Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/0528/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ/0528/05/16

2017թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

 Ս. Անտոնյանի

   

 Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 25-ին

քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.04.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Էրիկ Վարդանյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Էրիկ Վարդանյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը (այսուհետ` Ոստիկանություն) տրամադրել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով հայցվորի վնասը փոխհատուցելու վերաբերյալ որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 08.02.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2016 թվականի որոշմամբ Էրիկ Վարդանյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.02.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էրիկ Վարդանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 62-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը,  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  3-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Էրիկ Վարդանյանի իրավունքների նկատմամբ առկա է վարչարարության հետևանքով առաջացած միջամտություն, և սույն գործով դիմելով դատարան՝ Էրիկ Վարդանյանը հայցում է ստանալ վարչական մարմնի կողմից իր իրավունքների միջամտության վերացմանն ուղղված ծախսը՝ որպես վարչարարությամբ պատճառված վնաս: Հետևաբար սույն գործով Էրիկ Վարդանյանի հայցապահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից: Մինչդեռ Դատարանը, մերժելով ներկայացված հայցադիմումի ընդունումը, խախտել է Էրիկ Վարդանյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա պնդելով, որ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար` բողոք բերած անձը պահանջել է «կայացնել նոր դատական ակտ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտ չընդունվելու հետևանքով այդ վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ հայցապահանջի առարկայական ընդդատության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտ չընդունվելու հետևանքով այդ վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ հայցապահանջն ընդդատյա է արդյո՞ք վարչական դատարանին, թե` ոչ:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդդատությունը՝ որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև։

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր գործերը՝ բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի: Իսկ ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որը կազմված է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից։ Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի՝ առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն՝ այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում՝ դրանցից հիմնականը):

 ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ընդդատության տարանջատման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1.    արդյո±ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2.    արդյո±ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3.    արդյո±ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։

Օրենսդիրը, վերոգրյալ իրավանորմում ամրագրելով, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է վարչական մարմնին ներկայացնել հետևյալ երկու տեսակի հայցապահանջներից որևէ մեկը.

-       կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը,

-       օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է  վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` «ա» անձի դիմումը, բողոքը (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում՝ «ա» վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նույն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու հետ կապված ընդհանուր իրավակարգավորումներն օրենսդիրը սահմանել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով, որը նախատեսում է վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հնարավորություն: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտը նշված իրավադրույթի ուժով որոշ դեպքերում կարող է համարվել ընդունված և առաջացնել այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքները: Տվյալ դեպքում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը խախտվելու և օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում գործում է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող իրավական կառուցակարգը բխում է յուրաքանչյուրի՝ վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի՝ որպես 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքի բաղադրատարրերից մեկի պաշտպանության անհրաժեշտությունից:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը, ըստ էության, հաստատում է իրավական համակարգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտի ձևական-իրավաբանական գոյությունը և սպառիչ տեղեկություններ է պարունակում այն կոնկրետ իրավունքի մասին, որը համարվում է անձին տրամադրված տվյալ վարչական ակտով: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակը նպատակաուղղված է նկարագրված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում գործնականում պաշտպանել շահագրգիռ անձի (որպես կանոն՝ վարչական ակտի հասցեատիրոջ) իրավունքները և ապահովել այդ վարչական ակտից բխող իրավունքների երաշխավորված իրացումը: Այդ հայցատեսակի բավարարման արդյունքում շահագրգիռ անձին վերոգրյալ բովանդակությամբ փաստաթուղթ տրամադրվելու դեպքում վերջինս կարող է ձեռնամուխ լինել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված համարվող վարչական ակտից բխող համապատասխան իրավունքի գործնական իրականացմանը, ինչպես նաև ազատվել այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք նախատեսված են այդ փաստաթուղթը չունենալու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը մարդու հիմնարար իրավունքների շարքում ամրագրում է նաև վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքը՝ այդ վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանելու իրավասությունը վերապահելով օրենսդրին: Վերջինս վարչարարությամբ հասցված վնասի հատուցման կապակցությամբ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունները կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, որի 100-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ վարչարարությամբ հասցված վնասի հատուցման պահանջը դիմումի միջոցով ներկայացվում է այն վարչական մարմնին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն՝ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2009 թվականի որոշումը):

Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ և 102-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի նկատմամբ կիրառելի են օրենքով վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը վարչական մարմինը քննարկում և լուծում է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումների քննարկման համար օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Փաստորեն, վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը՝ ուղղված իրավասու  վարչական մարմնին (այն վարչական մարմնին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով վարչական վարույթ հարուցելու հիմք է:

 Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավաբանական ֆիկցիան հավասարապես կիրառելի է նաև վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նկատմամբ: Այսինքն՝ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը՝ վնասի հատուցում տրամադրելու մասին, ևս կարող է համարվել ընդունված, եթե առկա են դրա համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված և սույն որոշմամբ նկարագրված բոլոր պայմանները:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտ չընդունվելու հետևանքով այդ վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ հայցապահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա է վարչական դատարանի քննությանը: Այսպես՝

1.    վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտ չընդունվելու հետևանքով այդ վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու պահանջի վերաբերյալ գործով քննության ենթակա վեճի կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է՝ այն վարչական մարմինը, որի վարչարարության հետևանքով ենթադրաբար պատճառվել է այդ վնասը, և որը ենթադրաբար դրսևորել է ապօրինի անգործություն՝ վնասի հատուցման դիմումի կապակցությամբ օրենքով սահմանված ժամկետում ենթադրաբար չընդունելով որևէ որոշում,

2.    վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտ չընդունվելու հետևանքով այդ վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու պահանջի վերաբերյալ գործով քննության ենթակա վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ վարչական մարմնի կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման դիմումի կապակցությամբ օրենքով նախատեսված ժամկետում վարչական ակտ ընդունելու իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը,

3.    վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտ չընդունվելու հետևանքով այդ վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու պահանջի վերաբերյալ գործով վիճելի իրավահարաբերությունը ծագում է հանրային-իշխանական գործունեության բնագավառում օրենքով սահմանված պատշաճ ընթացակարգերի պահպանման միջոցով մարդու՝ իրեն առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության և վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացման և առարկայացման կապակցությամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, հանգում է այն եզրակացության, որ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտ չընդունվելու հետևանքով այդ վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Էրիկ Վարդանյանի գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Ոստիկանությանն օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով տրամադրել Էրիկ Վարդանյանին պատճառված վնասը՝ 100.000 ՀՀ դրամի չափով, փոխհատուցելու վերաբերյալ որոշումը: Ընդ որում, ըստ ներկայացված հայցադիմումի՝ վարչարարությամբ ենթադրաբար պատճառված վերը նշված վնասը Էրիկ Վարդանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Ոստիկանության կողմից ընդունված վարչական ակտը դատական կարգով վիճարկելու վարչական գործի շրջանակներում Էրիկ Վարդանյանին մատուցված իրավաբանական ծառայությունների համար վճարված գումարն է, որը տվյալ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտով չի ներառվել դատական ծախսերի մեջ և չի լուծվել դրա փոխատուցման հարցը: Իսկ Էրիկ Վարդանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Ոստիկանության վարչական ակտը ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անվավեր: Էրիկ Վարդանյանը հայցադիմումում նշել է նաև, որ ինքը Ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարությամբ առերևույթ պատճառված վնասի հատուցման պահանջով դիմել է այդ վարչական մարմնին, որն իր դիմումի կապակցությամբ օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի ընդունել (գ.թ. 2-4):

Դատարանը 08.02.2016 թվականի որոշմամբ մերժել է հայցադիմումի ընդունումը` գտնելով, որ Ոստիկանության  կողմից իրականացված վարչարարությունը եզրափակվել է վարչական ակտի՝ 10.08.2015 թվականի թիվ 1503448841 որոշման ընդունմամբ, իսկ hետագայում` դատական կարգով ակտի վիճարկման փուլում, ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա Էրիկ Վարդանյանին պատճառված ենթադրյալ վնասը չի կարող որակվել որպես վարչարարության հետևանքով պատճառված վնաս, քանի որ այն չի ծագել վարչական մարմնի իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում (գ.թ. 21-24):

Դատարանի վերը նշված պատճառաբանությունը Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել` գտնելով, որ հայցվոր կողմի մատնանշած 100.000 ՀՀ դրամը չի կարող դիտվել որպես վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարության հետևանքով հայցվորին հասցված վնաս, քանի որ այն չի ծագել վարչական մարմնի իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում։ Դրա առաջացման հիմքը դատական կարգով` արդեն իսկ կայացված ակտի վիճարկման ընթացքում հայցվորի և նրա ներկայացուցչի միջև կնքված ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիրն է, 08.04.2016 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 08.02.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Էրիկ Վարդանյանի բերած վերաքննիչ բողոքը (գ.թ. 53-62):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.       

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորն ընդդեմ վարչական մարմնի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայց է հարուցել Դատարան` խնդրելով պարտավորեցնել Ոստիկանությանը տրամադրել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով հայցվորի վնասը փոխհատուցելու վերաբերյալ որոշումը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորին հասցված վնասը չի ծագել վարչական մարմնի իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում, ուստի հայցը ենթակա չի եղել Դատարանում քննության, որպիսի դիրքորոշման արդյունքում սահմանափակել է Դատարանի մատչելիության իրավունքը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտ չընդունվելու հետևանքով այդ վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ հայցապահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա է վարչական դատարանի քննությանը: Նման պարագայում Դատարանը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճը պետք է ընդուներ վարույթ` քննարկման առարկա դարձնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված վարչական  մարմինների անգործության իրավական հետևանքի վրա հասնելու նախադրյալների առկայությունը կամ բացակայությունը: 

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 08.04.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.04.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 08.02.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

 

Նախագահող'

Ե. Խունդկարյան

  Դատավորներ'

Ե. Սողոմոնյան

   

 Ս. Անտոնյան

   

 Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

   

Գ. Հակոբյան

   

Ռ. Հակոբյան

   

Տ. Պետրոսյան

   

Ն. Տավարացյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան