Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.35
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.11.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/0998/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0998/05/10
2018թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Դատավորներ՝

Ք. Մկոյան

Ա. Առաքելյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ե. Խունդկարյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոոպերատիվի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և Կոոպերատիվին պատկանող շինության զբաղեցրած հողամասի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և Կոոպերատիվին պատկանող շինության զբաղեցրած հողամասի նկատմամբ։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 29.02.2016 թվականի որոշմամբ սույն գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.03.2017 թվականի որոշմամբ Կոոպերատիվի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.02.2016 «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, համարելով, որ Կոոպերատիվի պահանջը ենթակա չէ որևէ դատարանում քննության, վերջինիս զրկել է իր պահանջը Հայաստանի Հանրապետության որևէ դատարանի քննությանը հանձնելու իրավունքից։ Մինչդեռ տվյալ դեպքում դատարանի քննությանը ներկայացված հարցը վերաբերում է Կոոպերատիվի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին, հետևաբար Կոոպերատիվն իրավունք ունի, որ այդ հարցը քննվի դատարանի կողմից և ստանա ըստ էության լուծում: Այս տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի, թե դատարան ներկայացված պահանջն ինչ հայցատեսակի է համապատասխանում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.03.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1.      Կոոպերատիվը 18.06.2009 թվականին դիմել է Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և Կոոպերատիվին պատկանող շինության զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և հողօգտագործման իրավունքի ձևակերպում իրականացնելու խնդրանքով (հատոր 2-րդ, գ.թ. 4):

2.      Այդ դիմումին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 17.11.2009 թվականի թիվ 0/1 N 13208 գրությամբ Կոոպերատիվի տնօրեն Հովհաննես Ղուկասյանին հայտնվել է, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տարածքը ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1150-Ն որոշմամբ ընդգրկվել է Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի ցանկում: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետը, որի հիմքով իրականացվում է հողահատկացման հիմքերի վերականգնում, չի տարածվում կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար մինչև 26.11.2005 թվականը վերցվող հողամասերի վրա: Հետևաբար Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և Կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող 125,22քմ մակերեսով շինության զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հողամասը այդ հիմքով սեփականության իրավունքով Կոոպերատիվին փոխանցելու հնարավորություն Երևանի քաղաքապետարանը չունի (հատոր 1-ին, գ.թ. 15-16):

3.      Սույն գործով 01.10.2015 թվականին տեղի ունեցած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը հայցվոր կողմին մատնանշել է, որ ներկայացված հայցապահանջը պետք է ձևակերպվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ հայցատեսակին համապատասխան: Դատարանը մանրամասն կերպով նկարագրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակների բովանդակությունը և բացատրել է դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը: Սակայն Դատարանը կոնկրետ չի մատնանշել սույն գործով Կոոպերատիվի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակը՝ այն ընտրելու հնարավորությունը թողնելով հայցվոր կողմին: Կոոպերատիվի ներկայացուցիչը խնդրել է հրավիրել ևս մեկ նախնական դատական նիստ՝ հնարավորություն տալով հայցվոր կողմին հստակեցնելու իրենց հայցի առարկան և կատարելու հայցատեսակի ճիշտ ընտրություն (դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ.թ. 97-99, 113):

4.      11.11.2015 թվականին տեղի ունեցած հաջորդ նախնական դատական նիստի ընթացքում սխալ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու հարցը չի քննարկվել, և նույն թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության (դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ.թ. 102-105, 113):

5.      29.02.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Դատարանը Կոոպերատիվի ներկայացուցչից փորձել է պարզել սույն գործով ներկայացված հայցի առարկան և հայցատեսակը, ինչին ի պատասխան Կոոպերատիվի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց կողմից ներկայացված հայցը համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր հայցատեսակներին, իսկ հայցի առարկան ձևակերպված է հայցադիմումում և չի փոփոխվել (դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ.թ. 110-113):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարո՞ղ է արդյոք վարչական դատարանը վեճը որևէ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով կարճել գործի վարույթն այն պատճառաբանությամբ, որ ներկայացված հայցապահանջը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակներից որևէ մեկին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝   վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե՝ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանի որ դատարանը՝ որպես իրավաբանական գործեր քննող և լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությամբ և իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել և լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից, դատարանի, իսկ մյուս կողմից, իրավաբանական գործեր քննելու և լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ՝ վարչական մարմիններ, առևտրային արբիտրաժ և այլն) իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի և իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումը օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր:

Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության, իսկ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է գործի քննության ցանկացած փուլում կարճել գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «որևէ դատարան» բառակապակցության ներքո օրենսդիրը նկատի է ունեցել, որ վեճը վերապահված չէ Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների քննությանը և լուծմանը: Նման իրավակարգավորումը կոչված է բացառելու դատարանների իրավասությանը չհանձնված վեճերի քննությունը և լուծումը դատարանների կողմից: Եթե գործը ենթակա չէ դատարանին, ապա դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի, իսկ դատարանն իրավասու չէ խախտել այլ մարմինների իրավասությունը և լուծել նրանց վերապահված գործերը, հետևաբար գործի վարույթը ենթակա է կարճման (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, անձի կողմից դատարանի առջև բարձրացված հարցի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն՝ գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի հայց հարուցել դատարանում, և դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայտությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում  քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան, և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով։ Ասվածը հատկապես կարևոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարան դիմած անձն իր կողմից ներկայացված հայցի առարկան չի ձևակերպել տվյալ վիճելի իրավահարաբերության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակով, ապա այդ հանգամանքն ինքնին չի ենթադրում, որ հայցը (վեճը) ենթակա չէ դատարանում քննության: Այլ կերպ ասած, այս կամ այն վիճելի իրավահարաբերությունը (իրավունքի մասին վեճը կամ այլ հարցը) վարչական դատավարության կարգով դատարանի առջև բարձրացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու համար: Փաստորեն, վարչական դատարանը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը կամ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կարճել վարչական գործի վարույթը միայն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը դատական պաշտպանության չի դիմել օրենքով նախատեսված ճիշտ հայցատեսակով կամ հայցվորը դատարան է դիմել սխալ հայցատեսակով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը, նախկին որոշումներից մեկում նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի էությունից բխում է, որ այն դեպքում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները՝ առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը): Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրահանգման.

1)   հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը,

2)   հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը ոչ թե պետք է որոշում կայացնի վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու մասին, այլ պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),

3)   եթե հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության և վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ (տե՛ս, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոոպերատիվը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և Կոոպերատիվին պատկանող շինության զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և հողօգտագործման իրավունքի ձևակերպում իրականացնելու խնդրանքով: Այդ դիմումին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը 17.11.2009 թվականի թիվ 0/1 N 13208 գրությամբ հայտնել է, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տարածքը ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1150-Ն որոշմամբ ընդգրկվել է Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի ցանկում: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետը, որի հիմքով իրականացվում է հողահատկացման հիմքերի վերականգնում, չի տարածվում կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար մինչև 26.11.2005 թվականը վերցվող հողամասերի վրա: Հետևաբար Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և Կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող 125,22քմ մակերեսով շինության զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հողամասն այդ հիմքով սեփականության իրավունքով Կոոպերատիվին փոխանցելու հնարավորություն Երևանի քաղաքապետարանը չունի: Փաստորեն, Երևանի քաղաքապետարանը 17.11.2009 թվականի թիվ 0/1 N 13208 գրությամբ ըստ էության մերժել է Կոոպերատիվի դիմումը։

Կոոպերատիվը Երևանի քաղաքապետարանի դեմ հայցով դիմել է վարչական դատարան, որով ներկայացրել է հետևյալ հայցապահանջը. «ճանաչել Կոոպերատիվի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և Կոոպերատիվին պատկանող շինության զբաղեցրած հողամասի նկատմամբ» (հատոր 1-ին, գ.թ. 2-10):

Դատարանը կարճել է սույն վարչական գործի վարույթը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վեճը որևէ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանը որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակներից և ոչ մեկին, այսինքն` հայցադիմումը բովանդակում է այնպիսի պահանջ, որպիսի պահանջով ամփոփված հայցի տեսակ օրենսդրությամբ սահմանված չէ: Դատարանը հավելել է, որ տվյալ դեպքում Կոոպերատիվը կարող էր իր պահանջը ներկայացնել պարտավորեցման կամ ճանաչման հայցերի տեսքով, սակայն նախանշելով իր պահանջը՝ հայցվորն է կրում դրա՝ դատարանում քննության ենթակա լինելու կամ չլինելու հետևանքով վրա հասնող իրավաբանական հետևանքների ռիսկը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոոպերատիվի վերաքննիչ բողոքը և Դատարանի 29.02.2016 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ համաձայնելով Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունների հետ: Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է, մինչդեռ Կոոպերատիվի կողմից ներկայացված պահանջը վերաբերում է իրավունքի ճանաչմանը, այլ ոչ թե հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելուն:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախևառաջ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Կոոպերատիվի կողմից ներկայացված հայցը ենթակա է դատարանի քննությանը, քանի որ Կոոպերատիվը, Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և իրեն պատկանող շինության զբաղեցրած հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով դիմելով դատարան, նպատակ է ունեցել իրացնելու այդ անշարժ գույքի նկատմամբ իր ենթադրյալ սեփականության իրավունքի դատական պաշտպանությունը: Այնուհանդերձ, տվյալ դեպքում ստորադաս դատարանները Կոոպերատիվի հայցի ենթակայության հարցը լուծելիս առաջնորդվել են ներկայացված հայցապահանջի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված այս կամ այն հայցատեսակին համապատասխանելու չափանիշով: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցով ներկայացված այս կամ այն պահանջի դատական ենթակայությունը կապված է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակի ճիշտ կամ սխալ ընտրության հետ, այլ դատարան դիմող սուբյեկտի մոտ հայց հարուցելու իրավունքի և դատարանի մոտ իր առջև բարձրացված տվյալ վեճը քննելու և լուծելու իրավասության առկայության կամ բացակայության հետ: Այսինքն՝ հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը: Հետևաբար Կոոպերատիվի հայցի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված այս կամ այն հայցատեսակին չհամապատասխանելու հանգամանքը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ ներկայացված հայցը դատարանում քննության ենթակա չլինելու վերաբերյալ եզրահանգում կատարելու համար: Մյուս կողմից, տվյալ դեպքում առկա չեն այնպիսի իրավական և փաստական հանգամանքներ, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու Կոոպերատիվի կողմից դատարանի առջև բարձրացված հարցը: Հետևաբար սույն վարչական գործի վարույթը ենթակա չէր կարճման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վեճը որևէ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Կոոպերատիվն իր հայցապահանջը չի ձևակերպել իր սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների՝ վարչական դատավարության կարգով դատական պաշտպանության համար նախատեսված հայցատեսակներից որևէ մեկին համահունչ կերպով, քանի որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը չի կարող հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակներից որևէ մեկի առարկա. այդպիսի իրավաչափ եզրահանգման են եկել նաև ստորադաս դատարանները: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքից բխող՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու իր պարտականությունը, այն է՝ առաջարկել Կոոպերատիվին ներկայացնելու տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և օրենքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային բնորոշ հայցապահանջ: Այսինքն՝ Դատարանը պարտավոր էր առաջարկել Կոոպերատիվին հստակեցնել իր հայցապահանջն այնպես, որ այն համապատասխանի վիճելի իրավահարաբերությունից բխող պատշաճ հայցատեսակին (մատնանշել ճիշտ հայցատեսակը), քանի որ Կոոպերատիվի կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցապահանջը չի կարող ապահովել վերջինիս իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը վարչական դատավարության կարգով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում Դատարանը բարձրացրել է վերը նշված հարցը և 01.10.2015 թվականին տեղի ունեցած նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր կողմին մատնանշել է, որ ներկայացված հայցապահանջը պետք է ձևակերպվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ հայցատեսակին համապատասխան: Դատարանը մանրամասն կերպով նկարագրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակների բովանդակությունը և բացատրել է դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը: Սակայն Դատարանը կոնկրետ չի մատնանշել սույն գործով Կոոպերատիվի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակը՝ այն ընտրելու հնարավորությունը թողնելով հայցվոր կողմին: Մինչդեռ Կոոպերատիվի ներկայացուցիչը 29.02.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ իրենց կողմից ներկայացված հայցը համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր հայցատեսակներին, իսկ հայցի առարկան ձևակերպված է հայցադիմումում և չի փոփոխվել: Այսինքն՝ Դատարանը, սույն գործի քննության ընթացքում բարձրացնելով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու հարցը, լիարժեք կերպով չի կատարել հայցվոր կողմին պատշաճ հայցատեսակը մատնանշելու իր դատավարական պարտականությունը: Արդյունքում Կոոպերատիվը չի կարողացել հստակեցնել իր հայցապահանջը և այն ձևակերպել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված և վիճելի իրավահարաբերությունից բխող ճիշտ հայցատեսակին համահունչ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը գործը դատաքննության նախապատրաստելու փուլում պարտավոր էր Կոոպերատիվին ոչ միայն հայտնել ներկայացված հայցապահանջի հստակեցման անհրաժեշտության մասին, այլ նաև պատշաճ կարգով մատնանշել այն ճիշտ հայցատեսակը, որի միջոցով Կոոպերատիվը կարող էր իրացնել իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը վարչական դատավարության կարգով: Մինչդեռ Դատարանը պատշաճ կերպով չի կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքից բխող՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու իր վերոգրյալ պարտականությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Կոոպերատիվի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ճիշտ հայցատեսակը պարզելու համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել Կոոպերատիվի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա վեճին, դրա էությանն ու բովանդակությանը: Այսպես, սույն գործի փաստերից հետևում է, որ Կոոպերատիվի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա վեճը հանգում է հետևյալին. Կոոպերատիվը դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող և Կոոպերատիվին պատկանող շինության զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և հողօգտագործման իրավունքի ձևակերպում իրականացնելու խնդրանքով, իսկ Երևանի քաղաքապետարանը 17.11.2009 թվականի թիվ 0/1 N 13208 գրությամբ ըստ էության մերժել է Կոոպերատիվի դիմումը: Հետևաբար տվյալ վեճը վարչական դատարանի քննության առջև բարձրացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ հայցատեսակի որոշումը պայմանավորված է Կոոպերատիվի վերոհիշյալ դիմումի հիման վրա իրականացման ենթակա վարչարարության բնույթով ու տեսակով, ինչպես նաև Կոոպերատիվի կողմից հետապնդվող՝ սույն գործով դատարան դիմելու դատավարական ու նյութաիրավական նպատակներով:

Ամփոփելով վերոգրյալ փաստական և իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը չէր կարող կարճվել վեճը որևէ դատարանում քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելով սույն վարչական գործի վարույթը, վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող հայցատեսակները կարգավորող դատավարական կանոնների նկատմամբ ցուցաբերել է չափազանց ձևական (ֆորմալ) մոտեցում, որի արդյունքում Կոոպերատիվի՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակվել է այն աստիճան, որ խաթարվել է արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Կոոպերատիվի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության համար վիճելի իրավահարաբերությունից բխող ճիշտ հայցատեսակը պարզելու, այն հայցվորին պատշաճ կարգով մատնանշելու և այդ պարտականության կատարումից հետո սույն գործի հետագա ընթացքը որոշելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության: Գործի նոր քննության ընթացքում վարչական դատարանը պարտավոր է սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո պարզել Կոոպերատիվի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ճիշտ հայցատեսակը և այն մատնանշել հայցվորին: Վարչական դատարանի մատնանշած հայցատեսակը հայցվորի կողմից ընդունվելու դեպքում վարչական դատարանը պարտավոր է շարունակել գործի քննությունը՝ փոփոխված հայցապահանջին համապատասխանող ճիշտ հայցատեսակին բնորոշ կանոններով: Իսկ հայցվորի կողմից սկզբնական հայցապահանջը պնդելու դեպքում վարչական դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ: Այդ դեպքում վարչական դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի, ի թիվս այլնի, նաև այն հարցը, թե արդյո՞ք Կոոպերատիվի կողմից սույն գործով ներկայացված սկզբնական հայցապահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա է վարչական դատարանին, թե՝ ոչ, քանի որ սույն գործով ներկայացված հայցապահանջը՝ այնպես, ինչպես այն ձևակերպված է Կոոպերատիվի կողմից, վերաբերում է սեփականության իրավունքի ճանաչմանը: Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների տեսանկյունից՝ վարչական դատարանին որևէ պահանջի ընդդատյա չլինելու իրավաբանական հետևանքն այն է, որ վարչական դատարանը որոշում է կայացնում հայցադիմումն ըստ ընդդատության վերահասցեագրելու մասին՝ առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի կարգավորումներով (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.    Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.03.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2.    Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ե. Խունդկարյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան