Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.02.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0419/02/15

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0419/02/15

2017թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան

Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի մայիսի 17-ին

քննարկելով ըստ հայցի Լևոն Առաքելյանի ընդդեմ «Մրքաձոր» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լևոն Առաքելյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.412.153 ՀՀ դրամ, որից 782.158 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված՝ 2013 թվականի չվճարված ամիսների համար վարձավճարի գումար, 188.836 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված՝ 2014 թվականի չվճարված ամիսների համար վարձավճար, 441.159 ՀՀ դրամը՝ որպես 01.07.2015 թվականի դրությամբ չվճարված վարձավճարի գումար, կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և բռնագանձել նշված հոդվածով հաշվարկվելիք բանկային տոկոսները՝ սկսած 25.07.2015 թվականից մինչև պարտավորությունների կատարման օրը, ինչպես նաև բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն, և 28.900 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյան) 18.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Հ. Ենոքյան, Ս. Միքայելյան,        Գ. Խանդանյան) 08.06.2016 թվականի որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.02.2016 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.02.2016 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բեգլարյան) (այսուհետ՝ Դատարան) 15.11.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Տ. Նազարյան, Ա. Պետրոսյան) 26.12.2016 թվականի որոշմամբ Դատարանի 15.11.2016 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ տրամադրելով երկշաբաթյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.01.2017 թվականի որոշմամբ Դատարանի 15.11.2016 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը      

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը և 221-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բողոքաբերի կողմից 05.12.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջվել է. «Բեկանել և փոփոխել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.11.2016 թվականի թիվ ՍԴ3/0419/02/15 քաղաքացիական գործով կայացրած վճիռը»։ Մինչդեռ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր 26.12.2016 թվականի որոշմամբ վերադարձրել է բողոքը այն պատճառաբանությամբ, որ դրանում չի նշվել Վերաքննիչ դատարանի լիազորություններին համապատասխանող ամբողջական պահանջ, որից հետո բողոքաբերը 19.01.2017 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վերացնելով Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները, սակայն կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է առանց ժամկետի տրամադրման՝ նույն պատճառաբանությամբ, այն է՝ վերաքննիչ բողոքում չի նշվել Վերաքննիչ դատարանի լիազորություններին համապատասխանող ամբողջական պահանջ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 26.01.2017 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված  է  ՀՀ  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի 234-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վերաքննիչ բողոքի պահանջի ձևակերպման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 221-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ բողոքում ՀՀ օրենսդրությամբ վերաքննիչ դատարանին վերապահված լիազորություններին  համապատասխան ամբողջական պահանջ չներկայացնելը հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, եթե բողոք բերող անձը վերաքննիչ բողոքում նշել է միայն ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու պահանջը:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև մասնագիտացված դատարաններ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից է դատական ակտերի բողոքարկման իրավունքը: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով գործնականում արդարադատության նպատակների իրականացմանը:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հազարապետությունում սահմանված է դատական եռաստիճան համակարգ, որը գործում է դատական ներհամակարգային աստիճանակարգության հիման վրա, ինչը ենթադրում է վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման հնարավորություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցներն իրենց բողոքարկման իրավունքն իրացնում են վերադաս ատյաններ` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և ՀՀ վճռաբեկ դատարան, բողոք ներկայացնելու միջոցով: Վերադաս (տվյալ դեպքում` վերաքննիչ) բողոքարկումը ոչ միայն խախտված և վիճարկվող իրավունքների պաշտպանության ու վերականգնման միջոց է, այլև դատական սխալների բացահայտմանն ու վերացմանն ուղղված որոշակի կառուցակարգ է, որն ապահովում է արդարադատության իրականացման ոլորտում օրինականությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն (…) բողոք բերող անձի պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությանը՝ արձանագրելով, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե´ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ և 221-րդ հոդվածների վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով թվարկված վերաքննիչ դատարանի լիազորությունների կիրառումը պետք է պայմանավորված լինի բացառապես վերաքննիչ բողոքում շարադրված հիմքերի և հիմնավորումների քննարկման և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացված եզրահանգումներով: Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ Վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, կաշկանդված չէ բողոքում ներկայացված պահանջով և իր լիազորություններից օգտվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ըստ դատական պաշտպանության իրավունքի իրականացման, դատավարական նպատակահարմարության և արդարադատության արդյունավետության (տե´ս, <<ԱՐՄԵՆ-ՕՍՍ>> ՍՊԸ-ն ընդդեմ <<ՄԱՎԱ ԻՄՊՈՒԼՍ>> ՍՊԸ-ի, երրորդ անձ Վարշամ Ղարիբյանի թիվ ԵԱԴԴ/1617/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը)։

Վերահաստատելով և զարգացնելով վկայակոչված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը չի բացահայտել վերաքննիչ բողոքի պահանջի բովանդակությունը՝ դրա մեկնաբանությունը թողնելով իրավակիրառողի հայեցողությանը: Համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   210-րդ և 221-րդ հոդվածները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, որպես կանոն, վերաքննիչ բողոքի պահանջը ենթադրում է հետևյալ երկու տարրերի միաժամանակյա առկայություն՝ ստորադաս դատարանի դատական ակտի լրիվ կամ մասնակի բեկանում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով վերաքննիչ դատարանին վերապահված որևէ լիազորության հայցում: Ընդ որում, վերը նշված տարրերից առաջնայինը դատական ակտի լրիվ կամ մասնակի բեկանման պահանջն է, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի    221-րդ հոդվածով վերաքննիչ դատարանին վերապահված այս կամ այն լիազորության հայցումը կրում է ֆակուլտատիվ բնույթ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը կաշկանդված է միայն վերաքննիչ բողոքի հիմքերով  և հիմնավորումներով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող՝  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանը պահպանված կարող է համարվել նաև այն դեպքում, երբ բողոքը բերող անձը միայն ներկայացնի ստորադաս դատարանի դատական ակտը լրիվ կամ մասնակիորեն բեկանելու պահանջ՝ առանց հայցելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված լիազորություններից որևէ մեկը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերաքննիչ բողոքում «բեկանել» եզրույթի կիրառումն արդեն իսկ բավարար է հետևություն անելու այն մասին, որ բողոքաբերը համաձայն չէ ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտով լուծում ստացած քաղաքացիական գործի ելքի հետ և բողոքարկելով դատական ակտը վերադաս դատական ատյան՝ ակնկալում է բողոքարկվող դատական ակտի վերանայում: Միաժամանակ, ներկայացնելով վերաքննիչ բողոք և դրանում ներառելով այն նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք ըստ բողոքաբերի՝ ազդել են գործի ելքի վրա, բողոքաբերը, պահանջելով ուղղակի բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը, պահանջի իրավական հետևանքի կանխորոշումը թողնում է վերաքննիչ դատարանի հայեցողությանը: Վերաքննիչ դատարանն էլ, կաշկանդված լինելով բողոքի հիմքերով և հիմնավորումներով, քննության է առնում դրանից յուրաքանչյուրի հիմնավորվածության հարցը` համապատասխանաբար կիրառելով օրենսդրի կողմից իրեն վերապահված լիազորություններից որևէ մեկը: Հետևաբար բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված որևէ լիազորություն կիրառելու պահանջ չներկայացնելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել վերաքննության բնականոն ընթացքը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական ակտի վերանայումը կոնկրետ պահանջի շրջանակներում իրականացնելու սահմանափակում գործող օրենսդրությամբ նախատեսված չէ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 07.12.2016 թվականին Ընկերությունը Դատարանի 15.11.2016 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով պահանջել է. «Բեկանել և փոփոխել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.11.2016 թվականի թիվ ՍԴ3/0419/02/15 քաղաքացիական գործով կայացրած վճիռը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով Ընկերության կողմից 07.12.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, իր 26.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ տրամադրելով երկշաբաթյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, վերոնշյալ որոշմամբ վերաքննիչ բողոքը, ի թիվս այլ հիմքերի, վերադարձվել է նաև այն հիմքով, որ վերաքննիչ բողոքում չի նշվել Վերաքննիչ դատարանի լիազորություններին համապատասխան ամբողջական պահանջ:

20.01.2017 թվականին Ընկերությունը, վերացնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունները, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով պահանջել է. «Բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.11.2016 թվականի թիվ ՍԴ3/0419/02/15 քաղաքացիական գործով կայացրած վճիռը»:  Վերաքննիչ դատարանը, քննության առնելով 20.01.2017 թվականին Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 26.01.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ առանց ժամկետի տրամադրման, այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի     1-ին մասի 6-րդ կետով սահմանված պահանջը, վերաքննիչ բողոքում դարձյալ չի նշել Վերաքննիչ դատարանի լիազորություններին համապատասխանող ամբողջական պահանջ:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը, հաշվի չի առել, որ Ընկերությունն իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջելով բեկանել Դատարանի 15.11.2016 թվականի վճիռը, ըստ էության, ներկայացրել է հստակ ձևակերպված պահանջ, որը չի կարող կախվածության մեջ լինել ՀՀ օրենսդրությամբ սահմանված Վերաքննիչ դատարանի լիազորություններից։ Նշվածը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ յուրաքանչյուր դեպքում վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելիս Վերաքննիչ դատարանը պետք է մատնանշի, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված կոնկրետ որ լիազորության կիրառումն է ակնկալվում Վերաքննիչ դատարանից,  ինչն անընդունելի է, քանի որ դատական ակտի վերանայումը կոնկրետ պահանջի շրջանակներում իրականացնելու սահմանափակում գործող օրենսդրությամբ նախատեսված չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով Ընկերության` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   222-րդ, 240-րդ և 241.1-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան