ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 ապրիլի 2019 թ. |
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Հանրապետության նախագահի,
գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 73-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, Հանրապետության նախագահի կողմից չի ստորագրվել և ուժի մեջ չի մտել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենքի 50-րդ հոդվածում՝
6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝
1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.
2) սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հարցի քննարկման համար չի ապահովվում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են նաև վերսկսված նիստի նկատմամբ.
3) չի ապահովվում, և առկա չէ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքը, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած»:
Գործի քննության առիթը Հանրապետության նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենքի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի սահմանադրականությունը, որոնք կարգավորում են վարչապետի ընտրության նպատակով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստերի անցկացման հարցերը: Վիճարկվող իրավադրույթների համաձայն՝ վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարվում է ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին:
Հանրապետության նախագահը գտնում է, որ վիճարկվող դրույթների գործողությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Սահմանադրությամբ սահմանված ժամկետը փաստացի կարող է երկարաձգվել՝ դրանով առաջացնելով ողջամիտ ժամկետներում վարչապետի ընտրության կազմակերպման ռիսկեր:
Բացի դրանից, դիմողը նշում է, որ հիշյալ փոփոխությունների և լրացումների արդյունքում խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ վիճարկվող դրույթներում օգտագործվում է «արտակարգ իրավիճակներ» եզրույթը, սակայն չի հստակեցվում, թե դրա գնահատման համար ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել:
Հանրապետության նախագահը հայտնում է նաև, որ տվյալ դեպքում՝ վիճարկվող դրույթներով չեն նախատեսվում հատուկ նիստի չկայացած համարվելուց հետո հարցը սահմանադրաիրավական պահանջին համահունչ քվեարկությամբ ավարտելը երաշխավորող կառուցակարգեր:
Ելնելով վերոգրյալից՝ դիմողը հայտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգավորումներն առաջացնում են Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջների իրացման անհամապատասխանություն և խնդրում է որոշել վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը նշում է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածով սահմանված յոթնօրյա ժամկետի մարումը չի կարող առաջացնել իրավական հետևանք, քանի որ այդ պայմաններում ուղղակիորեն խախտվում են Սահմանադրության 94-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:
Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքի խախտման վերաբերյալ դիմողի փաստարկներին՝ պատասխանողը հայտնում է, որ վիճարկվող դրույթի իմաստով «արտակարգ իրավիճակներ» են այն հանգամանքները, որոնց ի հայտ գալու դեպքում պատգամավորներն իրենցից անկախ հանգամանքներով ծագած անկասելի և արտակարգ ուժի պատճառով չեն կարող դրսևորել իրենց կամաարտահայտությունը և մասնակցել վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստին:
Ինչ վերաբերում է վիճարկվող այն դրույթի սահմանադրականությանը, համաձայն որի՝ եթե չի ապահովվում հատուկ նիստի իրավազորությունը և միևնույն ժամանակ բացակայում են նիստն ընդհատված համարելու հիմքերը՝ հատուկ նիստը համարվում է չկայացած, ապա այս դրույթը նախատեսված է և՛ վիճարկվող փոփոխություններով, և՛ «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող ՀՀ սահմանադրական օրենքով: Վկայակոչելով Սահմանադրության 51-րդ, 140-րդ, 149-րդ հոդվածները՝ պատասխանողը եզրակացնում է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո» ձևակերպման ներքո պետք է ներառել ոչ միայն այն դեպքերը, երբ հատուկ նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, այլև երբ որևէ խմբակցություն չի առաջադրում վարչապետի թեկնածու կամ երբ հատուկ նիստի սկզբում պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին սահմանված կարգով չի գրանցվել:
Ելնելով վերոգրյալից՝ պատասխանողը գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:
08.04.2019թ. Սահմանադրական դատարանում մուտքագրված լրացուցիչ բացատրությամբ պատասխանողը համալրել է իր նախորդ բացատրությունը: Ըստ լրացուցիչ բացատրության՝ պատասխանողը գտնում է, որ վիճարկվող Օրենքը թե՛ իրավական-բովանդակային, թե՛ ընդունման ընթացակարգային (ըստ ձևի) պահպանվածության տեսանկյունից խնդրահարույց է:
Մասնավորապես, պատասխանողը գտնում է, որ Օրենքով ամրագրված համապատասխան փոփոխությունների արդյունքով պայմանավորված իրավական գործընթացները կարող են հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի հետևանքով Սահմանադրությամբ սահմանված կարգով վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից հետո սահմանված յոթնօրյա ժամկետը փաստացի կարող է երկարաձգվել: Ավելին՝ սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող իրավանորմերը խնդրահարույց են նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Պատասխանողը հայտնում է, որ վիճարկվող իրավադրույթներով չեն սահմանվում համապատասխան իրավական կառուցակարգեր, որոնք պետք է ապահովեին հատուկ նիստը չկայացած համարվելուց հետո համապատասխան հարցի՝ Սահմանադրության պահանջներին համահունչ քվեարկության կազմակերպումը, որն առաջացնում է իրավական բաց:
Լրացուցիչ բացատրություններով պատասխանողը գտնում է, որ Օրենքն ընդունելիս չի պահպանվել Ազգային ժողովի նիստերի հրապարակայնության սահմանադրաիրավական պահանջը: Չեն պահպանվել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 60 և 61-րդ հոդվածների պահանջները:
Ամփոփելով իր հիմնավորումները՝ պատասխանողը գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը հակասում է Սահմանադրության պահանջներին:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- արդյոք վիճարկվող դրույթների գործողությունը կարող է հանգեցնել Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի խախտման,
- արդյոք վիճարկվող նորմերում օգտագործված «արտակարգ իրավիճակներ» եզրույթի գնահատման չափանիշները «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում չսահմանելը խախտում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը,
- արդյոք վիճարկվող դրույթներով նախատեսված՝ հատուկ նիստը չկայացած համարելու վերաբերյալ դրույթը հակասում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներին,
- արդյոք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ցանկացած խախտում ինքնաբերաբար հանգեցնում է Սահմանադրության խախտման և, հետևապես, վիճարկելի է դառնում Սահմանադրական դատարանում, և արդյոք պահպանվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելու՝ Սահմանադրությամբ նախատեuված կարգը:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխությունների արդյունքում կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգի, որը բնութագրվում է մի շարք հատկանիշներով, որոնցից են Կառավարության ձևավորումը խորհրդարանական եղանակով և Կառավարության պատասխանատվությունը խորհրդարանի առջև:
Սահմանադրությամբ ամրագրվել է Ազգային ժողովի առանցքային դերակատարությունը ժողովրդի կամքի ձևավորման հարցում:
Ազգային ժողովի տեղն ու դերը սահմանադրական մարմինների համակարգում ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (հոդված 88-րդ): Ազգային ժողովի կարգավիճակի առաջնային բնութագրիչն արտացոլված է Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի` Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Իսկ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
Խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է նաև Ազգային ժողովի դերի շեշտակի մեծացում պետական իշխանության այլ մարմինների ձևավորման հարցում: Այս առումով Ազգային ժողովը, անմիջականորեն ձևավորվելով պետական իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի կողմից և ձեռք բերելով անմիջական ժողովրդավարական լեգիտիմացիա, այդ հատկությունը միջնորդավորված կերպով փոխանցում է իր կողմից ձևավորված պետական մարմիններին և ընտրված պաշտոնատար անձանց:
Հարկ է նկատել, որ Ազգային ժողովն արձակելու` Սահմանադրությամբ նախատեսված նախադրյալներից մեկը կապված է հենց այդ լիազորությունն իրացնելու հնարավորության բացակայության հետ: Ըստ այդմ` Ազգային ժողովն արձակվում է այն դեպքում, երբ ի վիճակի չէ ընտրել վարչապետ (հոդված 149-րդ, մաս 3-րդ): Ազգային ժողովն արձակելու մեկ այլ հիմք ամրագրված է Սահմանադրության 151-րդ հոդվածի 4-րդ մասում (վարչապետին ընտրելուց հետո Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրին հավանություն չտալը):
Ազգային ժողովն արձակելու` Սահմանադրությամբ նախատեսված հստակ և սպառիչ հիմքերի առկայությունը բխում է խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ այն տրամաբանությունից, որ Ազգային ժողովը պետք է գործի այնքան ժամանակ, քանի դեռ ունի կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն: Մյուս կողմից՝ այդ նույն տրամաբանության շրջանակներում, Ազգային ժողովն արձակելու կանոնակարգումներն ուղղված են այնպիսի հակակշիռների ստեղծմանը, որոնք կապահովեն Կառավարության կայունությունը:
Կառավարության ղեկավարի ընտրության հարցում Ազգային ժողովի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 115 և 149-րդ հոդվածներում:
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
5. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին»:
Այսպիսով, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Եթե առաջին փուլում վարչապետ չի ընտրվում, ապա քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե այս փուլում ևս պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Այսպիսով, Սահմանադրության 149-րդ հոդվածը հիշատակում է վարչապետի ընտրության գործընթացի կազմակերպմանն առնչվող միայն երկու ժամկետ՝ 1) Ազգային ժողովի խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված յոթնօրյա ժամկետը և 2) առաջին անգամ վարչապետ չընտրվելու պարագայում վարչապետի նոր ընտրություն անցկացնելու համար նախատեսված յոթնօրյա ժամկետը, որի հաշվարկն սկսվում է առաջին փուլի քվեարկությունից հետո:
Այս դրույթներից հետևում է, որ վարչապետի ընտրությունն Ազգային ժողովում տեղի ունեցող գործընթաց է, որն առնվազն ներառում է թեկնածուների առաջադրումը, թեկնածուներին առնչվող որոշակի աշխատանքի՝ թեկնածուի ներկայացումը, թեկնածուի ելույթը, թեկնածուին ու նրան ներկայացնողին ուղղված հարցերը, թեկնածուի եզրափակիչ ելույթը և այլն (թեև Սահմանադրության մեջ ուղղակիորեն ամրագրված չէ, այնուամենայնիվ, Ազգային ժողովի լիագումար նիստում նման քննարկումները անխուսափելի են, որպեսզի չիմաստազրկվեն վարչապետի ընտրության փուլերը:
Եթե այս գործընթացի արդյունքում վարչապետ չի ընտրվում, ապա քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Հարկ է նկատել, որ Սահմանադիրն այս դեպքում օգտագործել է, ոչ թե «յոթ օրվա ընթացքում», կամ «յոթերորդ օրը» եզրույթները, այլ օգտագործել է «յոթ օր հետո» եզրույթը, որը ոչ թե տվյալ գործողությունները կատարելու վերջնաժամկետ է, այլ այդ գործողություններին նախապատրաստվելու համար սահմանված ողջամիտ ժամկետ: Այլ կերպ՝ վարչապետի ընտրության գործընթացի ոչ բոլոր փուլերի առնչությամբ են Սահմանադրության վերոհիշյալ դրույթներով սպառիչ ժամկետներ սահմանվել: Մասնավորապես՝ վարչապետի ընտրության միայն առաջին՝ թեկնածուների առաջադրման փուլի համար է վերջնաժամկետ սահմանվել, սակայն, օրինակ՝ քվեարկության կազմակերպման վերջնաժամկետ Սահմանադրությամբ սահմանված չէ, որը, ի դեպ, ելակետ է վարչապետի ընտրության երկրորդ փուլի անցկացման ժամկետը հաշվարկելու համար:
Համակարգային ամբողջության մեջ սա նշանակում է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը վարչապետի ընտրության առաջին փուլի համար վերջնաժամկետ չի սահմանել, և քանի որ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչապետի ընտրության երկրորդ փուլի ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորված է առաջին փուլի ավարտով, ապա պետք է արձանագրել, որ 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի իմաստով վարչապետի ընտրության վերջնաժամկետի հարցն այդ դրույթներով լուծված չէ: Սա նշանակում է, որ սահմանադիրն օրենսդրին հայեցողության ավելի լայն շրջանակ է տրամադրել Սահմանադրությամբ չկարգավորված հարցերի լուծման նպատակով օպտիմալ տարբերակներ գտնելու և ամրագրելու համար, ինչն էլ օրենսդիրը իրականացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով:
Օրենքում սահմանադրական ժամկետների պահպանման երաշխիքների ամրագրումը՝ Սահմանադրության այլ պահանջների պահպանման պայմանով, օրենսդրի հայեցողությունն է: Դրա դրսևորումներից մեկն է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2.1-ին մասը, ըստ որի՝ «Կանոնակարգի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:
Իրավունքի ուժով խորհրդարանի արձակման ինստիտուտը նորույթ է Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես արդեն նշվեց՝ Սահմանադրությունը նախատեսում է իրավունքի ուժով խորհրդարանի արձակման հետևյալ դեպքերը. երբ Ազգային ժողովն ի վիճակի չէ ընտրել վարչապետ (Սահմանադրության արդեն վկայակոչված 149-րդ հոդվածի ուժով) կամ երբ Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին (Սահմանադրության 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի ուժով):
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված բոլոր դեպքերում էլ խոսքն Ազգային ժողովի բնականոն գործունեության շրջանակներում նրա (Սահմանադրությամբ սահմանված) լիազորությունների չիրականացման մասին է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի դեմս Ազգային ժողովի գործ ունենք անմիջական ժողովրդավարական լեգիտիմացիա ունեցող, սահմանադրական մարմինների համակարգում առանցքային դերակատարություն ունեցող ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմնի հետ, Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակման հարցը կարող է առաջ գալ միայն այն պարագայում, եթե մինչ այդ ապահովված են եղել Ազգային ժողովի բնականոն գործունեության հիմնական երաշխիքները:
Այս առումով անհրաժեշտ են այնպիսի օրենսդրական կառուցակարգեր, որոնք ունակ կլինեն ապահովել Ազգային ժողովի կայուն աշխատանքը, թույլ չեն տա ժողովրդի կողմից անմիջականորեն ձևավորված Ազգային ժողովին իրավունքի ուժով արձակել այն դեպքերում, երբ պատգամավորներն օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեն ունեցել դրսևորելու իրենց կամքը:
Այդպիսի երաշխիքների ամրագրմանը և ապահովմանն են կոչված Օրենքի վիճարկվող դրույթները:
Մասնավորապես, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենքի 50-րդ հոդվածում՝
6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝
1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.
2) սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հարցի քննարկման համար չի ապահովվում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են նաև վերսկսված նիստի նկատմամբ.
3) չի ապահովվում, և առկա չէ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքը, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Ազգային ժողովի հատուկ նիստը համարվում է ընդհատված երկու նախապայմանների դեպքում, այն է՝ 1) առկա է արտակարգ իրավիճակ, և (կամ) որևէ այլ խոչընդոտ (այդ թվում՝ սպառնալիք), 2) նշված հանգամանքի առկայությունն ուղղակիորեն անհնարին է դարձնում պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի հիշյալ նիստին: Այս նախապայմանների առկայության դեպքում վարչապետի ընտրության նպատակով գումարված հատուկ նիստն ընդհատվում է և իրավունքի ուժով գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման երաշխիքների առկայությունն անհրաժեշտ է խորհրդարանի բնականոն գործունեության ապահովման համար (տվյալ դեպքում՝ պատգամավորների ազատ կամաարտահայտության դրսևորման և վարչապետի ընտրության ընթացակարգի պատշաճ կազմակերպման համար): Եթե պատգամավորներն իրենցից անկախ (օբյեկտիվ) պատճառներով, այլ ոչ թե իրենց կամքով, չեն կարողանում իրականացնել իրենց պարտադիր լիազորությունները, և եթե դրա հետևանքով չի ապահովվում Ազգային ժողովի նիստի իրավազորությունը, ապա խոսք չի կարող լինել իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակման մասին:
Իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակումն ինքնանպատակ չէ և չի կարող մեխանիկական բնույթ կրել. այն հիմնվում է լեգիտիմ նախադրյալների վրա, որոնք պետք է կենսագործվեն բացառապես այն ժամանակ, երբ Ազգային ժողովն օբյեկտիվորեն ի վիճակի չէ կատարելու իր առանցքային սահմանադրական լիազորությունները, տվյալ դեպքում՝ ընտրելու վարչապետ, ընդ որում՝ եթե նրա բնականոն գործունեությունն օրենսդրորեն և գործնականում երաշխավորված է:
Հակառակ դեպքում՝ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով հնարավոր է հասնել իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակմանը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման բոլոր երաշխիքների ապահովման դեպքում միայն կարելի է խոսել Ազգային ժողովի կողմից Սահմանադրությամբ սահմանված ժամկետների խախտման և դրանով` Սահմանադրությամբ սահմանված դեպքերում նաև Ազգային ժողովի արձակման հիմքերի ի հայտ գալու մասին:
Սահմանադրական դատարանի գնահատմամբ` դիմողի փաստարկները՝ Սահմանադրությամբ սահմանված ժամկետների խախտման կասկածի առնչությամբ փարատվում են, քանի որ վիճարկվող դրույթների կանոնակարգումներն ուղղված են հենց այդ ժամկետներից հետո Ազգային ժողովում բովանդակային գործընթացի երաշխավորմանը, այն է՝ վարչապետի ընտրության պատշաճ կազմակերպմանը, և այդ լեգիտիմ նպատակով Սահմանադրությամբ սահմանված վերջնաժամկետների վրա հասնելու հետաձգմանը: Դրանով փոփոխվում է նաև վերջնաժամկետների հաշվարկման ելակետը. եթե Ազգային ժողովի հատուկ նիստը համարվում է ընդհատված, ապա Սահմանադրությամբ ամրագրված ժամկետներն իրավաբանորեն պահպանվում են: Իսկ երբ Ազգային ժողովի նիստը համարվում է չկայացած, ժամկետների հոսելու և ավարտվելու խնդիրը վերանում է, քանի որ փաստվում է, որ վարչապետի ընտրության համար գումարված հատուկ նիստ չի էլ եղել:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, թեև վարչապետի ընտրության հարցի առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով նաև օբյեկտիվ պատճառները, կարող է տարբեր կանոնակարգումներ ամրագրել, սակայն այդ կանոնակարգումները չեն կարող անսպառ ձգձգել վարչապետի ընտրությունը: Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է վարչապետի առաջին ընտրության և վարչապետի նոր ընտրության գործընթացների ողջամիտ առավելագույն վերջնաժամկետներ սահմանել: Եթե վարչապետի ընտրության հարցի քննարկման համար Ազգային ժողովի նիստի իրավազորությունը չի ապահովվում նույնիսկ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դեպքերում` արտակարգ իրավիճակներում, Ազգային ժողովի նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտելու միջոցով, ապա այդ իրավիճակը չի կարող անորոշ ժամկետով պահպանվել, քանի որ դա կնշանակի անորոշ ժամկետով չունենալ վարչապետ, որն էլ, իր հերթին, կհանգեցնի սահմանադրական մի շարք այլ պահանջների չկատարման:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող դրույթները սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չեն:
4.2. Սահմանադրական դատարանն իր՝ 02.12.2014 թ. ՍԴՈ-1176 և մի շարք այլ որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1322) իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «...իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության»:
Տվյալ դեպքում, դիմողի պնդմամբ` Օրենքի վիճարկվող դրույթներում օգտագործվում է «արտակարգ իրավիճակներ» եզրույթը, սակայն չի հստակեցվում, թե դրա գնահատման համար ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել: Նշվածը հստակորեն չամրագրելով՝ առերևույթ կարող է առաջանալ «արտակարգ իրավիճակներ» եզրույթի գնահատման չափանիշների հնարավոր անորոշություն: Ըստ դիմողի` նման իրավակարգավորումների բացակայությունը կարող է ռիսկեր պարունակել Սահմանադրության 149-րդ հոդվածի դրույթների լիարժեք իրացման տեսանկյունից:
Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ պարտադիր չէ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը «արտակարգ իրավիճակների» բնորոշում տա՝ հղում անելով համապատասխան օրենքի դրույթներին: Եթե կա որևէ օրենք, որում այդ բնորոշումն արդեն առկա է, ապա իրավական որոշակիության տեսանկյունից վիճարկման առարկա կարող էր դառնալ հենց այդ բնորոշման որոշակիությունը, բայց ոչ այն հանգամանքը, որ «Ազգային ժողովի կանոնակարգում» առկա չէ հղում այդ օրենքին:
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում տրված է արտակարգ իրավիճակի հասկացությունը, ըստ որի՝ արտակարգ իրավիճակը որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակն է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:
Միևնույն ժամանակ, դիմողը չի վկայակոչել որևէ հակասական իրավակիրառ պրակտիկա, որը ձևավորված լիներ հիշյալ օրենքում «արտակարգ իրավիճակներ» հասկացության կիրառման առնչությամբ և հանգեցներ այդ հասկացության տարակերպ ընկալման:
Սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ վիճարկվող դրույթի շրջանակներում «արտակարգ իրավիճակներ» կարող են հանդիսանալ բոլոր այն անկանխատեսելի կամ անխուսափելի երևույթները, որոնք ուղղակիորեն խոչընդոտում են պատգամավորների մասնակցությանն Ազգային ժողովի հատուկ նիստին: Այսինքն, վիճարկվող դրույթների իմաստով ոչ թե ցանկացած արտակարգ իրավիճակի մասին կարող է լինել խոսքը, այլ միայն այնպիսի արտակարգ իրավիճակների, որոնք որպես պատճառ ինքնուրույնաբար առաջացնում են հետևանք՝ խոչընդոտում են պատգամավորների մասնակցությանը համապատասխան նիստին:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթներում օգտագործված «արտակարգ իրավիճակներ» եզրույթի գնահատման չափորոշիչներ չսահմանելը չի խախտում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը և չի պարունակում Սահմանադրության 149-րդ հոդվածի պահանջների լիարժեք իրացման որևէ ռիսկ:
4.3. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը չի ապահովվում, և առկա չէ Ազգային ժողովի նիստն ընդհատված հայտարարելու դեպքը, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:
Ըստ դիմողի` նշված կարգավորումն առերևույթ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի տառացի և համակարգային վերլուծությունից բխող պահանջին անհամապատասխանության ռիսկեր է պարունակում: Մասնավորապես, առկա է օրենսդրական բաց, քանի որ Օրենքով չեն նախատեսվում հատուկ նիստի չկայացած համարվելուց հետո հարցը սահմանադրաիրավական պահանջին համահունչ քվեարկությամբ ավարտելը երաշխավորելու բավարար կառուցակարգեր:
Սահմանադրական դատարանն իր՝ 08.04.2014 թ. ՍԴՈ-1143 որոշմամբ նշել է, որ օրենսդրական բացը չի կարող մեխանիկորեն նույնացվել սոսկ այս կամ այն եզրույթի օրենսդրորեն ամրագրված սահմանման բացակայության հետ: Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:
Տվյալ դեպքում, Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» գործող ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և գրանցմանը պատգամավորի մասնակցությունը հաշվառվում է քվեարկությունների թվում:
Նույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը չի ապահովվում, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:
Ելնելով Ազգային ժողովի նիստը չկայացած համարելու էությունից՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Ազգային ժողովի նիստի իրավազորությունը չապահովելու հետևանքով նիստը չկայացած համարելը ոչ թե վիճարկվող դրույթներով նախատեսված նորույթ է, այլ ամրագրված է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող ՀՀ սահմանադրական օրենքում:
Ինչ վերաբերում է վարչապետի ընտրության նպատակով գումարված հատուկ նիստը չկայացած համարելու իրավական հետևանքներին, ապա դրանք բացահայտելու նպատակով Սահմանադրական դատարանը, նախ` անհրաժեշտ է համարում վերլուծել Սահմանադրության 149-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները:
Սահմանադրության 149-րդ հոդվածի մեկնաբանությունից, մասնավորապես, հետևում է, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո հնարավոր են հետևյալ իրավիճակները.
1) խմբակցությունները յոթնօրյա ժամկետում չեն առաջադրում վարչապետի թեկնածու,
2) թեկնածու (կամ թեկնածուներ) առաջադրվում է (են), սակայն վարչապետի ընտրության համար գումարվող հատուկ նիստի սկզբում չի գրանցվում պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին,
3) թեկնածու (կամ թեկնածուներ) առաջադրվում է (են) և հատուկ նիստի սկզբում գրանցվում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, սակայն թեկնածուն չի ստանում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ:
Այսպիսով, Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված՝ վարչապետի նոր ընտրության համար հիմք հանդիսացող իրավաբանական փաստը, այն է` վարչապետ չընտրվելու հանգամանքը, ի հայտ է գալիս ոչ միայն այն դեպքում, երբ հատուկ նիստն իրավազոր է եղել, սակայն թեկնածուն չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, այլ նաև այն դեպքերում, երբ խմբակցությունները յոթնօրյա ժամկետում չեն առաջադրել վարչապետի թեկնածու կամ երբ նիստի իրավազորությունը չի ապահովվել, և այն համարվել է չկայացած (քանի որ այդ դեպքում օբյեկտիվորեն չի խոչընդոտվում պատգամավորի կողմից իր կամքն արտահայտելու հնարավորությունը):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ երեք հնարավոր դեպքերից ցանկացած մեկը հանգեցնում է այն իրավիճակին, երբ վարչապետ չի ընտրվում, ինչն էլ, իր հերթին, Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչապետի ընտրության երկրորդ փուլի անցկացման համար անհրաժեշտ իրավաբանական նախադրյալն է, ուստի այդ երեք դեպքերից (այդ թվում նաև՝ նիստը չկայացած համարվելու) որևէ մեկի ի հայտ գալն ընդհանուր առմամբ չի կասեցնում Սահմանադրության 149-րդ հոդվածով սահմանված ժամկետները, այլ, հակառակը, ուղղակիորեն հիմք է դրանց կիրառման համար:
Վերոգրյալ վերլուծությունների համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ իրավական բաց, քանի որ հատուկ նիստը չկայացած համարվելու վերաբերյալ վիճարկվող դրույթը որևէ կերպ չի խաթարում վարչապետի նոր ընտրությունը, և ակնհայտ է, որ նախատեսված են հատուկ նիստը չկայացած համարվելուց հետո հարցը սահմանադրական պահանջներին համահունչ քվեարկությամբ ավարտելը երաշխավորող կառուցակարգեր:
4.4. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելու՝ Սահմանադրությամբ նախատեuված կարգի պահպանվածության հարցին, արձանագրում է, որ, Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության հիշյալ դրույթն անհրաժեշտ է դիտարկել Սահմանադրության մյուս վերաբերելի դրույթների համակարգային տրամաբանության շրջանակներում:
Համաձայն Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի): Վերջին կանոնը հատուկ կանոն է Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համեմատ, որից ածանցվում է Սահմանադրական դատարանի կաշկանդվածությունը բացառապես Սահմանադրությամբ, այլ ոչ թե նաև օրենքով, ինչպես մյուս դատարանների դեպքում է:
Սահմանադրական դատարանի գործառույթը հատուկ՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայությունն ապահովելն է, որի համար հենց Սահմանադրությամբ է սահմանվում Սահմանադրական դատարանի լիազորությունների սպառիչ ցանկը, ինչը բխում է Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից: Իսկ համաձայն Սահմանադրական դատարանի հիշյալ գործառույթից ածանցվող վերաբերելի լիազորության՝ Սահմանադրական դատարանը որոշում է (այդ թվում) օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը (Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետ):
Դա նշանակում է, որ օրենքների ընդունման գործընթացում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի միայն այն խախտումները կարող են դառնալ Սահմանադրական դատարանում վեճի առարկա, որոնց արդյունքում խախտվել են Սահմանադրության վերաբերելի դրույթները: Այսպես՝ եթե «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտման արդյունքում խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված քվեարկության կարգը, որն ազդել է կամ կարող էր ազդել Սահմանադրությամբ պահանջվող ձայներով օրենք կամ որոշում ընդունելու վրա, ապա այդպիսի օրենքը կամ որոշումը կարող են ըստ ընդունման կարգի դառնալ Սահմանադրական դատարանում քննության առարկա:
Չնայած այն հանգամանքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքն այլևս չի գործում, և նոր՝ համանուն սահմանադրական օրենքը նման հատուկ կարգավորում չի պարունակում, այդուհանդերձ, հարկ է նշել, որ ՀՕ-58-Ն օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ի շարս այլ չափանիշների, վիճարկվող իրավական ակտի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը հաշվի էր առնում նաև իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածությունը, իսկ նույն հոդվածի նույն մասի 5-րդ կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
Թեև հիշյալ դրույթը չի վերարտադրվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, քանի որ այն սահմանադրականության գնահատման մասնավոր դեպքերի թվարկում էր, և օրենսդիրն այդ հիմքով այլևս անհրաժեշտություն չի տեսել ոչ սպառիչ եղանակով թվարկելու առանձին մասնավոր դեպքեր, ակնհայտ է, որ նաև ներկայում, ի թիվս այլնի, որևէ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման կամ գործողության մեջ դնելու՝ միայն Սահմանադրությամբ նախատեսված կարգն է սահմանադրականության գնահատման մասշտաբը, ինչպես նաև Ազգային ժողովի (Սահմանադրությամբ սպառիչ ամրագրված) լիազորությունների թույլատրելի սահմանները: Ուստի ակնհայտ է նաև, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատել սահմանադրական կամ սովորական օրենքների և իր ընդդատությանը վերապահված այլ իրավական ակտերի ցանկացած խախտումներ կամ դրանց համապատասխանությունը ոչ թե Սահմանադրությանը, այլ դրանց նկատմամբ գերակայող այլ իրավական ակտերին: Այդպիսի վերահսկողությունը հանրային իշխանության այլ մարմինների, հատկապես՝ այլ դատարանների իրավասության մեջ է: Հակառակ դեպքում՝ Սահմանադրական դատարանը կարող է ծանրաբեռնվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ցանկացած խախտումով կամ, օրինակ՝ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով՝ այլ նորմատիվ իրավական ակտերի՝ իրենց հանդեպ գերակայող նորմատիվ իրավական ակտին համապատասխանությունը որոշելու վերաբերյալ վեճերով, որոնք դուրս են Սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթի շրջանակներից:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի՝ իր կանոնակարգի համաձայն գործելու սահմանադրական պահանջի խախտումները կարող են Սահմանադրական դատարանում վեճի առարկա դառնալ միայն այդ խախտումների արդյունքում Սահմանադրության որևէ պահանջ խախտվելու դեպքերում:
Օրենքի (վիճարկվող այլ իրավական ակտի) սահմանադրականության գնահատման համար այդ օրենքը (իրավական ակտը) ընդունելու և գործողության մեջ դնելու՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության նշանակության խնդրին Սահմանադրական դատարանն իր որոշումներում ևս անդրադարձել է: Այսպես՝ 07.07.2015 թ. ՍԴՈ-1224 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշված խնդրի վերաբերյալ հետևյալ դիրքորոշումն է արտահայտել. «....օրենքների ընդունման խորհրդարանական կամ ինչպես հանրային քննարկումներ կազմակերպելու պահանջի տեսանկյունից՝ արտախորհրդարանական ընթացակարգերի ցանկացած խախտում անթույլատրելի է օրենսդրական գործընթացի շրջանակներում, անհամատեղելի է օրենսդրական գործունեության կանոնների հետ, սակայն այդ խախտումներից ոչ բոլորն են, որ սահմանադրականության տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունեն: Վերջիններիս թվին են դասվում միայն այն կանոնների խախտումները, որոնք ուղղակիորեն հիմնված են Սահմանադրության պահանջների վրա, օրենքի ընդունման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար որոշիչ նշանակություն ունեն և/կամ այնքան էական են, որ առանց այդ կանոնների պահպանման անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը, հետևաբար` նաև օրենսդրի կողմից ներկայացվող ՀՀ ժողովրդի կամքը»:
Սահմանադրությամբ իրենց ամրագրումն են ստացել օրենսդրական գործունեության (Ազգային ժողովում օրենքների (որոշումների) ընդունման ընթացակարգին առնչվող) միայն հիմնական՝ առանցքային պահանջները: Դրանք առնչակցվում են, մասնավորապես, Ազգային Ժողովի նիստերի հրապարակայնության (Սահմանադրության 101-րդ հոդված), իրավազորության (Սահմանադրության 102-րդ հոդված), օրենքների, այդ թվում՝ սահմանադրական օրենքների ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակի, քվեարկություններին մասնակցող պատգամավորների անհրաժեշտ նվազագույն քանակի (Սահմանադրության 103-րդ հոդված), օրենսդրական նախաձեռնության իրավունքի սուբյեկտների (Սահմանադրության 109-րդ հոդված), ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից օրենքը ստորագրելու և հրապարակելու (Սահմանադրության 129-րդ հոդված) հետ կապված հարցերին, և իրենց էության մեջ կոչված են երաշխավորելու Ազգային ժողովի գործունեության լեգիտիմությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ընդունման ընթացակարգի, ներառյալ՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած երեք նիստերի տեսանյութերի, այդ նիստերի սղագրությունների և արձանագրությունների ուսումնասիրության և դրանց համադրման միջոցով հասանելի են դառնում սույն գործով քննության առարկա օրենքի ընդունման գործընթացին վերաբերող և օրենքն ընդունելու՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերը պահպանված լինելու հիմքով այդ օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար անհրաժեշտ և վերաբերելի բոլոր տեղեկությունները: Ի դեպ, դա վկայում է նաև այն մասին, որ Ազգային ժողովի նիստերի հրապարակայնության վերաբերյալ սահմանադրական պահանջը խախտված չի եղել:
Ըստ այդմ՝ սույն որոշման նախորդ պարբերության մեջ հիշատակված տեղեկություններից և այլ փաստական նյութերից հետևում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել այդ իրավունքով օժտված սուբյեկտները, ապահովվել է նիստի հրապարակայնությունը (այն եղել է բաց, դրան հնարավորություն են ունեցել ներկա գտնվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք), առկա է եղել Օրենքի ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը և քվեարկությանը մասնակցած պատգամավորների անհրաժեշտ նվազագույն քանակը:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չեն վիճարկվող Օրենքն ընդունելու՝ Սահմանադրության պահանջների վրա հիմնված այնպիսի խախտումներ, որոնք նշանակություն ունեն կամ կարող են ունենալ Օրենքի ընդունման սահմանադրականության հարցում որոշում ընդունելու համար, և որոնք հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը:
Հետևաբար, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը նաև դրա ընդունման՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 73-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Հ. Թովմասյան |
19 ապրիլի 2019 թվականի ՍԴՈ-1454 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|