Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.09.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

 և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0567/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0567/02/14

2017թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի սեպտեմբերի 06-ին

քննարկելով Մարիանուշ Հայրապետյանի, երրորդ անձինք Բախշիկ, Վահրամ և Անուշ Հայրապետյանների (այսուհետ՝ Երրորդ անձինք) ներկայացուցիչներ Մերի Գևորգյանի ու Նարինե Ճաղարյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Մարիանուշ Հայրապետյանի, Երրորդ անձանց ընդդեմ Վոլոդյա, Արփենիկ, Մամիկոն, Մարինե, Մհեր և Մխիթար Վարդանյանների (այսուհետ՝ Համապատասխանողներ), երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` սեփականության իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,  

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարիանուշ Հայրապետյանը և Երրորդ անձինք պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Նոր-Գյուղ գյուղի հասցեում գտնվող 0,345հա մակերեսով վարելահողի նկատմամբ և անվավեր ճանաչել այդ գույքի նկատմամբ Համապատասխանողների անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Գալստյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Խառատյան, Ս. Թորոսյան, Ա. Մկրտչյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.12.2016 թվականի որոշմամբ Վոլոդյա, Արփենիկ, Մարինե և Մխիթար Վարդանյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 31.08.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2017 թվականի որոշմամբ Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց վճռաբեկ բողոքը վերադարձվել է ու սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի որոշմամբ Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց ներկայացուցիչները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը  

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վճռաբեկ դատարանն առաջին անգամ որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ պետական տուրքը պակաս է վճարվել, այսինքն` մատնանշված թերությունը չի առնչվել վճռաբեկ բողոքի տեքստին: Այդ թերությունը շտկվել է, սակայն կրկին ներկայացված վճռաբեկ բողոքն այս անգամ թողնվել է առանց քննության, քանի որ չեն կցվել այն գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները: ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ արձանագրվել է, որ այն դեպքում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Արձանագրվել է նաև, որ այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը՝ վերանայել Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի կիրառած օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը կամ այն սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր, կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը, Ալվարդ և Խաչիկ Գրիգորյանների ու «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա նաև քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, որի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված վճռաբեկ դատարանի որոշում: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի դիմողներ «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի և Ալվարդ ու Խաչիկ Գրիգորյանների նկատմամբ կիրառվել է նույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Նույն որոշման պատճառաբանական մասում ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ երբ վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2017 թվականի որոշմամբ Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց վճռաբեկ բողոքը վերադարձվել է ու սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Ձևական սխալը կայացել է նրանում, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքը եղել է պակաս վճարված և բացակայել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ պետական տուրքի գծով այլ արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը: Այսինքն` մատնանշված թերությունը չի առնչվել վճռաբեկ բողոքի տեքստին: Մարիանուշ Հայրապետյանը և Երրորդ անձինք սահմանված ժամկետում ուղղել են նշված թերությունն ու կրկին ներկայացրել են նույնաբովանդակ վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը 12.04.2017 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2017 թվականի որոշմամբ Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է ու սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար: Այժմ, կրկին նույն հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարիանուշ Հայրապետյանը և Երրորդ անձինք, սակայն վճռաբեկ բողոքին կից չեն ներկայացրել կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի պատճենը գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան  իրացնելու  հնարավորություն  կամ նույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անձն իր հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունի այն դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելուց հետո վեց ամսվա ընթացքում, որով իր նկատմամբ կիրառվել է նշված օրենքի դրույթը:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

-       տվյալ դատական ակտով այդ անձանց հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում,

-       սպառվել են տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները,

-       ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ չի լրացել տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից հաշվարկվող վեցամսյա ժամկետը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց հանդեպ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը 18.04.2017 թվականին ընդունել է թիվ ՍԴՈ-1363 որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվել են` նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, դարձել է վերջնական և բողոքարկման ոչ ենթակա: ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա` 18.04.2017 թվականի դրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից` 12.04.2017 թվականից հաշվարկվող վեցամսյա ժամկետը չի լրացել: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով սույն գործով բողոք բերած անձինք ունեն նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման դիմում ներկայացնելու իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և 231-րդ հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ մեկնաբանությունները չեն կատարվել, և այդ դրույթները չեն կիրառվել դրանց սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում, այսինքն` այդ դրույթները կիրառվել են ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնելու դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ կատարված այն բացահայտումը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը և 231-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառվել են նույն որոշման մեջ նշված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ, նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման հիմք։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 28.12.2016 թվականի որոշման դեմ Մարիանուշ Հայրապետյանի և Երրորդ անձանց կրկին բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների հիմքով:

Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը պատճառաբանել են այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ: Նշված հիմնավորումը պատճառաբանել են նաև այն փաստարկներով, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի հետևանքով անտեսել է նաև, որ Մարիանուշ Հայրապետյանին և իր ընտանիքի անդամներին հողատարածքներ հատկացնելիս 0,32հա մակերեսով հողատարածքը սխալմամբ է գրանցվել Վոլոդյա Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների անվամբ: Այն ևս պետք գրանցվեր Մարիանուշ Հայրապետյանի անվամբ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի ստուգել նաև ներկայացված ապացույցների արժանահավատությունը, և վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է մի փաստ, որի համաձայն` վիճելի հողատարածքը որոշմամբ և հողի ակտով գրանցված է Վոլոդյա Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների անունով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.08.2016 թվականի վճռին:

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձանց հիմնավորումը՝ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 233-րդ հոդվածով, 233.1-րդ հոդվածով և 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որ կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձանց ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումը բավարար չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:  

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ, 231-րդ, 233.2-րդ, 234-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:

2. Թիվ ԿԴ1/0567/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2016 թվականի որոշման դեմ Մարիանուշ Հայրապետյանի և երրորդ անձինք Բախշիկ, Վահրամ ու Անուշ Հայրապետյանների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան