Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.04.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 388-Լ

 

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-058-14.03.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. ապրիլի 16

Երևան

           

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-058-14.03.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

        

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը։ Համաձայն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ և 16-րդ պարբերությունների՝ օրենքի կարգավորման առարկան կենդանիների վայրի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականությունն է։

Օրենքի 15-րդ և 19-րդ հոդվածների կարգավորումները վերաբերում են կենդանական աշխարհի վայրի տեսակներին, մինչդեռ նախագծին կից հիմնավորման մեջ խոսքը «բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման» դեպքերի մասին է։ Ինչ վերաբերում է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անցկացմանը, ապա որպես օրինակ կարող է ծառայել ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշումը, որի հավելվածով նախատեսված են նաև հրազենով ոչնչացման դեպքեր։ Բացի այդ, օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված է կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս), իսկ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք:

Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվող լրացման կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նույն հոդվածի «դ» ենթակետով արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը, ինչն էլ իր հերթին ենթադրում է արգելք այդ գործողությունների հնարավոր բոլոր ձևերի կիրառման նկատմամբ։

Բացի այդ, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (մասնավորապես՝ 92-րդ հոդված) և ՀՀ քրեական օրենսգրքի (մասնավորապես՝ 295-րդ հոդված) մի շարք հոդվածներով։

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկա չեն, և առաջարկում ենք գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան