Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3998/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3998/02/16
2018թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի փետրվարի 07-ին

քննարկելով ըստ հայցի Երևան քաղաքի դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Արծրուն Նաջարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արծրուն Նաջարյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 8.320.000 ՀՀ դրամ:

 Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2017 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.08.2017 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Հ. Ասլանյանը: 

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, համարելով, որ Արծրուն Նաջարյանին և Դատարանին հասցեագրված պատվիրված առաքանու ու փոստային անդորրագրի պատճենները չեն կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ, և դրա արդյունքում ձևական նկատառումներով վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրաիրավական նորմերն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի հիմնարար պահանջները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցը վերաքննիչ բողոքին կից բնօրինակի ձևով ներկայացնելու պարտականություն չի նախատեսում:

Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, այն որևէ իրավական ակտով չի հիմնավորել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածների խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652,  ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115,  ՍԴՈ-1127,  ՍԴՈ-1190,  ՍԴՈ-1192,  ՍԴՈ-1196,  ՍԴՈ-1197,  ՍԴՈ-1220,  ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին նախադասության համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները:

Նշված հոդվածների վերլուծությունից նաև բխում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները:

Սույն գործով Դատախազությունը Դատարանի 19.06.2017 թվականի վճռի դեմ 06.07.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրա եզրափակիչ մասում նշելով, որ կից ներկայացնում է բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցները՝ մեկ թերթից, մինչդեռ այն չի կցել (հատոր 1-ին, գ.թ. 94-103): Դրա վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից կազմվել է համապատասխան ակտ (հատոր 1-ին, գ.թ. 105):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 14.07.2017 թվականին որոշում է կայացրել Դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն եղել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ սահմանվել է ժամկետ՝ այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 107-108):

Դատախազությունը 17.07.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է մուտքագրել 03.07.2017 թվականի պատվիրված առաքանու և փոստային անդորրագրի պատճենները՝ հասցեագրված Արծրուն Նաջարյանին և Դատարանին (հատոր 1-ին, գ.թ. 111-112):

Դատախազությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ստացել է 25.07.2017 թվականին, և 28.07.2017 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նշելով, որ չնայած առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է եղել, որ վերը նշված ապացույցի պատճենը կցված է վերաքննիչ բողոքին, սակայն այն առանձին գրությամբ 14.07.2017 թվականին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բողոքին կից ներկայացվել է բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցների պատճենները (հատոր 2-րդ, գ.թ. 1-2, 6-16, 19):

24.08.2017 թվականին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Դատախազության կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես այդպիսին ներկայացվածին` արձանագրել է, որ այն պատճենի տեսքով է, ուստի չի կարող դիտվել որպես վերը նշված փաստաթղթերն ուղարկելու փաստը հաստատող ապացույց: Դրա հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում է կատարել այն մասին, որ 14.07.2017 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները չեն վերացվել (հատոր 2-րդ, գ.թ. 21-22):

Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել են վերաքննիչ բողոքի պատճենները 03.07.2017 թվականին գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցների բնօրինակները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 14.07.2017 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցները վերաքննիչ բողոքին կցված չլինելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, ըստ էության Դատախազությանն առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն: Ավելին` դատարանը ժամկետ է տվել վերը նշված թերությունը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերը նշված պատճառաբանությամբ վերադարձնելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ պետական մարմինների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին կից բողոքի պատճենները դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցներ կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների երաշխավորմանը՝ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը՝ իրենց իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտի՝ բողոքարկված լինելու վերաբերյալ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացվել է ապացույց, որից միանշանակորեն հետևում է, որ Դատախազությունը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս, այն է՝ թե՛ առաջին անգամ, և թե՛ կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելիս կատարել է օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունը՝ վերաքննիչ բողոքի պատճենը դեռևս  03.07.2017 թվականին ուղարկելով Դատարանին և Արծրուն Նաջարյանին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից պարտադիր է համարվել այնպիսի ապացույցի ներկայացումը, որից միանշանակորեն պարզ կլինի, որ բողոք բերող անձը բողոքի պատճեններն ուղարկել է դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց: Այսինքն՝ էականը տվյալ դեպքում բողոքի պատճեններն ուղարկված լինելու վերաբերյալ հավաստիանալն է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով Դատախազությունը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքի պատճեններն ուղարկել է Դատարանին և Արծրուն Նաջարյանին, որպիսի պարագայում Դատախազությանը վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես ՄԻԵԴ-ի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող'

Ե. Խունդկարյան

Դատավորներ'

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան