Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1453
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.26/27(1480) Հոդ.327
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.04.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 ապրիլի  2019 թ.

 

 

ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 310.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 314.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի ներկայացուցիչ՝ Մ. Հակոբյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին:

Օրենսգրքի՝ «Ապօրինի հարստանալը» վերտառությամբ 310.1-րդ հոդվածը սահմանում է. 

«1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

Օրենսգիրքը նշված բովանդակությամբ 310.1-րդ հոդվածով լրացվել է ՀՕ-230-Ն օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ին:

Օրենսգրքի «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը» վերտառությամբ 314.3-րդ հոդվածը սահմանում է. 

«1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Օրենսգիրքը վերոհիշյալ բովանդակությամբ 314.3-րդ հոդվածով լրացվել է ՀՕ-102-Ն օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2017 թվականի հունիսի 9-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2017 թվականի հունիսի 28-ին և ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ին։

Գործի քննության առիթը Վ. Ղազարյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող նորմերը՝ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից անփոփոխ թողած որոշմամբ տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 72-րդ հոդվածի պահանջներին և այդպիսի մեկնաբանությամբ հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր իրավունքների խախտման:

Դիմողը նշում է, որ վիճարկվող հոդվածներով սահմանված հանցակազմերն ունեն հատուկ սուբյեկտ՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ: Այդ հոդվածների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ դրանք ձևակերպված են բլանկետային դիսպոզիցիայով, այսինքն՝ հանցակազմերի բովանդակությունն ու տարրերը, այդ թվում՝ սուբյեկտային կազմը, կարող են որոշվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին, մասնավորապես՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանող դրույթին հղում տալու միջոցով, քանի որ Օրենսգիրքը չի բացահայտում, թե ով է հայտարարագիր ներկայացնող կամ հայտարարատու պաշտոնատար անձը, այլ ուղղակիորեն հղում է տալիս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին:

Դիմողը կարծում է, որ խնդրո առարկա հանցակազմերի սուբյեկտների կազմը պետք է որոշվի բացառապես «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի օրենքի 32-րդ հոդվածով, որն ըստ էության չի փոխվել, այնուամենայնիվ, 2018 թվականի ապրիլի 9-ից գործող օրենսդրական կարգավորումները փոխել են հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ դրանցից հանելով մի շարք պաշտոնատար անձանց:

Ըստ դիմողի՝ ինքը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ ինչպես 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝ «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո:

Դիմողը ներպետական դատական պրակտիկայի և միջազգային իրավական պրակտիկայի վերլուծության արդյունքում եկել է այն հետևության, որ նորմատիվ իրավական ակտերը, որոնց հղում է կատարվում քրեաիրավական բլանկետային նորմով, էապես ազդում են հանցանքի իրավական բովանդակության և այդ հանցանքի համար քրեական պատասխանատվության կիրառման սահմանների վրա: Հետևաբար, ըստ դիմողի, յուրաքանչյուր փոփոխություն այն օրենքներում, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմում, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության ընդլայնման, նեղացման կամ վերացման:

Դիմողը նշում է. «ՔՕ բլանկետային նորմով սահմանված այլ ոլորտային օրենքում փոփոխություն կատարելու պարագայում մի կողմից արարքը որպես հանցանք որակելու համար շարունակում է կիրառվել հենց քրեական օրենքի համապատասխան հոդվածը, մյուս կողմից՝ բլանկետային նորմն օգտագործվում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի տարրերի կամ տարրի հատկանիշները կամ այլ մանրամասնող հանգամանքներ ամբողջությամբ բացահայտելու համար՝ համապատասխան մասով քրեական օրենքի ճիշտ մեկնաբանության և կիրառման նպատակով»:

Դիմողը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի նախկին որոշումներ (ԳԴ1/0013/01/11, ԵԷԴ/0126/13/11), որոնցով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով արարքի մասնակի ապաքրեականացման հարցին, գտել է, որ «նոր քրեական օրենքը համարվում է արարքի հանցավորությունը բացառող, inter alia, եթե արարքը չի դադարում հանցագործություն լինելուց, սակայն հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է». այդպիսի դեպքերը հանդիսանում են մասնակի ապաքրեականացում և կարող են վերաբերել հանցակազմի առանձին տարրերին կամ հանցագործության հատկանիշներին:

Դիմողը գտնում է, որ օրենսդրական փոփոխությունների հետևանքով վիճարկվող դրույթներով նախատեսված արարքների մասնակի ապաքրեականացման արդյունքում 2018 թվականի ապրիլի 9-ից ինքն այլևս այդ հանցակազմերի սուբյեկտ չէ, և այդ դրույթներով նախատեսված արարքների հատկանիշներով իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը խախտում է Սահմանադրության 72-րդ հոդվածի երրորդ նախադասությամբ ամրագրված նորմը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ օրենսդիրը սույն սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակները կանոնակարգելիս, որպես իրավական հենք ընդունելով սահմանադրորեն ամրագրված որոշակիության սկզբունքը, առավելագույնս ապահովել է «օրենքի հստակ կիրառումն ու օրենսդրական բացերից իսպառ խուսափելու հնարավորությունը»:

Ըստ պատասխանողի՝ դիմողի ներկայացրած փաստարկները և վերլուծությունները չեն տալիս այն հարցերի պատասխանը, թե վիճարկվող դրույթներն ինքնին ինչպե՞ս են հակասում Սահմանադրությանը, սահմանադրական ի՞նչ պահանջներ են խախտում կամ ի՞նչ իրավունքների իրականացմանն են խոչընդոտում:

Պատասխանողի կարծիքով՝ դիմողի ներկայացրած փաստարկներով վիճարկումը «օրենսգիրք-սահմանադրություն տիրույթում չէ», և այդ փաստարկները սույն սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթների հակասահմանադրականության հստակ կապ և հիմնավորում չեն պարունակում:

Պատասխանողը պնդում է. «Դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ խնդրո առարկա դրույթների սահմանադրականությամբ», և դիմողը բացառապես վիճարկում է իր նկատմամբ այդ դրույթների կիրառման իրավաչափությունը, հիմք ընդունելով դրանց տրված մեկնաբանությունը, հետևաբար՝ գործի վարույթը ենթակա է կարճման:

 

3. Գործի քննությանը հրավիրյալների պարզաբանումները

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ, նախ՝ դիմողը բարձրացնում է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության, այլ իրավունքի բացի հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ և գտնվում է բացառապես օրենսդրի իրավասության շրջանակներում, և երկրորդ՝ դիմողն իրականում բարձրացնում է ոչ թե նորմերի հակասահմանադրականության, այլ դրանց կիրառման իրավաչափության հարց:

3.2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նույնպես գտնում է, որ դիմողը բարձրացնում է իրավադրույթների կիրառման իրավաչափության հարց:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ նշում է. «Դիմումատուի հիմնավորումներն առարկայազուրկ են և բացակայում է տրամաբանական կապակցվածությունը իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված մեկնաբանության և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև»:

3.3. Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ արարքի հանցավորությունը վերացնող օրենքի հետ գործ ունենք նաև այն պարագայում, երբ հանցանքը չի դադարում հանցագործություն լինելուց և չի վերացվում, սակայն, հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում):

Վերլուծելով քրեադատավարական օրենսդրության համապատասխան նորմերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը եզրակացնում է, որ արարքի հանցավորությունը վերացնող օրենքի հետադարձ ուժի սկզբունքը կիրառման ենթակա է դատավարության ցանկացած փուլում:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակը փոփոխելով՝ փոխվում է նաև տվյալ հանցակազմի սուբյեկտը, ինչը որոշ պաշտոնատար անձանց համար հանգեցնում է արարքի ապաքրեականացման: Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ նման դեպքերում իրավունքի ուժով պետք է բացառվի գործի հարուցումը կամ քրեական հետապնդումը, այլապես Սահմանադրության և միջազգային չափանիշներին համապատասխան չի կիրառվի արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի սկզբունքը՝ դրանով իսկ հակասելով Սահմանադրության 72 և 81-րդ հոդվածներին:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

1) արդյոք արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու կանոնը գործում է նաև այն օրենքների փոփոխության դեպքում, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմով,

2) արդյոք «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» սահմանադրական եզրույթը՝ որպես անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման նախապայման, ներառում է նաև անձին ներկայացված քրեական մեղադրանքի օրինականությունը,

3) արդյոք արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը ներառում է նաև քրեական գործի մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը քննելիս մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը նրա կողմից վիճարկելու իրավունքը,

4) քննարկվող հարցի վերաբերյալ ինչպիսի՞ դիրքորոշումներ է արտահայտել Վճռաբեկ դատարանը, և արդյոք տևականորեն ձևավորված դատական պրակտիկայից չհիմնավորված, կամայական շեղումը կարող է հանգեցնել Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթների և դրանցից բխող՝ օրենքով սահմանված լիազորությունների ոչ արդյունավետ իրականացմամբ պայմանավորված Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների խախտման:

Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը քննության է առնում Սահմանադրության 72-րդ հոդվածի 1-ին և 3-րդ նախադասություններին, 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները քրեական գործով դիմողի մեղքի ապացուցված լինելու առումով դեռևս չեն կիրառվել, և դիմողը դրանց սահմանադրականությունը վիճարկում է միայն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որով հնարավոր է դարձել մեղադրանքի առաջադրումը և կալանքի՝ որպես խափանման միջոցի ընտրությունը, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ իրավասու չէ ամբողջ ծավալով քննության առնել այդ դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը և, հատկապես, գնահատել դրանց առկայության իրավաչափությունը:

Նկատի ունենալով, որ անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակող միջոցի՝ կալանքի կիրառումը ենթադրում է Սահմանադրությանը համապատասխանող քրեական օրենքի վրա հիմնված մեղադրանքի առկայություն, Սահմանադրական դատարանը փաստում է, որ այդ սահմաններում առկա է վերջնական դատական ակտ, և վիճարկվող դրույթների սահմանադրականությանը՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրական դատարանը կանդրադառնա միայն կալանքի հիմքում դրված մեղադրանքի իրավաչափությանն առնչվող հարցի շրջանակներում:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

 

5.1. Օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում ապօրինի հարստացման, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացման և (կամ) պարտավորությունների նվազման համար, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են։

Օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թե՛ Օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին, թե՛ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցակազմերը նախատեսում են հատուկ սուբյեկտ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող կամ հայտարարատու պաշտոնատար անձ:

Այս հանցակազմերի մեկնաբանությունից հետևում է, որ վերջիններս ձևակերպված են բլանկետային դիսպոզիցիայով, այսինքն՝ այդ հանցակազմերի որոշ տարրեր, այդ թվում՝ սուբյեկտային կազմը, կարող են որոշվել դրանցում նշված՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթների վերլուծության ու կոնկրետ՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանող դրույթին հղում կատարելու միջոցով, քանի որ Օրենսգիրքը չի բացահայտում, թե ո՞վ է հայտարարագիր ներկայացնող կամ հայտարարատու պաշտոնատար անձը, և ուղղակիորեն հղում է անում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին։

 

5.2. Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: .... Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքների կիրառման վերաբերյալ նշված մոտեցումները համահունչ են «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի պահանջներին (հոդվ. 15):

Չնայած այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան ուղղակիորեն չի նշում, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող քրեական օրենքն ունի հետադարձ ուժ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանգել է այն եզրակացության, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը, որն արգելում է անձին մեղավոր ճանաչել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել, երաշխավորում է նաև արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող քրեական օրենքի հետադարձ ուժը։ Դատարանը գտել է, որ, եթե կան տարբերություններ հանցանքի կատարման պահին գործող օրենքի և մինչև դատարանի վերջնական որոշման կայացումը ուժի մեջ մտած հաջորդ քրեական օրենքում, դատարանները պետք է կիրառեն այն դրույթները, որոնք առավել բարենպաստ պայմաններ են նախատեսում մեղադրյալի համար (Scoppola v. Italy (no. 2) app. 10249/03 GC Judgment 17/09/2009)։ Դատարանը այն կարծիքին է, որ ավելի ծանր պատժի կիրառումը միայն այն պատճառով, որ դա նախատեսված էր հանցանքի կատարման պահին, նշանակում է ի վնաս մեղադրյալի կիրառել ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնները։ Ի հավելումն՝ դա կնշանակի անտեսել մեղադրյալի համար բոլոր այն բարենպաստ օրենսդրական փոփոխությունները, որոնք կատարվել են մինչև նրա դատապարտումը, և նշանակել պատիժներ, որոնք պետությունը և հանրությունը դիտարկել են որպես չափազանց խիստ։ Դատարանը նշել է, որ Եվրոպայում և ընդհանրապես միջազգայնորեն համաձայնություն է կայացվել այն մասին, որ քրեական իրավունքի հիմնարար սկզբունք է դարձել ավելի մեղմ պատիժ նախատեսող օրենքի, նույնիսկ այն օրենքի, որն ուժի մեջ է մտել հանցանքի կատարումից հետո, հետադարձ ուժը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի հանգամանքը պայմանավորված է Սահմանադրությամբ օժտված իրավունքի ուժով, ինչպես նաև ՀՀ միջազգային պարտավորություններով և օրենսդրի որևէ հայեցողություն չի ենթադրում:

Իրավակիրառ պրակտիկայում առաջանում են խնդիրներ, երբ օրենսդիրը փոփոխություններ է մտցնում ոչ թե անմիջապես քրեական օրենքում, այլ միջճյուղային այն օրենսդրության մեջ, որն այս կամ այն կերպ որոշում է քրեաիրավական արգելքների բովանդակությունը կամ քրեական պատժի սահմանները։ Այդ բարդությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ձևական առումով դրանք չեն համարվում քրեական օրենքի փոփոխություն։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Սահմանադրության 72-րդ հոդվածում օգտագործվում է ոչ թե «քրեական օրենք», այլ «օրենք» եզրույթը: Վերոնշյալ դրույթի և՛ տառացի, և՛ համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ օրենքի հետադարձ ուժի բացառության կանոնը տարածվում է նաև այն օրենքների վրա, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմով:

Ավելին, այն դեպքերում, երբ օրենսդիրը քրեական օրենքը շարադրելիս հղում է կատարում այլ օրենքների նորմերին, ապա դրանք որոշակիորեն վերածվում են քրեական իրավունքի աղբյուրի։ Նորմատիվ իրավական ակտերը, որոնց վրա կատարվում կամ ենթադրվում է հղում քրեաիրավական բլանկետային նորմով, էապես ազդում է հանցանքի իրավական բովանդակության և այդ հանցանքի համար քրեական պատասխանատվության կիրառման սահմանների վրա: Այսպիսով, յուրաքանչյուր փոփոխություն այն օրենքներում, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմում, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության ընդլայնման, նեղացման կամ վերացման։ Ամեն պարագայում, թեև միայն քրեական օրենքն է, որ, միացնելով հանցակազմի բոլոր տարրերը, սահմանում է արարքի հանցավորությունը, այնուամենայնիվ, քրեական օրենքը պետք է դիտարկել բլանկետային նորմերի հետ միասնության մեջ։ Հետևաբար՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու կանոնը վերաբերում է նաև այն օրենքներին, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմով։

Սահմանադրության 72-րդ հոդվածում ձևակերպված «արարքի պատժելիությունը վերացնող ... օրենք» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ օրենքը համարվում է արարքի պատժելիությունը վերացնող, եթե՝

 ա. այդ օրենքի իմաստով հանցագործություն չի հանդիսանում այն արարքը, որը նախկին օրենքով սահմանված էր որպես հանցագործություն (ապաքրեականացում),

բ. արարքը շարունակում է հանդիսանալ հանցագործություն, սակայն հանցակազմը այդ օրենքով ենթարկվում է այնպիսի փոփոխությունների, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում):

Նշված հարցին անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը և, վերլուծելով Սահմանադրության, Օրենսգրքի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի որոշման կայացման պահին գործող վերաբերելի դրույթները, ինչպես նաև համապատասխան միջազգային-իրավական ակտերի վերաբերելի նորմերը, ԳԴ1/0013/01/11 քրեական գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման 17-րդ կետում արձանագրել է, որ.

«Քրեական օրենքը հետադարձ ուժ է ստանում, այսինքն` դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա հետևյալ դեպքերում.

1. նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում),

2. նոր օրենքը մեղմացնում է պատիժը,

3. նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը։

… Քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները սպառիչ են և ունեն իմպերատիվ բնույթ, այսինքն` եթե նոր ընդունված օրենքը պարունակում է վերը նշված պայմաններից առնվազն մեկը, ապա իրավակիրառող մարմինը պարտավոր է դրա գործողությունը տարածել մինչև օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց…վրա…։

Այն դեպքերում, երբ նոր ընդունված օրենքը միաժամանակ բովանդակում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող դրույթներ, ապա օրենքը հետադարձ ուժ է ստանում միայն մեղմացման առումով»։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումները, ԵԷԴ/0126/13/11 քրեական գործով 2013 թվականի փետրվարի 15-ի որոշման մեջ անդրադարձել է մասնակի ապաքրեականացման հարցին և որոշման 34-րդ կետում արձանագրել է. «նոր քրեական օրենքը համարվում է արարքի հանցավորությունը բացառող, inter alia, եթե արարքը չի դադարում հանցագործություն լինելուց, սակայն հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է»: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ սահմանվում է, որ այդպիսի դեպքերը հանդիսանում են մասնակի ապաքրեականացում և կարող են վերաբերել հանցակազմի առանձին տարրերին կամ հանցագործության հատկանիշներին:

5.3. Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Հանցակազմի սուբյեկտը հանցագործության հանցակազմի չորս տարրերից մեկն է, որոնցից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի բացակայության մասին, ուստիև բացառում է տվյալ արարքի հանցավորությունը և պատժելիությունը։ Օրինակ` եթե օրենսդրական փոփոխության հետևանքով անձի պաշտոնը դուրս է բերվել զինծառայողների ցանկից, ապա այդ անձին զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության համար մեղադրանք առաջադրելը կխախտի Սահմանադրության 72-րդ հոդվածով սահմանված իրավական երաշխիքները:

Հետևաբար՝ քրեական օրենքը հետադարձ ուժ ունի նաև այն դեպքերում, երբ տեղի է ունենում սուբյեկտային կազմով մասնակի ապաքրեականացում, այսինքն՝ երբ սուբյեկտային կազմից հանվում են այնպիսի սուբյեկտներ, որոնց համար նախկին օրենքով սահմանված էր քրեական պատասխանատվություն։

Սահմանադրական դատարանի նշյալ մեկնաբանությունը վերաբերում է ոչ միայն Օրենսգրքի սույն գործով վիճարկվող 310.1-րդ հոդվածի 1-ին մասին ու 314.3-րդ հոդվածին, այլև Օրենսգրքով նախատեսված ցանկացած այլ արարքի:

5.4. Օրենսգրքի առանձին դրույթների սահմանադրականության հարցերի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը որպես կանոն անդրադարձել է նաև դրանց կիրառմանն անմիջականորեն առնչվող քրեադատավարական նորմերին՝ կարևորելով դրանց իրացման արդյունքում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորվածությունը և այդ նորմերի միատեսակ կիրառության ապահովումը: Հաշվի առնելով նյութական և դատավարական իրավակարգավորումների փոխկապակցվածությունը՝ Սահմանադրական դատարանը սույն գործով նույնպես կարևորում է վիճարկվող դրույթների կիրառման ընթացակարգերը սահմանող, հատկապես՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախադրյալներին առնչվող դատավարական նորմերի վերլուծությունը:

Այսպես՝ Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ քրեական գործով մինչդատական վարույթում կալանավորման ձևով անձնական ազատության իրավունքի սահմանափակումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ (Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մաս): Իսկ մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին (Քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մաս):

Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Այդ հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին (Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-2-րդ մասեր):

Միաժամանակ, Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն (Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ինչ վերաբերում է կալանավորման ձևով մեղադրյալի անձնական ազատության սահմանափակման ընթացակարգին, ապա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը: Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ (Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասեր):

5.5. Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, անձնական ազատության իրավունքի սահմանափակման, դրա իրավաչափության երաշխիքների ապահովման տեսանկյունից գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերջին տարիներին այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին:

Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ: Վճռաբեկ դատարանը գտել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (տես՝ ԱՐԴ1/0003/11/08 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի որոշման 12-րդ կետը):

Զարգացնելով և կոնկրետացնելով այս մոտեցումը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ընթացակարգի շրջանակներում Վճռաբեկ դատարանը որոշակիացրել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրները և սահմանել, որ, մասնավորապես, կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի): Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի): Ըստ Վճռաբեկ դատարանի՝ հիմնավոր կասկածի հետ մեկտեղ կալանավորման պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը, Օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար, օրինակ` պատգամավորներ, դատավորներ, անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը (տես՝ ԵԿԴ/0678/06/10 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի որոշման 19-րդ կետը):

Իր մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանել է կալանքի իրավաչափության գնահատման հաջորդ չափանիշը: Այսպես՝ ԵԿԴ/0503/06/10 քրեական գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ անձի ազատության սահմանափակման դեպքում դատարանները, ի թիվս կալանավորման հիմքերի և այլ պայմանների, քննարկման առարկա պետք է դարձնեն նաև Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի): Եթե կոնկրետ դեպքում առերևույթ առկա և կիրառելի է քրեական վարույթը բացառող հանգամանքներից որևէ մեկը, ապա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ նախաքննության մարմնի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման: Այսինքն` անձի ազատությունը սահմանափակելը կհամարվի օրինական և հիմնավորված միայն կալանավորման հիմքերի և այլ պայմանների միաժամանակյա առկայության և քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում (որոշման 23-րդ կետ, ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը հանդիսանում է անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության յուրահատուկ միջոց, որը կատարում է քրեական հետապնդման մարմիններին զսպող գործոնի դեր և ուղղված է ինչպես անձի իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելուն, այնպես էլ բացառելու քրեական գործով մինչդատական վարույթում այդ իրավունքների և ազատությունների անհիմն և անօրինական սահմանափակումները և խախտումները (որոշման 27-րդ կետ):

Բացի դրանից, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության անտեսմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելը դատական վերահսկողությունը դարձնում է ձևական և ոչ արդյունավետ միջոց (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի), որի հետևանքով էլ չի իրականացվում դատական վերահսկողության առաքելությունը` անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովումը և այդ իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումների բացառումը (որոշման 28-րդ կետ):

Միաժամանակ, նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը գործում է որպես մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող միջոց, ուստի չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրան համապատասխան որոշում կայացնելու նպատակ, որը բուն արդարադատության իրականացման գործառույթ է: Դատարանն այս դեպքում որոշում է բացառապես անձի իրավունքների սահմանափակման օրինականության և հիմնավորվածության հարցը: Դա նշանակում է, որ խափանման միջոց կալանքը ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս դատարանը, հավաստելով քրեական վարույթը բացառող հանգամանքների առերևույթ առկայությունը և կիրառելիությունը, պարտավոր է ընդամենը մերժել նախաքննության մարմնի միջնորդությունը (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի): Այլ կերպ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան, հակառակ դեպքում կխախտվեն քրեական դատավարության փուլային կառուցվածքը, ինչպես նաև քրեադատավարական գործառույթների տարանջատման և դատարանի անկախության սկզբունքները (որոշման 29-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը նաև դիրքորոշում է հայտնել առ այն, որ դատարանն իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, ըստ Վճռաբեկ դատարանի՝ քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (ԵԱՆԴ /0017/06/16 քրեական գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի որոշման 15-րդ կետ, ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Մի շարք այլ որոշումներում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ, ի թիվս այլնի՝ քրեական գործի վարույթը բացառող հանգամանք է նաև արարքի ապաքրեականացումը (տես, մասնավորապես՝ ՏԴ2/0030/01/13 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի որոշման 18-րդ կետը և ԵԷԴ/0030/01/12 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման 18-րդ կետը):

Այսինքն՝ դատարանների համար պարզ և կանխատեսելի է դարձել, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու գործընթացի շրջանակներում պետք է քննարկվի և գնահատվի նաև մեղադրյալին վերագրվող արարքի ենթադրյալ ապաքրեականացման՝ որպես քրեական գործի վարույթը բացառող հանգամանքի հարցը, քանի որ դա ուղղակիորեն բխում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներից:

Վճռաբեկ դատարանը, զարգացնելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների վերաբերյալ իր մոտեցումները, դիրքորոշում է հայտնել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն` արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր են: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի: Այլ կերպ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան (տես՝ ՏԴ2/0009/06/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման 13-րդ կետը):

Հետագայում Վճռաբեկ դատարանը սահմանել է ևս մեկ կանոն, որով կարևորել է կալանավորման ինքնուրույն պայմաններից մեկի ոչ միայն ձևական առկայության փաստը, այլև կալանավորման դատավարական կարգի պահպանման հանգամանքը: Այսպես՝ արձանագրվել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանն ի թիվս այլնի պետք է պարզի կալանավորման ինքնուրույն պայմանի առկայությունը, մասնավորապես, այն, թե արդյոք անձին տրվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանը պարտավոր է ստուգել, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացվել են արդյոք համապատասխան տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ այն մասին, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, անձը տեղեկացվել է այդ որոշման մասին, բացի դրանից, նրան պարզաբանվել է առաջադրված մեղադրանքի էությունը, և հանձնվել են որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենն ու մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը: Հակառակ պարագայում, անձի կալանավորումը և համապատասխանաբար նաև նրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը կհամարվի կամայական և անօրինական:

Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել նաև վերաքննիչ դատարանի այն հետևության հետ, որ այդ հարցը ենթակա չէ քննարկման վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման շրջանակներում, այլ ենթակա է բողոքարկման Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով (տես՝ ԵԱՔԴ/0218/06/12 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի որոշման 16-18-րդ կետերը):

Վկայակոչված որոշումների համալիր վերլուծությունից հետևում է, որ Վճռաբեկ դատարանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ընթացակարգի շրջանակներում պարտադիր է համարում մեղադրյալին ներկայացված մեղադրանքի քննարկումը՝ դրանում հիմնավոր կասկածի առկայության, դրա դատավարական ձևակերպման, քրեական հետապնդումը բացառող հանգամանքների, այդ թվում՝ արարքի ապաքրեականացման հանգամանքը պարզելու տեսանկյունից, սակայն անթույլատրելի է դիտում մեղադրանքի էության և հիմնավորվածության հարցի քննարկումը:

Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանները չեն կարող գնահատել մեղադրանքի ապացուցվածությունը, սակայն պարտավոր են կալանքը ընտրելու հարցը լուծելիս ստուգել մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը:

5.6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ձևավորված դատական պրակտիկայի համաձայն՝ մեղադրանքի օրինականությունը, որպես կալանավորման պայման, իր մեջ, մասնավորապես, ներառում է անձի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին հասնելը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելը, այն մեղադրյալին պատշաճ դատավարական կարգով ներկայացնելը, ինչպես նաև տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող, այդ թվում՝ արարքի ապաքրեականացման հանգամանքները հաշվի առնելը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ մեղադրյալին ներկայացված և կալանքի ընտրության համար դատարան ներկայացված մեղադրանքի օրինականությունը կարող է ստուգվել նաև նյութական և դատավարական այլ չափանիշների հիման վրա: Մասնավորապես՝ կալանավորման քննարկվող պայմանը կբացակայի նաև այն դեպքում, երբ մեղադրյալին վերագրվող արարքը քրեորեն պատժելի չէ (օրինակ՝ նախատեսված է որպես վարչական իրավախախտում) կամ երբ առկա է «սխալ» հանցագործության սուբյեկտի հարցում (օրինակ՝ երբ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության համար մեղադրանք է ներկայացվել զինծառայող չհանդիսացող անձին): Նույն կերպ մեղադրանքի օրինականության պահանջն ապահովված չի լինի, եթե անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնի ոչ պատշաճ, այսինքն, օրենքով չլիազորված սուբյեկտը (օրինակ՝ հետաքննության մարմինը կամ քննչական խմբի անդամը (ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այդ որոշումը կարող է ընդունել միայն քննչական խմբի ղեկավարը)), կամ երբ այդ որոշումը կայացվի առանց քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու:

Վերոնշյալ բոլոր դեպքերում առկա մեղադրանքի «թերություններն» այնպիսին են, որ դրանց բացահայտման և հաստատման համար մեղադրանքի հիմքում դրված փաստերի և/կամ ապացույցների բովանդակային քննարկում ու վերլուծություն չի պահանջվում, ուստի դրանց արձանագրումը և գնահատումը լիովին տեղավորվում են մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում:

Ելնելով նաև տևական ժամանակահատվածի ընթացքում ձևավորված դատական պրակտիկայի արդյունքներից՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևության, որ մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը պարզելու պարտադիր նախապայման է, որի անտեսումը կարող է հանգեցնել անձնական ազատության ոչ իրավաչափ սահմանափակման:

5.7. Սահմանադրական դատարանը փաստում է, որ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովումը Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթն է: Անհատական դիմումի քննության շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտին հանրային իշխանության որևէ մարմնի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը, չի կարող ինքնին Սահմանադրական դատարանի գնահատման առարկա դառնալ, եթե չի աղերսվում Սահմանադրությանը:

Ուստի Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված իրավակիրառ պրակտիկան գնահատելով Սահմանադրության՝ սույն գործով կիրառման ենթակա դրույթների լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

1) Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» արտահայտության սահմանադրական բովանդակությունը, հաշվի առնելով կալանավորելու եղանակով անձի անձնական ազատությանն առավել ինտենսիվ միջամտության համար բոլոր անհրաժեշտ նախադրյալների պատշաճ հիմնավորման պահանջը, ներառում է նաև մեղադրանքի իրավաչափությունը, որը, իր հերթին, պետք է խարսխվի քրեական հետապնդումը բացառող բոլոր հանգամանքները, այդ թվում և հատկապես՝ արարքի ապաքրեականացումը ժխտելու վրա: Նման մոտեցումը բխում է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից: Վերջինս քննության առնելով նախնական կալանքի իրավաչափության հարցը՝ շեշտել է, որ անձին ազատությունից զրկելու համար ակնհայտ է, որ չի կարող լինել նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, եթե նրան վերագրվող գործողությունը կամ անգործությունը, կատարման պահին քրեական օրենքով հանցանք չի համարվել (Wloch v. Poland, app. 27785/95, Judgment 19/10/2000, §§ 108-109 և Kandzhov v. Bulgaria, app. 68294/01, Judgment 06/11/2008, § 57):

2) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունը՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ուժով, ենթադրում է մեղադրանքի իրավաչափության պարտադիր ստուգում դատարանի կողմից՝ առանց կանխորոշելու գործի ըստ էության քննության ժամանակ պարզելու ենթակա փաստական և իրավական հանգամանքները,

3) կալանավորման անհրաժեշտությունը պետք է հաստատվի փաստական, այդ թվում՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները հերքող տվյալներով, և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը՝ որպես անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխիքներից մեկը՝ ենթադրում է կալանավորման անհրաժեշտության մասին վկայող փաստերի առկայության հաստատում,

4) վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ներառյալ՝ համապատասխան դատական ակտի իրավաչափության պատշաճ գնահատումը, նույնպես պետք է երաշխավորվեն՝ այդ ատյանների գործառույթների առանձնահատկությունների հաշվառմամբ:

5.8. Միաժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումներից հետևում է.

1) կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը,

2) անձի ազատությունը սահմանափակելը օրինական և հիմնավորված է միայն կալանավորման հիմքերի և այլ պայմանների միաժամանակյա առկայության և քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում,

3) քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության անտեսմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելը դատական վերահսկողությունը դարձնում է ձևական և ոչ արդյունավետ միջոց:

Սահմանադրական դատարանը նշում է նաև, որ Վճռաբեկ դատարանի հիշյալ իրավական դիրքորոշումները չեն կարող անտեսվել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս՝ հաշվի առնելով հատկապես Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջն առ այն, որ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Սա այն հիմնական միջոցներից մեկն է, որով երաշխավորվում է Վճռաբեկ դատարանի՝ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի արդյունավետ իրականացումը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պարտադիր լիազորության շրջանակներում վճռաբեկ բողոքի գնահատման ազատությանը, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ ազատությունը սահմանափակվում է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված՝ տվյալ բողոքի քննությանը նախորդող տևական պրակտիկայով, որը կաշկանդում է Վճռաբեկ դատարանին և պահանջում դրանից հրաժարվելու կամ այն փոփոխելու դեպքերում պատշաճ հիմնավորում, ինչպես նաև ենթադրում է, որ այդպիսի դեպքերում Վճռաբեկ դատարանը հետագայում պետք է հետևողականորեն ղեկավարվի իր նոր իրավական դիրքորոշումներով: Ուստի, որևէ չհիմնավորված, կամայական շեղում նախորդող պրակտիկայից անթույլատրելի է:

5.9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը ենթադրում է անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովում, ապա վերաքննիչ և վճռաբեկ ատյանների խնդիրն է՝ Սահմանադրությամբ սահմանված գործառույթների և օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում երաշխավորել մինչդատական վարույթի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետությունը՝ իրենց հերթին ապահովելով այն վիճարկող՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացրած անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Ուստի, մինչդատական վարույթի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը ենթադրում է նաև դիմողի կողմից ներկայացված՝ արարքի ապաքրեականացման մասին առերևույթ վկայող փաստերը, մասնավորապես՝ հանցագործության սուբյեկտի ենթադրյալ վերացման փաստը Սահմանադրության 72-րդ հոդվածի 3-րդ նախադասության հրամայական պահանջի շրջանակներում պատշաճ ուշադրության արժանացնելը բոլոր դատական ատյաններում՝ հատկապես հաշվի առնելով կալանավորման՝ որպես անձի անձնական ազատությանն առավել ինտենսիվ միջամտության, ծանրության աստիճանը:

5.10. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված Վճռաբեկ դատարանի գործառույթները, ներառյալ՝ այդ գործառույթներն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում իրականացնելու պահանջը՝ համակցված Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, վկայում են, որ Վճռաբեկ դատարանը (ինչպես և այլ դատարաններ կամ վարչական մարմիններ) կաշկանդված է տևականորեն ձևավորված և հետևողականորեն կենսագործված իր իսկ պրակտիկայով, քանի դեռ պատշաճ կերպով չի հիմնավորել դրանից հրաժարվելու կամ այն փոխելու անհրաժեշտությունը:

Նշված գործառույթների արդյունավետ իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածով սահմանված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու լիազորության պատշաճ իրականացում: Վճռաբեկ դատարանը ոչ թե հայեցողական, այլ պարտադիր ատյան է, ուստի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելը Վճռաբեկ դատարանի ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորությունն է: Թեև դա չի բացառում վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերի որոշումը՝ դրանով պայմանավորված գնահատման ազատության սահմաններում, սակայն այդ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելը չի կարող պայմանավորվել Վճռաբեկ դատարանի hայեցողությամբ: Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դերին՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը:

5.11. Սահմանադրական դատարանը շեշտում է, որ կոնկրետ քրեական գործով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու ժամանակ մեղադրյալի կողմից մեղադրանքի օրինականությունը վիճարկելը պետք է դիտարկել որպես նրա անձնական ազատության պաշտպանության անհրաժեշտ և հասանելի միջոց: Ուստի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ձևաչափում մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը վիճարկելու արդյունավետ հնարավորություն չտալը կամ դրա օգտին բերված փաստարկները հաշվի չառնելն անհիմն սահմանափակում են նրա իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացումը, իսկ վերադաս ատյանների կողմից այս փաստն անտեսելը դատական պաշտպանությունը դարձնում է ոչ արդյունավետ նաև այդ ատյաններում:

5.12. Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատությունից զրկելուն վերաբերող ցանկացած փաստ՝ վիճարկման դեպքում, պետք է դառնա դատական վերահսկողության առարկա, իսկ դատարանները կաշկանդված են նաև այդ հարցով իրենց կողմից տևականորեն ձևավորված պրակտիկայով, որից շեղումը թույլատրելի է միայն պատշաճ հիմնավորման դեպքում և պետք է ներառի շեղվելու վերաբերյալ ողջամիտ փաստարկներ:

5.13. Վերոգրյալի ամփոփման արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումի առարկայի սահմաններում վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը, քանի որ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հանգեցնում է ոչ թե վիճարկվող դրույթների բովանդակությունը, այլ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասը և 314.3-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը հետևյալ մեկնաբանությամբ.

1) արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու սահմանադրական սկզբունքը վերաբերում է ոչ միայն քրեական օրենքին, այլ նաև այն օրենքներին, որոնց հղում է կատարվում Քրեական օրենսգրքի բլանկետային նորմերով,

2) Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» արտահայտությունը, ենթադրում է, որ անձին ներկայացված քրեական մեղադրանքն իրավաչափ է, բացակայում են քրեական հետապնդումը բացառող, ինչպես նաև արարքի պատժելիությունը հետադարձ ուժով վերացնող հանգամանքները,

3) իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը ներառում է նաև քրեական գործի մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը քննելիս մեղադրյալին ներկայացված մեղադրանքի իրավաչափությունը նրա կողմից վիճարկելու իրավունքը, որը պետք է երաշխավորվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

16 ապրիլի 2019 թվականի

ՍԴՈ-1453