Գլխավոր տեղեկություն
Համար
N 668-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2019-09.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 05.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2019 թվականի N 668-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. հունիսի 1

Երևան

        

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 1-ի N 668-Լ

որոշման

     

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

   

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

   

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը (այսուհետ՝ գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի (այսուհետ՝ հանձնակատար) ընթացիկ գործունեության իրականացումը:

2. Հանձնակատարի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և նրա նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

3. Գրասենյակի անվանումն է՝

1) հայերեն՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ».

2) ռուսերեն՝ «Оффис Верховно-Уполномоченного по делам диаспоры аппарата Премьер-Министра Республики Армения».

3) անգլերեն՝« Office of the High Commissioner for Diaspora affairs of the Prime Minister's Office of the Republic of Armenia».

4) ֆրանսերեն՝ «Le Bureau du Haut Commissaire pour les affaires de la Diaspora du personel du Premier Ministre de la Rռpublique d'Armռnie»:

4. Գրասենյակը ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

5. Գրասենյակը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

6. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:

7. Գրասենյակը կազմված է գրասենյակի ղեկավարից, գրասենյակի ղեկավարի տեղակալներից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանում):

8. Գրասենյակի ղեկավարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ովքեր պաշտոնի նշանակվում և ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Գրասենյակի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

   

II. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

   

10. Գրասենյակի նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն աջակցությունը.

2) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված՝ հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը.

3) հայրենադարձության գործընթացի կազմակերպմանն աջակցությունը.

4) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը և հայ ժողովրդի հոգևոր միասնությունը:

   

III. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

11. Գրասենյակի խնդիրներն են՝

1) սփյուռքի ներուժի թիրախային գնահատումը և ներգրավման կայուն ու արժանավայել գործիքակազմի մշակումը, համահայկական ցանցի ստեղծումը, գիտական և մասնագիտական հմտությունների ու փորձի գնահատման ու դասակարգման նպատակով չափագրումը և քարտեզագրումը.

2) հայրենադարձության և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման գործընթացին աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացման և համահայկական խնդիրների լուծման գործում ազգային, հոգևոր, գիտակրթական, մշակութային և այլ կառույցների դերակատարության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.

3) հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը.

4) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգի մշակումը և զարգացումը.

5) սփյուռքի համայնքային մասնագիտական և հասարակական կառույցների հետ համահայկական օրակարգի ձևավորումը.

6) հայապահպանության և հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը աջակցելը՝ հայկական համայնքներում ազգային ինքնության արմատավորման ու պահպանման նպատակով:

  

IV. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

    

12. Գրասենյակն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) մշակում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին.

2) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններին առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.

3) իրականացնում է վերլուծություններ՝ գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական և այլ ոլորտներում համահայկական ցանցերի և կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ.

4) Հայաստան-սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար վերլուծում և առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին՝

ա. հայրենադարձության և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացման վերաբերյալ,

բ. համահայկական ազգային, հոգևոր, գիտակրթական, մշակութային և այլ կառույցների ամրապնդման ու համահայկական խնդիրների լուծման գործում նրանց դերակատարության բարձրացման ուղղությամբ,

գ. սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման և լիարժեք նպատակային ներգրավման վերաբերյալ` ի նպաստ Հայաստանի կայուն զարգացման, սփյուռքի հայ համայնքների՝ բնակության երկրի և Հայաստանի միջև կայուն հարաբերությունների ապահովման ուղղությամբ,

դ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման և ազգային ինքնության պահպանման աջակցության վերաբերյալ․

5) հետազոտում, բացահայտում և վերլուծում է Հայաստան-սփյուռք գործակցության իրավիճակն ու միտումները, զարգացման հիմնական ոլորտներն ու ուղղությունները.

6) սփյուռքի համայնքների կարիքներից ելնելով՝ համակարգում է երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ ու թիրախավորված ծրագրեր՝ դրանք դիտարկելով իրատեսականության և փոխշահավետության տեսանկյունից.

7) ըստ տարածաշրջանների չափագրում և քարտեզագրում է սփյուռքի ներուժը գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական և այլ ոլորտներում.

8) համահայկական ցանցի ստեղծման և սփյուռքի հայ համայնքների փոխգործակցությունն ապահովելու նպատակով գնահատում և համախմբում է գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական ներուժի կարողությունները.

9) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող՝ Հայաստանի հանրային կյանքի կազմակերպման գործում սփյուռքի մասնակցության ապահովմանն ուղղված պետական և այլ ծրագրերի մշտադիտարկում:

   

V. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

    

13. Գրասենյակի աշխատանքները համակարգում և վերահսկում է հանձնակատարը:

14. Գրասենյակի կանոնադրությունը, կառուցվածքը և դրանց փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Գրասենյակի ղեկավարն անմիջական հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

17. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի՝ իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:

18. Գրասենյակի ղեկավարը՝

1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.

2) հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.

3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր.

4) հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետին և հանձնակատարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետի և հանձնակատարի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ:

19. Գրասենյակի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ: Գրասենյակի ղեկավարն իր տեղակալների անմիջական ղեկավարն է: Գրասենյակի ղեկավարի տեղակալներն անմիջական հաշվետու են գրասենյակի ղեկավարին:

20. Գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում, ղեկավարի որոշմամբ, նրան փոխարինում է տեղակալներից մեկը:

21. Գրասենյակի ղեկավարի տեղակալը՝

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառում և կատարում է գրասենյակի ղեկավարի հանձնարարականները.

2) գրասենյակի նպատակներին և խնդիրներին համապատասխան գրասենյակի՝ իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումներին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

3) պարբերաբար գրասենյակի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում դրանց լուծման ուղղությամբ.

4) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում առանձին հարցերի քննարկմանը.

5) գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

   

VI. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

      

23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) Եվրոպայի հայ համայնքների վարչությունը.

2) Ամերիկայի հայ համայնքների վարչությունը.

3) ԱՊՀ հայ համայնքների վարչությունը.

4) Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությունը.

5) Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչությունը.

6) համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչությունը.

7) հայրենադարձության և հետազոտությունների վարչությունը.

8) համահայկական ծրագրերի վարչությունը.

9) սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչությունը.

10) սփյուռքում տեղեկատվական ռազմավարության մշակման և իրականացման վարչությունը:

24. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան