Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/3889/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/3889/05/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հունիսի 08-ին

քննարկելով Գայանե Մնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,  

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գայանե Մնոյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին (այսուհետ` Քաղաքապետարան) իրեն ուղղված 25.10.2012 թվականի թիվ 04/10115 գնման առաջարկում կատարել փոփոխություններ, այն է` Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 101/2 հասցեում գտնվող հողամասի գնման համար առաջարկված 5.780.481 ՀՀ դրամ գինը վերահաշվարկել դրա կադաստրային արժեքով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 25.08.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը և կից  փաստաթղթերը վերադարձվել են:

Դատարանի 10.09.2015 թվականի որոշմամբ Գայանե Մնոյանի հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2015 թվականի որոշմամբ Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.09.2015 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մնոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի    51-րդ հոդվածի 4-րդ մասը, 52-րդ հոդվածի 6-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետը, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի «բ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ 08.06.2015 թվականի գրությունը հանդիսանում է միջամտող վարչական ակտ, որով մերժվել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, սակայն Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն անհիմն է, քանի որ գրության մեջ չկա դրույթ կամ նշում այն մասին, որ որևէ պարտականություն է դրվել հայցվորի վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացվել է նրա իրավական կամ փաստացի դրությունը:

Հայցվորի՝ 14.05.2015 թվականի դիմումի վերաբերյալ Քաղաքապետարանը համապատասխան իրավական գործողություն չի իրականացրել, այսինքն` վերջինս ո՛չ կատարել է վերահաշվարկ, ո՛չ էլ մերժել է վերահաշվարկ կատարելու մասին պահանջը:

Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Գայանե Մնոյանը ներկայացրել է պարտավորեցման հայց, որպիսի հայցը կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից, անհիմն է:

Բողոք բերող անձը ներկայացրել է գործողության կատարման հայց, որը ներկայացնելու համար նախատեսված ժամկետը պետք է հաշվարկել դիմում տալու օրվանից՝ 14.05.2015 թվականից եռամսյա ժամկետում:

Բացի այդ, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը փոստին են հանձնվել 15.08.2015 թվականին, ինչը հստակ երևում է ինչպես Դատարան ներկայացված փոստային անդորրագրից, այնպես էլ փոստային ծրարի վրա առկա կնիքից, ուստի Գայանե Մնոյանի կողմից բաց չեն թողնվել հայցադիմումը ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը: 

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն oրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, oրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, oրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 22.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-942 որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վարչական դատարան ներկայացվող հայցերի տեսակներին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից դրսևորվող անգործության արդյունքում անձանց խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը երաշխավորելուն է կոչված ինչպես պարտավորեցման, այնպես էլ գործողության կատարման հայցը: Ընդ որում, պարտավորեցման հայցի դեպքում դատական պաշտպանությունն իրականացվում է ընդդեմ այնպիսի անգործության, որն առնչվում է վարչական ակտի ընդունմանը, իսկ գործողության կատարման հայցի դեպքում` այնպիսի անգործությանը, որը չի առնչվում վարչական ակտի ընդունմանը»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենքի ուժով պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվորին իրավունք է վերապահված պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է կամ որը վերջինս չի ընդունել: Ինչ վերաբերում է գործողության կատարման հայցին, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված գործողության կատարման հայցի հասկացության վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված հայցատեսակով հայցվորը կարող է վարչական մարմնից պահանջել` ա) կատարելու որոշակի գործողություններ կամ բ) ձեռնպահ մնալու այնպիսի գործողությունների կատարումից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: Փաստորեն, գործողության կատարման հայցով դատարան դիմած անձը կարող է վարչական մարմնից պահանջել դրսևորելու վարչական ակտի ընդունման հետ չկապված՝ ինչպես ակտիվ վարքագիծ` կատարելու որոշակի գործողություններ, այնպես էլ պասիվ վարքագիծ` ձեռնպահ մնալու որոշակի գործողությունների կատարումից: Միաժամանակ նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական մարմնից կարող է պահանջել դրսևորելու միայն այնպիսի վարքագիծ (թե´ ակտիվ, թե´ պասիվ), որը չդրսևորելը խախտում է կամ անմիջականորեն կարող է խախտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Հետևաբար գործողության կատարման հայցով անձը կարող է վարչական մարմնից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողությունների կատարումից, որոնց համապատասխանաբար կատարումը կամ չկատարումը կարող է ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները (տե´ս, Շուշանիկ Տրդատյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/6072/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Գայանե Մնոյանի ներկայացուցիչ Աննա Հովսեփյանը 14.05.2015 թվականին Քաղաքապետարանին հասցեագրված թիվ ՓՀ-57-05/15 դիմումով խնդրել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի` 25.10.2012 թվականի թիվ 04/10115 գնման առաջարկում կատարել հողամասի գնման համար առաջարկված գնի` 5.780.481 ՀՀ դրամի վերահաշվարկ` հողամասի գինը հաշվարկելով դրա կադաստրային արժեքով (գ.թ. 12-15): Քաղաքապետարանը 03.05.2015 թվականի թիվ 04/26034 գրությամբ ի պատասխան Գայանե Մնոյանի ներկայացուցչի 14.05.2015 թվականի թիվ ՓՀ-57-05/15 դիմումի` հայտնել է, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 101/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգին համաձայն: Միաժամանակ հայտնել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին: Տվյալ դեպքում Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 101/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման պայմանագիր կնքելու առաջարկը բխում է գործող օրենսդրության պահանջներից (գ.թ. 16): Գայանե Մնոյանի ներկայացուցիչ Աննա Հովսեփյանը 09.06.2015 թվականին թիվ ՓՀ-65-06/15 դիմումով Քաղաքապետարանին խնդրել է հայտնել` համաձայն Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի` Գայանե Մնոյանին ուղղված 25.10.2012 թվականի թիվ 04/10115 գնման առաջարկում կատարված (կատարվելիք) վերահաշվարկի որքանն է կազմում Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 101/2 հասցեի հողամասի գինը (գ.թ. 17): Քաղաքապետարանը 02.07.2015 թվականի թիվ 04/31488 գրությամբ, ի պատասխան Գայանե Մնոյանի ներկայացուցչի 09.06.2015 թվականի թիվ ՓՀ-65-06/15 դիմումի, հայտնել է, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 101/2 հասցեում գտնվող 250,24 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառույցի համար առանձնացված 1322,05 քառակուսի մետր մակերեսով հողամասի գինը կազմում է 5.780.481 ՀՀ դրամ (գ.թ. 18):

Դատարանը, հայցադիմումը 25.08.2015 թվականին վերադարձնելով, նշել է, որ հայցվորի կողմից ներկայացվել է գործողության կատարման հայց, որի ներկայացման ժամկետը հայցվորի կողմից բաց է թողնվել, քանի որ հայցվորի ներկայացուցչի կողմից 14.05.2015 թվականի դիմումով հայցվող գործողության կատարումը Քաղաքապետարանի կողմից մերժելու վերաբերյալ գրության մասին հայցվորի ներկայացուցիչն իրազեկվել է 08.06.2015 թվականին, մինչդեռ հայցադիմումը դատարան է ներկայացվել 18.08.2015 թվականին, այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մեկամսյա ժամկետի բաղթողնմամբ, և բացակայում է բացթողնված ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը:

Դատարանը, հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ հայցվորը հայցադիմումը կրկին ներկայացնելիս չի վերացրել Դատարանի 25.08.2015 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված թերությունը, այն է՝ հայցադիմումին կից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում ներկայացվել է պարտավորեցման հայց, ընդ որում, պարտավորեցման հայցի նպատակն իրավասու վարչական մարմնին պարտադրելն է ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից։ Մինչդեռ հայցվորի կողմից բաց է թողնվել պարտավորեցման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետը, քանի որ հայցվորի ներկայացուցիչ Աննա Հովսեփյանի կողմից 14.05.2015 թվականի դիմումով հայցվող պահանջի մասին Քաղաքապետարանի կողմից տրված մերժման մասին վերջինս իրազեկվել է 08.06.2015 թվականին, իսկ հայցադիմումը դատարան է ներկայացվել 18.08.2015 թվականին, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ։ Բացի այդ, կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը չի վերացվել Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված թերությունը, այն է` չի ներկայացվել միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությանը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վարչական ակտին բնորոշ հատկանիշներին: Մասնավորապես, վերոգրյալ հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ որևէ փաստաթուղթ որպես վարչարարության արդյունք հանդիսացող վարչական ակտ դիտելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վարչական ակտի բաղկացուցիչ մասերը կազմող տարրերի միաժամանակյա առկայությունը: Այսպես, վարչական ակտը պետք է ընդունվի վարչական մարմնի կողմից և ունենա արտաքին ներգործություն, ընդունվի հանրային իրավունքի բնագավառում և հետապնդի կոնկրետ գործի կարգավորման նպատակ, ուղղված լինի անձի համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Իսկ նշված տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է վարչական ակտի առկայությունը (տե՛ս, Եղիշե Հարությունյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0687/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել վարչական ակտի բնորոշման մեջ «անձի համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու» պայմանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմատիվ իրավական ակտերում մասնավոր անձանց ընդհանուր և վերացական եղանակով ամրագրված հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները որոշակիացված չեն: Դրանք որոշակիացվում և իրագործվում են հիմնականում վարչական (անհատական) ակտերի միջոցով, հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտով իրավունքի կամ պարտականության սահմանումը, փոփոխումը կամ վերացումը նորմատիվ իրավական ակտում սահմանված համապատասխան իրավունքի կամ պարտականության կոնկրետացում է, նորմատիվ իրավական ակտի կենսագործումը՝ կոնկրետ փաստական հանգամանքներում:

Այսինքն՝ վարչական ակտը նորմատիվ իրավական ակտով վերացական եղանակով սահմանված սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները վերագրում է կոնկրետ անձանց՝ ելնելով կոնկրետ փաստական հանգամանքներից:

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով միջամտող վարչական ակտին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն տարբեր եղանակներով միջամտում է անձի որևէ կոնկրետ իրավունքի իրականացմանը կամ նեղացնում վերջինիս ազատ գործելու հնարավորությունը` նրա վրա դնելով որոշակի պարտականություն:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Մնոյանը Քաղաքապետարանին ուղղված իր 14.05.2015 և 09.06.2015 թվականների դիմումներով չի հայցել որևէ բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի որ դիմումների բովանդակությունից բխում է, որ դրանցով չի հայցվում կոնկրետ փաստական հանգամանքներում կոնկրետ իրավունքի տրամադրում:

Միաժամանակ Գայանե Մնոյանի ներկայացուցչի կողմից Քաղաքապետարանին ուղղված դիմումների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով Գայանե Մնոյանը խնդրել է կատարել գործողություն` այն է կատարել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի` 25.10.2012 թվականի թիվ 04/10115 գնման առաջարկում հողամասի գնման համար առաջարկված գնի` 5.780.481 ՀՀ դրամի վերահաշվարկ:

Անդրադառնալով գործողության կատարման հայց ներկայացնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն նույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը:

Վերը նշված իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել են երեք տարբեր ժամկետներ՝ պայմանավորված գործողության կատարման խնդրանքով դիմում ստանալուց հետո վարչական մարմնի դրսևորած վարքագծով և հայցվող գործողության կատարման համար սահմանված հատուկ ժամկետների առկայությամբ կամ բացակայությամբ: Այսպես, այն դեպքերում, երբ  վարչական մարմինը մերժում է հայցվող գործողության կատարումը, հայցվորը կարող է գործողության կատարման հայց ներկայացնել մեկամսյա ժամկետում այդպիսի մերժման մասին իրազեկվելու պահից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող գործողության կատարման մերժումը պետք է լինի այնպիսին, որ ակնհայտորեն արտահայտի վարչական մարմնի բացասական դիրքորոշումը՝ հայցվող գործողության կատարման վերաբերյալ:  Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով գործողության կատարման հայցի ներկայացման համար  սահմանված են տարբերակված ժամկետներ, և վարչական մարմնի կողմից գործողության կատարում հայցող անձին  երկիմաստությունների կամ տարակարծությունների տեղիք տվող պատասխան տրամադրելու պայմաններում անձի կողմից կարող են սխալ հաշվարկվել հայց ներկայացնելու դատավարական ժամկետները, ինչը կհանգեցնի վերջինիս դատական պաշտպանության իրավունքի արհեստական սահմանափակման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ հայցվող գործողության վերաբերյալ անձի դիմումին ի պատասխան վարչական մարմինը ներկայացրել է գրություն, որի բովանդակությունից ակնհայտորեն չի բխում հայցվող գործողության կատարումը մերժելու մասին, գործողության կատարման հայց ներկայացնելու համար  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետները չեն կարող կիրառվել: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված ժամկետին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով նախատեսված հայց ներկայացնելու ժամկետները նախատեսված են այն դեպքերի համար, երբ հայցվող գործողության համար օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված է տվյալ գործողության կատարման ժամկետներ (օրինակ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով տեղեկության տրամադրման վերաբերյալ գրավոր հարցման պատասխանի տրամադրման համար սահմանված ժամկետները):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված հայց ներկայացնելու ժամկետները սահմանված են այնպիսի դեպքերի համար, երբ հայցվող գործողության կատարման համար օրենքով կամ այլ իրավական ակտով որևէ ժամկետ սահմանված չէ, և այդ գործողության կատարման  վերաբերյալ առկա չէ վարչական մարմնի մերժումը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գայանե Մնոյանի ներկայացուցչի կողմից 25.10.2012 թվականի թիվ 04/10115 գնման առաջարկում հողամասի գնման համար առաջարկված գնի` 5.780.481 ՀՀ դրամի վերաբերյալ վերահաշվարկ կատարելու պահանջով Քաղաքապետին հասցեագրված 14.05.2015 թվականի դիմումի վերաբերյալ Քաղաքապետարանի 03.06.2015 թվականի պատասխանով և 09.06.2015 թվականի դիմումի վերաբերյալ 02.07.2015 թվականի պատասխանով չի մերժել վերահաշվարկ կատարելու մասին հայցվորի ներկայացուցչի դիմումը, այն է՝ Քաղաքապետարանի նշված գրությունների բովանդակությունից ակնհայտորեն չի բխում վարչական մարմնի բացասական դիրքորոշումը վերահաշվարկ կատարելու վերաբերյալ: Նշված գրությունները, ըստ էության, ընդամենը տեղեկատվական բնույթի փաստաթղթեր են, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վարչական մարմինը Գայանե Մնոյանի 14.05.2015 թվականի դիմումի կապակցությամբ այդպես էլ որևէ գործողություն չի կատարել, որպիսի պայմաններում Գայանե Մնոյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետի ուժով իր գործողության կատարման հայցը դատարան կարող էր ներկայացնել եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, քանի որ առկա չեն նույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը, այն է՝ առկա չէ Քաղաքապետարանի կողմից գործողության կատարման վերաբերյալ մերժման մասին իրազեկում հայցվորին, ինչպես նաև օրենքով կամ որևէ իրավական ակտով Քաղաքապետարանի կողմից հողամասի գնի վերահաշվարկ կատարելու համար ժամկետ սահմանված չէ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը։ 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել են փոստին, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմնին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված։

Տվյալ դեպքում հայցվող գործողության կատարման համար Գայանե Մնոյանը դիմումը ներկայացրել է 14.05.2015 թվականին, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայց ներկայացնելու համար սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է դրա հաջորդ օրվանից՝ 15.05.2015 թվականից, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման համաձայն՝ ավարտվում է 15.08.2015 թվականին:  

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 15.08.2015 թվականին` փոստային կապի ծառայությանը հանձնելու միջոցով, ինչը նշանակում է, որ սույն գործով պահպանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված եռամսյա ժամկետը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 10.09.2015 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան