ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի փետրվարի 22-ին
քննարկելով ըստ հայցի Ալվինա Սիմոնյանի ընդդեմ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ գումար բռնագանձելու և հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ալվինա Սիմոնյանը պահանջել է Բանկից բռնագանձել որոշակի գումար, ինչպես նաև սահմանել հարկադիր սերվիտուտ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2016 թվականի վճռով հայցը՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասով, բավարարվել է, իսկ գումարի բռնագանձելու պահանջի մասով՝ մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2016 թվականի որոշմամբ Դատարանի 30.09.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Բանկի միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալվինա Սիմոնյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի (այuուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետը, 207-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 30.09.2016 թվականի վճիռը Բանկին հանձնվել է ուշացումով` 06.10.2016 թվականին, որի պայմաններում Բանկը հնարավորություն չի ունեցել վերաքննիչ բողոքը կազմելու օրենքով դրան ներկայացվող պահանջներին համահունչ և այն Վերաքննիչ դատարան ներկայացնելու մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը` 31.10.2016 թվականը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոք բերելու ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, այն է` տվյալ դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «կայացնել նոր որոշում՝ 03.11.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունած համարելու վերաբերյալ»:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Բանկի ներկայացուցիչը ծանուցված է եղել վճռի հրապարակման օրվա մասին, որին չի ներկայացել, իսկ Դատարանն իր հերթին օրենքով սահմանված ժամկետում այն ուղարկել է Բանկին:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):
ՄԻԵԴ-ն իր մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:
Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։
Սույն գործով Դատարանը վճիռը հրապարակել է 30.09.2016 թվականին: Գործում բացակայում է այդ վճիռը Բանկին ուղարկելու համար հաջորդ օրը պատվիրված նամակով (Բանկը վճռի հրապարակմանը ներկա չի գտնվել) փոստային ծառայությանը հանձնելու փաստը հավաստող ապացույցը, սակայն գործում առկա է Բանկի կողմից այդ նամակը 07.10.2016 թվականին ստանալու փաստը հավաստող ապացույցը (հատոր 2-րդ, գ.թ. 109): Բանկը Դատարանի 30.09.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանը հանձնելու եղանակով ներկայացրել է 03.11.2016 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 3, 5-13), այսինքն` օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, և միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը` այն պատճառաբանելով Դատարանի 30.09.2016 թվականի վճիռը միայն 06.10.2016 թվականին Բանկին հանձնված լինելու հանգամանքով:
Վերաքննիչ դատարանը, առանց պարզելու, թե երբ է սույն գործով վճիռը Բանկին ուղարկելու համար հանձնվել փոստային ծառայությանը, 16.11.2016 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Բանկի միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին` պատճառաբանելով, որ «քաղաքացիական վարույթի ընթացքում կայացված վճիռները վերաքննության կարգով կարող են բողոքարկվել ոչ թե ստանալու, այլ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Այս դեպքում վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո, իսկ բողոքաբերի կողմից նշված ցանկությունը` «ժամկետի մեկնարկը սկսել 07.10.2016 թվականից», չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ և 207-րդ հոդվածների պահանջներից, ու հարգելի չի դարձնում ժամկետը բաց թողնելու պատճառը: Բողոքաբերի միակ փաստարկը` դատական ակտը 06.10.2016 թվականին ստանալու մասին, չի կարող հարգելի պատճառ հանդիսանալ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար»:
Մինչդեռ սույն գործի փաստերի հաշվառմամբ, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 30.09.2016 թվականին, այն Բանկն ստացել է 07.10.2016 թվականին, վերաքննիչ բողոքը բերել է 03.11.2016 թվականին, իսկ Դատարանի կողմից վճիռը Բանկին առնվազն հաջորդ օրը (Բանկը վճռի հրապարակմանը ներկա չի գտնվել) պատվիրված նամակով ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործում առկա չէ:
Ինչ վերաբերում է Բանկին հասցեագրված՝ Դատարանի վճիռն ուղարկելու վերաբերյալ 30.09.2016 թվականով թվագրված գրությանը (հատոր 2-րդ, գ.թ. 108), ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գրությունը չի կարող դիտվել որպես Դատարանի վճիռը` դրա հրապարակման հաջորդ օրը պատվիրված նամակով Բանկին ուղարկելու վերաբերյալ ապացույց նաև այն պատճառաբանությամբ, որ նշված գրությունը, համաձայն դրա վրա առկա գրառման, Դատարանից ելքագրվել է միայն 04.10.2016 թվականին, և անհայտ է, թե երբ է այն հանձնվել փոստային ծառայությանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգման իրավունքի ուժով (ex jure):
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, առանց հիմնավոր պատճառաբանության հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետն առանց հարգելի պատճառների բաց թողնելու հանգամանքը և վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ սահմանափակելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |