Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.07.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/0100/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/0100/05/17
2017թ.

Նախագահող դատավոր՝

 Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

  

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆի

      

Վ. Ավանեսյանի

      

Ա. Բարսեղյանի

 

 

Ե. Սողոմոնյանի

      

Տ. Պետրոսյանի

 

2017 թվականի հուլիսի 31-ին

քննարկելով ըստ հայցի Ժաննա Միրզոյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք), երրորդ անձ Պետիկ Ալթունյանի՝ Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Ժաննա Միրզոյանի ներկայացուցիչ Սևակ Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ժաննա Միրզոյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունը՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2017 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ժաննա Միրզոյանի միջնորդությունը բավարարվել է՝ վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ և Պետիկ Ալթունյանը ներգրավվել է դատավարության մեջ որպես երրորդ անձ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2017 թվականի որոշմամբ Պետիկ Ալթունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 15.03.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննության առնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննության առնելու՝ միջնորդությունը բավարարելու՝ վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժաննա Միրզոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Պետիկ Ալթունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին տրված թիվ 14 շինարարության թույլտվության մասին Ժաննա Միրզոյանն իրազեկվել է միայն 2016 թվականի նոյեմբեր ամսին, երբ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում ստացել է Պետիկ Ալթունյանի հակընդդեմ հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի օրինակները: Մինչդեռ Պետիկ Ալթունյանի վերաքննիչ բողոքին կից ներկայացված 01.10.2016 թվականի թիվ «RR219795422AM» փոստային առաքման անդորրագրով հաստատվում է միայն թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով հայցադիմումի պատասխանը Ժաննա Միրզոյանին ուղարկված լինելը, այլ ոչ թե վերջինիս կողմից այն ստանալու հանգամանքը: Ընդ որում, ըստ վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ փոստային կապի ազգային օպերատորի համացանցային կայքից արտատպված թիվ «RR219795422AM» փոստային առաքանու քաղվածքի, նշված փոստային առաքանին Ժաննա Միրզոյանի կողմից ստացվել է 17.11.2016 թվականին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով 28.10.2016 թվականին կայացված դատական նիստի ընթացքում Պետիկ Ալթունյանի ներկայացուցիչն ընդամենը բանավոր հայտնել է շինարարության թույլտվության առկայության մասին և դրա օրինակը չի հանձնել Ժաննա Միրզոյանի ներկայացուցչին: Հետևաբար նշված դատական նիստի ձայնային արձանագրման կրիչը բավարար չէ հաստատելու համար այն փաստը, որ Ժաննա Միրզոյանը վիճարկվող շինարարության թույլտվության մասին տեղեկացել է 28.10.2016 թվականին:

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումների արդյունքում Ժաննա Միրզոյանը զրկվել է իր իրավունքները խախտող վարչական ակտը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:

 

Բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ժաննա Միրզոյանը, թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով 03.10.2016 թվականին ներկայացված հայցադիմումի պատասխանից և 28.10.2016 թվականի տեղի ունեցած դատական նիստից իրազեկվելով Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության մասին, որևէ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով զրկված չի եղել օրենքով սահմանված երկամսյա ժամկետում այն վիճարկելու հնարավորությունից: Հետևաբար Վերաքննիչ դատարանը Ժաննա Միրզոյանին չի զրկել դատական պաշտպանության իրավունքից:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական ակտի վերաբերյալ տեղեկացված չլինելու հիմքով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:       

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ): 

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, նույն օրենսգրքի 72-րդ հոդվածում նախատեսել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, ամրագրելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ նախատեսել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

09.01.2017 թվականին փոստային կապի ծառայության միջոցով դիմելով դատարան` Ժաննա Միրզոյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ Ժաննա Միրզոյանը միջնորդել է վերականգնել հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը՝ պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է 2016 թվականի նոյեմբերին, այսինքն՝ այն ժամանակ, երբ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում ստացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված՝ Պետիկ Ալթունյանի հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հակընդդեմ հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի օրինակները, որոնց շարքում առկա է եղել նաև խնդրո առարկա շինարարության թույլտվությունը (գ.թ. 4-6, 19, 32):

Դատարանը 15.03.2017 թվականի որոշմամբ բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Ժաննա Միրզոյանի միջնորդությունը և վերջինիս հայցադիմումն ընդունել է վարույթ՝ պատճառաբանելով, որ «(...) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ այն կայացվել է 31.10.2016 թվականին, իսկ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան առաքելու համար փոստային բաժանմունք է հանձնվել 09.01.2017 թվականին (...)» (գ.թ. 54-55):

Վերաքննիչ դատարանը, 06.05.2017 թվականի որոշմամբ բավարարել է Պետիկ Ալթունյանի վերաքննիչ բողոքը և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Ժաննա Միրզոյանի միջնորդությունը բավարարելու ու վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով վերացրել է Դատարանի 15.03.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննության առնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ սույն գործում առկա տվյալներից հետևում է, որ Ժաննա Միրզոյանը տեղյակ է եղել 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության մասին 31.10.2016 թվականից ավելի վաղ:

Այսպես, ըստ Վերաքննիչ դատարանի, Ժաննա Միրզոյանը կարող էր տեղեկանալ վիճարկվող վարչական ակտի մասին 03.10.2016 թվականին, այսինքն՝ այն օրը, երբ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան, որում նշված է եղել 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության մասին, և որին կցված է եղել նաև այդ վարչական ակտի պատճենը: Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ 01.10.2016 թվականի թիվ «RR219795422AM» փոստային առաքման անդորրագիրը՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով հայցադիմումի պատասխանը և դրան կից փաստաթղթերը Պետիկ Ալթունյանի կողմից ուղարկվել են Ժաննա Միրզոյանին:

Ավելին, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Ժաննա Միրզոյանը կարող էր տեղեկանալ վիճարկվող վարչական ակտի մասին 28.10.2016 թվականին, այսինքն՝ այն օրը, երբ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև Ժաննա Միրզոյանի ներկայացուցիչը, Պետիկ Ալթունյանի ներկայացուցիչը հայտնել է, որ իր վստահորդի կողմից շինարարական աշխատանքներն իրականացվում են Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին տրված թիվ 14 շինարարության թույլտվության հիման վրա: Վերոգրյալ փաստը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով 28.10.2016 թվականին կայացված դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում պարունակվող տեղեկույթի ուսումնասիրության արդյունքում (գ.թ. 94-107):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ժաննա Միրզոյանի կողմից 09.01.2017 թվականին ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունը: Այսինքն` Ժաննա Միրզոյանը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:

Դատարանը հիմնավոր է համարել նշված ժամկետի բացթողնման պատճառը հարգելի համարելու վերաբերյալ Ժաննա Միրզոյանի կողմից ներկայացված միջնորդությամբ նշված փաստարկը՝ գտնելով, որ Ժաննա Միրզոյանի միջնորդության մերժման կամ բավարարման հարցը լուծելիս որպես ելակետ պետք է ընդունվի այն օրը, երբ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ, այսինքն՝ 31.10.2016 թվականը, քանի որ Ժաննա Միրզոյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է միայն Պետիկ Ալթունյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումն ու կից փաստաթղթերը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից իրեն ուղարկվելուց հետո:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Ժաննա Միրզոյանի միջնորդության մերժման կամ բավարարման հարցը լուծելիս որպես ելակետ պետք է ընդունվի ոչ թե թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ ընդունվելու օրը՝ 31.10.2016 թվականը, այլ նույն գործով Պետիկ Ալթունյանի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրը՝ 03.10.2016 թվականը, կամ նույն գործով տեղի ունեցած դատական նիստի օրը՝ 28.10.2016 թվականը:

Անդրադառնալով Ժաննա Միրզոյանի կողմից սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության մասին 03.10.2016 թվականից տեղյակ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողության իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

-       03.10.2016 թվականն այն օրն է, երբ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի հայցադիմումի պատասխանը (որում առկա է եղել նշում Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության մասին) և դրան կից փաստաթղթերը (որոնց շարքում առկա է եղել նաև վիճարկվող վարչական ակտը) ստացվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (գ.թ. 72-74),

-       սույն գործում առկա է նշված հայցադիմումի պատասխանը և դրան կից փաստաթղթերը Ժաննա Միրզոյանի հասցեով ուղարկելու վերաբերյալ ապացույց՝ թիվ «RR219795422AM» փոստային անդորրագիրը, որի վրա առկա կնիքը թվագրված է 01.10.2016 թվականով (գ.թ. 75),

-       սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ժաննա Միրզոյանը 03.10.2016 թվականին կամ երբևէ ստացել է 01.10.2016 թվականի թիվ «RR219795422AM» փոստային անդորրագրով իրեն ուղարկված թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի հայցադիմումի պատասխանը և դրան կից փաստաթղթերը:

Փաստորեն, սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է միայն այն հանգամանքը, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի հայցադիմումի պատասխանը և դրան կից փաստաթղթերը 01.10.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով ուղարկվել են Ժաննա Միրզոյանին, և չի հաստատվում այն հանգամանքը, որ Ժաննա Միրզոյանը ստացել է այդ փաստաթղթերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով 24.12.2014 թվականի որոշմամբ քննարկելով նմանատիպ իրավիճակում վիճարկվող վարչական ակտի մասին հայցվորի տեղյակ լինելու փաստը հաստատված համարելու կամ չհամարելու հարցը, նշել է. «մեկ այլ գործով հայցադիմումի պատասխանը, որում առկա է հիշատակում թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով վիճարկվող վարչական ակտերի վերաբերյալ, 2013 թվականի ապրիլին փոստային կապի ծառայության միջոցով ուղարկվել է թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով հայցվորին: Հետևաբար թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով հայցվորը վիճարկվող վարչական ակտերի մասին մեկ այլ գործի քննության շրջանակներում կարող էր ողջամտորեն տեղյակ լինել դեռևս 2013 թվականի ապրիլ ամսից»: Փաստորեն, վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտի մասին հայցվորի տեղյակ լինելու փաստը կարող է հաստատված համարվել նաև այդ վարչական ակտի օրինակը մեկ այլ դատական գործի շրջանակներում հայցվորին ուղարկված լինելը հավաստող ապացույցով:

Հիմք ընդունելով իրավունքի զարգացման միջոցով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթը՝ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անհրաժեշտ է համարում զարգացնել վերոգրյալ իրավական դիրքորոշումները: Այսպես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն վիճարկվող վարչական ակտի օրինակը հայցվորին փոստային կապի ծառայության միջոցով ուղարկելու վերաբերյալ ապացույցը չի կարող բավարար լինել վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության մերժման կամ բավարարման հարցը լուծելիս հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացված լինելու փաստը հաստատելու համար: Նման դեպքերում վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացված լինելու փաստը հաստատելու համար անհրաժեշտ է նաև վիճարկվող վարչական ակտի օրինակը հայցվորի կողմից ստանալու կամ այն հայցվորին հասանելի դառնալու վերաբերյալ համապատասխան ապացույցի առկայություն: Այլ կերպ ասած, հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի մասին տեղյակ լինելու փաստը պետք է հաստատվի այնպիսի ապացույցների միջոցով, որոնք վկայում են վիճարկվող վարչական ակտի օրինակը հայցվորին ոչ միայն ուղարկված լինելու, այլ նաև որևէ ձևով հասանելի դառնալու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի նման զարգացումը պայմանավորում է այն հանգամանքով, որ իրավակիրառ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ անձի դատական պաշտպանության իրավունքը սահմանափակվում է միայն այն հիմքով, որ վիճարկվող վարչական ակտի օրինակն ուղարկվել է տվյալ անձին՝ առանց ճշտելու, թե արդյոք նա ստացել է այդ փաստաթուղթը, կամ արդյոք այն որևէ ձևով հասանելի է դարձել այդ անձին, թե՝ ոչ: Նկարագրված իրավիճակներում դատարանները, կիրառելով հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու վերաբերյալ կանոնները, ցուցաբերում են անձի արդար դատաքննության իրավունքը սահմանափակող ավելորդ ձևականություն (ֆորմալիզմ), որի արդյունքում խաթարվում է դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և անհիմն կերպով խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը:

Այսպիսով, վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո ուսումնասիրելով սույն գործում առկա փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով չի հաստատվում այն հանգամանքը, որ Ժաննա Միրզոյանը 03.10.2016 թվականին կարող էր տեղեկանալ (տեղեկացված լինել) Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության մասին՝ 01.10.2016 թվականի թիվ «RR219795422AM» փոստային անդորրագրով իրեն ուղարկված թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի հայցադիմումի պատասխանը և դրան կից փաստաթղթերը ստանալու և ուսումնասիրելու միջոցով (ավելին, համաձայն փոստային կապի ազգային օպերատորի համացանցային կայքից արտատպված թիվ «RR219795422AM» փոստային առաքանու քաղվածքի՝ նշված փոստային առաքանին Ժաննա Միրզոյանի կողմից ստացվել է 17.11.2016 թվականին):

Անդրադառնալով Ժաննա Միրզոյանի կողմից սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության մասին 28.10.2016 թվականից տեղյակ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողության իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

-       28.10.2016 թվականն այն օրն է, երբ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով տեղի է ունեցել դատական նիստ, որին մասնակցել են թե՛ Ժաննա Միրզոյանի և թե՛ Պետիկ Ալթունյանի ներկայացուցիչները, և Պետիկ Ալթունյանի ներկայացուցիչը հայտնել է, որ վերջինիս վստահորդը շինարարությունն իրականացնում է օրինական հիմունքներով՝ համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա,

-       թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով 28.10.2016 թվականին կայացված դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում պարունակվող տեղեկույթի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ դատական նիստում Պետիկ Ալթունյանի ներկայացուցիչը չի կատարել որևէ հայտարարություն, որը պարունակում է սույն գործով վիճարկվող վարչական ակտի նույնականացման համար անհրաժեշտ տվյալները, մասնավորապես՝ ընդունման ամսաթիվը և հերթական համարը (գ.թ. 82):

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ սույն գործով չի հաստատվում այն հանգամանքը, որ Ժաննա Միրզոյանը 28.10.2016 թվականին կարող էր տեղեկանալ (տեղեկացված լինել) Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության մասին՝ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում այդ վարչական ակտի մասին իրազեկվելու միջոցով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ առանց շինարարության թույլտվության նույնականացման համար անհրաժեշտ տվյալները հայտնելու միայն դրա գոյության վերաբերյալ կատարված հայտարարությունը բավարար չէ այնպիսի եզրահանգում կատարելու համար, որ անձը, ում իրավունքներին կամ շահերին ենթադրաբար կարող է առնչվել տվյալ վարչական ակտը, ողջամտորեն համարվում է տեղեկացված այդ վարչական ակտի մասին:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 03.10.2016 թվականին թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի հայցադիմումի պատասխանը և դրան կից փաստաթղթերը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվելը և 28.10.2016 թվականին նույն գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Պետիկ Ալթունյանի ներկայացուցչի կողմից իր վստահորդի մոտ շինարարության թույլտվության առկայության մասին անորոշ հայտարարություն անելը չեն կարող բավարար հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ժաննա Միրզոյանի միջնորդությունը մերժելու և դատարանի մատչելիության նրա իրավունքը սահմանափակելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության մերժման կամ բավարարման հարցը լուծելիս Ժաննա Միրզոյանի կողմից Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության մասին տեղեկացնելու օրվա առումով որպես ելակետ պետք է ընդունել Ժաննա Միրզոյանի ներկայացրած միջնորդությամբ նշված այն փաստարկը, որ վերջինս վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ ստացել է թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված՝ Պետիկ Ալթունյանի հակընդդեմ հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի օրինակները: Այդ իրադարձության վրա հասնելու հնարավոր ամենաշուտ պահը 31.10.2016 թվականն է, երբ Պետիկ Ալթունյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է (...)։

Ժաննա Միրզոյանը Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով փոստային կապի ծառայության միջոցով դատարան է դիմել 09.01.2017 թվականին, որը 31.10.2016 թվականից հաշվարկված երկամսյա ժամկետի ավարտման օրն է, քանի որ 31.12.2016 թվականը ոչ աշխատանքային օր է, իսկ դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը 09.01.2017 թվականն է: Այսպիսով, Ժաննա Միրզոյանը Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության վիճարկման համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով, քանի որ չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին: Թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Պետիկ Ալթունյանի հակընդդեմ հայցադիմումը և կից փաստաթղթերը ստանալու միջոցով ամենաշուտը 31.10.2016 թվականին տեղեկանալով վիճարկվող վարչական ակտի մասին՝ Ժաննա Միրզոյանն այդ պահից հաշվարկված երկու ամսվա ընթացքում (09.01.2017 թվականին) ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ վիճարկման հայցով դատարան դիմելու ուղղությամբ:

Հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Ժաննա Միրզոյանի միջնորդությունը ենթակա է բավարարման, և բաց թողնված ժամկետը ենթակա է վերականգնման, քանի որ Ժաննա Միրզոյանը Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության վիճարկման ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է՝ չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում վիճարկման հայցով դիմել է վարչական դատարան: Փաստորեն, սույն գործով 15.03.2017 թվականի որոշմամբ բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ժաննա Միրզոյանի միջնորդությունը և վերականգնելով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը, Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 15.03.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննության առնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Ժաննա Միրզոյանի միջնորդությունը բավարարելու՝ վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ե. Խունդկարյան

Դատավորներ

Մ. Դրմեյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  ա. բարսեղյան
 

Ե. Սողոմոնյան

 

Տ. Պետրոսյան