Գլխավոր տեղեկություն
Համար
N 861-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.02/48(1323) Հոդ.760
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 861-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 332-Ն)

2) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրացվող հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման առավելագույն գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 332-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 332-Ն)

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց օգտագործման մասին պայմանագիր: Հսկիչ-դրամարկղային մեքենաները տրամադրվում են պայմանագրի կնքման օրը՝ անհատույց օգտագործման իրավունքով: Ընդ որում՝ պայմանագրում պարտադիր նախատեսվում են հետևյալ պայմանները՝

ա. հարկ վճարողները պարտավոր են անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենան շահագործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում,

բ. հարկ վճարողները պարտավոր են իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանման դեպքերում եռօրյա ժամկետում հարկային մարմին վերադարձնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները` անկախ դրանց մաշվածության աստիճանից,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերից դուրս այլ վայրում հաշվառվելու և (կամ) փաստացի գործունեություն իրականացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ստացած հսկիչ-դրամարկղային մեքենան այդ վայրերում շահագործելու դեպքում հարկ վճարողները այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին գործող ընդհանուր կարգով վճարում են հսկիչ-դրամարկղային մեքենաների համար սահմանված գինը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 332-Ն)

7) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 332-Ն)

8) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 332-Ն)

9) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 332-Ն)

(1-ին կետը փոփ. 02.11.17 N 1387-Ն, փոփ., խմբ. 29.03.19 N 332-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվարկային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան» բառերով.

2) 5-րդ կետի 3-րդ ենթակետը «վճարված գումարը» բառերից հետո լրացնել «կամ տարաժամկետ վճարմամբ հսկիչ-դրամարկղային մեքենան ձեռք բերելու վերաբերյալ նշումը» բառերով.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նոր (չշահագործված) ՀԴՄ-ները կիրառելու մասին դիմումները քննարկվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և հարկային մարմնի կողմից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումը բավարարվում է, եթե դիմումում սխալներ չեն հայտնաբերվել, և ՀԴՄ կիրառողի կողմից վճարվել է դիմումում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքը (եթե վճարումը պարտադիր է)».

4) 7-րդ կետում «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ կետում սահմանված ժամկետի շրջանակներում» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծում և հարկ վճարողներին իրացում կամ տրամադրում, ինչպես նաև» բառերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և թույլտվություն տալու մասին» N 662-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

5. Կոմիտեի նախագահին`

1) (ենթակետն ուժը կորցրել է 02.11.17 N 1387-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է 02.11.17 N 1387-Ն)

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ:

(5-րդ կետը փոփ. 02.11.17 N 1387-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերող հարկ վճարողների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 24

Երևան