ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի մարտի 24-ին,
քննարկելով ըստ հայցի Միխայիլ Հարությունյանի ընդդեմ «Բեսինի ընկերություն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Միխայիլ Հարությունյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.935.000 ԱՄՆ դոլար՝ որպես փոխառության գումար և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված տոկոսները՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության լրիվ կատարումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 11.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2016 թվականի որոշմամբ Ընկերության պետական տուրքը հետաձգելու միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ բողոքում առկա թերությունները վերացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.09.2016 թվականի որոշմամբ Ընկերության պետական տուրքը հետաձգելու միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունն իր կողմից ներկայացված միջնորդության հիմքում դրել է այն հանգամանքը, որ չունի բավարար դրամական միջոցներ պետական տուրքը վճարելու համար, իսկ եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքն արգելանքի պատճառով սահմանափակված է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այդ կապակցությամբ Ընկերությունը ներկայացրել է բավարար ապացույցներ, մասնավորապես՝ «ՊրոԿրեդիտ բանկ Վրաստան» ընկերության կողմից 12.09.2016 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն՝ Ընկերությունն ունի բանկային հաշիվներ այդ բանկում և բանկային հաշիվների վրա 1.935.000 ԱՄՆ դոլարի չափով դրված է կալանք, իսկ բանկային հաշիվներին առկա դրամական միջոցները պակաս են արգելադրված գումարի չափից (ընդհանուր առմամբ մնացորդները կազմում են 4.240 եվրո, 723.90+3.67 վրացական լարի): Մեկ այլ տեղեկանքի համաձայն՝ Ընկերությունը հանդիսանում է «Թիբիսի բանկ» ընկերության հաճախորդը և 12.09.2016 թվականի դրությամբ հաշիվներին միջոցներ չկան, իսկ հաշիվների վրա դրված է կալանք 1.935.000 ԱՄՆ դոլարի չափով: Այսինքն՝ Ընկերության կողմից ներկայացված հիմնավորումների և ապացույցների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ չեն և դրանցով սահմանափակվում է Ընկերության դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.09.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, բ) պետական տուրքի նվազեցում, գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառումը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա (սուբյեկտիվ չափորոշիչ), որը, սակայն, ձևավորվում է ապացույցների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտման վրա (օբյեկտիվ չափորոշիչ): Բացի այդ, ներքին համոզման հիման վրա ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի բաղկացուցիչ մաս, չպետք է լինի կամայական, այլ պետք է ուղղված լինի քաղաքացիական դատավարության նպատակների իրականացմանը, որոնցից ամենահիմնականը` իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է (տե´ս, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ, Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված դիրքորոշումները` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն՝ հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա) (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք, հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Միշա և Յաշա Գրիգորյաններն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և մյուսների թիվ ՏԴ1/0171/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Սույն գործով Ընկերությունը 10.08.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 5-11)։ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 11.07.2016 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ բողոք բերած անձի կողմից միջնորդությունը հիմնավորող բավարար ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ: Միաժամանակ որոշմամբ սահմանվել է երկշաբաթյա ժամկետ՝ բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 28-29)։ 15.09.2016 թվականին Ընկերության կողմից կրկին ներկայացվել է բողոք և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն՝ միջնորդությանը կից ներկայացնելով 12.09.2016 թվականին «ՊրոԿրեդիտ բանկ Վրաստան» ընկերության կողմից տրված տեղեկանքը և 09.09.2016 թվականին «Թիբիսի բանկ» ընկերության կողմից տրված տեղեկանքները (հատոր 3-րդ, գ.թ. 47-71)։ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 19.09.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը կրկին մերժվել է, և Դատարանի 11.07.2016 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ Ընկերությունը չի ներկայացրել միջնորդությունը հիմնավորող բավարար ապացույցներ այն մասին, որ Ընկերության գույքային դրությունը հիմք է պետական տուրքի վճարման համար արտոնություններ կիրառելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 82)։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 19.09.2016 թվականի որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը և վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը, անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված 09.09.2016 թվականին «Թիբիսի բանկ» ընկերության և 12.09.2016 թվականին «ՊրոԿրեդիտ բանկ Վրաստան» ընկերության կողմից տրված տեղեկանքները բավարար ապացույցներ են վերջինիս գույքային դրության վերաբերյալ: Մասնավորապես՝ «Թիբիսի բանկ» ընկերության կողմից 09.09.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Ընկերությունը հանդիսանում է «Թիբիսի բանկ» ընկերության հաճախորդ և 09.09.2016 թվականի դրությամբ նրա հաշիվների վրա դրված է կալանք՝ 1.935.000 ԱՄՆ դոլարի չափով (հատոր 3-րդ, գ.թ. 57)։ Նույն բանկի 12.09.2016 թվականի տեղեկանքի համաձայն՝ Ընկերության հաշիվների վրա միջոցներ չկա: Մեկ այլ՝ «ՊրոԿրեդիտ բանկ Վրաստան» ընկերության կողմից 12.09.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Ընկերությունն ունի բանկային հաշիվներ այդ բանկում և բանկային հաշիվներին 1.935.000 ԱՄՆ դոլարի չափով դրված է կալանք, իսկ բանկային հաշիվների վրա առկա դրամական միջոցները կազմում են 4.240 եվրո, 723.90 և 3.67 վրացական լարի (հատոր 3-րդ, գ.թ. 66)։
Սույն գործով Ընկերության կողմից դատական ակտը բողոքարկվել է ամբողջությամբ, հետևաբար վերաքննիչ բողոքի համար Ընկերությունը որպես պետական տուրք պետք է վճարեր 1.935.000 ԱՄՆ դոլարի 3%-ը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3%-ը, որը կազմում է 58.050 ԱՄՆ դոլարից ավել գումար: Մինչդեռ Ընկերության կողմից ներկայացված ապացույցներն արտացոլում են վերը նշված պետական տուրքը վճարելու համար ոչ բավարար գույքային դրությունը, մասնավորապես, Ընկերությունը «Թիբիսի բանկ» ընկերությունում իր հաշիվների վրա միջոցներ չունի, իսկ «ՊրոԿրեդիտ բանկ Վրաստան» ընկերությունում ունի ընդամենը՝ 4.240 եվրո, 723.90 և 3.67 վրացական լարի, որոնց վրա 1.935.000 ԱՄՆ դոլարի չափով դրված է կալանք:
Նման պայմաններում Ընկերության հաշիվներին համապատասխան դրամական միջոցների բացակայության, ինչպես նաև հաշիվների վրա արգելանք դրված լինելու հանգամանքները բավարար հիմք էին եզրակացնելու, որ Ընկերությունն իր ներկա գույքային դրությամբ հնարավորություն չունի վճարելու համապատասխան չափով պետական տուրքը, հետևաբար Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված արտոնությունը, այն է՝ պետական տուրքի վճարումը հետաձգելը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է Ընկերության՝ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը և չի ապահովել Դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|