Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1455
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.08/29(1482).1 Հոդ.342
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 ապրիլի  2019 թ.

 

«ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող՝ «ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» փակ բաժնետիրական ընկերության,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ մտել՝ 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի՝ «Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը և ապրանքային նշանի օգտագործումը» վերտառությամբ 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է՝

«2. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը»:

Oրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը գործում է 2010 թվականի ապրիլի 29-ին ընդունված և նույն թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-61-Ն) նախատեսված խմբագրությամբ:

«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թվականի ապրիլի 29-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2010 թվականի մայիսի 22-ին և ուժի մեջ մտել՝ 2010 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքի՝ «Ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է՝

«1. Որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝

2) նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը (շփոթելու աստիճան նմանությունը)»:

Օրենքի՝ «Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը» վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է՝

«1. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց առանց իր թույլտվության առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նիշի օգտագործումը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը»:

Գործի քննության առիթը «ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, կողմերի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգիրքը, Oրենքը և մի շարք այլ վերաբերելի իրավական ակտեր՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ ինչպես Օրենսգրքով, այնպես էլ Օրենքով սահմանված չեն «շփոթություն առաջացնելու վտանգ» հասկացությունը և դրա գնահատման օբյեկտիվ չափորոշիչները: Նշված հարցը որոշակիորեն կարգավորված է 2010 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1538-Ն որոշման N 3-րդ հավելվածի 112-րդ կետով, համաձայն որի՝ «…ապրանքային նշանների որակումը որպես շփոթելու աստիճանի նման, իրականացվում է միջին սպառողի վրա նրանց թողած տպավորության գնահատմամբ՝ հաշվի առնելով սույն կարգի 114-րդ կետի պահանջները»: Այս համատեքստում դիմողը գտնում է, որ գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքը՝ առանց իր թույլտվության երրորդ անձանց արգելելու առևտրային գործունեության ընթացքում օգտագործելու մեկ այլ գրանցված ապրանքային նշան, որը նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանի զուգորդումը, կարող է լինել օրինաչափ, համաչափ և իրավական առումով որոշակի բացառապես այն դեպքում, եթե առնվազն օրենքով սահմանված լինեն այն չափանիշներն ու կառուցակարգերը, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի գնահատել սպառողի մոտ շփոթություն առաջացնելու իրական, այն է՝ օբյեկտիվ չափանիշների կիրառման արդյունքում վեր հանված փաստացի հնարավորությունը:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումներ, դիմողը, մասնավորապես, նշում է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածն ըստ էության կիրառելի է նաև մտավոր սեփականության նկատմամբ, իսկ անդամ պետությունները պարտավոր են ոչ միայն ձեռնպահ մնալ անձի սեփականության իրավունքը խախտելուց, այլ նաև ընդունել այնպիսի օրենսդրություն, որը կպաշտպանի անձի սեփականության իրավունքն այլ անձանց ոտնձգություններից:

Վերոշարադրյալի հաշվառմամբ դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումների հետևանքով, Սահմանադրությամբ սահմանված իրավական որոշակիության և հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը բացառապես օրենքով սահմանելու սկզբունքների խախտման արդյունքում խախտվում են արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ կամ ապրանքային նշանի գրանցման համար դիմում ներկայացնող անձի՝ Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Ելնելով վերոգրյալից, դիմողը խնդրում է, որ Օրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 10, 11, 59, 60, 75 և 78-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներով պայմանավորված` ապրանքային նշաններին առնչվող անհրաժեշտ կանոնակարգումների ապահովման իրավական հիմքեր: Պատասխանողի կարծիքով՝ ապրանքային նշանի հիմնական գործառույթն ապրանքային նշանի անհատականացնող և տարբերակիչ գործոնն է, որով սպառողներին հնարավորություն է տրվում նույնականացնել համապատասխան ապրանքը և վերջինիս ծագման աղբյուրը:

Պատասխանողը նշում է, որ «Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետը, փոխկապակցության մեջ գտնվելով վերոգրյալ նորմերի հետ, վերաբերում են ապրանքային նշանի գրանցման մերժման երեք հիմքերին, որտեղ որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ առաջինը` այն նիշը, որը նույնական է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցված է նույն ապրանքների և/կամ ծառայությունների համար, երկրորդը` նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և/կամ ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ` ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը (շփոթելու աստիճանի նմանությունը), և երրորդը` եթե ապրանքային նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցվել է նույն կամ նույնատիպ ապրանքների և/կամ ծառայությունների համար, և չերկարաձգման պատճառով այդ գրանցման գործողությունը դադարեցվել է ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականին նախորդող երկամյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը, կամ վերջինս չի օգտագործում իր ապրանքային նշանը»:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում պատասխանողը փաստում է, որ օրենսդիրը՝ վիճարկվող դրույթներում ամրագրելով ապրանքային նշանների «շփոթելու աստիճանի նմանություն» արտահայտությունը, ակնհայտորեն ամրագրել է ապրանքային նշանին ներկայացվող հիմնական պահանջը` մեկ ապրանքային նշանը մյուսներից տարբերակելու, առանձնացնելու հնարավորությունը, որտեղ ապրանքային նշանն առաջին իսկ հայացքից պետք է օժտված լինի այնպիսի արտաքին հատկանիշներով, որ հնարավոր լինի հստակ տարբերակել այլ ընկերությունների նույնատիպ ապրանքի համար օգտագործվող ապրանքային նշաններից:

Պատասխանողը նշում է, որ դիմողի կողմից մատնանշված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1538-Ն որոշմամբ ոչ թե տրվում է ապրանքային նշանների «շփոթություն առաջացնելու վտանգ» հասկացության սահմանումը, այլ հիշյալ իրավական ակտով սահմանվում և կանոնակարգվում են, մասնավորապես, ապրանքային նշանների որակման կարգը, պատկերային ու ծավալային ապրանքային նշանների տարանջատման ընթացակարգերը, շփոթելու աստիճանի նմանության որոշմամբ պայմանավորված ապրանքների առանձնահատկություններին ներկայացվող ձևաչափը, ապրանքային նշանների` որպես շփոթելու աստիճանի նման որակման վերաբերյալ տպավորության գնահատման կարգը, առանձին գրաֆիկական նմանության որոշման չափանիշները:

Նկատի ունենալով վերոհիշյալ մոտեցումները, պատասխանողը գտնում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող իրավական դրույթները հստակ միտված են պաշտպանելու անձի սեփականության իրավունքը, մասնավորապես` բացառելու մտավոր սեփականության իրավունքի համատեքստում ավելի վաղ գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքի նկատմամբ հնարավոր ոտնձգությունները և խախտումները:

Հաշվի առնելով վերոգրյալը, պատասխանողը գտնում է՝ Օրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1) արդյոք Քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաև «Ապրանքային նշանների մասին» օրենքի վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայի հաշվառմամբ, չեն խախտում ապրանքային նշանի իրավատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքները,

2) արդյոք վիճարկվող դրույթները համահունչ են Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին և արդյոք նախատեսված են իրավունքների իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր,

3) արդյոք վիճարկվող դրույթների կիրառման արդյունքում կարող է խախտվել Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված՝ անձի տնտեսական գործունեության ազատությունը, ինչի արդյունքում չի երաշխավորվի տնտեսական մրցակցությունը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով»: Սահմանելով օրենսդրի հայեցողության լայն շրջանակ՝ Սահմանադրության մեջ անդրադարձ չի կատարվել «մտավոր սեփականություն» հասկացության բովանդակությանը:

Մտավոր սեփականությանը վերաբերող իրավակարգավորումներին նվիրված են Օրենսգրքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ Օրենսգրքի «Մտավոր սեփականություն» վերտառությամբ 10-րդ գլուխը:

Համաձայն Օրենսգրքի 140-րդ հոդվածի՝ օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչվում է քաղաքացու կամ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը մտավոր գործունեության օբյեկտիվ արտահայտված արդյունքների և դրանց հավասարեցված իրավաբանական անձի, արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոցների (մասնավորապես՝ ֆիրմային անվանում, ապրանքային նշան, սպասարկման նշան) նկատմամբ: Ի տարբերություն Օրենսգրքի «Սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը» վերտառությամբ 163-րդ հոդվածի, որով սահմանված են մասնավորապես՝ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավազորությունները, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատիրոջ իրավասությունները նախատեսված են «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքները» վերտառությամբ 1104-րդ հոդվածում: Ըստ համապատասխան հոդվածի.

«1. Մտավոր գործունեության արդյունքների կամ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների (այսուհետ` անհատականացման միջոցներ) նկատմամբ գույքային իրավունքների տիրապետողը մտավոր սեփականության այդ օբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած ձևով և եղանակով օրինաչափ օգտագործելու բացառիկ իրավունք ունի:

2. Ուրիշ անձանց կողմից մտավոր սեփականության այն օբյեկտների օգտագործումը, որոնց նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է դրանց իրավատիրոջը, թույլատրվում է միայն վերջինիս համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի տիրապետողն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն այլ անձի փոխանցել այդ իրավունքը, նրան թույլատրել օգտագործելու և տնօրինելու այդ օբյեկտը, եթե դա չի հակասում սույն օրենսգրքի և այլ օրենքների կանոններին:

4. Բացառիկ իրավունքների սահմանափակումները` ներառյալ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու միջոցով, այդ իրավունքներն անվավեր ճանաչելն ու դրանց դադարեցնելը (չեղյալ հայտարարելը) թույլատրվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում, սահմաններում ու կարգով, պայմանով, որ դրանք վնաս չպատճառեն մտավոր սեփականության օբյեկտների բնականոն օգտագործմանը և անհիմն չոտնահարեն հեղինակների իրավունքները` հաշվի առնելով երրորդ անձանց օրինական շահերը»:

Մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված դրույթը սահմանադիրը նախատեսել է սեփականության իրավունքին նվիրված Սահմանադրության 60-րդ հոդվածում՝ դրանով իսկ ընդգծելով սեփականության իրավունքի և մտավոր սեփականության ինստիտուտների միասեռ լինելու հանգամանքը:

Համաձայն Օրենսգրքի 1100-րդ հոդվածի՝ մտավոր սեփականության օբյեկտների շարքին են դասվում, ի թիվս այլնի, նաև ապրանքային նշանները (սպասարկման նշանները)՝ որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ:

Ապրանքային նշանների՝ որպես մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ «ապրանքային նշանը գրանցելու արդյունքում դիմողի կողմից ձեռք բերված ֆինանսական իրավունքների և շահերի համալիրը (ինչպիսիք են վաճառքի կամ լիցենզիա տրամադրելու իրավունքը) պարունակում է … կամ կարող է պարունակել նշանակալի ֆինանսական արժեք»: Այդ իսկ պատճառով ապրանքային նշանի գրանցումը հայցելը վերաբերելի է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի գործողության ոլորտին, քանի որ հիմք է հանդիսանում գույքային բնույթի իրավունքների առաջացման համար (Anheuser-Busch Inc v. Portugal, 2007):

Ելնելով վերոգրյալից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև սեփականության իրավունքին նվիրված Սահմանադրության 60-րդ հոդվածի դրույթներն ընդհանուր առմամբ վերաբերում են նաև մտավոր սեփականության իրավունքին, այնուամենայնիվ, սեփականության իրավունքին, այդ թվում՝ սեփականության իրավունքի պաշտպանությանը նվիրված ոչ բոլոր դրույթներն են իրենց բնույթով կիրառելի մտավոր սեփականության նկատմամբ: Մասնավորապես, Օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված՝ ուրիշի ապօրինի տիրապետումից իր գույքը հետ պահանջելու սեփականատիրոջ իրավունքը կիրառելի չէ ապրանքային նշանների իրավատերերի իրավունքների պաշտպանության համար:

Համաձայն Օրենսգրքի 1110-րդ հոդվածի՝ բացառիկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ինչպես Օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր եղանակներով, այնպես էլ մտավոր սեփականությանը բնորոշ հատուկ եղանակներով, այդ թվում՝ Օրենքով նախատեսված՝ ապրանքային նշանների իրավատերերի իրավունքների պաշտպանությանն ուղղված եղանակներով:

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը շեշտում է, որ մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող օրենսդրությունը չպետք է խախտի Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը, ըստ որի՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից (տվյալ դեպքում՝ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքից), բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:

4.2. Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, 1-ին հոդվածը սահմանում է, որ ապրանքային նշանների նմուշներն արդյունաբերական սեփականության օբյեկտներ են, իսկ արդյունաբերական սեփականությունը հասկացվում է ամենալայն իմաստով և տարածվում է նաև գյուղատնտեսական արտադրության և արդյունահանող արդյունաբերության բնագավառների և արտադրական կամ բնական ծագման արտադրանքների վրա: Կոնվենցիայի 6-րդ bis հոդվածը սահմանում է. «Միության երկրները պարտավորվում են կամ վարչակազմի նախաձեռնությամբ, եթե դա թույլատրվում է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ շահագրգիռ անձի միջնորդությամբ մերժել կամ ճանաչել անվավեր գրանցումը և արգելել ապրանքային նշանի կիրառումը, որն իրենից ներկայացնում է վերարտադրում, իմիտացիա կամ այլ նշանի փոխանցում, որոնք կարող են առաջացնել այլ նշանի հետ խառնում, որը գրանցման երկրի կամ կիրառման երկրի իրավասու մարմնի սահմանմամբ արդեն այդ երկրում հանդիսանում է հանրաճանաչ որպես այն անձի նշան, որն օգտվում է սույն Կոնվենցիայի առավելություններից և օգտագործվում է իդենտիկ կամ նման ապրանքների համար: Այդ դրույթը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ նշանի էական բաղկացուցիչ մասը իրենից ներկայացնում է այնպիսի հանրաճանաչ նշանի վերարտադրում կամ իմիտացիա, որը կարող է դրա հետ առաջացնել շփոթեցում»:

Այսպիսով՝ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի ամրագրման և դրա պաշտպանության իմաստը կայանում է նրանում, որ սպառողներին հնարավորություն է տրվում տարբերակել շուկայում առկա ապրանքները՝ թույլ չտալով երրորդ անձանց ապօրինի օգտագործել գրանցված ապրանքային նշանը, ինչի արդյունքում պաշտպանվում են ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքներն ու շահերը: Այդ պատճառով օրենսդիրն արգելում է ոչ միայն արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հնարավորությունը, այլ նաև այնպիսի ապրանքային նշանների օգտագործումը, որոնք նմանության պատճառով կարող են շփոթության մեջ գցել սպառողներին:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի վիճարկվող 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը գրեթե նույնությամբ վերարտադրում է Օրենսգրքի վիճարկվող 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը: Միակ տարբերությունն այն է, որ Օրենսգրքում կիրառվում է «սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ» եզրույթը, մինչդեռ Օրենքն օգտագործում է «հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ» եզրույթը, որոնք սույն գործի շրջանակներում ունեն միևնույն բովանդակային ծանրաբեռնվածությունը:

Վերոհիշյալ տրամաբանությունն է դրված նաև Օրենքի վիճարկվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքում, համաձայն որի՝ որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը (շփոթելու աստիճան նմանությունը):

Սահմանելով ապրանքային նշանի իրավատիրոջ վերոնշյալ բացառիկ իրավունքը, օրենսդիրը՝ հաշվի առնելով շփոթության աստիճանի նմանություն ունեցող ապրանքային նշանների իրավատերերի միջև ի հայտ եկող հնարավոր վեճերի լուծման անհրաժեշտությունը, սահմանել է ավելի վաղ ապրանքային նշանի հասկացությունը՝ պաշտպանելով ապրանքային նշանի գրանցման համար հայտն առավել վաղ ներկայացրած հայտատուների շահերը:

Համաձայն Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «… ավելի վաղ ապրանքային նշաններն իրենցից ներկայացնում են՝

1) ապրանքային նշաններ, որոնց հայտի ներկայացման թվականը, կամ եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտի ներկայացման թվականին, կամ եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականին, և հանդիսանում են՝

ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա պահպանվող ապրանքային նշաններ,

բ. միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող ապրանքային նշաններ.

2) սույն մասի 1-ին կետում նշված ապրանքային նշանների հայտեր, այդ ապրանքային նշանների հետագա գրանցման (իրավական պահպանություն տրամադրելու) պայմանով.

3) ապրանքային նշաններ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ են ճանաչված հայտարկված ապրանքային նշանի հայտի ներկայացման կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկված առաջնության թվականի դրությամբ»:

4.3. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև վիճարկվող դրույթների վերաբերյալ ձևավորված իրավակիրառ պրակտիկային:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր՝ 18.07.2014թ. թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով, իսկ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, բացի վերոգրյալ երաշխիքներից, իրականացվում է նաև օրենքի ուժով»:

Այդ որոշմամբ, հղում անելով իր՝ 12.12.2007թ. թիվ 3-1763(ՏԴ) քաղաքացիական գործով որոշմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ապրանքային նշանների նմանության խնդրին և արձանագրել հետևյալը. «Նշանների նմանությունը գնահատելիս հարկավոր է դրանք համեմատել այն տեսքով, որով դրանք գրանցվել են:

Ինչ վերաբերում է բառային (տառային) ապրանքային նշաններին, ապա այդ նշանները, որպես կանոն, դասվում են այն ապրանքային նշանների շարքին, որոնք ընկալվում են միաժամանակ տեսողական, իմաստային և ձայնային եղանակով: Այսինքն` բառային ապրանքային նշանն առկա է և իրականացնում է իր առջև դրված գործառույթները՝ անկախ դրա հավելումներից, հետևաբար, երկու նշանները պետք է գնահատվեն ինքնուրույնաբար՝ առանց հաշվի առնելու դրանց ներկայացման եղանակը, իսկ համեմատության առարկա պետք է դառնա միայն համապատասխան նշանը՝ առանց հաշվի առնելու այդ նշանի գեղագրությունը: Այսինքն՝ ապրանքային նշաններում պաշտպանության օբյեկտ է հանդիսանում միայն հիմնական տարբերակիչ տարրը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան նշանին կատարված հավելումներն այնքանով են փոխում այդ նշանը, որ հիմնական տարրը կորցնում է իր անհատականությունը և տարբերակիչ նշանակությունը»:

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ապրանքային նշանի համեմատության ընթացքում նախ և առաջ պետք է հաշվի առնվի տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը՝ անկախ լրացուցիչ և զուտ խորհրդանշական տարրերի առկայությունից: Այսինքն, եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը, ապա կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճան նմանություն:

Վերոգրյալից ելնելով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես վիճարկվող դրույթները, այնպես էլ ձևավորված իրավակիրառ պրակտիկան ուղղված են ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այդ պատճառով Օրենսգրքի և Օրենքի վիճարկվող դրույթներն իրավակիրառ պրակտիկայի հաշվառմամբ չեն խախտում ապրանքային նշանի իրավատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքները, իսկ վիճարկվող դրույթներով նախատեսված սահմանափակումները պիտանի և անհրաժեշտ են ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ իրավաչափ շահերը պաշտպանելու համար:

4.4. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Համաձայն Օրենքի 1-ին հոդվածի՝ վերջինս կարգավորում է ապրանքային և սպասարկման նշանների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ «Ապրանքային նշանների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից»։

Հիմնվելով Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 11-րդ, 32-րդ հոդվածի 4-րդ, 40-րդ հոդվածի 5-րդ մասերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին, 49-րդ հոդվածի 1-ին, 50-րդ հոդվածի 2-րդ, 51-րդ հոդվածի 7-րդ և 52-րդ հոդվածի 3-րդ մասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերը հաստատելու մասին» թիվ 1538-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Այդ Որոշմամբ Կառավարությունը սահմանել է, ի թիվս այլնի, «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը», որում անդրադարձ է կատարվել ապրանքային նշանի՝ այլ նշանին շփոթելու աստիճանի նմանության հարցերին:

Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթների իրավական որոշակիության խնդրին, մասնավորապես՝ «նույնական», «նույնատիպ», «շփոթություն առաջացնելու վտանգ», «գրանցված ապրանքային նշանի զուգորդումը», «շփոթելու աստիճան նմանությունը» եզրույթների իրավական հստակությանը, ապա Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «… Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:».…» (ՍԴՈ-1322, 22 նոյեմբերի 2016թ.) և «… թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է։ …» (ՍԴՈ-997, 15 նոյեմբերի 2011թ.):

Հարկ է նշել նաև, որ Վճռաբեկ դատարանն իր՝ 12.12.2007թ. 3-1763(ՏԴ) և 18.07.2014թ. ՎԴ/4241/05/11 գործերով կայացված որոշումներով արդեն իսկ անդրադարձել է ապրանքային նշանների ոլորտում իրավական որոշակիության վերաբերյալ դիմողի բարձրացրած խնդիրներին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը՝ կարևորելով իրավակիրառ պրակտիկայում համակցված ապրանքային նշանների նմանությունը որոշելու հարցը, արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ համակցված ապրանքային նշանների նմանակման հարցը որոշելիս վերջիններս համեմատվում են նաև այն նշանների հետ (բառային, պատկերային և այլն), որոնք որպես տարրեր ներառված են համապատասխան համակցված ապրանքային նշանի մեջ (տե՛ս, թիվ 3-1763(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքային նշանի համեմատության ընթացքում նախ և առաջ պետք է հաշվի առնվի տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը՝ անկախ լրացուցիչ և զուտ սիմվոլիկ տարրերի առկայությունից: Այսինքն` եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը, ապա կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճան նմանություն:

Մեկ այլ, թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով 18.07.2014թ. որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «….ապրանքային նշանի նմանակման փաստն արձանագրելու համար պարտադիր է նաև սուբյեկտիվ տարրի առկայությունը, այն է՝ սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգի առկայությունը: Շփոթության վտանգն առկա է այն դեպքում, երբ նմանակումը սպառողին մղում է այն մտքին, որ այդ նշանով անհատականացված ապրանքն իրեն նախկինում հայտնի արտադրողի ապրանքն է, ինչը նրան ստիպում է կամ կարող է ստիպել ընտրելու ոչ այն ապրանքը, որը նա փնտրում է: Ընդ որում, իրավախախտման փաստն արձանագրելու համար բավարար է «շփոթության իրական հավանականությունը», այլ ոչ «փաստացի շփոթությունը»:

Ելնելով վերոգրյալից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթները բավարար չափով որոշակի են և կանխատեսելի, իսկ ապրանքային նշանի իրավատերերի իրավունքների իրականացմանն ուղղված ընթացակարգերը բավարարում են Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:

4.5. Սահմանադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքային նշանն այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:

Կոնվենցիայի 10-րդ bis հոդվածը սահմանում է.

«1) Միության երկրները պարտավոր են Միությունում մասնակցող երկրների քաղաքացիներին արդյունավետ պահպանությամբ ապահովել ոչ բարեխիղճ մրցակցությունից:

2) Ոչ բարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում մրցակցության ցանկացած գործողություն, որը հակասում է արդյունաբերական և առևտրական գործերում արդար սովորույթներին:

3) Մասնավորապես արգելման ենթակա են.

1) բոլոր գործողությունները, որոնք ընդունակ են որևէ ձևով շփոթություն առաջացնելու ձեռնարկության, մթերքների կամ արդյունաբերական կամ առևտրական գործունեության մրցակցի նկատմամբ, ….»:

Այսինքն, ապրանքային նշանների իրավական պաշտպանությունն ուղղված է տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը:

Ինչ վերաբերում է այն ապրանքային նշաններին, որոնց օգտագործումը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ապա Օրենքով սահմանված են մի շարք երաշխիքներ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ապրանքային նշանների իրավատերերի շահերը պաշտպանելու համար: Այսպես՝

1) Օրենքի 43-44-րդ հոդվածների համաձայն՝ ապրանքային նշանը գրանցելու հայտը ենթակա է փորձաքննության, որի շրջանակներում շահագրգիռ անձի կողմից կարող է ներկայացվել դիտողություն կամ առարկություն: Այս առումով հայտատուի համար արդեն իսկ կանխատեսելի է դառնում գրանցման վերաբերյալ առարկություններ ներկայացրած անձի կողմից հետագայում գրանցումը դատական կարգով վիճարկելու հավանականությունը.

2) Օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հայցը կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցը կարող է ներկայացնել ավելի վաղ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի տիրապետողը` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից հետո` 5 տարվա ընթացքում.

3) ապրանքային նշանը չի կարող անվավեր ճանաչվել, եթե իրավունքի տիրապետողը կամ նրա իրավահաջորդը իր համաձայնությունն է տվել ապրանքային նշանի գրանցման համար մինչև տվյալ ապրանքային նշանն անվավեր ճանաչելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելը.

4) Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ «Եթե ավելի վաղ ապրանքային նշանի կամ ավելի վաղ որևէ իրավունքի իրավատերը հինգ հաջորդական տարիների ընթացքում գիտակցաբար հանդուրժել է ավելի ուշ գրանցված ապրանքային նշանի օգտագործումը, այլևս չի կարող սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայց կամ հակընդդեմ հայց ներկայացվել դատարան ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին կամ արգելելու ավելի ուշ ապրանքային նշանի օգտագործումը այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար ավելի ուշ ապրանքային նշանը օգտագործվել է, պայմանով, որ ավելի ուշ ապրանքային նշանի գրանցումը չի կատարվել անբարեխիղճ նպատակներով»:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից տրամադրված այն տեղեկատվությանը, համաձայն որի՝ սույն գործով վիճարկվող Օրենսգրքի դրույթների ուժի մեջ մտնելու պահից (01.07.2010թ.) լիազոր մարմնի կողմից գրանցված 32.113 (որից 19.043-ը՝ միջազգային ընթացակարգերով) ապրանքային նշաններից, հիմք ընդունելով սույն գործով վիճարկվող դրույթները, դատական կարգով անվավեր է ճանաչվել թվով միայն 15 գրանցում (0.005% ոչ ավելի): Այս հանգամանքը ևս վկայում է, որ վիճարկվող դրույթները գործնականում էական խոչընդոտներ չեն ստեղծել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և տնտեսական մրցակցությանը խոչընդոտելու համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

    

23 ապրիլի 2019 թվականի

ՍԴՈ-1455

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան