ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի փետրվարի 08-ին
քննարկելով գործին մասնակից չդարձված անձ Լիլիթ Սողոմոնյանի ներկայացուցիչ Անի Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Սոնա Ավոյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սոնա Ավոյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ ինքը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է հոր՝ Բաբկեն Ավոյանի ժառանգությունը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2016 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Լիլիթ Սողոմոնյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Լիլիթ Սողոմոնյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետը, 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետը, 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 15.03.2016 թվականի վճիռն ուղղակիորեն շոշափում է Լիլիթ Սողոմոնյանի շահերը, քանի որ Սոնա Ավոյանն այդ դատական ակտի հիման վրա ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել, որով բողոքարկել է նոտարի կողմից 22.08.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, իսկ որպես հետևանք` նաև 25.09.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այդ վեճը վերաբերում է Երևանի Մոսկովյան անցուղու թիվ 6 շենքի 12-րդ բնակարանին, որը սեփականության իրավունքով պատկանում է Լիլիթ Սողոմոնյանին: Վերջինս այն գնել է տասը տարի առաջ և բնակվում է այնտեղ` որպես սեփականատեր կատարելով անհրաժեշտ բարելավումներ, կապիտալ վերանորոգում և այլն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցապահանջը բավարարվելու դեպքում Լիլիթ Սողոմոնյանը կզրկվի իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.10.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի և 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին:
Սույն գործով Սոնա Ավոյանը դիմում է ներկայացրել Դատարան իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին` նշելով, որ ինքը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է հոր՝ Բաբկեն Ավոյանի ժառանգությունը: Դատարանի 15.03.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Սոնա Բաբկենի Ավոյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է հոր՝ 31.12.1997 թվականին մահացած Բաբկեն Թաթոսի Ավոյանի գույքի նկատմամբ ժառանգությունը: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (գ.թ. 3-4, 31-34):
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Լիլիթ Սողոմոնյանի ներկայացուցիչը և խնդրել է այն բեկանել ու դիմումը թողնել առանց քննության` պատճառաբանելով, որ «այդ վճռի հիման վրա Սոնա Ավոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձ Լիլիթ Սողոմոնյանի, Քրիստինե և Սուսաննա Լուսինյանների` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել նոտարի գործողությունները` կապված դեռևս 22.08.2006 թվականին Բաբկեն Ավոյանին պատկանած գույքի նկատմամբ Քրիստինե Լուսինյանին ըստ օրենքի ժառանգության վկայագիր տալու հետ, որի հիման վրա հետագայում գույքի նկատմամբ գրանցվել է Քրիստինե և Սուսաննա Լուսինյանների սեփականության իրավունքը: Վերջիններս 25.09.2006 թվականին ժառանգական գույքը վաճառել են Լիլիթ Սողոմոնյանին, որի պայմաններում Սոնա Ավոյանի դիմումը բավարարելու մասին Դատարանի 15.03.2016 թվականի վճիռն ուղղակիորեն շոշափում է Լիլիթ Սողոմոնյանի շահերը» (գ.թ. 49-53):
Վերաքննիչ բողոքին կից Լիլիթ Սողոմոնյանի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ վարչական դատարան ներկայացված վերը նշված հայցադիմումի և դրա վերաբերյալ իր պատասխանի պատճենները: Հայցադիմումում Սոնա Ավոյանը մասնավորապես նշել է, որ, դիմելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակ, պահանջել է Դատարանի 15.03.2016 թվականի վճռի հիման վրա Երևանի Մոսկովյան անցուղու 6-րդ շենքի թիվ 12 հասցեում գտնվող բնակարանի՝ Բաբկեն Ավոյանի 1/3 բաժնեմասի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը: Մինչդեռ Սոնա Ավոյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ 22.08.2006 թվականի թիվ 20982 ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Բաբկեն Ավոյանի 1/3 բաժնեմասի ժառանգ է հանդիսացել նրա դուստրը՝ Քրիստինե Լուսինյանը: Նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում է կատարվել Սուսաննա Լուսինյան՝ 1/3 և Քրիստինե Լուսինյան՝ 2/3 բաժնեմասերով: Հետագայում՝ 25.09.2006 թվականի թիվ 24879 առուվաճառքի պայմանագրով Սուսաննա և Քրիստինե Լուսինյանները վիճելի անշարժ գույքը վաճառել են Լիլիթ Սողոմոնյանին, և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է վերջինիս անվամբ (գ.թ. 62-68):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Լիլիթ Սողոմոնյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «տվյալ դեպքում գործով վերաքննիչ բողոք բերել է Լիլիթ Սողոմոնյանը, ով գործին մասնակցող անձ չէ, սակայն որևէ ապացույցով չի հիմնավորել, որ դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել իր իրավունքներին և պարտականություններին» (գ.թ. 73-76):
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, գտնում է, որ Դատարանի 15.03.2016 թվականի վճիռն առերևույթ վերաբերում է Լիլիթ Սողոմոնյանի իրավունքներին, քանի որ նշված վճռի հիման վրա այլ անձի մոտ կարող են ծագել իրավունքներ այն գույքի նկատմամբ, որը սեփականության իրավունքով պատկանում է Լիլիթ Սողոմոնյանին, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Լիլիթ Սողոմոնյանի վերաքննիչ բողոքը, սահմանափակել է վերջինիս՝ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|