ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/4635/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/4635/02/15 |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Դատավորներ՝ |
Ս. Թորոսյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի հունվարի 31-ին
քննարկելով ըստ հայցի Մագդա Նազարյանի ընդդեմ Նաիրա Ենգիբարյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Մագդա Նազարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մագդա Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել 14.02.2014 թվականին իր և Նաիրա Ենգիբարյանի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և վերականգնել իր սեփականության իրավունքը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 55/13 շենքի 32-րդ բնակարանի նկատմամբ։Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 04.04.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2017 թվականի որոշմամբ Մագդա Նազարյանի միջնորդությունը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2017 թվականի որոշմամբ Մագդա Նազարյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մագդա Նազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մագդա Նազարյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և որպես հիմնավորում՝ նշել է, որ պատասխանողն իրեն մոլորության մեջ է գցել նվիրատվության պայմանագիրը կնքելիս և նրա նպատակն է եղել տիրանալ իր բնակարանին, որպիսի պայմաններում սուտ խոստումներ տալով՝ պատասխանողը Մագդա Նազարյանին տարել է կադաստրի գրասենյակ, որտեղ էլ կնքվել է վիճարկվող գործարքը:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելը չի բխում օրենքի պահանջներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35-36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգը կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը (տե′ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Յուրաքանչյուր գործով, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, վերաքննիչ բողոք բերած անձն ինքն է որոշում ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը (նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ), այնպես էլ դրանց հիմնավորումները: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև դրանց վերաբերյալ հիմնավորումները:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մագդա Նազարյանը 06.06.2017 թվականին Դատարանի 04.04.2017 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոք բերած անձը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը, ինչպես նաև նկատի ունենալով, որ 2-րդ կարգի հաշմանդամ է, 73 տարեկան հիվանդ կին, միջնորդել է տարաժամկետել (հետաձգել) պետական տուրքի վճարումը և այն լուծել դատական ակտով (հատոր 2-րդ, գ.թ. 7-8):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Մագդա Նազարյանի միջնորդությունը բավարարել է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքը չի պարունակում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումները»: Բացի այդ, անդրադառնալով պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությանը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «բողոքը պարունակում է պետական տուրքի վճարումը հետաձգելու հիմնավորված միջնորդություն, որը ենթակա է բավարարման, բայց դրա վերաբերյալ որոշումը կկայացվի նույն որոշմամբ արձանագրված խախտումը երկշաբաթյա ժամկետում բողոք բերած անձի կողմից վերացվելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում» (հատոր 2-րդ, գ.թ. 21-22):
Մագդա Նազարյանը 24.07.2017 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Ներկայացված վերաքննիչ բողոքում Մագդա Նազարյանը, պատճառաբանելով, որ Դատարանը վճիռ կայացնելիս խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, միաժամանակ նշել է, որ նվիրատվության պայմանագիրը կնքվել է մոլորության, խաբեության ազդեցության ներքո, հետևաբար Դատարանի կողմից հայցի մերժումը հիմնավորված չէ (հատոր 2-րդ, գ.թ. 36-38)։
Վերաքննիչ դատարանը 31.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ պատճառաբանել է, որ «վերաքննիչ բողոքը կրկին ենթակա է վերադարձման, քանի որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը չի պարունակում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումներ» (հատոր 2-րդ, գ.թ. 45-46)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը, ինչպես նաև ուսումնասիրելով Մագդա Նազարյանի 24.07.2017 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Մագդա Նազարյանը 24.07.2017 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ 70 անց միայնակ և հիվանդ կին է, իսկ պատասխանողն իր քրոջ աղջիկն է, որը խոստացել է հոգ տանել իր մասին և ցույց տալ նյութական օգնություն՝ պայմանով, որ Մագդա Նազարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 55/13 շենքի 32-րդ հասցեում գտնվող բնակարանը նվիրի իրեն, որպիսի պայմաններում նրանց միջև 14.02.2014 թվականին կնքվել է նվիրատվության պայմանագիր: Սակայն բնակարանը պատասխանողի սեփականությունը դառնալուց հետո վերջինս դադարել է խնամել Մագդա Նազարյանին, ֆինանսական և նյութական օգնություն ցույց տալ: Այսինքն՝ նվիրատվության պայմանագիրը Մագդա Նազարյանը կնքել է մոլորության, խաբեության ազդեցության ներքո: Ի հիմնավորում վերը նշվածի՝ Մագդա Նազարյանը նաև նշել է, որ Դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածների 1-ին և 2-րդ կետերի խախտումներ, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմի խախտում, այն է՝ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, մասնավորապես՝ Դատարանը հայցը մերժելիս այն չի հիմնավորել որևէ ապացույցով:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մագդա Նազարյանը վկայակոչել է Դատարանի կողմից ենթադրաբար թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները և նշել է դրանց վերաբերյալ հիմնավորումները, որոնք, ըստ վերջինիս, ազդել են գործի ելքի վրա: Այսինքն՝ վերաքննիչ բողոք բերած անձը հայտնել է իր հիմնավորումները Դատարանի կողմից թույլ տված նյութական և դատավարական իրավունքի խախտումների վերաբերյալ, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի պահանջն ըստ էության պահպանվել է Մագդա Նազարյանի կողմից, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Մագդա Նազարյանի բողոքը չի պարունակում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումները, հիմնավոր չէ, ուստի Վերաքննիչ դատարանը, Մագդա Նազարյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ Մագդա Նազարյանի դատական պաշտպանության իրավունքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվի եզրահանգումը քննարկվող հարցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 03.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Մագդա Նազարյանի միջնորդությանը՝ նշելով, որ այն հիմնավոր է, միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այդ միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացվի նույն որոշմամբ արձանագրված խախտումները երկշաբաթյա ժամկետում բողոք բերած անձի կողմից վերացվելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում: Մինչդեռ 31.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման եզրափակիչ մասում միջնորդությունը մերժելու կամ բավարարելու և դրա արդյունքում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ չհետաձգելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մագդա Նազարյանի` վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության և միջնորդության քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|