և 2010-2013 թվականների համար գույքահարկի մասերով պարտավորությունները չէին կարող դրվել Գևորգ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում:
2) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` (ա) անձի դիմումը, բողոքը, (բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Վճռաբեկ դատարանը, 07.12.2018 թվականի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով, անդրադառնալով վկայակոչված իրավական նորմերի բովանդակությանը, արդեն իսկ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են` (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը` վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ:
Նախկին որոշումներում անդրադառնալով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտի հասկացությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն` վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:
Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:
Վերոգրյալ իրավական վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն` ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն, վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին: Այսինքն` վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները ստանում են անհատականացված ուղղվածություն` վերագրվում են կոնկրետ հասցեատերերի` ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից վարչական մարմնի համար իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու իմպերատիվ լիազորություն նախատեսված լինելու դեպքերից մեկն ամրագրված էր իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1997 թվականին, ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին` ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն) 29.1-րդ հոդվածով:
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: (...) Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով (հոդվածներ 87-89) սահմանված կարգով (...):
Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների վերլուծությանը` Վճռաբեկ դատարանն առաջին հերթին հարկ է համարում նշել, որ օրենքին համապատասխան սահմանված հարկեր մուծելը յուրաքանչյուրի սահմանադրաիրավական պարտականությունն է (2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդված և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մաս): Օրենսդիրն իր հերթին հարկ վճարողների համար սահմանել է հարկերը ժամանակին վճարելու պարտականություն (իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» կետ), որի չկատարման դեպքում իրավասու վարչական մարմինը` հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով լիազորված է որոշում կայացնել հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ գտել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում: Այլ կերպ ասած` իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշման հարկադիր կատարման միջոցով իրավասու վարչական մարմինը հնարավորություն է ստանում փաստացի ապահովել հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարների մուտքը պետական կամ համայնքային բյուջե, իսկ նման որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում, երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում Համայնքի կողմից դրվել են պարտապանի` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի վկայակոչումը միայն բավարար չէր կարող լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Նշվածը մի կողմից հնարավորություն կտար որոշակիացնելու պարտավորությունների բնույթը, իսկ մյուս կողմից հնարավորություն կընձեռեր վարչական ակտի հասցեատիրոջը հնարավոր անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված կարգով վիճարկել համապատասխան վարչական ակտը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Քնարիկ Հովհաննիսյանի թիվ ԵԱՔԴ/0210/04/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.12.2018 թվականի որոշումը):
Այսինքն` վերոգրյալից հետևում է, որ այդպիսի որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չէին կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի, ինչից բխում է, որ առանց նման որոշման` գումարի բռնագանձման իրավասությունը չէր կարող իրացվել: Հետևաբար առանց նման որոշման կայացման և դրա` անբողոքարկելի դառնալու, համապատասխան պետական մարմինը չէր կարող վկայակոչել պարտապանի` հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորության անվիճելիությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի հիմքով Գևորգ Հովհաննիսյանից Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի հողի հարկի (2014-2017 թվականների համար) և գույքահարկի (2014-2017 թվականների համար) չվճարված գումարների բռնագանձման մասին որոշում չի կայացվել:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ անգամ թիվ ՎԴ/12189/05/13 վարչական գործով բռնագանձման ենթակա գումարի չափով պարտավորությունների նվազեցում կատարվելու պայմաններում միևնույնն է՝ պարտապանի մոտ մնացած գումարի վճարման պարտավորությունը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորությունից, իսկ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, հետևաբար առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող պարտավորություն:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել, որ Գևորգ Հովհաննիսյանի՝ 2014-2017 թվականների չվճարված հողի հարկի և գույքահարկի վերաբերյալ իրավասու մարմինը չի կայացրել որոշում նշված գումարները բռնագանձելու վերաբերյալ: Տվյալ պարագայում Համայնքը չէր կարող վկայակոչել Գևորգ Հովհաննիսյանի մոտ առկա պարտավորությունները` հողի հարկի և գույքահարկի մասով, առանց անբողոքարկելի դարձած վարչական ակտի գոյության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում բացակայում է Գևորգ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը, քանի որ մի դեպքում ենթադրյալ պարտավորության մի մասը, այն է` Գևորգ Հովհաննիսյանի` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի հողի հարկի (2014-2017 թվականների համար) և գույքահարկի (2014-2017 թվականների համար), չկատարված հարկային պարտավորությունների փաստը հաստատված չէ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշմամբ (անբողոքարկելի վարչական ակտով), իսկ մյուս դեպքում` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի 2010-2013 թվականներին հաշվեգրված հողի հարկի մասով, ինչպես նաև 2010-2013 թվականների համար հաշվեգրված գույքահարկի մասով օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/12189/05/13 վճիռը կատարման ներկայացնելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ, իսկ նույն հասցեի հողամասի 2008-2009 թվականներին հաշվեգրված հողի հարկի գումարի բռնագանձման Համայնքի հայցապահանջը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.10.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ մերժվել է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`[ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 15.03.2018 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Համայնքից հօգուտ Գևորգ Հովհաննիսյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2018 թվականի վճռին։
2. Երևան համայնքից հօգուտ Գևորգ Հովհաննիսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|